Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությունը շնորհվում է ամեն տարի, Հրանտ Դինք հիմնադրամի հովանու ներքո, Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին անցկացվող մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Ամեն տարի մրցանակը շնորհվում է երկու անձի. մեկը ՝ Թուրքիայից, մեկը՝ արտասահմանից։ Բուն մրցանակից բացի, ամենամյա ուսումնասիրություններից և քննությունից հետո, մրցանակաբաշխության հանձնաժողովը կատարում է անհատների, կառույցների, կազմակերպությունների և նախաձեռնությունների ընտրություն, որոնք գործունեություն են ծավալում Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխության սկզբունքներին համապատասխան՝ այդ անունները մրցանակաբաշխության արարողության ժամանակ հանրությանը ներկայացնելով «Ոգեշնչման աղբյուր» խորագրի ներքո։
Հրանտ Դինքի անվան մրցանակը շնորհվում է անհատներին, կազմակերպություններին և խմբերին, որոնք ոգեշնչում և հույս են ներշնչում մարդկանց՝ շարունակելու իրենց պայքարը, աշխատում են հանուն ավելի ազատական և արդար աշխարհի`զերծ խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, անձնական ռիսկի են դիմում այդ իդեալներին հասնելու համար, կոտրում են կարծրատիպերը և գործածում են «խաղաղության լեզուն»:
Այս մրցանակով Հրանտ Դինք հիմնադրամը նպատակ ունի հիշեցնելու բոլոր նրանց, ովքեր պայքարում են այս իդեալների համար, որ նրանց ձայները լսելի են, նրանց գործերը տեսանելի են, նրանք մենակ չեն, ինչպես նաև խրախուսելու ողջ մարդկությանը՝ պայքարել հանուն իրենց իդեալների:
Հրանտ Դինքի անվան մրցանակի հավակնորդները որոշվում են մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից՝ ըստ ամենամյա համապատասխան ուսումնասիրության արդյունքների, և (կամ) կարող են առաջադրվել այլ անհատների, կազմակերպությունների կամ կառույցների կողմից: Ինքնաառաջադրումները չեն դիտարկվում։
Բյուլենթ Էրքմենի ստեղծած մրցանակի պատկերանիշի, Էրդաղ Աքսելի կերտած մրցանակի արձանիկի բոլոր իրավունքները վերապահված են Հրանտ Դինք հիմնադրամին: Մրցանակաբաշխության արարողության երաժշտության հեղինակը Արտո Թունչբոյաջյանն է: