Էլազըղ նահանգի Քովանջըլար շրջանի Էքինյոզյու (Հաբափ-Հավավ) գյուղի երկու պատմական աղբյուրների վերականգնումն իրականացվել է 2011թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին: Հաբափն այն գյուղն է, որի մասին պատմել է փաստաբան Ֆեթհիյե Չեթինը իր «Մեծ մայրս» գրքում՝ իր տատի պատմության մեջ: Նրա տատը ծնվել է Հաբափում և ապրել այնտեղ մինչև ինը տարեկան հասակը: Հայերի օրոք գյուղն ուներ 250 տնտեսություն, երեք եկեղեցի և երկու աղբյուր:
Աղբյուրները հայտնի էին որպես Վերին աղբյուր և Ներքին աղբյուր: Վերին աղբյուրի հայերեն գրությունը փաստում է 1634 թվականը: Այս շենքերի մեծ մասը քանդվել է, և աղբյուրները ժամանակի ընթացքում հայտնվել են անօգտագործելի վիճակում:
Վերականգնված Հաբափ աղբյուրներից յուրաքանչյուրը անատոլիական և հայկական ճարտարապետության եզակի նմուշ է՝ բազմակն, բազմակամար: Աղբյուրները՝ պեղումների ընթացքում հայտնաբերված ջրհորներով և բարդ ջրատարներով, մեր օրեր են հասցնում մեծ մշակույթի հետքեր։
Կամավոր ճարտարապետներ Նիհան Սաղմանը, Մեհմեթ Էրքյոքը և Սավաշ Էքինջին և արվեստի պատմաբան Օզգե Ալթընքայա Էրքյոքը մշակել են նախագիծը 2009թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված դաշտային հետազոտության արդյունքում: Վերադարձման և վերականգնման նախագծերը, որոնք պատրաստվել են ավելի ուշ, ներկայացվել են Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանման խորհրդին: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը համաձայնել է օժանդակել վերականգնման նախագծին, որը խորհրդի կողմից հաստատվել է 2010թ. ապրիլին: Նախագիծն իրականացվել է 2011թ. օգոստոսից նոյեմբեր՝ Հրանտ Դինք հիմնադրամի, Քրեսթ հիմնադրամի, Բաց հասարակության հիմնադրամների, «Ջեներըլ էնըրջի» (General Energy) կորպորացիայի և մասնավոր դոնորների ներդրումներով։
Վերականգնումը փոխակերպիչ ազդեցություն ունեցավ գյուղի բնակիչների և գյուղ եկած կամավորների վրա: Գյուղի երիտասարդներն ակտիվ դերակատարություն ունեցան իրենց տեղանքի պատմությունը ներկայացնող կառույցը նախկին վիճակին վերադարձնելու գործում: Թուրքիայից, Հայաստանից և եվրոպական որոշ երկրներից ժամանած երիտասարդ կամավորներն աջակցում էին գյուղացիների ամենօրյա աշխատանքներին։ Վերականգնման նախագծին մասնակցած կամավորները կազմակերպում էին խաղեր, գծանկարչության և գեղանկարչության գործնական պարապմունքներ՝ հատկապես գյուղի երեխաների և պատանիների հետ: Բազմաթիվ հանդիպումների ժամանակ քննարկումներ են անցկացվել գյուղի անցյալի և ներկայի մասին, հիշվել են անցյալից ներկային փոխանցված ավանդույթները:
Նոյեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, տեղի ունեցավ այս արժեքավոր հուշարձանների վերականգնման աշխատանքների ավարտի առթիվ կազմակերպված բացման արարողությունը, որին ներկա էին Էլազըղ նահանգի վարչակազմի գլխավոր քարտուղար Նազիֆ Բիլգինօղլուն, Քովանջըլարի գավառապետ Սելչուկ Ասլանը և Քովանջըլարի քաղաքապետ Բեքիր Յանըլմազը: Կանայք, ովքեր ամբողջ Թուրքիայից եկել էին Դիարբեքիր՝ «KAMER» հիմնադրամի հանդիպմանը մասնակցելու համար, նոյեմբերի 26-ին՝ շաբաթ օրը, եկան Հաբափ գյուղ և գյուղի կանանց հետ միասին անցկացրին բացման երկրորդ փառատոնը։ Փառատոնին կանայք ճաշակեցին իրենց պատրաստած կերակուրները, աղբյուրի մոտ պարեցին հալայ պարը և միմյանց խոստացան հաջորդ տարի կրկին հանդիպել: