ՏԵՍԼԱԿԱՆ

Հրանտ Դինք հիմնադրամի ներքո գործող՝ Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարության «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիայի նպատակն է խթանել երկխոսության, խաղաղության ու ապրումակցման մշակույթ ու լեզու Թուրքիայում և աշխարհում, ինչը Հիմնադրամի ողջ գործունեության հիմքն է։ Նրա նպատակն է նաև ձգտել այնպիսի աշխարհի, որում բոլոր տեսակի տարբերությունները, ներառյալ՝ կրոնական, լեզվական, ռասայական, սեռական ինքնության, տարիքային ու կենսակերպի, հարգված են և գոյություն ունեն համակեցության մեջ։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեդիայի, հղացքային հետազոտությունների, կրթության, քաղաքականության ու իրավունքի ոլորտներում դիսկուրսին միտված իր գործունեության միջոցով «ԱՍՈՒԼԻՍ»-ը նպատակ ունի նպաստել ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների ամրապնդմանը և խտրականության դեմ պայքարին։ Համագործակցելով միանման նպատակներ ունեցող հաստատությունների ու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Թուրքիայում  և արտերկրում գործող համալսարանները, հիմնադրամները, միությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, Լաբորատորիայի գործունեությունը կենտրոնացած է հետևյալ նպատակների վրա․

- նպաստել դիսկուրս հետազոտությունների ոլորտում մշտադիտարկման, հետազոտման ու արխիվացման նոր մեթոդների մշակմանը,

- նպաստել տարբեր ինքնությունների ու արտահայտման ձևերի նկատմամբ հարգանքի ամրապնդմանը և խտրականության մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը,

- աջակցել քաղաքացիական հասարակությունում խտրականության դեմ իրավունքահենք նախագծերի ընդլայնմանն ու ամրապնդմանը,

- սկսելով դիսկուրսային մակարդակում՝ պայքարել ընդդեմ սեռական ինքնության ու կողմնորոշման, գենդերային ինքնության, կրոնական, հաշմանդամության, էթնիկ ծագման, ռասայական, քաղաքական հայացքների, տարիքային, կենսակերպի հիմքով և որևէ ոլորտում տեսակապաշտության վրա հիմնված խտրականության դեմ,

- դառնալ հարթակ, ինչպես նաև սկզբնաղբյուրային ու ռեսուրսային կենտրոն միջմշակութային ու միջգիտակարգային բարձրակարգ դիսկուրս հետազոտությունների համար, որոնք կիրականացվեն խտրականության, մարդու իրավունքների ու ժողովրդավարացման բնագավառներում։ Կենտրոնը բաց կլինի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվիստների, դասավանդողների, ուսուցիչների, ուսանողների, ակադեմիական ոլորտի մասնագետների, լրատվամիջոցների աշխատողների, իրավաբանների, անկախ հետազոտողների, արվեստագետների ու բոլոր հետաքրքրված խմբերի ու անձանց առջև։ 

Այս նպատակներն իրականացնելու համար «ԱՍՈՒԼԻՍ»-ը կկիրառի աշխատանքային տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ՝ մշտադիտարկում ու զեկույցների կազմում, հետազոտական ծրագրերի մշակում ու իրականացում, հրապարակումների նախապատրաստում, գրադարանի հիմնում ու արխիվացում, ակադեմիական ու անկախ հետազոտություններ իրականացնող անձանց ու հաստատությունների աջակցում, սեմինարների, աշխատարանների, պանել-քննարկումների ու համաժողովների կազմակերպում, հակադիսկուրսի մշակում և իրազեկող տեսողական նյութերի պատրաստում։