2013 թվակականի հոկտեմբերի 26-ին Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Էիդեն և Եվրախորհրդի ներայացուցիչ Լասլո Ֆելդին ելույթ ունեցան «Խտրական դիսկուրն ու սոցիալական մեդիան» բաց քննարկմանը, որը կազմակերպվել էր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի շրջանակում և Ստամբուլի Բիլգի համալսարանի հետ համագործակցությամբ։ Քննարկվեցին ավանդական և սոցիալական մեդիայում ատելության խոսքի արտադրմանը, դրա հետևանքներին և դրա դեմ պայքարի մեթոդներին վերաբերող հարցեր:
Քննարկումը վարում էր Ստամբուլի Բիլգի համալսարանի դոցենտ Իտիր Էրհարտը, իսկ բանախոսներն էին Էիդեն, ով աշխատել է մեդիայում խոսքի ազատության և ներգաղթի, գենդերի և կլիմայի փոփոխութան թեմաների արտացոլման վրա, և Ֆելդին, ով մարդու իրավունքների և մասնակցային ժողովրդավարության հարցերով խորհրդատու և դասընթացավար է, ղեկավարում է «Ոչ ատելության խոսքին շարժում» առցանց արշավը։
«Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք»
Ներկայացնելով ատելության խոսքին վերաբերող իր կատարած աշխատամքը, Էիդեն նշեց, որ սոցիալական կայքերի արմատավորվելուն պես հանրային տիրույթն ընդլայնվել է: Նա անդրադարձավ գրաքննության, խոսքի ազատության և մամուլի ազատության հարցերին։ Նա նշեց, որ եթե պատասխանատու դիրքերում գտնվողները ատելության խոսքին չեն ընդդիմանում, ապա այն կարող է ֆիզիկական բռնության վերածվել։ Էիդեն քննարկեց ատելության խոսքի և ատելության հանցագործության դերը 2011 թվականին Անդերս Բերինգ Բրեյվիկի կողմից իրականացված սպանդի ժամանակ, որի արդյունքում զոհվել էր 77 մարդ և վիրավորվել 242-ը: Նա կենտրոնացավ «մենք» և «նրանք» հասկացությունների վրա՝ նշելով, որ լրատվամիջոցները մեծ դեր են խաղում բռնության միջադեպերում:
Էիդեն ներկայացրեց իր դիտարկումներն այն մասին, թե ինչպես են մուսուլմանները մարգինալացվում եվրոպական մեդիա և հասարակական տիրույթում։ Վերջին տարիներին մեդիայում փոքրամասնությունների, ներգաղթյալների և մահմեդականների դեմ դիսկուրսի աճի հետ մեկտեղ հարցադրումներ եղան, թե մեդիա և հասարակական ոլորտում կա՞ արդյոք այս խմբերի նկատմամբ քննադատական մոտեցում: Էիդեն նաև քննարկեց Աֆղանստանում ևՊակիստանում իր կատարած աշխատանքը։
«Ատելության խոսքն ամենուր է»
Իր ելույթում Ֆելդին տեսակետ արտահայտեց ատելության խոսքի դեմ այնպիսի պայքարի վերաբերյալ, որը դեռևս պաշտպանում է ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը: Նա ասաց, որ ատելության խոսքն ամենուր է։ Որոշ անմեղ թվացող առցանց խաղեր թերևս կարող են ատելության և խտրական դիսկուրս պարունակել, որը կարող է որոշիչ լինել երիտասարդների արժեքների և ինքնաւթյան ձևավորման համար՝ կարևոր դարձնելով ինտերնետի դերը ատելության խոսքում։
Ըստ Ֆելդիի, ծայրահեղականությունը Եվրոպայում կրկին աճում է, ինչի առնչությամբ նա նշեց, որ եթե չընդգծենք, որ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ տեղի ունեցածը ատելության խոսքի արդյունք էր, ապա մենք կվերադառնանք այդ օրեր: Ատելության խոսքն ավելի արագ տարածվում է ինտերնետի միջոցով, սակայն դա կանխելը ոչ թե կառավարությունների, այլ կայացած ինտերնետային ընկերությունների վրա է: Նա նշեց, որ ատելության խոսքի դեմ պայքարը պահանջում է կրթություն և գիտելիքներ, իսկ իրավական փոփոխությունները կարող են նպաստել դրան: Ֆելդին նաև տեղեկատվություն տրամադրեց Եվրոպայի խորհրդի Ատելության խոսքի դեմ շարժման մասին: