2025 թ. մայիսի 6-8-ը Հրանտ Դինք հիմնարկը Ստամբուլում կազմակերպել էր երկխոսության ծրագիր շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում՝ միավորելով Հայաստանի և Թուրքիայի համապատասխան փորձագետներին։ Ծրագիրը հիմնարկի՝ երկու հարևան երկրների միջև ուղիղ երկխոսության խթանմանն ուղղված շարունակական ջանքերի մի մասն էր կազմում և նպատակ ուներ բացահայտելու միջսահմանային համագործակցության հնարավորություններն ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ։
Այցի առաջին օրը Հայաստանից ժամանած փորձագետները հանդիպեցին Թուրքիայի առաջատար երկու հաստատությունների հետ, որոնք զբաղվում են բնապահպանական քաղաքականությամբ և շահերի պաշտպանությամբ։ «TEMA» հիմնադրամում փորձագետների խումբը քննարկում ունեցավ կայուն անտառապատման, բնապահպանական կրթության և համայնքային մոբիլիզացիայի թեմաներով։ Այնուհետև մասնագետներն այցելեցին Ստամբուլի քաղաքականության կենտրոն (IPC), որտեղ հյուրընկալող կողմը ներկայացրեց կենտրոնի միջառարկայական հետազոտություններն ու նախագծերը կլիմայական փոփոխության, ժողովրդավարական կառավարման և բնապահպանական կրթական նյութերի վերաբերյալ։
Ծրագրի հիմնական բաղադրիչը մայիսի 7-ին կայացած կարիքների գնահատման հանդիպումն էր՝ «Սահմանի երկու կողմերը. Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր շրջակա միջավայրը» խորագրով։ Հանդիպումը վարեց դոկտոր Սինան Էրենսյուն։ Այն մեկ հարկի տակ էր հավաքել երկու երկրներից 18 մասնագետի՝ էկոլոգներ, կլիմայի քաղաքականության փորձագետներ, մանկավարժներ և գիտնականներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրներին առնչվող հիմնական բնապահպանական խնդիրներին՝ թափոնների կառավարմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, մասնավորապես ընդհանուր գետի վրա կառուցվող ջրամբարներին, սահմանամերձ գոտիների կենսաբազմազանությանը և աղետներին դիմակայելու մեթոդներին։ Մասնակիցների աշխարհագրական և մասնագիտական տարբեր ուղղություններից լինելը հանդիպումը դարձրեց ավելի արդյունավետ և համապարփակ։ Հանդիպման արդյունքում սահմանվեցին ընդհանուր հետաքրքրության ոլորտներ և ստեղծվեց բաց հարթակ՝ համատեղ քաղաքականության շուրջ մտքերի փոխանակման, ցանցի ձևավորման և ապագա համագործակցության հնարավորությունների քննարկման համար։ Այն միաժամանակ նպաստեց նաև մշակելու կարիքների գնահատման զեկույց՝ հասցեագրված Հայաստանի և Թուրքիայի շրջակա միջավայրի ոլորտի դերակատարներին և քաղաքականություն մշակողներին։
Հանդիպումից հետո մասնակիցներն այցելեցին «Postane» և «Mekanda Adalet Derneği» (Տարածքային արդարության կենտրոն) կազմակերպությունները, որոնց գործունեությունը նվիրված է Թուրքիայում տարածքային և բնապահպանական արդարությանը։ Այս այցելությունը հնարավորություն տվեց խմբին ծանոթանալու քաղաքային ընդհանուր տարածքների, մասնակցային պլանավորման և շահերի պաշտպանության վերաբերյալ համայնքահեն նախաձեռնություններին։
Այցի վերջին օրը խումբն այցելեց Հրանտ Դինքի «23,5» հուշավայր, այնուհետև հանդիպում ունեցավ «Apaçık» համայնքային ռադիոկայանի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ Հայաստանից ժամանած փորձագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու ռադիոկայանի՝ Թուրքիայում շրջակա միջավայրի և կլիմայի խնդիրների լուսաբանման գործում ունեցած դերակատարությանը։ Ծրագիրը եզրափակվեց Վալիդեբաղ (Validebağ) անտառ այցելությամբ, որտեղ մասնակիցները հանդիպեցին տեղի ակտիվիստների խմբին՝ Վալիդեբաղի կամավորներին, որ 26 տարի պայքարում են Ստամբուլի խոշոր և էկոլոգիապես կարևոր կանաչ տարածքներից մեկի պահպանության համար։
Երկխոսության ծրագիրը եզակի հարթակ ստեղծեց միջսահմանային փորձի փոխանակման և ցանցային համագործակցության համար։ Այն նաև կարևոր առաջընթաց գրանցեց՝ Հայաստանի և Թուրքիայի՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների մասնագետների միջև երկխոսությունը խթանելու ուղղությամբ։
Երկխոսության սույն ծրագիրն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Թուրքիայի գրասենյակի աջակցությամբ։
