Ս.թ. սեպտեմբերի 14-ին Հրանտ Դինք հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկայացվեց «Լռության ձայնը I. Խոսում են Թուրքիայի հայերը» գրքի արևելահայերեն թարգմանությունը: Սույն գիրքը, որ ձայն է տալիս Թուրքիայի հայերին, Հիմնադրամի՝ 2011 թ. ի վեր իրականացվող բանավոր պատմության շարքի առաջին աշխատանքն է: Այն նաև շարքի առաջին գիրքն է, որ թարգմանվեց արևելահայերեն:
Գրքի շնորհանդեսին ներկայացվեց «Լռության ձայնը» շարքի հիմքում ընկած պատմությունը` շեշտադրելով Հիմնադրամի՝ Թուրքիայի հայերի հիշողության արխիվ ստեղծելու գործում ներդրած ջանքերի կարևորությունը:
Քննարկումը մեկնարկեց Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի տնօրեն և «Ալիք Մեդիա»-ի սյունակագիր Թաթուլ Հակոբյանի ներածական խոսքով: Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր Հուրիկ Ադդարեանն անդրադարձավ բանավոր պատմության մեթոդոլոգիային և դրա՝ ծանր ու տաբու թեմաների լուսաբանման առանձնահատկությանը՝ շեշտելով, որ անհատական և հավաքական հիշողությունները սերտորեն փոխկապակցված են: Նա նշեց հետազոտողի և բանախոսի միջև հարաբերությունների մասին՝ առանձնացնելով հաջողված հարցազրույցի հիմնական չափանիշները, մասնավորապես՝ բաժնեկցված իրավունքները, խորքային ունկնդրումը, տեղեկացված համաձայնությունը, հոգեկան և ֆիզիկական վնասի մեղմումը, էթիկական պատասխանատվությունը: Տիկին Ադդարեանը հույս հայտնեց, որ այս քննարկումը ճանապարհ կարող է հարթել՝ կազմակերպելու քննարկումների շարք՝ նվիրված բանավոր պատմությանը, որ կարևոր, բայց հաճախ անտեսված գիտական ոլորտ է Հայաստանի կրթական համակարգում: Իր խոսքի վերջում տիկին Ադդարեանը գնահատանքով նշեց այն հաստատությունների մասին, որոնք Հայաստանում գործարկում և խթանում են բանավոր պատմությունը:
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, Երաժշտական ազգագրության բաժնի դասախոս Մելիսսա Պիլալը անդրադարձավ Թուրքիայի հիշողության քաղաքականությանը և դրա մեջ Թուրքիայի հայերի ունեցած դերին: Տիկին Պիլալը ներկայացրեց նաև ժխտման իմացաբանության խրախուսման խնդիրը, և թե ինչպես են այդ նպատակից ելնելով՝ փաստերն ու հիշողությունները ջնջվում պետությունների պաշտոնական պատմությունից և հիշողության քաղաքականությունից: Նա նաև խոսեց Թուրքիայի հայերի հեռանկարներից՝ կարևորելով այն մարտահրավերները, որոնց նրանք մինչև հիմա բախվում են, ինչպես նաև նրանց շարունակական պայքարը՝ հանուն իրենց կոլեկտիվ իրավունքների, որ օգնում է նրանց գոյատևել որպես համայնք: Ավելին՝ նրանց առօրյա գոյությունը Թուրքիայում ինքնին պայքար է, որ նրանց դրդում է մշակելու ռազմավարություններ՝ պահպանելու իրենց նախնիներից մնացած ժառանգությունը: Մասնավորապես՝ ստամբուլահայերը պատասխանատվություն են զգում իրենց ունեցած սուղ միջոցները ներդնել՝ իրենց նյութական մշակութային ժառանգությունը կորստից փրկելու համար, ժառանգություն, որ իրենց գոյության վկան է անցյալում և հիմա: Բացի դրանից՝ տիկին Պիլալը ներկայացրեց նաև Թուրքիայի հայերի այն պայքարի մասին, որ նրանք մղում են՝ ճանաչվելու որպես Օսմանյան կայսրության և Թուրքիայի մշակութային և մտավոր ժառանգության անքակտելի մաս՝ շեշտադրելով հատկապես երաժշտության դերը:
Վերջում Թաթուլ Հակոբյանն ամփոփեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններն անցյալում և ներկայում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Արդբեջանի միջև 44-օրյա պատերազմի լույսի ներքո:
Գիրքը թուրքերենից թարգմանվել է Արփի Աթաբեկյանի կողմից, խմբագիր՝ Անժելա Ավագյան:
2011 թ. ի վեր Հրանտ Դինք հիմնադրամն իր ներդրումն ունի հիշողության ուսումնասիրությունների ոլորտում: «Լռության ձայնը» ընդհանուր շարքի մասին ավելին իմանալու համար անցեք այս հղումով: Շարքի որոշ այլ հատորներ նույնպես թարգմանության ընթացքի մեջ են:
Գրքի արևելահայերեն թարգմանությունն իրականացվել է շնորհիվ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida), Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի և Քրեստ հիմնադրամի աջակցության։