Քենիայի Լամու քաղաքում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության վայր է, տեղացի կանայք, ֆերմերները, բնապահպանական ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բողոքեցին ածուխով աշխատող էլեկտրակայան կառուցելու ծրագրերի դեմ և դիմեցին դատարան` նախագիծը դադարեցնելու համար: Շինարարությունը դադարեցվեց դատարանի վճռից հետո, որն արդյունք էր երկար տարիների պայքարի: Այսպես պաշտպանվեց Լամուի մշակութային ժառանգությունը:
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, երբ ոստիկանությունը ներխուժեց տներից մեկը և, հայտնաբերելով երկու փախստականների, նստեցրեց ոստիկանական մեքենա՝ արտաքսելու համար, նրանք առերեսվեցին հարևանների դիմադրությանը: Ցուցարարների ամբոխը շրջապատում է մեքենան, իսկ մեկը պառկում մեքենայի տակ, որպեսզի թույլ չտա նրան առաջ շարժվել: Գլազգոյի բնակիչների բողոքի ցույցերից հետո, որոնք միավորված էին փախստականների նկատմամբ խտրական քաղաքականության դեմ, երկու փախստականների նկատմամբ արտաքսման գործընթացը կասեցվեց:
Ստամբուլում, երկրի նախագահի վստահված անձի՝ Բողազիչի համալսարանի ռեկտոր նշանակվելուց հետո համալսարանի ուսանողները, դասախոսներն ու շրջանավարտները կոչ արեցին համալսարանի ռեկտորին հրաժարական տալ` ի պաշտպանություն համալսարանի սկզբունքների և ակադեմիական ու վարչական ինքնավարության: Տեսնելով, որ այդ կոչերը մնացին անտեսված, նրանք սկսեցին խաղաղ բողոքի ակցիաներ՝ ուշադրությունը հրավիրելով երկու ֆակուլտետների վրա, որոնք, հակառակ օրենքին, բացվել էին մեկ գիշերվա մեջ, և այն հանգամանքի, թե ինչպես են այդ զարգացումներն ու պարտադրումները վնասում համալսարանի կյանքին: Նախագահի հրամանագրով ի վերջո աշխատանքից ազատվեց նորանշանակ ռեկտորը, որից հետո ռեկտորի պարտականությունները ստանձնեց նրա տեղակալը: Ուսանողները, դասախոսները և շրջանավարտները շարունակում են կոչ անել ժողովրդավարական ընտրություններ անցկացնել՝ հաջորդ ռեկտորին որոշելու համար:
Մյանմայում բանակը, որը գոհ չէր ընտրությունների արդյունքներից, վերցնում է իշխանությունը՝ ընտրությունների կեղծված լինելու պատրվակով: Բազմաթիվ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին, արտակարգ դրություն հայտարարվեց: Ռազմական հեղաշրջումից հետո, չնայած զինված միջամտությանը և հազարավոր մարդկանց ձերբակալությանը, մարդիկ շարունակեցին բողոքի զանգվածային ցույցերը և չլքեցին ժողովրդավարության իրենց կոչը:
Անթեփում «Քըրքայակ» արվեստի, մշակույթի և բնության ասոցիացիան շարունակում է պայքարել միգրանտների, փախստականների և համայնքի մյուս խոցելի խմբերի նկատմամբ նախապաշարմունքների և խտրականության դեմ`մշակութային գործունեության միջոցով: Իր կազմակերպած կինոփառատոների, ցուցահանդեսների և բեմականացումների միջոցով ասոցիացիան նպաստում է համերաշխությանը, ներգրավվածությանը և բազմազանությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կորոնավիրուսային համավարակի համատեքստում ասիացիների նկատմամբ Դոնալդ Թրամփի խտրական հռետորաբանությունից հետո աճում են ատելության խոսքն ու հարձակումները ասիացիների դեմ: «Դադարեցրեք ասիական ատելությունը» բողոքի ակցիաները, որոնք սկսվեցին մի խումբ ասիացիների վրա զինված հարձակումից հետո, որի ընթացքում ութ մարդ թիրախավորվեց, այդ թվում՝ վեց ասիացիներ, ունեցան արձագանքներ ամբողջ աշխարհում:
Իքիզդերեում՝ Ռիզեում, տեղի բնակչությունը՝ առաջին հերթին կանայք և բնապահպան ակտիվիստները, բողոքի ակցիաներ սկսեցին ծովափի մոտ քարհանք կառուցելու ծրագրի դեմ: Ցուցարարները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել բնական միջավայրի և վայրի բնության նկատմամբ քարհանքի և դրա շինարարության կործանարար հետևանքների վրա: Նրանք շարունակում են դիմադրությունը՝ չնայած ճնշումներին:
Հնդկաստանում մի խումբ կանայք դալիթական դասակարգից, որը համարվում է առանձին և ցածր բոլոր կաստաներից, ստեղծում են իրենց լրատվական գործակալությունը, որտեղ բոլոր աշխատակիցները կանայք են: Գործակալությունը լրատվական զեկույցներ է ստեղծում գենդերային հիմքով բռնության դեպքերի, ինչպես նաև խնդիրների, անարդարությունների և լայն շրջանակներում գործադրվող ճնշումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ազգային կառավարությունից մինչև կանանց դիրքը տնային տնտեսությունում:
Բելառուսում մարդիկ դուրս եկան փողոց՝ 2020 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո, որն իշխանության է եղել 27 տարի: Զանգվածային բողոքի ակցիաներով մարդիկ պահանջում էին արդար և հավասար ընտրություններ:
Կոլումբիայում խորացող աղքատության ֆոնին անարդար հարկային բարեփոխումների ներդրումով բռնկվեցին զանգվածային ցույցեր, այդ թվում `արհմիությունների կողմից կազմակերպված: Ռուսաստանում ընդդիմության առաջնորդ Նավալնիի ձերբակալությունից հետո բազմաթիվ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Մոսկվայում, բողոքի մեծ ցույցեր տեղի ունեցան: Այս բոլոր բողոքի ակցիաներում, որոնք տեղի են ունեցել երեք տարբեր երկրների տարբեր քաղաքներում, ցուցարարների մեծ խմբեր կոչ են արել ժողովրդավարություն, ջանքեր գործադրել կոռուպցիայի, անարդարության և մարդու իրավունքների ոտնահարումների դեմ պայքարելու համար: Նրանք չզիջեցին նույնիսկ այն բանից հետո, երբ իրավապահները պատասխանեցին դաժան ճնշմամբ և հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին:
Լեհաստանի և Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումից և Հունգարիայի՝ Կոնվենցիան չվավերացնելու մասին հայտարարությունից հետո, փողոցները լցվեցին կանանց իրավունքների և ԼԳԲՏԻ+ խմբերի բողոքի ակցիաներով: Հնարավոր է, որ կառավարությունները հրաժարվեն կոնվենցիայից, սակայն մեծ խմբեր ամեն առիթով արտահայտում են իրենց վճռականությունը շարունակել այս պայքարը՝ ի պաշտպանություն գենդերային հավասարության և ընդդեմ բռնության ու հայրիշխանության դրսևորումների:
2021 թվականին մեծ հրդեհներ բռնկվեցին և օրերով շարունակվեցին աշխարհի շատ վայրերում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայից մինչև Ռուսաստան, Հարավային Եվրոպա, Աֆրիկա և Ավստրալիա: Անտառային հրդեհները ավերեցին նաև Թուրքիայի Էգեյան և Միջերկրական ծովի ափերը: Հազարավոր մարդիկ ձեռք ձեռքի տվեցին կամավոր կերպով օգնելու կենդանիներին, որոնք բնակվում էին այդ անտառներում, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ստիպված էին լքել իրենց տները: Ականատես լինելով գլոբալ կլիմայական ճգնաժամի հետևանքներին՝ մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել ամբողջ աշխարհում: