Կայսերիի (Կեսարիա) կարևորագույն շրջաններից Դեվելին նահանգային կենտրոնից հետո ամենազարգացած կենտրոնն ունի: Իր ողջ պատմության ընթացքում նման կարևոր դեր ունենալով՝ Դեվելին առևտրի և գյուղատնտեսության կարևոր կենտրոն է եղել բյուզանդական, սելջուկյան և օսմանյան շրջաններում: Դեվելիի հին անվանումն Էվերեկ է. այն նաև Անատոլիայի հայերի համար կարևոր պատմություն ունի: Դեռևս 15-րդ դարից այստեղ հայկական համայնք է եղել: Մինչ 1915թ. համայնքը կայուն զարգացում է ապրել:  Ի տարբերություն Թուրքիայի այլ վայրերի՝ Դեվելիում հայերը շարունակել են ապրել մինչ 1970-ականները: Մյուս կողմից սփյուռքի էվերեկցի հայերը ձևավորեցին հայրենակցական միություններ Եգիպտոսում, Լիբանանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում՝ այս կերպ ձգտելով պահպանել իրենց հայրենիքի մասին հիշողությունը: Այս հայրենակցական միությունների անդամների կարոտի մեծագույն դրսևորումը Դեվելիի պատմության մասին հրատարակված 4 գիրքն է:

Ayakkabı örsü
Դերձակի մկրատներ

«Հիշողության տեղանքների ադապտացված և ստեղծագործ վերօգտագործման» ծրագրի շրջանակներում մենք երկրորդ անգամ այցելեցինք Դեվելի: Մինչ այնտեղ աշխատանքներն սկսելը, հուլիսի 17-20-ը մենք ավարտեցինք մեր նախապատրաստական աշխատանքները Կայսերիի կենտրոնում:  Մենք հանդիպեցինք տեղական իշխանություններին, Մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության ներկայացուցիչներին, Մշակութային ժառանգության պահպանության շրջանային վարչության տնօրինությանը, հանդիպեցինք նաև այն անհատներին, խմբերին և կազմակերպություններին, որոնք կապ ունեն կամ հետաքրքրված են Դեվելիի մշակութային ժառանգությամբ: Մենք նաև շարունակեցինք իրականացնել բանավոր պատմության հարցազրույցներ, կազմակերպեցին բանավոր պատմության աշխատաժողովներ՝ Կայսերիում  հնարավոր հետազոտողներին փոխանցելով մեթոդաբանության մասին գիտելիքներ:  Կայսերիում և Դեվելիում արված հարցազրույցներին անդրադառնալով՝ մենք կրկին համոզվեցինք, թե որքան փոխկապակցված են բանավոր պատմությունը և մշակութային ժառանգությունը: Այսպես, օրինակ, մինչ մենք փնտրում էինք պարսկական հատապտղով ներկելու մեթոդները, նաև իմանացանք Բոյաջը (ներկող) Միսակի մասին, ով պարսկական հատապտուղ էր հավաքում: Կայսերիում և դրա շրջաններում մեր անցկացրած բանավոր պատմության հարցազրույցները կպահպանվեն հիմնադրամի բանավոր պատմության արխիվում և Ստամբուլում կամ այլուր բնակվող կայսերցիների բանավոր պատմության հարցազրույցների հետ միասին կկազմեն Կայսերիի բանավոր պատմության մաս:

Ayakkabı örsü
Քարտաշի կապար

Դեվելիի մշակութային ժառանգության հետազոտության համար երկօրյա դաշտային աշխատանքների նպատակն էր տարածքի մշակույթի բացահայտման և հիշողության վերհանման ուղիներ գտնելը: Մենք կլոր սեղան-հանդիպումներ կազմակերպեցինք՝ հրավիրելով Դեվելիի քաղհասարակության և տեղական իշխանությունների, ինչպես նաև Կայսերիի կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպումների ժամանակ քննարկվեց Դեվելիի մշակութային ժառանգությունը և այդ ժառանգության վերօգտագործման հնարավորությունները: Մասնակիցների առաջարկով մենք քննարկեցին Վարդգես Յալչինի տան վերօգտագործման տարբերակը. նա ապրել է Դեվելիում մինչ 1998թ. և հայտնի է Դեվելիի բնակիչների շրջանում: Մեր այցի ավարտից առաջ Վարդգեսի տան հարցը քննարկելու համար մենք Դեվելի հրավիրեցինք վերականգնող-ճարտարապետ Օդիլ Ջինջաներին, ում հետ ծանոթացել էինք դեռևս Ադանայի դաշտային աշխատանքների ժամանակ:

Ayakkabı örsü
Կոշիկի սալ

Կլոր-սեղան քննարկմանը դիտարկեցինք նաև Դեվելիի շատրվանները և արհեստները՝ որպես պահպանության կարիք ունեցող մշակութային ժառանգության նմուշներ: Մեր հետազոտության և Դեվելիի հայրենակցական միությունների հրատարակած գրականության ուսումնասիրման ժամանակ մենք նկատեցինք ջրային ռեսուրսներին՝ գետերին, շատրվաններին և ավազաններին, տրված կարևորությունը: Այսօր էլ Դեվելիի բնակիչները գիտեն Էլբիզ, Քյոշքփընարը, Օրուզա, Վենք, Իլիբեի 2 շատրվանի արժեքը և օգտվում են դրանցից, ինչպես նաև Քեշիշ ավազանից, Օրսենեք և Քասափ Սեյիթից: Սակայն մենք տպավորություն ստացանք, որ չնայած նման գնահատանքին, Դեվելիի այցելուն կամ նորաբնակն անտեղյակ է այս շատրվանների կարևորությունից: Այս նպատակով էլ Դեվելիի բնակիչների հետ շատրվանների քարտեզ նախագծեցինք: Քարտեզի՝ մշակութային արշավի վերածվելու հնարավորությունը ստուգելու համար մենք հեծանվային արշավ կազմակերպեցին Դեվելիի Հեծանվային և բացօթյա սպորտի ակումբի հետ: Արշավի ընթացքում մեր հետազոտությունը շատրվանների մասին ձեռք բերած տեղեկատվությամբ համալրելով՝ մենք հասկացանք, որ մասնակցային մեթոդն առավել արդյունավետ է:

Արհեստների մասին թեման ուսումնասիրելիս ևս համեմատեցինք գրականությունից հավաքագրած տեղեկատվությունն ու դեռևս առկա գիտելիքն ու հիշողությունները: Նախկինում Ֆենեսեի, իսկ այժմ Մելեքգիրմեզ («Հրեշտակներին մուտք չկա») և Ուզուն Չարշը («Երկար շուկա») շուկաները դարբինների, կոշկակարների, դերձակների, քարտաշների, նկարիչների, գլխարկ պատրաստողների և այլ արհեստավորների վայրն էր: Օրինակ՝ մենք հանդիպեցինք կոշիկ վերանորոգողներին, թեև կոշիկ պատրաստողներ վաղուց չկան: Դեռևս մտապահված հիշողությունները գրանցելու համար մենք հանդիպեցինք մարդկանց, ովքեր իրենց արհեստը սովորել են հայ վարպետներից կամ էլ այլ վարպետներից, ովքեր իրենց հերթին հայ վարպետներից են սովորել: Կարելի է ասել, որ համեմատաբար հեշտ է ուսումնասիրել այս ժառանգությունը, քանի որ հայերն ապրել են Դեվելիում մինչ 1960-ականները: Ցավոք, գրանցեցինք նաև այն, որ այս արհեստները չեն պահպանվում և սկսում են համարվել ոչ արդիական, ուստի և անհետանում են վերջին քառորդ դարի ինդուստրացման հետևանքով: Մշակութային ժառանգության վերօգտագործման մասին հիշելով՝ մշտապես ինքներս մեզ հարցնում էինք, թե ինչ կարող ենք անել այս արհեստները վերադարձնելու համար:

Erciyes
Էրջիյես լեռը Սուրբ Գրիգորի (Քեշիշի ավազանի) ջրով ոռոգվող դաշտերից

Դեվելիի մշակութային ժառանգության վերաբերյալ մեր հետազոտությունն ավարտելուց հետո մենք սկսեցին մտորել, թե ինչպես կարող ենք լավագույնս ներկայացնել մեր տեղեկությունները Դեվելին հասկանալ, այցելել, Էվերեկը և Ֆենեսեն հիշել ցանկացողների համար, և ինչպես կարող ենք օգտակար լինել Դեվելին վաղուց լքածների սերունդների համար:

Մենք անչափ շնորհակալ ենք մեզ ողջունած, մեր այցի նպատակն իմանալուց հետո մեզ համար նոր հնարավորություններ ստեղծած մարդկանց: Մենք ականատես եղանք իրական հյուրընկալության, լքած մարդկանց հանդեպ տխրության դրսևորման, լքած մարդկանց հանդեպ կարոտին: Հիմա այս ամենի մասին ներկայացնելու ժամանակն է: