«Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում կազմված «Ատելության խոսքն ու խտրական դիսկուրսը լրատվամիջոցներում 2017 թվականին» զեկույցը ներառում է 2017 թ․ ատելության խոսքի քանակական ու որակական վերլուծությունների տարեկան արդյունքներն ու 2017թ․ ընթացքում աչքի ընկած խտրական դիսկուրսի երկու թեմատիկ ուսումնասիրություն հետևյալ թեմաներով՝ ««Գյավուրի» դիսկուրսը տպագիր մամուլում» և «Սիրիացի փախստականների նկատմամբ խտրականությունը լրատվամիջոցներում․ ապատեղեկատվություն ու աղավաղում»։
Սեղմեք այստեղ զեկույցն ամբողջությամբ կարդալու համար
Գլուխ 1․ Ատելության խոսքը Թուրքիայի տպագիր լրատվամիջոցներում 2017 թ․
2017 թ․ բացահայտվել է ազգային, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող 5296 սյունակ ու լուր։ Քանի որ տարբեր խորագրերի ներքո 186 հրապարակում ատելության խոսքն ուղղել է մեկից ավելի խմբի նկատմամբ, այս հոդվածները վերլուծվել են ըստ թիրախման ենթակա խմբերի/բնութագրիչների քանակի (մեկից ավելի)։ Արդյունքում վերլուծության ենթակա նյութի քանակը հասել է 5482-ի։ Վերլուծված բովանդակության մեջ բացահայտվել է ատելության խոսք պարունակող 6782 դրվագ ընդդեմ 79 խմբերի։
Սեղմեք այստեղ՝ տեսնելու բոլոր հոդվածներն ու սյունակները, որտեղ բացահայտվել է ատելության խոսք։
Համապետական մամուլում տեղ գտած դրվագներ Տեղական մամուլում տեղ գտած դրվագներ
Գլուխ 2․ Խտրական դիսկուրսի ուսումնասիրություն, 2017 թ․
«Գյավուրի» դիսկուրսը տպագիր լրատվամիջոցներում» զեկույցն ուսումնասիրում է, թե ինչպես է «գյավուր» բառը, որն ունի զանազան պատմական, սոցիոլոգիական ու լեզվական իմաստային երանգներ, օգտագործվում մի համատեքստում, որում ոչ մահմեդական ինքնություններն ասոցացվում են անգթության, դաժանության ու թշնամանքի հետ։ Փորձել ենք բացահայտել, թե ինչպես է այդ բառի գործածումն առօրյայում ու լրատվամիջոցներում մեկուսացնում Թուրքիայում ապրող ոչ մահմեդականներին ու նման օտարմամբ՝ նրանց դնում խոցելի վիճակում։
Զեկույցը սկսվում է սոցիոլոգ Արուս Յումուլի հոդվածով, որում նա քննարկում է «գյավուրի» դիսկուրսի պատմական ու սոցիալական հենքն ու բառի ստուգաբանությունը։ Դրան հետևում է վերլուծությունը, թե ինչպես է այս դիսկուրսն այժմ կառուցվում տպագիր մեդիայում՝ հիմնվելով կրոնական հղումների ու անցյալից եկող թշնամանքի ընկալման վրա։ Այս վերլուծությունը, որը քննում է Թուրքիայում ու արևմտյան երկրներում ապրող ոչ մահմեդականների թիրախումը, եզրափակվում է «գյավուր Իզմիր» արտահայտության քննարկմամբ։ Զեկույցի երկրորդ գլուխը քննարկում է, թե «գյավուր» բառի գործածումը ինչպես ու ինչ համատեքստում է շահարկվել իբրև քաղաքական պրոպագանդայի գործիք սահմանադրական հանրաքվեից առաջ։ Երրորդ գլուխն անդրադառնում է «գյավուրի» դիսկուրսը քննադատող մի հոդվածի, իսկ զեկույցը եզրափակվում է ամփոփիչ վերջաբանով։
«Սիրիացի փախստականների նկատմամբ խտրականությունը լրատվամիջոցներում․ ապատեղեկատվություն ու աղավաղում» վերնագրված զեկույցը լույս է տեսնում մի ժամանակ, երբ սիրիացիների նկատմամբ ատելության խոսքը, խտրական ենթադրություններն ու նույնիսկ բռնարարքները վերելք են ապրում։ Զեկույցը վերլուծում է, թե սիրիացի փախստականներին վերաբերող լրատվական հոդվածներում ինչպես են աղավաղումը, մեղադրանքներն ու ապատեղեկատվությունը նպաստում նրանց նկատմամբ խտրականություն քարոզելուն ու տարածելուն։
Զեկույցը սկսվում է Շենայ Օզդենի հոդվածով, ով ներգաղթի ու միգրացիայի հետազոտող է։ Հոդվածում նա քննարկում է սիրիացիների իրավական կարգավիճակի հարցը, սիրիացի փախստականներին «հյուր» պիտակող դիսկուրսը և թե ինչպես է նման դիսկուրսը խոչընդոտ հանդիսանում փախստականների նկատմամբ իրավունքահեն մոտեցում դրսևորելուն։ Այնուհետև ներկայացվում են լուրերի ընդհանուր բնութագրիչները, որոնցում փախստականների ներկայությունը մատուցվում է իբրև խնդիր, ամփոփվում են խտրական դատողությունները։ Հաջորդ գլուխն անդրադառնում է այն նմուշների վերլուծությանը, որոնցում ստեղծվում է «սիրիացու» աղավաղված պատկեր։ Այստեղ հոդվածները բաժանված են երեք խմբի։ Առաջին խմբում հոդվածներն են, որոնցում վերարտադրվում են քաղաքական գործիչների հայտարարությունները և ովքեր ունեն հանրային կարծիքի վրա ազդելու ուժ։ Սրանցում սիրիացիներն օգտագործվում են իբրև քաղաքական գործիք։ Վերլուծված հոդվածների երկրորդ խումբը նրանք են, որոնք սիրիացիներին նշում են իբրև սոցիալական ու տնտեսական խնդիրների պատճառ՝ թաքցնելով դրանց իրական պատճառները։ Երրորդ մասում քննվում է լրատվամիջոցների դերը «վախի» մթնոլորտ ստեղծելու հարցում, որը ստեղծվում է սիրիական ինքնությունն անդադար ասոցացնելով հանցավորության հետ, քանի որ քննարկվում են հանցավոր արարքներ։ Ընգծելով իրավունքահեն մոտեցումը՝ հոդվածների վերլուծությունը եզրափակվում է ամփոփումով ու գնահատողական գլխով։