Հրանտ Դինք հիմնարկը գործարկել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը՝ երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային համագործակցությունն ու փոխանակումը խթանելու նպատակով, մասնավորապես այնպիսի ոլորտներում, որտեղ մասնագիտական փորձի փոխանակումն ու տևական համագործակցությունը անհրաժեշտ են: Այդպիսի ոլորտներից են ակադեմիան, քաղաքացիական հասարակությունը, լրագրությունը, մշակույթը և արվեստը, թարգմանությունն ու լեզվի ուսուցումը, մարդու իրավունքները և այլն:
2023-2024 թթ․ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակում հիմնարկը աջակցել է հինգ մասնագետի՝ կարճաժամկետ՝ երկու շաբաթից մինչև մեկ ամիս տևողությամբ, փորձի փոխանակում իրականացնել հարևան երկրում:
Թուրք գիտնական, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջենգիզ Ակթարն իր փորձի փոխանակման ծրագիրն անցկացրել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների բաժնում:
Ջենգիզ Ակթարը քաղաքական գիտությունների պրոֆեսոր է և դասավանդում է Աթենքի համալսարանում (EKPA-Turkmas): Նա եղել է Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչը: ԵՄ ինտեգրման քաղաքականությունների և փախստականների/միգրացիայի հարցերի հետ մեկտեղ՝ նրա հետազոտություններն անդրադառնում են ազգային ու կրոնական փոքրամասնությունների հիշողությունների քաղաքականությանը և քաղաքականության պատմությանը:
ՀԱՀ-ում դասավանդելուց բացի՝ նա նաև մասնակցել է մի շարք հանրային միջոցառումների, այդ թվում՝ ՀԱՀ-ում կազմակերպված «Թուրքիա 2023. Զրույց Ջենգիզ Ակթարի հետ» քննարկմանը, «Թուրքական հանրապետությունը հարյուրամյակի ճանապարհին․ կայսրության շարունակական դրսևումներ և ընդհատումներ» թեմայով պանելային քննարկմանը (միջոցառումը հեռարձակվել է նաև ՀԱՀ-ի YouTube-ի ալիքով), ինչպես նաև Հայաստանի Ֆրանսիական համալսարանում կազմակերպված պանելային քննարկմանը՝ «Մեկ այլ հայ-թուրքական հարաբերություն. կառուցվածքային խոչընդոտներ և հեռանկարներ» խորագրով:
Առողջապահության իրավունքի մասնագետ Միքայել Խաչատրյանն իր փորձի փոխանակման նախագիծն իրականացրել է Ստամբուլի Քոչ համալսարանի Հանրային առողջության բաժնում:
Նա Երևանի Հայ-ռուսական համալսարանի առողջապահության իրավունքի մագիստրոսական ծրագրի հիմնադիրն է և կրթության գծով տնօրենը: Նա եղել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջազգային համագործակցության բաժնի ղեկավարը: Ունի մոտ 40 հրապարակում տարբեր միջազգային պարբերականներում (Հայաստան, Իտալիա, Իսրայել, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, ԱՄՆ) և երեք իրավաբանական ձեռնարկների համահեղինակ է:
Փորձի փոխանակման շրջանակում Միքայել Խաչատրյանը դասախոսություններ է ունեցել առողջապահական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ՝ Քոչ համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև Համաշխարհային առողջության մագիստրոսական ծրագրի շրջանավարտների ներգրավվածությամբ: Ավելին՝ համալսարանի Հանրային առողջության բաժնի անձնակազմի և դասախոսների հետ հանդիպումները հնարավորություն տվեցին փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության հնարավոր եզրեր քննարկելու համար։
Թուրքագետ Կարոլինա Սահակյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Քոչ համալսարանի Համեմատական գրականության բաժնում:
Կարոլինա Սահակյանը դասավանդում է թուրքերեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Միջազգային գիտակրթական կենտրոնում և դիվանագիտական էթիկա՝ Երևանի պետական համալսարանում: Միևնույն ժամանակ նա իր ասպիրանտական կրթությունն է շարունակում ՀՀ ԳԱԱ-ում։ Կարոլինա Սահակյանը նաև համագործակցում է «Էջ» հրատակչության հետ՝ կատարելով գրական գործերի թարգմանություն՝ թուրքերենից հայերեն:
Փորձի փոխանակման նախագծի շրջանակում Կարոլինա Սահակյանը մասնակցել է Քոչ համալսարանի՝ ժամանակակից թուրքական գրականության և Բողազիչի համալսարանի՝ օսմանյան պալեոգրաֆիա և օսմաներեն դասերին՝ որպես ունկնդիր։ Նա ուսումնասիրություն է իրականացրել օսմանյան պատմագրության վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով 19-րդ դարի Օսմանյան կայսրությանը առնչվող հիմնական աղբյուրներին և պատմական տեքստերին, բացահայտելով նոր մոտեցումներ առկա պատմական նարատիվներում։ Ժամանակակից թուրքական գրականության դասընթացին մասնակցելը նպաստեց Թուրքիայի ժամանակակից գրական միտումները ավելի լավ հասկանալուն, ինչը օգտակար կլինի նրա՝ գրական թարգմանության ոլորտի գործունեության համար։ Կարոլինա Սահակյանը նաև հնարավորություն ունեցավ ընդլայնելու իր մասնագիտական շրջանակը՝ հանդիպելով տարբեր գիտնականների, գործընկերների, հիմքեր հաստատելով հնարավոր համագործակցային նախագծերի համար։
Մշակութային հետազոտող, գրական քննադատ, համադրող և նշանաբան Տիգրան Ամիրյանն իր փորձի փոխանակումն անցկացրել է Բալաթի Սբ․ Հրեշտակապետ հայկական եկեղեցու հիմնադրամում:
Տիգրան Ամիրյանը Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի հիմնադիրն է: Նրա հետազոտությունները հիմնականում միտված են բացահայտելու, թե ինչպես են ժամանակակից մշակույթը, արվեստի դրսևումներները, ինքնության պատմությունն ու կենսագրությունները նպաստում անհատական և հավաքական հիշողությունների նարատիվների ձևավորմանը:
Փորձի փոխանակման ընթացքում Տիգրան Ամիրյանն ուսումնասիրել է Բալաթի Սբ․ Հրեշտակապետ հայկական եկեղեցու հիմնադրամի, ինչպես նաև նախկինում հիմնադրամի ներքո գործած Խորենյան դպրոցի և մանկատան արխիվը։ Այս նախագիծը եզակի հնարավորություն էր, քանի որ նորաստեղծ արխիվը առաջին անգամ պետք է ուսումնասիրվեր։ Այն օգնեց Տիգրան Ամիրյանին ընդլայնել Բալաթի հայ համայնքի վերաբերյալ իր ուսումնասիրությունները, որ նա սկսել էր 2023 թ․։ Նա նաև բանավոր պատմության հարցազրույցներ է վարել և դաշտային աշխատանք իրականացրել՝ բացահայտելով Բալաթի հայ համայնքի հիշողությունները։ Նախագծի ավարտից հետո Տիգրան Ամիրյանը երկու միջոցառում է ունեցել Երևանում, որտեղ նա հավաքված ուսանողներին, հետազոտողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է հետազոտության հիմնական արդյունքները։ Բացի դրանից՝ CSN Lab-ը պատրաստվում է հրատարակել Խորենյան դպրոցի մասին ուսումնասիրություն՝ հիմնված արխիվային աշխատանքների վրա։ Այն բացահայտելու է դպրոցի հնագույն պատմությունը, դրա նշանակությունը Ստամբուլի մշակութային ժառանգության համատեքստում, ինչպես նաև դրա կարևոր դերը հայ համայնքի համար՝ որպես մշակութային և կրթական կենտրոն։
Ուրբանիստ, ակտիվիստ և սոցիալական ձեռներեց Յաշար Ադնան Ադանալըն իր փորձի փոխանակման նախագծի շրջանակում հյուրընկալվել է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայում (CSN Lab)։
Յաշար Ադնան Ադանալըն Ստամբուլում հիմնադրել է «Փոսթանե» մշակութային կենտրոնը, որը զբաղվում է սոցիալական փոփոխությամբ: Նա նաև «Տարածքային արդարության կենտրոն»-ի համահիմնադիրն է: Կենտրոնը զբաղվում է ժողովրդավար, էկոլոգիական և արդար քաղաքային և գյուղական տարածքների պահպանությամբ։ Նրա կարծիքները և մեկնաբանությունները հրապարակվել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներում (Al Jazeera America, BBC, DW, Le Monde Diplomatique, Monocle, The Economist, The Guardian, The New York Times), և նա դասախոսություններ է կարդացել մի շարք արտասահմանյան համալսարաններում:
Փորձի փոխանակման նախագծի շրջանակում Յաշար Ադնան Ադանալըն մասնակցեց «Հիշողություն, ժառանգություն, արդարություն. բարելավված աշխարհ ունենալուն ուղղված պրակտիկաներ և վայրեր» թեմայով քննարկմանը, որտեղ նա կիսվեց իր հարուստ փորձով՝ տարածքային արդարության, հիշողության փաստագրման և Ստամբուլում մշակութային ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Լինելով սոցիալական մեդիայում ազդեցություն ունեցող մեկը՝ Յաշար Ադնան Ադանալըն, «The Urbanist» մականվամբ, իր ալիքներում գրում է տարածքային արդարության, հիշողության վայրերի և մշակութային ժառանգության մասին։ Երևանում գտնվելու ընթացքում նա մի շարք կարճ տեսանյութեր է հրապարակել, որոնք ներկայացնում են Երևանը և նրա ժամանակակից քաղաքային զարգացումները: