Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակում 2017 թվականի մայիսի 25-29-ը Թուրքիայից յոթ լրագրողների խումբն այցելեց Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության արարողությանը: Երկխոսության ծրագիրն իրականացվում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համգործակցությամբ և Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Նպատակ ունենալով ամրապնդել Թուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև կապերն ու նպաստել լրատվության փոխանակման անմիջական ու ճշգրիտ ուղիների ստեղծմանը, ծրագրի 9-րդ տարում թուրքական լրատվամիջոցներ ներկայացնող մարդու իրավունքների, մշակույթի և տնտեսության թեմաներ լուսաբանող լրագրողներն այցելեցին Հայաստան՝ լուսաբանելու «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության արարողությունը, որը տեղի ունեցավ 2017թ․ մայիսի 26-29-ը: «Ավրորա» մարդասիրական մրցանակը ամեն տարի տրվում է այն անհատներին, ում գործունեությունը բացառիկ ազդեցություն է ունեցել մարդկային կյանքեր պահպանելու և մարդասիրական նպատակներ առաջ տանելու համար: Այս առիթով, ծրագրին մասնակցող լրագրողներն այցելեցին լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, հանդիպեցին իրենց գործընկերների հետ և մասնակցեցին «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումներին:

Arti Gerçek, BBC Թուրքիա, Daily Sabah, Dünya Daily, Hürriyet Daily, T24 և Tele1 լրատվամիջոցների լրագրողներն առաջին անգամ էին այցելում Հայաստան։ Այստեղ նրանք հանդիպումներ ունեցան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) հետազոտողների հետ, որի ընթացքում քննարկեցին փակ սահմանի ազդեցության վերաբերյալ արված գիտական ​​հետազոտությունները: Քննարկումից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամում տեղի ունեցավ կլոր-սեղան հանդիպում, որի ընթացքում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները լրագրողների խմբին ներկայացրեցին իրենց գործունեությունը և մտքեր փոխանակեցին երկու երկրներում ժողովրդավարացման և մարդու իրավունքների զարգացումների, ինչպես նաև ԶԼՄ-ների և մամուլի ազատության վերաբերյալ:

Լրագրողները նաև հանդիպեցին Հայ հեղափոխական դաշնակցության միջազգային հարցերով քարտուղար Կիրո Մանոյանին, ինչպես նաև «Ելք» կոալիցիան ներկայացնող Էդմոն Մարուքյանին և Մանե Թանդիլյանին: Երկու հանդիպումների ընթացքում էլ լրագրողների խումբը տեղեկացավ կուսակցությունների պատմության և ներկա քաղաքականության մասին և քննարկեց հայ-թուրքական հարաբերությունների հետագա հեռանկարները:

Լրագրողները նաև այցելեցին Կովկասի ինստիտուտ և հանդիպեցին տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Նրանք քննարկեցին Հայաստան- Թուրքիա փակ սահմանի հետևանքները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ազդեցությունը Կովկասում, ինչպես նաև ծանոթացան Կովկասի ինստիտուտի կատարած հետազոտություններին:

Ծրագրի երրորդ օրը լրագրողները մեկօրյա ուղևորություն կատարեցին դեպի Դիլիջան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC) կազմակերպված բաց քննարկումներին, որտեղ նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու մրցանակի թեկնածուներին: Դիլիջանում ճաշի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել Էլիֆ Յաղմուր Թուրանին, ով Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհակիր է և UWC Դիլիջանում սովորող թուրք ուսանողներից մեկն է: Էլիֆը լրագրողների հետ կիսեց հայաստանյան քոլեջում սովորելու իր շարժառիթի և հարևան երկրում ավագ դպրոցի աշակերտ լինելու փորձառության մասին:

Լրագրողները նաև ընթրիքի շուրջ հանդիպեցին Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի մասնակիցների հետ և տեղեկացան հարևան երկրում ապրելու նրանց փորձի մասին:
Ծրագրի վերջին օրը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողները մասնակցեցին ոգեկոչման արարողության, որից հետո նրանք հետևեցին «Ավրորա» մրցանակաբաշխությանը Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում:

4-օրյա այցի ընթացքում խումբը նաև շրջայցեր կատարեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Փարաջանովի թանգարանում և Վերնիսաժում: 

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ
Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության
հիմնադրամի աջակցությամբ:

#ukcssf

Մամուլից:
«Մարդկությունը չի մահացել» - Մելիս Ալփհան, Hürriyet, 03.06.2017
«Հայաստանյան տպավորություններ. ու՞մն է Արարատ լեռը, իսկ Սարի գելի՞նը» - Հաքան Աքսայ, T24, 28.05.2017
«Տեսնելով բարին, երբ այդքան չարիք կա» - Մեհվեշ Էվին, artıgerçek, 30.05.2017
«Հարցազրույցը քուրդ պատգամավոր Կինյազ Համիդի հետ» - Dengê Amerîka, 01.06.2017
«Երևան. մեկ օր վարդագույն քաղաքում» - Զեյնեփ Էսրա Քոջա, Daily Sabah, 14.06.2017