Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 22-25-ը Թուրքիայի Աջըբադեմ և Քոչ համալսարանների հանրային առողջության ոլորտի վեց գիտնականներ, այդ թվում՝ դեկան և ակադեմիկոսներ, այցելեցին Հայաստան։ Երկխոսության ծրագիրն իրականացվում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համգործակցությամբ և Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Այցի նպատակն էր համախմբել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին և հանրային առողջության մասնագետներին՝ բացահայտելու համագործակցության հնարավորությունները: Թուրքիայից ժամանած խմբում ընդգրկված էին Աջըբադեմ և Քոչ համալսարանների ակադեմիկոսներ, ովքեր աշխատում են հանրային առողջության, բժշկական կրթության, առաջնային առողջության պահպանման, առողջապահական քաղաքականության, հանրային հոգեկան առողջության ոլորտներում և հանրային առողջության մի բուժքույր:

Ծրագրի ընթացքում մասնակիցները մի շարք հանդիպումներ ունեցան քաղաքացիական հասարակության, առողջապահական հիմնարկների, բժշկական կազմակերպությունների և առողջապահության ոլորտի գիտնականների հետ, ովքեր Երևանում աշխատում են հանրային առողջության և առողջապահական կրթության շուրջ:

Ծրագրի ընթացքում ակադեմիկոսները մասնակցեցին երկու կլոր-սեղան քննարկումների: Առաջինում մասնագետները հնարավորություն ունեցան քննարկել առաջնային առողջության պահպանման և առողջության գրագիտության խնդիրները Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների հետ, որոնք առողջապահության հետ կապված բազմաթիվ ծրագրեր են իրականացնում` հիմնականում անդրադառնալով անապահով և խոցելի խմբերի համար առողջապահության մատչելիության խնդիրներին: Երկրորդ քննարկման ընթացքում քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև բժիշկներն ու առողջապահական ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու առողջապահության ոլորտում հնարավոր համագործակցությունը, որը կարող է ներգրավել երկու երկրների մասնակիցների:

Այցի մասնակիցներին Երևանի պետական ​​բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) ընդունեցին երեք պրոռեկտորները, համալսարանի մեկ փոխդեկան և Հանրային առողջության դեկանը: Երկու երկրների ակադեմիկոսները տեղեկատվություն փոխանակեցին բժշկական կրթության և հետազոտության ոլորտներում իրենց ծրագրերի, ինչպես նաև համալսարանների միջև ակադեմիական համագործակցության հնարավորությունների շուրջ: Բացի այդ, խումբը հնարավորություն ունեցավ տեսնել ԵՊԲՀ-ի ուսումնական հաստատությունները և ստոմատոլոգիական բաժանմունքը:

Խումբը հնարավորություն ունեցավ այցելել Հայ-ամերիկյան առողջության կենտրոն և ծանոթանալ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին ու միջոցներին: Բացի այդ, խումբը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությանն առընթեր Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի և վարչությունների ղեկավարների հետ: Ավելին, խումբն այցելեց Երևանում գործող երկու միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ և Միգրացիայի միջազգային կազմակերպություն:

Ծրագրի ընթացքում ակադեմիկոսները հանդիպում ունեցան նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ և տեղեկացան գյուղական բնակավայրերում առաջնային առողջապահության բարելավման և տեղական համայնքներին սոցիալ-հոգեբանական աջակցության նրանց ծրագրերի մասին: Ծրագրի երրորդ օրը խումբն այցելեց Գյումրի և այնտեղ գտնվող «Էմիլի Արեգակ» հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն և «Արևամանուկ» հոգեբանական-սոցիալական աջակցության կենտրոն:

Ծրագրի շրջանակում խումբը բացահայտեց նաև Երևանի կարևոր ճարտարապետական ​​և մշակութային վայրերը, այդ թվում` այցելեց Վերնիսաժի բացօթյա շուկա և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ
Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության
հիմնադրամի աջակցությամբ:
#ukcssf