«KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցի բջջային հավելվածը մեկտեղում է Դիարբեքիրի բազմամշակութային պատմությունն ու հիշողությունները՝ ներկայացնելով հավելվածում նոր ավելացված Հանջեփեքի, Օթե թաղամասի և Յենիշեհիրի շրջայցերը: Դիարբեքիրի այս նոր շրջայցերը ձեզ կօգնեն բացահայտել տեղացիների և տարբեր կառույցների պատմությունները՝ ականատես լինելով քաղաքի թաղամասերի փոփոխություններին և փոխակերպմանը:
Կարող եք լսել Փաշա համամի, Թյումեսի հացաբուլկեղենի խանութի, «Վիկտորյա» բազմաբնակարան շենքի, Փուշուջու փողոցի և մետաքսի արհեստանոցների պատմությունները այն մարդկանցից, ովքեր ապրել կամ այսօր էլ շարունակում են ապրել այստեղ: Այս պատմությունները ներկայացված են ավելի քան 70 տեսանյութի տեսքով, որ հավաքագրվել են բանավոր պատմության հարցազրույցների միջոցով:
Դիարբեքիրի՝ 9-11 կանգառից բաղկացած հիշողության շրջայցերը, որոնք տևում են մոտավորապես 2 ժամ՝ քայլելով, ներկայացվում են Ջերեն Մորայի, Ֆեհմի Քարաարսլանի և Նաիմ Դիլմեների կողմից՝ թուրքերենով, և Այլա Ջին Յաքլիի կողմից՝ անգլերենով: Կարող եք բացահայտել Դիարբեքիրի թաքնված պատմությունները՝ կա´մ քայլելով փողոցներով, կա´մ շրջայցն անել Ձեր հարմարավետ տանից կամ էլ մեկ այլ վայրից:
«KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցն անվճար կարելի է ներբեռնել այստեղից:
Շրջայց Հանջեփեքում
Մինչև 1980-ականները Հանջեփեքը, որ Սուրիչիի ամենամեծ քրիստոնեական թաղամասերից մեկն է, բնակեցված էր հայերով, քաղդեացիներով, քրիստոնյա սիրիացիներով և հրեաներով: Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ոչ մուսուլմանների նկատմամբ իրագործված բռնությունների արդյունքում քաղաքի ժողովրդագրական պատկերը նշանակալիորեն փոխվեց: Քրիստոնյաները, որոնք հիմնականում առևտրականներ ու արհեստավորներ էին, գրեթե լրիվ արմատախիլ արվեցին: 1915-ից հետո մոտակա գյուղերից գաղթած հայերը հաստատվել են այս թաղամասում: 1950-ականներից սկսած գնալով ավելի շատ ընտանիքներ են մեկնել Ստամբուլ կամ արտերկիր: 2015-ին սկիզբ առած զինված հակամարտություններն ու ռազմական գործողությունները, որոնց հաջորդեցին որոշ կառույցների ապամոնտաժման գործընթացները, թաղամասը գրեթե ամբողջական ավերման տարան։
Այս շրջայցը, որի նպատակն է բացահայտել թաղամասի անցյալն ու ներկան, սկսվում է Բալըքչըլարբաշըից, հետո հասնում Յենիքափը փողոց՝ ներկայացնելով այլևս գոյություն չունեցող փողոցների հետքերը։ Շրջայցը կարևոր տեղ է հատկացնում մինչ օրս կանգուն այնպիսի նշանավոր վայրերի, ինչպիսիք են Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Մար Փետյուն քաղդեական եկեղեցին, Փաշա համամը, ինչպես նաև այն մարդկանց պատմությունները, ովքեր ժամանակին ապրել են այս թաղամասում, այդ թվում՝ Մկրտիչ Մարկոսյանի ու հրեական թաղամասից Դելի Ֆեռհոի:
Շրջայց Օթե թաղամասում
Մարդինի դարպասի և Ուրֆայի դարպասի միջև գտնվող տարածքում, որը տեղացիների շրջանում հայտնի է որպես «Օթե մահալլե» (ուրիշ թաղամաս), մի ժամանակ մեծ թվով քրիստոնյա սիրիացիներ և հայեր էին բնակվում: Թաղամասն իր անվանումը ստացել է այն պատճառով, որ այն մի ժամանակ գտնվում էր քաղաքի պարսպից դուրս, և Հանջեփեքի բնակիչները, որոնք գտնվում էին քաղաքի մյուս կողմում, այն անվանում էին «ուրիշ թաղամաս»: Բնակիչների մեծ մասը զբաղվում էր ոսկերչությամբ, բոժոժագործությամբ և շարֆագործությամբ (փուշի)։ Հայերի և սիրիացիների այս արհեստները փոխանցվել են սերնդեսերունդ՝ դառնալով տեղի մշակույթի և տնտեսության անբաժանելի մասը: Այս արհեստավորների մետաքսագործական արհեստանոցները գտնվում էին հենց այս թաղամասում, որտեղով անցողները կարող էին լսել հաստոցների ռիթմիկ ձայները՝ որպես քաղցր մեղեդի։ 1915-ի ժամանակ և դրանից հետո թաղամասի շատ եկեղեցիներ, դպրոցներ և տներ ոչնչացվել, թալանվել կամ ավերակ են արվել։
Այս շրջայցը բացահայտում է Սուրիչիի փողոցները՝ կարևորելով այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, Փուշուջու փողոցը և Դևա համամը, այդ թվում նաև՝ այն մարդկանց պատմությունները, ովքեր ապրել են այս թաղամասում՝ Նաում Ֆայիքը և Թյումես հացթուխը:
Ստորև ներկայացված է մեր՝ դիարբեքիրցի գրող Սիլվա Օզյերլիի հետ ունեցած հարցազրույցից մի հատված, որը պատմում է շրջայցի կանգառներից մեկի՝ Փուշուջու փողոցի և մետաքսագործական արհեստանոցների մասին։
Շրջայց Յենիշեհիրում
Քաղաքի պարիսպներից դուրս գտնվող Յենիշեհիր թաղամասը սկսեց ձևավորվել հանրապետության շրջանում՝ մոդեռնիզացիայի և քաղաքաշինության գործընթացների արդյունքում։ Յենիշեհիրի քաղաքաշինությունը զարգանում էր ըստ պլանի, և այն դարձավ Սուրիչիից հետո երկրորդ բնակելի թաղամասը։ Մինչև 1950-ականները այն իր հարկի տակ առավ քաղծառայողների կացարանները և գրասենյակները։ Վերջին տարիներին խանութների, հյուրանոցների և ժամանցի վայրերի բացմանը զուգահեռ՝ թաղամասը դարձավ քաղաքի առևտրային և հասարակական կյանքի կենտրոնը: Թաղամասը սկսեց փոխակերպվել 1990-ականներին, իսկ 2023 թ․ Մարաշի երկրաշարժերից հետո ընդգրկվեց քաղաքային վերակառուցման գործընթացի մեջ:
Սույն շրջայցը ընդգրկում է Յենիշեհիրի Օֆիս և Վիլայեթ թաղամասերը: Այն սկսվում է Դաղքափըից, որը տարածվում է Սուրիչիի պարիսպներից այն կողմ, և ավարտվում է Դիարբեքիրի երկաթուղային կայարանում, որը գտնվում է Բաղլար թաղամասի հենց մուտքի մոտ: Շրջայցը ներառում է այնպիսի վայրեր, ինչպիսիք են «Տուրիստական» հյուրանոցը, «Դիլան» կինոթատրոնը, «Վիկտորյա» բնակելի շենքը, Սյումերբանկի ֆաբրիկան, ինչպես նաև այն մարդկանց պատմությունները, որոնց անունները փորագրված են քաղաքի հիշողության մեջ, այդ թվում՝ Ալբերտ Գաբրիելի ու Հարություն Սարաֆյանի:
Ինչպես է ստեղծվել Դիարբեքիրի` «KarDes» շրջայցերի բովանդակությունը
2018 թ․ մեկնարկած «KarDes» հեռախոսային հավելվածի նախագիծը 2024 թ․ շարունակել է իր ընթացքը՝ Գերմանական համագործակցության, Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության և Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ: Դիարբեքիրի բազմամշակութային ժառանգությունն ու չպատմված պատմությունները ավելի տեսանելի դարձնելու նպատակով ստեղծված նախագծի շրջանակներում հիշողության երեք շրջայց է մշակվել։
Առցանց աշխատարաններ և փորձնական շրջայց Հանջեպեքում
«KarDes»-ի՝ Դիարբեքիրի շրջայցերից Յենիշեհիրի շրջայցը կազմվել է հուլիսին անցկացված առցանց աշխատարանների արդյունքում: Այս երկփուլանոց աշխատարանների ժամանակ մասնակիցները պատրաստել են թաղամասի պատմությանը վերաբերող իրենց նախընտրած թեմայով տեքստեր: Խմբագրական աշխատանքից հետո շրջայցը հրապարակվել է «KarDes»-ում: Մայիսին Դիարբեքիրում կայացավ Հանջեպեքի փորձնական շրջայցը, որից հետո շրջայցի բովանդակությունը վերջնականացվեց՝ մասնակիցների մեկնաբանությունների ու գնահատականների հիման վրա։
Դաշտային աշխատանքներ
Դիարբեքիրի մշակութային ժառանգության կառույցները գույքագրելու համար բազմաթիվ տպագիր և թվային ռեսուրսներ են ուսումնասիրվել և արխիվային լուսանկարներ դիտարկվել՝ քաղաքի հիշողության մեջ մխրճված շինությունների ու մարդկանց պատմությունները բացահայտելու նպատակով: Դիարբեքիրի մշակութային ժառանգությունը հետազոտվել է մայիսին՝ նախօրոք որոշված տեղանքները զբոսավարների ուղեկցությամբ այցելելով։ Գույքացանկի վերաբերյալ հավաքագրված նշումները շարունակվելու են արտացոլվել Թուրքիայի Մշակութային ժառանգության քարտեզի վրա և «KarDes» հավելվածի «Բացահայտել» բաժնում։
Շրջայցի մեկնարկին նվիրված միջոցառում
2024 թ․ դեկտեմբերի 25-ին «KarDes»-ի՝ Դիարբեքիրի նախագիծն ու դրա հիշողության շրջայցերը ներկայացվել են «Wejêgeh Amed»-ում տեղի ունեցած միջոցառմանը: ««KarDes»-ն ու Դիարբեքիրը․ ուղիներ, վայրեր և հիշողություններ» թեմայով ներկայացմանը բացման խոսքով հանդես եկավ «Wejêgeh Amed»-ի թիմից Լալ Լալեշը։ Այնուհետև «KarDes»-ի թիմից Դամլա Բարընը և Իփեք Մայըս Օղուզը ներկայացրին նախագծի գործընթացն ու նոր մշակված բովանդակությունը: