Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև 2016 թ․-ի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Հրանտ Դինք հիմնադրամի և Կոնֆլիկտների փոխակերպման «Իմեջին» կենտրոնի համատեղ ջանքերով լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմն ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի լրատվամիջոցների խտրական դիսկուրսի վերլուծությունը» վերնագրով զեկույցը։ Այն քննում է Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած հակամարտության լուսաբանումը ադրբեջանական, հայաստանյան ու թուրքական լրատվամիջոցներում։
Ուսումնասիրության նպատակը երեք երկրների լրատվամիջոցների համեմատական վերլուծությունն է՝ առանձնացնելով, թե խնդրին վերաբերող լուսաբանումներն ինչն են ընդգծել և ինչն անտեսել, և հակամարտող կողմերին ինչ անվանումներ են տրվել։ Ավելի կոնկրետ՝ ուսումնասիրության նպատակն է վերլուծել, թե կոնֆլիկտի ու պատերազմի ժամանակներում լրատվամիջոցներն ինչպես են ստեղծում խտրական դիսկուրսը և ինչ չափով են նպաստում խաղաղության դիսկուրսին։
Ուստի, նախ ընտրվել են երեք երկրների լրատվամիջոցներն՝ ըստ ներկայացուցչականության զանազան չափանիշների։ Թուրքիայում, օրինակ, դիտարկվել են տպագիր լրատվամիջոցները, այսինքն՝ յուրաքանչյուր երկրում լրատվական դաշտի և տպագիր ու ինտերնետային մամուլի կշռի առանձնահատկությունները հաշվի են առնվել և ըստ այդմ՝ Ադրբեջանում ու Հայաստանում ընտրվել են ինտերնետային լրատվամիջոցները։ Մասնավորապես մշտադիտարկվել են ադրբեջանական Report.az-ը, azadliq.org-ը, Trend.az-ը և Meydan.tv-ն, հայաստանյան Արմենպրեսը, Razm.info-ն, Հետքը և Ազատությունը, և թուրքական Հյուրիեյեթ, Սաբահ ու Սյոզջյու թերթերը։
Հաշվի առնելով, որ լրատվամիջոցները յուրաքանչյուր երկրում, հնարավոր է, իրադարձությունները չեն լուսաբանել նույն օրերին, ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը որոշվել է՝ յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունից ելնելով։ Այսպես, մշտադիտարկման են ենթարկվել՝ Ադրբեջանում ապրիլի 2-5-ը, Հայաստանում՝ ապրի 2-6-ը և Թուրքիայում՝ ապրիլի 3-7-ը լույս տեսած հրապարակումները։
Վերը նշված ցուցանիշներով ադրբեջանական, հայկական ու թուրքական լրատվամիջոցներից ձեռք բերված տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ «ուրիշի» սահմանման ու խտրական դիսկուրսի ստեղծման ձևերն իրար նման են՝ նույնիսկ տարբերվող համատեքստերի պարագայում։
Երկրների համեմատական վերլուծությունից դուրս բերված ամենաակնառու բացահայտումն այն է, որ բոլոր երեք երկրների լրատվամիջոցներով զոհերի (զինվորական ու քաղաքացիական) թվի հիման վրա իրականացվում է հոգեբանական պատերազմ։ Մինչ պատերազմի մարդկային կողմն անտեսվում է, մեդիան դառնում է քաղաքական կոնֆլիկտի դերակատար՝ այդ դերն իրականացնելով քանակական տվյալների միջոցով։ Նման դիսկուրսները պահպանում են ռազմատենչ լեզուն ու ամրապնդում են պատերազմական դիսկուրսը։ Վերջապես, պարզվել է, որ ադրբեջանական, հայկական ու թուրքական ինքնությունները ենթարկվել են ուղղակի թիրախման, իսկ որոշ ձևակերպումներով մյուս կողմերը հստակորեն պատկերվել են իբրև թշնամի՝ տեղ տալով ատելության խոսքի, որը նշված ժամանակահատվածում բացահայտվել է բոլոր երեք երկրների լրատվամիջոցներում։
Սեղմել այստեղ զեկույցն ամբողջությամբ կարդալու համար։
«Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» նախագծի մասին
2009 թ․-ից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» պարբերական ուսումնասիրության գլխավոր նպատակը Թուրքիայում ռասիզմի, խտրականություն ու անհանդուրժողականության դեմ պայքարին նպաստելն է։ Հաշվի առնելով ռասիզմ, խտրականություն և օտարում արտադրող ու վերարտադրող գործիքներից մեկի՝ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունը, սույն հետազոտության կոնկրետ նպատակը թերթերի կողմից մարդու իրավունքների ու տարբերությունների նկատմամբ հարգանք խրախուսելն է, ինքնության որոշակի բնութագրիչների հիման վրա մարդկանց ու խմբերի նկատմամբ խտրական լեզվի ու ատելության խոսքի նկատմամբ ուշադրություն հրավիրելն ու դրանով հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է։
Վերը նշված նպատակներին հասնելու համար Հիմնադրամն ուսումնասիրության շրջանակներում մշտադիտարկում է Թուրքիայում տպագրվող համապետական ու տեղական մամուլը, բացահայտում, վերլուծում ու զեկույցների միջոցով հանրային ուշադրությանն է ներկայացնում այն լուրերն ու լրագրողական կարծիք հանդիսացող սյունակները, որոնցում տեղ է գտնում խտրական, օտարող ու թիրախող դիսկուրս։
2013 թ․-ի դրությամբ խտրական դիսկուրսի առանձին դեպքերի ուսումնասիրությունները ներառված են եղել լրատվամիջոցների հետևողական մշտադիտարկման ուսումնասիրության մեջ։ Հանրային օրակարգում տեղ գտած առանձին խնդիր զննվում է չորսամսյա պարբերականությամբ, և կոնկրետ թեմայի շուրջ խտրական դիսկուրսի վերլուծության համար մշակվում է առանձին հետազոտական մեթոդաբանություն։ Այս վերլուծությունների նպատակն է ուսումնասիրել առավել անուղղակիորեն կառուցված այն դիսկուրսները, որոնք ավելի ներակա ձևով են բարձրաձայնում խտրական ուղերձներ, քան բացահայտ ատելության խոսքն է։ Խտրական դիսկուրսների մասին մինչ այժմ հրատարակված թեմատիկ զեկույցները վերաբերել են հետևյալ հարցերին՝
- «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունների անդամների սևծովյան շրջագայությունը
- Գեզի պուրակի ցույցերի լուսաբանման խտրական դիսկուրսը տպագիր մամուլում
- Ալևիների թղթապանակը՝ ոչ բացահայտորեն բացասական լուրեր, բայց միևնույն է՝ խտրական
- Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նախորդած Ապրիլի 24-ը
- Գազայի դեմ Իսրայելի սանձազերծած գործողությունն ու հրեաների նկատմամբ
- Սիրիացի փախստականների նկատմամբ խտրական դիսկուրսը տեղական ու համապետական մամուլում
- Հայոց ցեղասպանության հիշատակի օր Ապրիլի 24-ը տպագիր մամուլում 1995-2015 թթ․