2009 թ․-ից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» պարբերական ուսումնասիրության գլխավոր նպատակը Թուրքիայում ռասիզմի, խտրականության ու անհանդուրժողականության դեմ պայքարին նպաստելն է։ Հաշվի առնելով ռասիզմ, խտրականություն և օտարում արտադրող ու վերարտադրող գործիքներից մեկի՝ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունը, սույն հետազոտության կոնկրետ նպատակը թերթերի կողմից մարդու իրավունքների ու տարբերությունների նկատմամբ հարգանք խրախուսելն է, ինքնության որոշակի բնութագրիչների հիման վրա մարդկանց ու խմբերի նկատմամբ խտրական լեզվի ու ատելության խոսքի նկատմամբ ուշադրություն հրավիրելն ու դրանով հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է։
Վերը նշված նպատակներին հասնելու համար Հիմնադրամն ուսումնասիրության շրջանակներում մշտադիտարկել է Թուրքիայում տպագրվող հանրապետական ու տեղական մամուլը, բացահայտել, վերլուծել և զեկույցների ու հատուկ կայքի (https://hrantdink.org/tr/asulis/faaliyetler/projeler/medyada-nefret-soylemi) միջոցով հանրային ուշադրությանն է ներկայացրել այն լուրերն ու լրագրողական կարծիք հանդիսացող սյունակները, որոնցում տեղ է գտել խտրական, օտարող ու թիրախող դիսկուրս։ Հետազոտական նյութերն ու զեկույցը հրապարակվել են https://hrantdink.org/tr/asulis/faaliyetler/projeler/medyada-nefret-soylemi կայքում, որում ներկայացված տեղեկությունները տարածվել են նաև սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում ու Թվիթերում։ Զեկույցն ուղարկվել է քաղաքացիական հասարակության, լրատվական ու մասնագիտական կազմակերպություններին։
2013 թ․-ի դրությամբ խտրական դիսկուրսի առանձին դեպքերի ուսումնասիրությունները ներառված են եղել լրատվամիջոցների հետևողական մշտադիտարկման ուսումնասիրության մեջ։ Հանրային օրակարգում տեղ գտած առանձին խնդիր զննվում է չորսամսյա պարբերականությամբ, և կոնկրետ թեմայի շուրջ խտրական դիսկուրսի վերլուծության համար մշակվում է առանձին հետազոտական մեթոդաբանություն։ Այս վերլուծությունների նպատակն է ուսումնասիրել առավել անուղղակիորեն կառուցված այն դիսկուրսները, որոնք ավելի ներակա ձևով են բարձրաձայնում խտրական ուղերձներ, քան բացահայտ ատելության խոսքն է։ Խտրական դիսկուրսների մասին մինչ այժմ հրատարակված թեմատիկ զեկույցները վերաբերել են հետևյալ հարցերին՝ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» սևծովյան շրջագայությանը, որին նաև մասնակցել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամներ (2013 թ․ հունվար-ապրիլ), Գեզի պուրակի իրադարձությունների առաջին շաբաթվան (2013 թ․ մայիս-օգոստոս), ալևիների նկատմաբ խտրական դիսկուրսին (2013 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր), տպագիր մամուլում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նախորդած Ապրիլի 24-ին (2014 թ․ հունվար-ապրիլ), հրեական ինքնության նկատմամբ խտրական դիսկուրսին՝ կապված Իսրայելի կողմից Գազայում սանձազերծված ռազմական գործողության հետ (2014 թ․ մայիս-օգոստոս), տպագիր մամուլում սիրիացի փախստականների նկատմամբ խտրական դիսկուրսին (2014 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր)։
Վերջապես, խտրական դիսկուրսի մասին յոթերորդ զեկույցը, որը մշակվել է 2015 թ․ առաջին եռամսյակի ընթացքում, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ Ապրիլի 24-ի շուրջ 1995-2015 թթ․-ի ընթացքում տեղ գտած խտրական դիսկուրսի մշտադիտարկումն է լրատվամիջոցներում։ Դրանում ամփոփված են 1995-2015 թվականների քսանմեկամյա ժամանակահատվածի կտրվածքով «Հյուրիեթ», «Ջումհուրիեթ» ու «Զաման» թերթերի համատեքստային մշտադիտարկման արդյունքում վեր հանված տվյալներն ու վերլուծությունը՝ որպես հղման կետ վերցնելով Ապրիլի 24-ը։
1995-2014 թթ․-ի համար վերցվել է «Հյուրիեթ», «Ջումհուրիեթ» ու «Զաման» թերթերի միայն ապրիլի 24-ի ու 25-ի համարների բովանդակությունը, իսկ 2015 թ․-ի համար վերլուծության են ենթարկվել նույն թերթերի ապրիլի 21-ից 26-ը լույս տեսած համարները։ Ավելի քան 400 վերլուծական նյութ ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, թե 21 տարվա ընթացքում ինչպես է փոփոխվել խմբագրական քաղաքականությունը և ինչպես թուրքական, այնպես էլ գլոբալ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կոնյունկտուրային զուգահեռ՝ ինչ փոխակերպման է ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին թերթերի դիսկուրսը։
Սեղմեք այստեղ զեկույցը կարդալու համար։
Սեղմեք այստեղ մյուս զեկույցները կարդալու համար։