2024 թվականի հոկտեմբերին ուսումնաճանաչողական այցերի շրջանակում տեղի ունեցավ նոր հրապարակված «Հայացքներ սահմանից այն կողմ․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հանրության աչքերով» վերլուծական զեկույցի ներկայացումը Երևանում և Ստամբուլում։։ Զեկույցը «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» (ՀՌԿԿ) հիմնադրամի և «KONDA» հետազոտական-խորհրդատվական ընկերության համատեղ հետազոտության արդյունքն է՝ պատվիրակված Հրանտ Դինք հիմնարկի կողմից, որն իրականացվել է 2023-2024 թթ․՝ արտացոլելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանում և Թուրքիայում հասարակական ընկալումների վերաբերյալ հիմնական, ուրույն հետազոտության արդյունքները:
Զեկույցի արդյունքները և դրա մաս կազմող փորձագիտական վերլուծությունը ներկայացնելու համար կազմակերպվեցին ուսումնաճանաչողական այցեր Երևանում և Ստամբուլում՝ ներգրավված հետազոտողների և փորձագետների մասնակցությամբ: Առաջին այցը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-4-ը Երևանում, որի ընթացքում «KONDA»-ի հետազոտողները հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց հայաստանյան գործընկերների հետ և այցելելու այլ հետազոտական կազմակերպություններ և վերլուծական կենտրոններ: Ուսումնական այցի վերջին օրը տեղի ունեցավ զեկույցի ներկայացումը և քննարկումը, որը վարում էր ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտությունների գծով փոխտնօրեն Հայկ Սմբատյանը։ Հանդիպմանը ներկա էին քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների, օտարերկրյա առաքելության ներկայացուցիչներ և փորձագետներ:
2024 թվականի հոկտեմբերի 16-18-ը տեղի ունեցավ ՀՌԿԿ-Հայաստանի թիմի անդամների փոխադարձ այը Ստամբուլ, որի ընթացքում ևս կազմակերպվեց զեկույցի ներկայացում-քննարկում։ Այցի ընթացքում Հայաստանից ժամանած հետազոտողները հնարավորություն ունեցան գաղափարներով և փորձառությամբ փոխանակվելու Թուրքիայի նույն ոլորտի փորձագետների հետ: Ներկայացում-քննարկումը, որն աչքի ընկավ դահլիճի ակտիվ մասնակցությամբ, վարում էր Թուրքիայի/Կիպրոսի Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Նիգար Գյոքսելը: Միջոցառմանը ներկա էին ակադեմիայի, քաղաքացիական հասարակության և հյուպատոսությունների ներկայացուցիչներ:
Ուսումնաճանաչողական այցերը հնարավորություն ընձեռեցին հետազոտական կենտրոններին ոչ միայն ներկայացնելու իրենց համատեղ աշխատանքի արդյունքները, այլև ծանոթանալու իրենց գործընկերների և սահմանից այն կողմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցերը նաև եզակի հնարավորություն էին մասնակիցների համար ճանաչելու հարևան երկրի մշակույթն ու մարդկանց։
Երկու ուսումնաճանաչողական այցերն իրականացվել են Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի աջակցությամբ։