Հրանտ Դինք հիմնարկը 2023 թվականի նոյեմբերի 17-18-ը Ստամբուլում կկազմակերպի «Փոքրամասնությունների իրավունքները հանրապետության հարյուրամյակին» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նպատակ ունի համակողմանի քննել Թուրքիայում ապրող էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումները։
Գիտաժողովի առանցքային թեմաներից է տարբեր երկրներում փոքրամասնությունների իրավունքների և փորձառության պատմական և հայեցակարգային զարգացումը: Փոքրամասնության իրավական հասկացությունը, որը պատմականորեն ձևավորվել է Եվրոպայում կրոնական համայնքների իրավունքների պաշտպանության համատեքստում, տարիների ընթացքում բազմաթիվ վերափոխումների է ենթարկվել: Ազգայնականության աճին զուգահեռ, «փոքրամասնություն» հասկացությունն ընդլայնվել և վերաիմաստավորվել է՝ ներառելով էթնիկ և լեզվական փոքրամասնությունները: Վերջին տարիներին ոչ միայն կարևորվում է փոքրամասնությունների պաշտպանությունը, այլև նրանց հզորացման անհրաժեշտոթյունը։ Այս առումով տարբեր երկրներում ու տարածաշրջաններում տարբեր փորձառություններ են ձևավորվել և դրանցից որոշներն օրինակ են դարձել այլ երկրների համար: Այս թեմայի ներքո կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են «փոքրամասնություն» հասկացության սահմանումը, դրա փոխակերպումները, այդ փոխակերպումների հիմնաքարերը, ինչպես նաև դրանց տարբերություններն՝ ըստ կիրառման երկրների:
Գիտաժողովի երկրորդ առանցքային թեման Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների զարգացումն ու առաջացած խնդիրներն են։ Լինելով Օսմանյան կայսրության փլուզումից հետո ստեղծված ազգային պետություններից մեկը՝ Թուրքիան 1923 թվականի Լոզանի պայմանագրի ստորագրումով ընդունեց երկրում հույն, հայ և հրեա համայնքներին պատկանող անձանց՝ որպես փոքրամասնության, իրավունքների միջազգային երաշխիքը: Թեպետ Լոզանի պայմանագիրը հիմնականում կրոնական համայնքներին էր սահմանում որպես փոքրամասնություն, ասորիները՝ չնայած ոչ մահմեդական լինելուն, թուրք/քուրդ ալևիները, որոնք համեմատաբար մեծ թիվ են կազմում, և նուսայրիները (ալավիները) չեն ընդունվել որպես կրոնական փոքրամասնություններ։ Բացի այդ, անցյալ հարյուրամյակի ընթացքում Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա լարվածությունը հանգեցրել է Ստամբուլում հույների և Արևմտյան Թրակիայում մահմեդականների իրավունքների ոտնահարման՝ միջազգային հարաբերություններում «փոխադարձության» սկզբունքի կիրառման արդյունքում։ Այսպիսով, հույն փոքրամասնությանը պատկանող անձինք, լինելով երկրի քաղաքացիներ, ենթարկվել են խտրական քաղաքականության՝ «փոխադարձության» սկզբունքի իրագործման հետևանքով։
Լոզանի պայմանագրով որոշակի երաշխիքների տակ գտնվող ոչ մահմեդական փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը ոչնչացվել է, որոշակի ժամանակաշրջաններում այդ փոքրամասնությունների հիմնադրամներին պատկանող ունեցվածքը բռնագրավվել է, իսկ այդ համայնքների անդամները դարձել են մշակութային և տնտեսական խտրականության թիրախ: Այլ փոքրամասնությունների խմբեր, ինչպիսիք են քրդերն ու ալևիները, նույնպես նման խնդիրներ են ունեցել և խոչընդոտների են հանդիպել իրենց լեզվով խոսելու և իրենց կրոնը դավանելու հարցում՝ առերեսվելով սահմանափակումների և խտրականության: Թեպետ 2000-ական թվականներին Եվրամիության նորմերի հետ ներդաշնակեցման գործընթացի շրջանակում որոշ բարեփոխումներ կատարվեցին, Թուրքիան դեռ շատ աշխատանք պետք է տանի փոքրամասնությունների իրավունքների միջազգային չափանիշներն հասնելու համար: Այս ամենի հետևանքով բնակչության մեջ ոչ մահմեդական փոքրամասնությունների թիվը, որը 1927 թվականի մարդահամարի ժամանակ կազմում էր 2,5 տոկոս, այսօր նվազել է հազար բնակչին՝մեկ բնակիչ հարաբերակցության։ Այս թեմայի շրջանակներում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայում տարբեր փոքրամասնությունների պատկանող անձանց իրավունքները, այդ իրավունքների փոփոխությունները, փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև միջազգային զարգացումները և դրանց ազդեցությունը փոքրամասնությունների իրավունքների վրա։
Գիտաժողովի վերջին առանցքային թեման քաղաքացիական հասարակությունն է և խտրականության դեմ պայքարը։ Այս թեմայի ներքո կքննարկվեն խտրական քաղաքականության դեմ պայքարելու, փոքրամասնությունների իրավունքները ճանաչելու և խնդիրները լուծելու հնարավոր ռազմավարությունները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների դերն այս համատեքստում:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու Հրանտ Դինք հիմնարկի կողմից իրականացվող «Փոքրամասնությունների իրավունքների ակադեմիա» ծրագրի շրջանակում, կքննարկվեն հետևյալ թեմաները.
• «Փոքրամասնություն» հասկացությունն ու դրա պատմական զարգացումը
• Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող և խթանող միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները
• Փոքրամասնությունների իրավունքների համեմատական ուսումնասիրություններ
• Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքները
• Թուրքիայի փոքրամասնությունների քաղաքականությունը
• Թուրքիայի փոքրամասնությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերները
• Տարածաշրջանային հակամարտություններն ու փոքրամասնությունները
• «Փոխադարձության» սկզբունքը միջազգային հարաբերություններում և փոքրամասնությունները
• Ատելության խոսքն ու փոքրամասնությունները
• Խտրականությունը փոքրամասնությունների հանդեպ
• Մշակութային ժառանգությունն ու փոքրամասնությունները
• Կրթությունը, մշակույթը, արվեստն ու փոքրամասնությունները
• Էկոլոգիան և փոքրամասնությունների իրավունքները
• ՀԿ-ների դերը փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում
• Խտրականության դեմ պայքարի ռազմավարությունները
Գիտաժողովի մանրաասները։
- Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու թուրքերենը։ Կապահովվի համաժամանակյա թարգմանություն։
- Դիմումի ամփոփագրերը պետք է ներկայացվեն միայն անգլերենով:
- Զեկույցները պետք է լինեն 20 րոպեի շրջանակում՝ ժամանակ ապահովելով հարցուպատասխանի և քննարկումների համար:
- Գիտաժողովը ուղիղ կհեռարձակվի www.hrantdink.org կայքում:
- Մասնակիցների տրանսպորտային և կեցության ծախսերը ապահովվելու են:
- Գիտաաժողովը «միջգիտակարգային» է։ Մասնակցությունը գիտաժողովին բաց է փոքրամասնությունների թեմաներն ուսումնասիրող տարբեր գիտակարգերի հետազոտողների համար, ինքպիսիք են պատմությունը, սոցիոլոգիան, իրավունքը, միջազգային իրավունքը, քաղաքագիտությունը, մարդաբանությունը և մշակութաբանությունը:
- Հրանտ Դինք հիմնարկը կհրատարակի ներկայացված աշխատությունների ընտրանին՝ գիտաժողովի նյութերի տեսքով:
- Գիտաժողովին մասնակցել ցանկացող հետազոտողներին խնդրում ենք մինչև 2023 թվականի հունիսի 1-ը լրացնել ստորև ձևաթուղթը և ներկայացնել իրենց աշխատության բնօրինակի ամփոփագիրը (250 բառի շրջանակում)՝ ներառելով վերնագիրը և հիմնական աղբյուրները, ինչպես նաև կցել ինքնակենսագրականը (150 բառի շրջանակում)՝ ներառելով ծննդյան ամսաթիվը, կրթությունը (օրինակ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճաններ), մասնագիտական ոլորտները, հրատարակված գրքերը և ընթացիկ հետազոտության թեման:
- Համառոտագրեը կդիտարկվեն և կընտրվեն գիտական հանձնաժողովի կողմից:
Գիտական հանձնաժողովի կազմը․
Սամիմ Աքգյոնուլ, Ստրասբուրգի համալսարան
Այհան Աքթար, Ստամբուլի Բիլգի համալսարան
Աննա-Մարիա Բիրո, Թոմ Լանտոսի ինստիտուտ
Լերնա Էքմեքչիօղլու, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Այշե Քադըօղլու, Սաբանջի համալսարան
Օհաննես Քըլըչդաղը, անկախ գիտնական
Յաել Նավարո, Քեմբրիջի համալսարան
Բասքըն Օրան, պատվավոր պրոֆեսոր
Քրիստին Մ. Ֆիլիու, Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի
Կոնստանտինոս Ցիցելիքիս, Մակեդոնիայի համալսարան
Մեսութ Յեղեն, անկախ գիտնական
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։