2020 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ «Ատելության խոսքի դեմ պայքարի առցանց ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդներ» շարքի առաջին աշխատաժողովը, որը վարում էր Սոֆիայի զարգացման ասոցիացիայի ծրագրերի տնօրեն Սևդալինա Վոյնովան: Հղում կատարելով «Դրական սուրհանդակներ» նախագծին, որի նպատակն է պայքարել Եվրոպայում միգրանտների, փախստականների և ապաստան հայցողների հանդեպ առցանց ատելության խոսքի դեմ, տեղի ունեցավ փորձի փոխանակում ատելության խոսքի դեմ պայքարի առցանց գործիքների և մեթոդների վերաբերյալ: Աշխատաժողովին մասնակցում էին ակադեմիկոսներ, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Վոյնովան ընդգծեց, որ առցանց ատելության խոսքի տարածումն աճել է, քանի որ աշխարհի բնակչության կեսը սոցիալական մեդիա է օգտագործում, իսկ տեղեկատվության աղբյուրներն ու հուսալիությունը դարձել են ավելի անորոշ: Նա նշեց, որ այս իրավիճակից է բխում ատելության խոսքի դեմ պայքարում սոցիալական մեդիայի հարթակների և առցանց արշավների օգտագործման անհրաժեշտությունը: Ընդգծելով, որ այս արշավներն ու նախագծերը պետք է ուղղված լինեն սոցիալական մեդիան ավելի ակտիվ կերպով օգտագործող երիտասարդ լսարանին, Վոյնովան կարևորեց երիտասարդների ուշադրությունը գրավելն ու ճիշտ հարթակներում հանրայնանալը:
Նշելով, որ կարևոր է բացահայտել, լուսաբանել ու պաշտպանել ատելության խոսքի դեմ պայքարը, Վոյնովան կիսվեց այդ գործընթացներում օգտագործվող գործիքների և մեթոդների օրինակներով: Աշխատաժողովի հարց ու պատասխանի հատվածում նա պատասխանեց Թուրքիայից մասնակիցների հարցերին և եզրափակեց՝ շեշտելով ատելության խոսքի դեմ պայքարում միասնաբար աշխատելու կարևորությունը: