Հայաստան-Թուրքիա ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի միջոցով Հրանտ Դինք հիմնադրամը փորձում է սերտ կապեր հաստատել երկու հարևան երկրների ժողովուրդների միջև։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում այս նպատակով ձեռնարկված Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջսահմանային կապերն ու համագործակցությունը` միաժամանակ ամրապնդելով կապերը երկու մշակույթների միջև։
Հայաստանի և Թուրքիայի սահմանը փակ է 1993 թվականից և այդ ժամանակից ի վեր շատերի կյանքն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է կրել այդ հանգամանքից: Իհարկե, ամենից շատ տուժած մարդիկ երկու կողմերում էլ սահմանին մոտ բնակվողներն են, ում համար այդքան մոտ գտնվող հողն անհասանելի է։ Ռեզզան Ալագյոզը ծնվել և մեծացել է արևելյան Իգդիր նահանգում, ուստի նա այն մարդկանցից է, ովքեր ականատես են եղել փակ սահմանի հետևանքներին: Ներկայումս Ռեզզանն իր գիտական թեզի ուսումնասիրությունն է անում սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց առօրյայի վրա թողած փակ սահմանի ազդեցության մասին և թե ինչպես են նրանք ընկալում միմյանց այդ պայմաններում:
2007 թվականին Ռեզզան Ալագյոզը բակալավրի աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետից, իսկ մագիստրոսի կրթություն ստացել է Նյու Յորքի քաղաքային համալսարանից` պաշտպանելով «Նեո-լիբերալ քաղաքականության ազդեցությունը Թուրքիայի վրա 2000-2001 թվականներին» թեմայով թեզը: Ռեզզանը Միմար Սինանի համալսարանի Սոցիոլոգիայի բաժնի գիտությունների թեկնածու է և աշխատում է որպես Ադիյամանի համալսարանի Սոցիոլոգիայի բաժնի գիտաշխատող: Որպես Հրանտ Դինք հիմնադրամի փորձի փոխանակման նախագծի մասնակից, Ռեզզան Ալագյոզը չորս ամիս շարունակ իր ուսումնասիրություններն է իրականացրել Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում: Հայաստանում անցկացրած ժամանակահատվածում Ռեզզանը կատարել է գրականության համապարփակ տեսություն՝ միևնույն ժամանակ բանավոր պատմություններ հավաքելով սահմանամերձ գյուղերում:
Տաթևիկ Պետրոսյանը, ով հյուրընկալող կազմակերպությունում՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում, կրտսեր գիտաշխատող է, նշում է, որ կենտրոնում հիմնականում անդրադառնում են տարածաշրջանային անվտանգությանը, սոցիալական և քաղաքական հարաբերություններին և միջմշակութային համագործակցությանը՝ որպես միջազգային հարաբերությունների և գլոբալ քաղաքականության մաս: Պետրոսյանն ասում է, որ իրենց կենտրոնը նպատակ ունի տարածաշրջանային կապեր և համագործակցություն զարգացնել և այդ առումով փորձի փոխանակման նախագիծը կարևոր դեր ունի Հայաստանի և Թուրքիայի գիտաշխատողների միջև ամուր կամուրջ կառուցելու գործում: Նա նաև ընդգծում է Ռեզզանի ներդրումը կենտրոնում, մասնավորապես՝ սատարումն այնտեղ աշխատող այլ հետազոտողներին, քանզի նրանք բոլորն էլ կարծում են, որ սահմանները միայն մարդկանց մտքում են:
Ռեզզան Ալագյոզն ու Տաթևիկ Պետրոսյանը խոսել են Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակում իրենց փորձառության մասին և առաջարկներ արել ապագա մասնակիցներին ու հյուրընկալող կազմակերպություներին։
Ի գիտություն․ տեսանյութերն ունեն հայերեն, թուրքերեն և անգլերեն ենթագրեր:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծն իրականացվում է
Եվրամիության կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»
ծրագրի շրջանակում։