2024 թ. նոյեմբերի 25-28-ը Հրանտ Դինք հիմնարկը Ստամբուլում կազմակերպեց հերթական Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագիրը, որին իրենց մասնակցությունն ունեցան հինգ հայ մասնագետ՝ էթնոերաժշտության և երաժշտական մանկավարժության ոլորտներից։

 

Առաջին օրը փորձագետ Գոռ Մելքումյանը հանդիպեց Ստամբուլի հայ համայնքի երգչախմբերի ղեկավարների և հայկական դպրոցների երաժշտության ուսուցիչների հետ։ Քննարկումներն անդրադարձան ոչ միայն ժողովրդական երաժշտությանը, այլև երգչախմբերին և երիտասարդ աշակերտներին համապատասխանող ժամանակակից հայկական երգերին։ Փորձագետները կիսվեցին արժեքավոր առցանց և տպագիր նյութերով, որոնք մինչ այդ Ստամբուլում գործող մասնագետներին ծանոթ չէին։

Նոյեմբերի 25-ին Անի Հակոբյանը ներկայացրեց իր հետազոտությունը երաժշտագետ, ազգագրագետ, գիտնական և հասարակական գործիչ Պետրոս Ալահայդոյանի արխիվի վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում նա մանրամասնեց այդ արխիվի մասին, որը  աշխարհի ամենամեծ հայկական ազգագրական  արխիվն է և ներառում է մոտ 126 կլոր ժապավեններ և 450 կոմպակտ կասետներ՝ ընդգրկելով ձայնագրությունների լայն աշխարհագրություն՝ ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա։ «Պետրոս Ալահայդոյան. նոր ձայնագրություններ սփյուռքահայ համայնքներից» խորագիրը կրող միջոցառումը Հրանտ Դինք հիմնարկի հարկի տակ հավաքեց մոտ 40 մարդ։ Զեկույցն ամփոփվեց հարցուպատասխանով։ Միջոցառման տեսագրությունը հասանելի է ստորև (#OnDemand)։


Հայաստանից հրավիրված երաժիշտներ Լուսինե Նազարյանը (վոկալ) և Աննա Հովհաննիսյանը (բլուլ և շվի) մեկտեղ եկան Թուրքիայից Արի Հերգելի (կիթառ), Այշենուր Քոլիվարի (վոկալ), Հիքմեթ Աքչիչեքի (վոկալ), Փիյա Օզչելիքի (հարվածային գործիքներ), Սելդա Օզթյուրքի (հարվածային գործիքներ) և Թահսին Թերզիի (քամանչա) հետ՝ համերգի ծրագիրը մշակելու համար։ Նրանք ոչ միայն համատեղ մշակեցին համերգի երգացանկը, այլև անկեղծ քննարկումներ ունեցան։ Դեկտեմբերի 27-ին երաժիշտները համատեղ ելույթ ունեցան «Մեղեդիներ սահմաններից վեր» խորագիրը կրող համերգի շրջանակում։ Հիմնարկի «Հավաք» սրահում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացվեցին հայերենի և թուրքերենի տարբեր բարբառներով երգեր, այդ թվում նաև համշենահայերեն։ Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 60 մարդ։ Համերգի տեսագրությունը հասանելի է ստորև (#OnDemand):

Հայ մասնագետները նաև այցելեցին Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի երաժշտագիտության բաժինը, որտեղ քննարկում ունեցան արևելյան երաժշտության՝ արևմտյան նոտագրությամբ փոխադրման համակարգի, համբարձումյան նոտագրության, ինչպես նաև հոգևոր և աշխարհիկ երաժշտության շուրջ։ Հանդիպումը մասնավորապես հնարավորություն տվեց քննարկելու «Erasmus+» ծրագրի շրջանակներում ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունների մասին։ Հայաստանցի մասնագետները հանդիպում ունեցան նաև Ստամբուլի տեխնիկական համալսարանի կոնսերվատորիայի դասախոսների հետ։

Մասնագետները այցելեցին երկու հայկական դպրոց՝ Կեդրոնական ավագ դպրոց և Գարակյոզյան միջնակարգ դպրոց։ Նրանք աշակերտների հետ կիսվեցին հայկական ժողովրդական երգերի և պարերի վերաբերյալ գիտելիքներով՝ ընդգծելով տարածաշրջանային տարբերությունները։ Գարակյոզյան դպրոցում 6-8-րդ դասարանների աշակերտները ակտիվորեն մասնակցեցին աշխատարանին՝ ներկայացնելով երգեր և պարեր, որոնք սովորել էին մասնագետների օգնությամբ։ Հրավիրված երաժիշտ-մանկավարժները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու դպրոցների հետ և կիսվելու Հայաստանում օգտագործվող երաժշտական կրթության նյութերով։

    

Ծրագրի վերջին օրը փորձագետները մասնակցեցին Հրանտ Դինք հիմնարկի «KarDes» ծրագրի թատերական շրջայցին, որը վարում էր «Ոմանք» խմբի երգչուհի Լարա Նարինը։ Նրանք ուսումնասիրեցին Բեյօղլու թաղամասի թատերական մշակութային ժառանգությունը։

 

 


Երկխոսության ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի աջակցության շնորհիվ։