Հիմնադրվել է 1979 թվականին իրավաբանների կողմից։ Նպատակն էր պաշտպանել մարդու իրավունքների խախտման հետևանքով տուժած հասարակության տարբեր շերտերի զոհերին: Այն ժամանակ, երբ Կոլումբիան ղեկավարվում էր արմատական պահպանողական և միլիտարիստական քաղաքականություն վարող կառավարությունների կողմից, այն սկսել է տարբեր դատական գործեր բացել ընդդեմ կամայական ձերբակալությունների, արտադատական մահապատիժների, բռնի անհետացումների և խոշտանգումների: Իր անունը ստացել է հայտնի կոլումբիացի իրավաբան, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան Խոսե Ալվեար Ռեստրեպոյի պատվին։
Տարբեր անդամներից բաղկացած Կոլեկտիվը ակտիվ դեր է խաղացել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) և Կոլումբիայի կառավարության միջև 1960-ական թվականներին աղքատության, քաղաքական բացառման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատճառով սկսված զինված հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններում: Խաղաղության գործընթացը 2016 թվականին հանգեցրեց պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ռազմական գործողությունների դադարեցումից հետո Կոլեկտիվը նշանակալի ներդրում է ունեցել անցումային արդարադատության գործընթացում։ Այն օժանդակել և հովանավորել է խորհրդանշական դատական որոշումներ, որոնք իրավական նախադեպ են ստեղծել հասարակական-քաղաքական ոլորտում առկա բռնության պատմական հիմքերը բացահայտելու, ինչպես նաև հակամարտությունների հետևում կանգնած ճշմարտությունը հաստատելու համար: Այն ձեռնարկել է բազմաթիվ գործողություններ՝ նպաստելով զինված հակամարտության կողմերի քաղաքական կյանքին մասնակցության իրավունքին։ Քննության է առել է սպանված իրավապաշտպանների և արհմիությունների առաջնորդների գործերը: Այն հատուկ ուշադրություն է դարձրել Կոլումբիայի բնիկ ժողովուրդների հողային իրավունքների պաշտպանությանը, իրավական տարբեր գործընթացներում ներկայացրել խոցելի բնիկ համայնքների իրավուքները:
Վերջին տարիներին աշխատում է գյուղացիների և աֆրիկյան ծագում ունեցող բնիկ համայնքների հետ՝ փորձելով պաշտպանել վերջիններիս հողը արդյունահանող ընկերություններից: Այն աջակցում է միջազգային իրավական դաշտի ստեղծմանը, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել բազմազգ ընկերություններին՝ կլիմայի փոփոխության հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերի համար:
Վայելելով տարբեր միջազգային հաստատությունների և մասնագիտական կազմակերպությունների աջակցությունը, ի թիվս այլոց, Կոլեկտիվը փոխկապակցված է Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը (OMCT), Միջազգային քրեական դատարանի կոալիցիային և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային (FIDH): Կոլեկտիվն արժանացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների՝ իբրև գնահատանք իր մեծ ջանքերի, որոնք ուղղված են ճշմարտությունը բացահայտելուն, հակամարտության ժամանակաշրջանի հիշողությունը պահպանելուն, մարդկային կյանքի վրա [զինված] հակամարտության ազդեցությանը տեսանելի դարձնելուն ։
Կոլեկտիվը և նրա անդամները Կոլումբիայի գաղտնի ծառայության կողմից ապօրինի կերպով ենթարկվել են հետապնդման և սպառնալիքների: Բազմաթիվ զրպարտող արշավներ են կազմակերպվել վերջիններիս դեմ, նրանք թիրախավորվել են, բախվել կեղծ մեղադրանքների: Կոլեկտիվի գործունեությունը կասեցնելու բազմաթիվ փորձեր են արվել։ Անկախ այս բոլոր հարձակումներից ու քաղաքական խոչընդոտներից՝ Կոլեկտիվի իրավաբանները շարունակել են իրենց աշխատանքը՝ վտանգելով սեփական կյանքը:

Ռադիոն հիմնադրվել է 1995 թվականի նոյեմբերի 13-ին որպես տարածաշրջանային ռադիոկայան, որը հեռարձակվում է Ստամբուլում և նրա շրջակայքում: Մինչ օրս հրապարակել է ավելի քան 1200 ծրագիր, որոնց մեծ մասը արտադրվել է ավելի քան 1300 կամավոր ծրագրավորողների կողմից: Համայնքային ռադիոյի ասպարեզում հազվագյուտ օրինակ հանդիսացող այս ռադիոյի հաղորդումների 99 տոկոսը պատրաստում և ներկայացնում են կամավորները։ Նրա բազմաժանր ծրագրերն ընդգրկում են բազմաթիվ թեմաներ, ինչպիսիք են էկոլոգիան, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, քաղաքականությունը, փիլիսոփայությունը, գրականությունը, պոեզիան, գիտությունը, պատմությունը, հնէաբանությունը, մարդաբանությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները և ակտիվիզմը: Երաժշտական ​​ծրագրերը ներկայացվում են հարուստ բազմազանությամբ՝ հանդիսատեսին փոխանցելով տարբեր ժանրերի և երաժշտական ​​մշակույթների օրինակներ աշխարհի տարբեր անկյուններից:

Ռադիոհաղորդումներում առավել լուսաբանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մոլորակի ապագան, կլիմայական գլոբալ ճգնաժամը, պատերազմն ու խաղաղությունը, իրավունքների համար պայքարը, ակտիվիզմը և երկրաշարժերը։ Ռադիոն, որը տարիներ շարունակ լուսաբանում և ահազանգում է կլիմայական գլոբալ ճգնաժամի մասին, այս ոլորտում նախաձեռնող և առաջնային հեռարձակումներ է կատարել։ Հեռարձակման ողջ կյանքի ընթացքում ռադիոն խրախուսում էր մարդկանց քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ: Ռադիոն Թուրքիայի կլիմայի փոփոխության և կլիմայի պահպանման ջատագով շարժումների առաջամարտիկն է եղել, ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է բազմաթիվ իրադարձություններ և հանրահավաքներ և մեծապես նպաստել գոյություն ունեցող շարժումների հասնելիությանը: Բազմաթիվ ծրագրավորողներ ակտիվ մասնակցություն են ունեցել 2005 թվականին Կիոտոյի արձանագրության ստորագրման և վավերացման համար Ստամբուլում աշխարհի բազմաթիվ երկրների հետ համատեղ անցկացված հանրահավաքի կազմակերպման գործում։ Միջոցառման Ստամբուլյան հատվածը, որն այս թեմայով անցկացվող առաջին միջազգային հանրահավաքն է, աշխարհի երկրորդ ամենամարդաշատ հանրահավաքն էր՝ Լոնդոնում տեղի ունեցած հանրահավաքից հետո։ 2014-ին ռադիոն անցկացրեց յուրօրինակ հեռարձակման մարաթոն պատմական «Ժողովրդական կլիմայական երթ»-ից, որին մասնակցում էր 400,000 մարդ, ովքեր Նյու Յորք էին ժամանել աշխարհի տարբեր կետերից:

Չնայած իր առջև ծառացած խոչընդոտներին, շահույթ չհետապնդող ռադիոն պահպանեց իր անկախությունը և շարունակեց իր գործունեությունը՝ չմիանալով որևէ շահագրգիռ խմբի: Այն միշտ հավատարիմ է եղել անկախության, բազմազանության և ազատ արտահայտվելու սկզբունքներին։ Իր անկախությունն ապահովելու համար ռադիոն 2004 թվականին սկսեց «Ունկնդիրների աջակցության նախագիծը» և ապահովեց, որ հիմնադիրների և կամավոր ծրագրավորողների հավաքական ջանքերը լրացվեն ունկնդրի մասնակցությամբ։ Այսպիսով, այն դարձավ կայուն և մշտական ​​մի հարթակ՝ հանդիսատեսի շարունակական ֆինանսական և գաղափարական մասնակցությամբ և աջակցությամբ: Ռադիոն, որը Թուրքիայում և միջազգային ասպարեզում արժանացել է ընդհանուր առմամբ 60 մրցանակների, շարունակում է հեռարձակվել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ 239 ծրագրավորողների կողմից արտադրված 142 տարբեր հաղորդումներով։

Անկախ երաժշտությունը խթանելու և տեղական արտիստներին աջակցելու, հասարակական և մշակութային ոլորտում տեղական հասարակական կազմակերպությունների, համալսարանների և մշակութային հաստատությունների հետ համագործակցելու գործում առաջամարտիկ լինելու, սեմինարների, մշակութային միջոցառումների, տոնակատարությունների, ցուցահանդեսների և հանրային ֆորումների միջոցով հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսությանը նպաստելու շնորհիվ 2023 թվականի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր է «Աչըք» ռադիոն, որ իր իսկ կարգախոսով բաց է «տիեզերքի բոլոր հնչյունների, գույների ու թրթիռների» համար:

Նա քաղաքական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է Փրինսթոնի համալսարանից, իրավաբանական դոկտորի աստիճանը՝ Յեյլի իրավաբանության դպրոցից, սոցիալական և քաղաքական մտքի մագիստրոսի աստիճանը Քեմբրիջի համալսարանից և բակալավրի աստիճանը Ուիլյամս քոլեջից: Ասլը Բալին Յեյլի իրավաբանության դպրոցի իրավունքի պրոֆեսոր է, որտեղ դասավանդում է միջազգային իրավունք, մարդու իրավունքների միջազգային իրավունք, ինչպես նաև անցկացնում միջազգային մարդասիրական իրավունքի խորացված սեմինարներ: Բալին համատնօրինել է Յեյլի Իսլամական իրավունքի և քաղաքակրթության ուսումնասիրության «Քամել» կենտրոնը:
Նախքան Յեյլին միանալը, նա եղել է Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, որտեղ եղել է Մարդու իրավունքների ֆակուլտետի «Promise» ինստիտուտի հիմնադիր և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը: Ներկայումս նա Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի նախագահն է, որը ոլորտի առաջատար գիտական կազմակերպություններից է, որին կարելի է անդամակցել: Նրա հետազոտությունները հիմնված են երկու ընդհանուր ոլորտների վրա՝ հանրային միջազգային իրավունք՝ ներառյալ մարդու իրավունքները և մարդասիրական իրավունքը, և համեմատական ​​սահմանադրական իրավունք՝ կենտրոնանալով Մերձավոր Արևելքի վրա: Նրա գիտական աշխատությունները հայտնվել են իրավագիտության բազմաթիվ ակնարկներում և հասարակագիտական ​​ամսագրերում։ Նա Քեմբրիջի համալսարանի մամուլի համախմբագիր է, աշխատում է երկու հատորների վրա, որոնք վերաբերում են ինստիտուցիոնալ ձևավորմանը և համեմատական ​​սահմանադրական իրավունքի տարբեր կողմերին։ Նա համանախագահում է «Հյուման Րայթս Վոթչ» մարդու իրավունքների խախտումների, մոնիտորինգի, հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խորհրդատվական խորհուրդը, ինպես նաև Պատասխանատու պետականության «Քուինսի» ինստիտուտի ոչ ռեզիդենտ անդամն է։ Մինչ ակադեմիկոս դառնալը Բալին աշխատել է որպես մարդու իրավունքների փաստաբան ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում:

Ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը և Յորքի համալսարանը։ Նա Պատմության հիմնադրամի հիմնադիր անդամ է, ինչպես նաև Կանանց գրադարանի ընդհանուր ժողովի անդամ: Նա եղել է Ստամբուլի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ և դասավանդել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են քաղաքականության տեսությունը, քաղաքական մտքի պատմությունը, ժամանակակից քաղաքական տեսությունները և ժողովրդավարության տեսությունը։ Իսկ Կանանց ուսումնասիրությունների բաժնում նա դասավանդել է «Ֆեմինիստական ​​տեսություններ» առարկան։ Նա զբաղեցրել է Ստամբուլի համալսարանի, Կանանց ուսումնասիրությունների կիրառական և հետազոտական ​​կենտրոնի տնօրենի հաստիքները, եղել է «Կանանց աշխատություններ» գրադարանի և «Տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի նախագահը, ներկայացրել է Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում։ Բերքթայը, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ավստրալիայում դասավանդելով և դասախոսություններ կարդալով հանդերձ, հրատարակել է բազմաթիվ հոդվածներ և գլուխներ քաղաքագիտության և կանանց թեմաներով՝ տեղական և միջազգային մակարդակներում։ Նրա աշխատություններից մեկը՝ «Կանայք ի դեմս միաստվածական կրոնների», լույս է տեսել Կանադայում՝ «Կանայք և կրոնը» խորագրով, իսկ «Պատմության սեռը» հրատարակվել է Լիբանանում՝ «El Huviyye en Nisaiye 'abr et Tarih» վերնագրով։ «Իր «Քաղաքականության կանչը» և «Սիրելով աշխարհն այսօր. Հաննա Արենդի քաղաքականության ընկալումը» գրքերից հետո նա հրատարակեց «Մտածողության էթիկա» գիրքը և շարունակում է աշխատել քաղաքական էթիկայի, քաղաքական չարիքի և ֆեմինիստական ​​պատմության ուղղությամբ:

Փաստաբան, իրավաբանական գրասենյակի ղեկավար Երևանում (Հայաստան), ով մասնագիտացած է մարդու իրավունքների միջազգային իրավունքով և քրեական իրավունքով: Նա հաջողությամբ վիճարկել է բազմաթիվ գործեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ կապված մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, ինչպիսիք են խոշտանգումները, կալանավորումը, կոպիտ խախտումները պատերազմի և ռազմական հակամարտությունների ժամանակ: Որպես փորձագետ՝ մարդու իրավունքների տարբեր հիմնահարցերի շուրջ նա խորհրդատվություն է տրամադրում միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ԵԽ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաև Հայաստանում օրենսդրական բարեփոխումների տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Նա դասավանդում է մարդու իրավունքներ Արդարադատության ակադեմիայում և Հայաստանի փաստաբանական ակադեմիայում: Ունի տարբեր հրատարակություններ ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների և մարդու իրավունքների այլ հարցերի վերաբերյալ։

Նա Սահմանադրական և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնի հիմնադիրն ու գլխավոր քարտուղարն է Բեռլինում։ Քալեքը մարդու իրավունքների փաստաբան է, ով պայքարում է առաջնագծում՝ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու ազդեցիկ անհատներին, կորպորացիաներին և կառավարություններ%DZBն ամբողջ աշխարհում: Նա ներկայացնում է հայտնի ազդարար Էդվարդ Սնոուդենին Եվրոպայում։ Հեղինակել է մի շարք գրքեր, որոնց թվում՝ «Մարդու իրավունքների հստակ ուտոպիան. հայացք դեպի ապագա» (2021 թ․) և «Օրենքն ընդդեմ ուժի» (2018 թ․) աշխատությունները:
 

Ավարտելով Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության բաժինը՝ Ռեշաթ Քասաբան իր մագիստրոսական կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում, իսկ դոկտորի կոչումը` Նյու Յորքի պետական համալսարանի սոցիոլոգիայի բաժնից։ 1985 թ․ դասախոսում է Վաշինգթոնի համալսարանի Հենրի Մ․ Ջեքսընի անվան միջազգային հարաբերությունների դպրոցում։ 2000-2010 թթ․ զբաղեցրել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնը։ Նա ղեկավարում է նաև Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների դոկտորական ծրագիրը։ Ռ․ Քասաբան Թուրքիայի Գիտությունների ակադեմիայի անդամ է։
Նա հեղինակել և կազմել է 7 գիրք և ավելի քան 40 հոդված՝ նվիրված Օսմանյան կայսրությանն ու ժամանակակից Թուրքիային։ Նրա վերջերս իրականացրած հատազոտություններն անդրադառնում են Թուրքիայի քաղաքային/գյուղական տարանջատումներին՝ բացահայտելով դրանց շարունակականությունը ներկայում՝ դրանց ունեցած քաղաքական արձագանքներով հանդերձ։

Ջեմ Մանսուրը ծնվել է Ստամբուլում։ Իր երաժշտական կրթությունը ստացել է Լոնդոնի քաղաքային համալսարանում, որտեղ նրան շնորհվել է Ռիքորդիի դիրիժորական մրցանակ։ Այնուհետև սովորել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ ինստիտուտը (ղեկավար` Լեոնարդ Բեռնշտեյն)։ 1981-1989 թթ․ եղել է Ստամբուլի պետական օպերայի դիրիժորը։ 1985 թ․ Լոնդոնում առաջին անգամ հաջողակ ելույթ ունենալուց հետո նա իր գործունեությունը սկսեց ծավալել արտերկրում։ Որպես դիրիժոր՝ նա հյուրընկալվել և աշխատակցել է Հոլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Ռումինիայի, Բրազիլիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Իսրայելի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Հարավային Աֆրիկայի, Բուլղարիայի և Ռուսաստանի նվագախմբերի և օպերային հաստատությունների հետ։ Լինելով Թուրքիայի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիրը՝ նա աշխատել է նաև Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հունաստանի երիտասարդական նվագախմբերի հետ։ Նա Անգլիայի երկրորդ ամենահին երգչախմբի՝ «Ipswich Choral Society»-ի պատվավոր նախագահն է։ 2022 թ․ սկսած հանդիսանում է Գեդիք ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը։

Զեյնեփ Օրալը լրագրող է, գրող, մարդու իրավունքների պաշտպան և խաղաղության պայքարի ակտիվիստ։ Նա իր ներդրումն է ունեցել մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հիմնադրման և ղեկավարման գործում։ Նա հիմնադրել է «Milliyet Sanat» ամսագիրը և ղեկավարել այն մոտ 30 տարի։ Ներկայումս նա «ՓԵՆ» գրողների ասոցիացիայի Թուրքիայի ներկայացուցչության նախագահն է և թղթակցում է «Ջումհուրիյեթ» թերթին։ Իր գրվածքներով նա կամուրջներ է կառուցում երկրում տեղի ունեցող հասարակական և արվեստի իրադարձությունների միջև՝ կարևորելով և ներկայացնելով համամարդկային և ժամանակակից արժեքներ։ Այս թեմաների շուրջ նա բազմաթիվ ելույթներ է ունեցել ոչ միայն Թուրքիայում, այլև Թուրքիայից դուրս։ Նա հանդիսանում է մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հիմնադիր և ղեկավար, այդ թվում՝ Թուրքիայի թատերական քննադատների ասոցիացիայի, Նազիմ Հիքմեթ հիմնադրամի, «KA-DER»-ի, Թուրքիա-Հունաստան բարեկամական ասոցիացիայի և «WINPEACE» (Թուրքիայի և Հունաստանի կանանց խաղաղության նախաձեռնություն)-ի։ Նա արժանացել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցանակների, այդ թվում՝ Վիեննայի մամուլի միջազգային ինստիտուտի մրցանակին, Մամուլի ազատության երկխոսության մրցանակին, Հունաստանաի UNESCO-ի գրասենյակի՝ «Մայրերն՝ հանուն խաղաղության» մրցանակին, Կատալոնական «ՓԵՆ» գրողների ասոցիացիայի՝ «Ազատ ձայն» մրցանակին, Մոսկվայի «Նազիմ Հիքմեթի ընկերներ» մրցանակին, Ֆրանսիայի կառավարության «Palmes Academiques Order» և Մշակույթի և հաղորդակցության նախարարության «Knight Order» մրցանակներին։

Թիլբե Սարան ծնվել է Ստամբուլում։ Ֆրանսիական «Saint-Benoit» ավագ դպրոցից հետո նա սովորել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիայի թատերական բաժնում և Ստամբուլի համալսարանի արվեստի պատմության բաժնում։ Նա աշխատել է տարբեր պետական և մասնավոր թատրոններում, ինչպես նաև կրկնօրինակել է հեռուստատեսային և ֆիլմերի կերպարների։ Նա եղել է Դերասանների միության երկրորդ նստաշրջանի գլխավոր քարտուղարը։ Ներկայումս «Biroy»-ի կարգապահական հանձնաժողովի անդամ է և վերջին 10 տարվա ընթացքում դասավանդում է Քադիր Հաս համալսարանի թատերական բաժնում։
Ռաքել Դինքն իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում իր ամուսնու՝ պոլսահայ հայտնի լրագրող և «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից ի վեր:
Ծնվել է Թուրքիայի հարավ-արևելյքում գտնվող Սիլոփի քաղաքում, հայկական ընտանիքում: Անատոլիայի բազմաթիվ երեխաների պես Ռաքելը հետագայում տեղափոխվել է Ստամբուլ՝ հայկական դպրոցում կրթություն ստանալու համար: Նա հանդիպել է Հրանտ Դինքին «Քամփ Արմեն» ճամբարում, ուր հայ որբերը կամ ընտանիքներից հեռու գտնվող երեխաներն անցկացնում էին իրենց ամառները: Ռաքելն ու Հրանտը ամուսնացան և հետագա տարիներին՝ մինչ պետության կողմից ճամբարի սեփականության բռնագրավումը, ղեկավարում էին «Քամփ Արմեն»-ը:
2007 թվականին, Հրանտ Դինքի սպանությունից հետո, Ռաքելն իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգությունը պահպանելուն: 2007 թվականին նա ստեղծեց Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացումը կանխելու, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատալ, որ չնայած իր կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ նա շրջապատված է սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հանդեպ և ուրախություն է գտնում իր աշխատանքում ու ընտանիքում: