Հայաստան-Թուրքիա ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի միջոցով Հրանտ Դինք հիմնադրամը փորձում է սերտ կապեր հաստատել երկու հարևան երկրների ժողովուրդների միջև։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում այս նպատակով ձեռնարկված Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջսահմանային կապերն ու համագործակցությունը` միաժամանակ ամրապնդելով կապերը երկու մշակույթների միջև և դրանով իսկ ուժեղացնելով բազմամշակութայնության գիտակցությունը։
Տարբեր հասարակությունների միջև հարաբերությունների շուրջ աշխատողների համար «բազմամշակութայնություն»-ն ամենակարևոր եզրույթներից մեկն է, որն իհարկե նշանակում է անկախ միմյանց միջև եղած տարբերությունների երկար ժամանակ միասին կամ կողք֊կողքի ապրելու «համակեցության ձև»։ Հայաստանի և Թուրքիայի հասսրակությունները, որոնք իրենց մշակութային առընթերությամբ ու տարանցիկությամբ կարող էին բազմամշակութայնության հենքի վրա ծավալուն հարաբերություններ ունենալ, հեռացել են միմյանցից պատմական և արդի քաղաքական խնդիրների պատճառով։ Նարեկ Սեֆերյանը, որպես հետազոտող, վերլուծում է այս երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող արդի պատումները: Հասարակագիտական ոլորտում Նարեկն առանձնանում է իր գործընկերներից մի շարք հասարակություններում ապրելու իր փորձառությամբ: Բրազիլիայից Հնդկաստան, Հայաստանից ԱՄՆ և Ավստրիա, Նարեկը կրում է տարբեր հասարակություններին ու մշակույթներին պատկանելու զգացողությունը։ Փորձի փոխանակման միջոցով նա նաև առիթ ունեցավ սերտորեն ուսումնասիրելու Թուրքիան ու երկրի սոցիալական դինամիկան:
Նարեկը շատ տպավորիչ անձնական փորձառություն ունի: Նա ծնվել և մեծացել է Հնդկաստանի Նոր Դելի քաղաքում: Բարձրագույն կրթությունը սկսել է Երևանի պետական համալսարանում քաղաքագիտություն ուսանելով, այնուհետև դասական հումանիտար գիտությունների բակալավրի կոչում ստանալով ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի Սենթ Ջոնս քոլեջից: Հետագայում նա միջազգային հարաբերություններ է սովորել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում: 2013-2016 թվականներին Նարեկը Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսական կազմում է եղել: Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակում, 2016 թվականի նոյեմբերից նա աշխատում է Ստամբուլի քաղաքականության կենտրոնում (Սաբանջի համալսարան)՝ որպես հետազոտող:
Քաղաքական զարգացումներով հարուստ նման ժամանակաշրջանում Թուրքիայում գտնվելը բացառիկ փորձառություն է քաղաքագիտության ոլորտում աշխատող Նարեկի համար: Ստամբուլի քաղաքականության կենտրոնի հետազոտական և վարչական գործերի համակարգող Ջանա Թուլուշը շեշտում է, որ իրենց կենտոնի համար այս համատեղ աշխատանքը նույնքան կարևոր է, որքան Նարեկի համար։ Ըստ Թուլուշի՝ տարբեր սոցիալական փորձառություն ունեցող գործընկերների հետ աշխատանքը հարստացնում է հաստատությունը՝ բացելով մշակութային բազմազանության դարպասները: Ահա թե ինչու Ջանա Թուլուշը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հյուրընկալող կազմակերպություն լինելը շատ հեղինակաբեր է իրենց հաստատության համար:
Նարեկ Սեֆերյանն ու Ջանա Թուլուշը կիսվեցին Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի իրենց փորձառությամբ և առաջարկներ արեցին ապագա մասնակիցներին ու հյուրընկալող կազմակերպություներին։
Փորձի փոխանակման նախագծի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ։
Նախագիծն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում։