Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիսի 23-ին Թուրքիայում և Հայաստանում հաշմանդամության և մարդու իրավունքների ոլորտում աշխատող տարբեր միությունների, կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և համալսարանների շուրջ քսան ներկայացուցիչներ առցանց կլոր-սեղան հանդիպում ունեցան, որն ուղեկցվում էր հաշմանդամությանն ու մարդու իրավունքներին վերաբերող փոքր խմբային քննարկումներով։ Հանդիպման նպատակն էր հաշմանդամության և մարդու իրավունքների ոլորտում աշխատողների փորձի փոխանակում կազմակերպել և բացահայտել երկու հարևան երկրների միջև երկարաժամկետ ու կայուն համագործակցության հնարավորությունները:
Կլոր-սեղանը նախաձեռնվել էր «Քաղաքացիական հասարակությունը համավարակի շրջանում և դրանից հետո» առցանց քննարկումների մաս կազմող «Հաշմանդամության իրավունքներ, մարտահրավերներ և լուծումներ» վեբինարի արդյունքում, որը միաժամանակ հայերեն է թարգմանվել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում։
Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու Սերբիայից հատուկ հրավիրված բանախոս դոկտոր Դամիան Տատիչին՝ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովի նախկին փոխնախագահին, ով մանրամասնորեն ներկայացրեց երկու երկրներում հաշմանդամության առնչությամբ իրավական ու իրավունքի կիրառման պատկերը, ինչպես նաև Բալկաններում տարածաշրջանային համագործակցության մի քանի հաջող փորձեր հիշատակեց` ուղղություն տալով հաշմանդամությանն ու մարդու իրավունքներին առնչվող Թուրքիայի և Հայաստանի հնարավոր նախաձեռնություններին:
Տեսողության, խոսքի և լսողության խանգարումների, աուտիզմի, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի, ինչպես նաև հոգեբանական, օրթոպեդիկ, քրոնիկ և հազվագյուտ հիվանդությունների հետ աշխատող մասնագետները հնարավորություն ունեցան հանդիպել հարևան երկրի իրենց գործընկերներին, կիսել փորձառությունը, փոքր խմբերում քննարկել ոլորտին վերաբերող հարցեր և բացահայտել երկու երկրներում առկա իրավիճակն ու զարգացումները:
Մասնագետները քննարկումներ ունեցան թեմատիկ ուղղություններով, որոնց թվում էին հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքները, Հայաստանում ու Թուրքիայում իրավական դաշտը, մատչելիությունն ու ներառական կրթությունը։ Հանդիպումը հնարավորություն ընձեռեց մասնագետներին միմյանց ճանաչելու և համագործակցության հնարավոր գաղափարներ կիսելու: Հրանտ Դինք հիմնադրամը կշարունակի ջանքեր ներդնել ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության և կապերի հաստատման ուղղությամբ:
Երկխոսության ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի շրջանակում՝ Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործընկերությամբ։