Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակում 2018 թվականի դեկտեմբերի 8-10-ը Թուրքիայից վեց լրագրողներ այցելեցին Հայաստան։ Երկխոսության ծրագիրն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում, որն աջակցություն է ստանում Եվրամիության Կայունությանն ու խաղաղությանը նպաստող գործիքի ներքո (IcSP) և Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կամրջող ֆինանսավորմամբ։
Սեդաթ Էրգին․ «Հայաստանը հատել է իրական ժողովրդավարությանն անցնելու շատ կարևոր շեմը»։ |
---|
Anadolu գործակալություն, Hürriyet, թուրքական BBC News, T24, Medyascope.tv լրատվամիջոցների լրագրողներն առաջին անգամ էին այցելում Հայաստան: Նրանք հնարավորություն ունեցան տարբեր հանդիպումների և կլոր-սեղանների միջոցով տեղեկանալ Հայաստանում քաղաքական համակարգի, վերջին քաղաքական զարգացումների, լրատվական դաշտի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Առաջին կլոր-սեղանի ընթացքում Թուրքիայից ժամանած լրագրողները հանդիպեցին առաջատար պետական և մասնավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Առավոտ օրաթերթը, Epress-ը, Chai-Khana-ն, EVN Report-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որոնց հետ քննարկեցին լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի դերը Թավշյա հեղափոխության ժամանակ և դրանից հետո:
Շիրին Փայզըն․ «Մենք բոլոր առումներով լրագրողական գործունեություն ծավալելու և ընտրություններին հետևելու հնարավորություն ենք ունեցել»։ |
---|
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական ակտիվիստների հետ կլոր-սեղանի ընթացքում մասնակիցները քննարկեցին Հայաստանում քաղաքական միջավայրի փոփոխությանը հանգեցրած արմատական պատճառները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը: Մասնակիցները նաև անդրադարձան Թուրքիայի հետ երկխոսության հնարավորություններին և տարածաշրջանային համատեքստում զարգացումների ակնկալիքներին՝ հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումները:
Տարբեր ԶԼՄ-ների հետ հանդիպումների շնորհիվ, ինչպիսիք են Հայաստանի հանրային ռադիոն և Սիվիլնեթը, լրագրողները հանդիպեցին իրենց հայաստանյան գործընկերներին, տեղեկացան Հայաստանում թուրքալեզու հեռարձակումների մասին և մտքեր փոխանակեցին Հայաստանի ու Թուրքիայի լրատվամիջոցների համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
|
Ըշըն Էլիչին․ «Կարծում եմ, որ եթե երկու երկրների հարաբերություններում փոփոխություն տեղի ունենա, ապա դա կլինի մարդկանց միջև կապեր ու կամուրջներ հաստատելու միջոցով»: |
---|
Լրագրողները հանդիպեցին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, ՀԱԿ արտաքին հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանին, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցության միջազգային հարցերով քարտուղար Կիրո Մանոյանին: Երկու հանդիպումների ընթացքում էլ գնահատականներ տրվեցին Հայաստանի քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ սկսած Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից, ինչպես նաև կուսակցություններն անդրադարձան ընթացիկ զարգացումներին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող իրենց հեռանկարներին ու ակնկալիքներին։ Այս հանդիպումների միջոցով լրագրողները նաև ծանոթացան աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին և քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների ապագա հեռանկարները:
Օզգե Օզդեմիր․ «Հայաստանում մարդիկ իրենց ընտրությունը կատարեցին հետագա ժողովրդավարացման, մարդու իրավունքների և ազատականացման համար»: |
---|
Ընտրության օրը լրագրողները նորություններ և ուղիղ հեռարձակումներ են կատարել նաև տեղամասերից, այդ թվում՝ այն վայրից, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր այցելել քվեարկելու: Ծրագրի երրորդ օրը լրագրողները հանդիպում ունեցան Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Միաժամանակ լրագրողներից մեկը մասնակցեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի՝ արտասահմանյան լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսին:
Manşeti Komşuda Atalım! Aralık 2018 - Ermenistan
Ծրագրի ընթացքում խումբը նաև հանդիպեց Հայաստան- Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի մասնակիցների հետ և ծանոթացավ հարևան երկրում ունեցած նրանց փորձառությանը: Եռօրյա այցի ընթացքում խումբը նաև շրջայցեր կատարեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնում և Վերնիսաժում:
Մամուլից
Արտահերթ ընտրությունների համար Հայաստանի ժողովուրդը քվեատուփերի մոտ է, Anadolu գործակալություն, 09.12.2018 (թուրքերեն)
Հայաստանում իշխանությունն ամրապնդող անուն՝ Փաշինյան, Anadolu գործակալություն, 10.12.2018 (թուրքերեն)
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների», Anadolu գործակալությունbence, 11.12.2018 (թուրքերեն)
Հայաստանի օրակարգում ընտրություններ են; Փաշինյանը զրուցեց T24-ի հետ, T24, 10.12.2018 (թուրքերեն)
Նոր էջ Հայաստանում. «Ոչ թե հեղափոխություն, այլ էվոլյուցիա», T24, 12.12.2018 (թուրքերեն)
Թավշյա հեղափոխություն ու դրանից անդին..., T24, 13.12.2018 (թուրքերեն)
Օրվա ակնարկ. Հիմնական լուրերի տեղեկագիր – հյուրեր՝ Այշեն Ույսալ, Ըշըն Էլիչին, Medyascope.tv, 10.12.2018 (թուրքերեն)
Աշխարհի ուղին (15). Նոր դարաշրջան Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ, Medyascope.tv, 11.12.2018 (թուրքերեն)
Երևանյան տպավորություններ (1) - Հետաքննող լրագրողը կդառնա՞ վարչապետ, Hürriyet, 12.12.2018 (թուրքերեն)
Երևանյան տպավորություններ (2) Արդյո՞ք Փաշինյանը կտապալի կոռուպցիոն տնտեսությունը Հայաստանում, Hürriyet, 13.12.2018 (թուրքերեն)
Երևանյան տպավորություններ (3) Հարաբերությունների նորմալացումը հեռավոր մի գարնան մնաց, Hürriyet, 13.12.2018 (թուրքերեն)
Երևանյան տպավորություններ (4) - Երբ 28 տարի անց կրկին հանդիպեցի Տեր-Պետրոսյանին..., Hürriyet, 14.12.2018 (թուրքերեն)
Երևանյան տպավորություններ․ ինչպե՞ս կարող է հետաքննող լրագրողը դառնալ վարչապետ, Hürriyet Daily News, 13.12.2018 (անգլերեն)
Ինչպե՞ս ընդդիմության առաջնորդը դարձավ «հեղափոխության» դեմքը Հայաստանում, թուրքական BBC News, 15.12.2018 (թուրքերեն)
Սույն ձեռնարկն իրականացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»
ծրագրի շրջանակում, որն աջակցություն է ստանում Եվրամիության և Շվեդիայի Արտաքին գործերի
նախարարության կամրջող ֆինանսավորմամբ։