2020 թվականի դեկտեմբերի 11-ից 12-ը տեղի ունեցավ Ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ առցանց միջազգային համաժողովը։ Համաժողովն առցանց համախմբեց Թուրքիայից և տարբեր երկրներից մասնակցներին՝ ատելության խոսքի, մեդիայի և խտրականության թեմաների շուրջ աշխատող հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբաններ, ուսանողներ ու գիտնականներ: Համաժողովի 11 քննարկումների ընթացքում ընդհանուր առմամբ ներկայացվեցին 26 զեկույցներ։
Համաժողովի առաջին օրը Հրանտ Դինք հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով խտրականության, ռասիզմի և ատելության խոսքի դեմ պայքարի անփոփոխ կարևորությունը։ Ռաքել Դինքի խոսքից հետո Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Ռոնալդ Մայնարդուսը և Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոս Փիթեր Էրիքսոնը նշեցին, որ հաշվի առնելով ամբողջ աշխարհում առկա զարգացումները, համաժողովի առաջ քաշած քննարկման թեմաները շատ կարևոր ու արդիական են։
Համաժողովի գիտական հանձնաժողովի նախագահ Յասեմին Ինջեօղլուն իր հիմնական ելույթում կարևորեց համակեցության ամրապնդման և ատելության խոսքի դեմ պայքարի անհրաժեշտությունը` հաշվի առնելով ատելության և խտրական խոսքի տեղական և համաշխարհային ծավալները:
Համաժողովի առաջին օրը զեկույցներ եղան մեդիայում ատելության խոսքի, ռասիզմի, խտրականության քաղաքականության, փոքրամասնությունների իրավունքների, սիրիացի փախստականների նկատմամբ խտրականության և Covid-19- ի շրջանում սոցիալական մեդիայում ատելության խոսքի վերաբերյալ։ Բաց քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց ատելության խոսքի և ռասիզմի քննարկման աճող կարևորությանը, իսկ թեմայի համաշխարհային ասպեկտը քննարկվեց տարբեր երկրների օրինակներով՝ համեմատական մոտեցմամբ:
Համաժողովի երկրորդ օրն ատելության խոսքն ու խտրականությունը քննարկվեցին գաղափարային և իրավական տեսանկյունից, ներկայցվեցին կրթությանն ու թվային մեդիային վերաբերող գործնական հետազոտությունների օրինակներ, քննարկվեցին ատելության խոսքի և խտրական գործելակերպի դեմ պայքարի մեխանիզմներ:
Համաժողովի եզրափակիչ խոսքը տրվեց քննադատական դիսկուրսի վերլուծության տեսաբան և ատելության խոսքի ուսումնասիրություններում մեծ ավանդ ունեցող Թյուն Ա. Վան Դեյքին: Իր խոսքում Վան Դեյքն ընդգծեց, որ ատելության խոսքին չպետք է վերաբերվել միայն որպես հույզ, այլև ընդհանուր գաղափար և գաղափարախոսություն, որը պետք է դիտարկել ըստ կոնտեքստի։ Նա ընդգծեց, որ հակառասիստ և հակախտրական երևույթներին, ինչպես նաև ատելության խոսքին ու խտրականությանը վերաբերող ուսումնասիրությունները նույնպես կարող են նպաստել պայքարին։
Համաժողովի ընթացքում կարճ ֆիլմերի միջոցով մասնակիցներին ներկայացվեցին Ստամբուլի բազմաշակութային վայրերն ու Հրանտ Դինքի «23,5» հուշավայրը։ Թեպետ հնարավոր չէր ապահովել ֆիզիկական ներկայություն, համաժողովի այս կողմնակի միջոցառումները փորձ էին փոխհատուցել միասին լինելու անհնարինությունը: Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում տեղի ունեցած Հրանտ Դինք հիմնադրամի խոհանոցային միջոցառմանը Թագուհի Թովմասյանն ու Լևոն Բաղըշը սննդի և բազմամշակութայնության շուրջ բեղմնավոր զրույց ունեցան մասնակիցների հետ։
Թուրքերեն և անգլերեն ենթագրերով ուղեկցվող համաժողովը ուղիղ հեռարձակվեց Թվիթերի, Ինստագրամի և Ֆեյսբուքի հաշիվներով, ինչպես նաև հիմնադրամի կայքում։ Համաժողովից առաջ և ընթացքում հիմնադրամի սոցիալական մեդիայի էջէրով տեղեկատվություն էր տարածվում #ForANewDiscourse (նոր դիսկուրսի համար) և # NoToHateSpeech (ոչ ատելության խոսքին) հեշթեգերով։
Համաժողովը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Բանախոսների, վարողների և համաժողովի ծրագրի մասին մանրամասների համար այցելեք այստեղ։