Ջանան Արընը ծնվել է 1942 թ. Անկարայում: Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո նա հինգ տարի ուսանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ սահմանադրական իրավունքի բաժնում:
1976 թ. նա վերադարձել է Թուրքիա՝ հիմնելով իրավաբանական գրասենյակ: 1980-ականներից ներգրավվել է կանանց շարժման մեջ, որ նոր թափ էր առնում այդ ընթացքում: Նա հանրային շահին ուղղված ծառայություններ էր մատուցում կանանց, ովքեր, լինելով բռնության ենթարկված կամ ամուսնալուծված, իրավաբանական օգնության կարիք ունեին: 1990 թ. 13 այլ կանանց հետ միասին նա հիմնադրել է «Մանուշակագույն տանիք» կանանց ապաստան-հիմնադրամը (Mor Çatı Kadın Sığınağı Vakfı)` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու և կանանց շրջանում համախմբվածությունն ու աջակցությունը ամրապնդելու համար: 1997 թ. նա մասնակից է եղել Կին թեկնածուների աջակցման և վերապատրաստման ասոցիացիայի (KA.DER) հիմնադրմանը՝ խթանելով քաղաքականության մեջ կանանց ավելի լայնածավալ մասնակությունը և ներկայացվածությունը: Նա Ստամբուլի Իրավաբանների ասոցիացիայի Կանանց իրավունքների խթանման կենտրոնի համահիմնադիրներից է: Նա բազմաթիվ դասընթացներ, սեմինարներ է կազմակերպել այն փաստաբանների համար, ովքեր պաշտպանում են բռնության ենթարկված կանանց՝ տեղեկացնելով նրանց տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների, ինչպես նաև դատական գործընթացի ժամանակ նման կանանց հետ հաղորդակցվելու նրբությունների մասին: 1990-ականների սկզբին ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ, խրախուսվելով ՄԱԿ-ի որոշմամբ՝ նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր հայտարարելու մասին, նա ջանքեր ներդրեց այդ օրը Թուրքիայում համապատասխան հանդիպումներ անցկացնելու ուղղությամբ: Դրանք սկզբնական շրջանում անցկացվում էին «Mor Çatı»-ում, իսկ հետագայում արդեն ամբողջ երկրով մեկ:
2011 թ. Անթալիայի իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Կանանց նկատմաբ բռնություն և կանանց իրավունքներ» խորագրով դասընթաց-սեմինարի ընթացքում նա իր ելույթի ժամանակ իր տեսակետն ավելի հասկանալի դարձնելու համար փորձել է ներկայացնել, որ վաղ ամուսնությունները տարածված երևույթ են եղել Թուրքիայի պատմության մեջ՝ անդրադառնալով Մուդամեդ մարգարեի ամուսնություններին և այդ ժամանակվա Թուրքիայի նախահագի ամուսնությանը: Մի խումբ տղամարդ փաստաբաններ, որ սեմինարին մասնակից չէին եղել, քրեական բողոք ներկայացրին նրա դեմ. նրան մեղադրանք ներկայացվեց «հանրայնորեն կրոնական արժեքները նվաստացնելու, իսլամի մարգարեին և նախագահին վիրավորելու, ինչպես նաև հանրությանը սադրելու մեջ»՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ: 2012 թ. լուսադեմին ոստիկանությունը նրան ձերբակալեց Անթեփում (Այնթափ): Նրան ազատ արձակեցին հարցաքննությունից հետո: Նրա դեմ հարուցված գործն ավարտեց ո´չ ազատազրկմամբ, ո´չ դատավճիռով, ո´չ էլ արդարացմամբ, այլ քրեական գործի վարույթը կասեցվեց:
Նա մասնակցել է անթիվ հարթակների գործունեությանը և նախաձեռնությունների: 1994-1997 թթ. անդամակցել է «Քայլ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» փորձագետների խմբին (Եվրոպական խորհուրդի «GREVIO» խումբ): 1995 թ. նա մասնակցել է Պեկինում կայացած ՄԱԿ-ի կանանց հարցերով 4-րդ համաժողովին, իսկ 2000 թ.՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «2000 թ. կանայք. գենդերային հավասարություն, զարգացում և խաղաղություն 21-րդ դարի համար»: 2005 թ. նա Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովի (CEDAW Committee) Թուրքիայում ստվերային ՀԿ-ների վերաբերյալ զեկույցի աշխատանքային խմբի անդամներից էր: 2012 թ. մեծապես նրա ջանքերի շնորհիվ Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որ վավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան, իսկ 2021 թ. սկզբին նրա շնորհիվ Թուրքիան ետ չկանգնեց կոնվենցիայից:
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ դատական համակարգում կանանց իրավունքների խախտումները Թուրքիայում կանանց նկատմամբ բռնության աճի պատճառներից մեկն են: Նա օբյեկտիվորեն շարունակում է իր պայքարը օրենքի շրջանակներում՝ համառորեն, անկախ քաղաքական բևեռացումներից՝ հիմնվելով գիտական ուսումնասիրությունների և տվյալների վրա: Նա ջանքեր չի խնայում բարձրաձայնելու, թե ինչպես են կառավարությունները տարիներ շարունակ իրենց քաղաքականությունների միջոցով կրճատել և սահմանափակել կանանց իրավունքները: Ամեն անգամ առիթը բաց չթողնելով՝ նա նշում է, որ կանանց պայքարում հույս է տեսնում՝ անվերապահորեն հավատալով, որ մինչ օրս դժվար պայքարով ձեռք բերված իրավունքները հնարավոր կլինի պաշտպանել շնորհիվ կանանց քաջության և վճռականության:
Իմ ընկերակիցներ,
Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ ինձ նման թանկ մրցանակի արժանացնելու համար: Ես զարմացած եմ, շոյված, և ինձ համար պատիվ է այն ընդունելը: Այս երկրում արժանապատիվ կյանքի ձգտելը չափացանց մեծ բան է:
Ես իմ կյանքի առաջին տրավման ապրել եմ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի [ստամբուլյան] դեպքերի ժամանակ: Թույլ տվեք չնեշել մինչ այդ տեղի ունեցած այլ դեպքերը: Այնուամենայնիվ, ես կհիշեմ Մուամմեր Աքսոյին, Բահրիյե Ուչոքին, Ուղուր Մումջուին. 1993 թ. հուլիսի 1-ին՝ այն օրը, երբ Հոզբոլլահը կրակի տվեց Վանի նահանգում մի հյուրանոց, որտեղ մնում էին արտասահմանցի սեքս-աշխատողները, ողջ-ողջ վառվեց 11 մարդ, իսկ 27 հոգի վիրավորվեց: Երբ Վանի՝ այդ դեպքի հետ կապված շոկն ու ցավը դեռ թարմ էին, հենց հաջորդ օրը Սիվասում (Սեբաստիա) Մադիմաք հյուրանոցը հրդեհվեց, որի արդյունքում 35 մարդ զոհվեց՝ ներառյալ 33 արվեստագետ: Ինչպես նաև 2007 թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը:
Եվ մնում են նրանք, ովքեր չեն սպանվել, բայց մեծ տառապանքների են ենթարկվում սոսկ այն պատճառով, որ մտավորականներ են. Նազըմ Հիքմեթ, Օսման Քավալա, Սելահաթթին Դեմիրթաշ, ինչպես նաև ռազմական դպրոցի ուսանողները, որ ձերբակալվեցին հուլիսի 15-ի դեպքերի [հեղաշրջման փորձի] պատճառով, իսկ հետո մոռացվեցին: Ուսանողներ, որոնց կյանքերը փշրվեցին:
Քանի որ կրոնական ֆունդամենտալիզմն այժմ ավելի է արմատացել և ավելի անհիմն դարձել, կանանց սպանությունները դարձել են առօրյա իրականություն: Նրանք ընդունել են զավեշտալի որոշումներ, որոնք անպատժելի են թողնում երեխաներին շահագործողներին՝ զուտ իրենց կրոնական խմբավորման առաջնորդներին պաշտպանելու համար:
Սահմանափակ ժամանակն հաշվի առնելով՝ չեմ կարող նշել այս երկար ցանկի բոլոր անունները, այդ թվում՝ Բերքին Էլվանը, Ալի Իսմաիլ Քորքմազը և այլք: Մարդիկ, որ բռնի կերպով անհետացել են, խորքային կամ ստվերայի պետության կամ դրանց գործադիր բաժինների կողմից ձերբակալվելով, տասնյակ մարդիկ «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնությունից, ովքեր տարիներ շարունակ սպասում են, որ գոնե իրենց զավակների մասունքները կգտնեն... Չգիտեմ էլ, որտեղից սկսեմ:
Պետությունը, որ ենթադրվում է՝ պատասխանատու է պաշտպանելու իր քաղաքացիների կյանքի իրավունքը, աչք է փակում իր իսկ կողմից իրականացված սպանությունների վրա:
Քաղաքականության կողմից շահագրգրված մարդասպաններն ամենուր են՝ ամբողջ աշխարհով մեկ: Սակայն հանցագործները շատ շուտ ձերբակալվում և պատժվում են: Թուրքիայում այս հարցի լրջությունը նրանում է, որ հրամանները նախորդում են ամեն ինչին, իսկ օրենքի հասկացությունը վերանում է, սպանությունները կոծկվում են, դատական վարույթները հետաձգվում են ձևական լսումների շղարշի ներքո, բայց լեռը երկնում է ու ընդամենը մուկ ծնում:
Ամեն տեսակի վայրագությունների, ամեն տեսակի սարսափ պատկերների պայմաններում կանանց դիմադրությունն ու համախմբվածությունը շարունակում է մնալ մեր հույսի և քաջության աղբյուրը:
Այս ամենի լավագույն մարմնացումներից մեկն է Ռաքել Դինքը, որ փյունիկի պես մոխիրներից հառնեց՝ իր ամուսնու՝ գնահատված գրող Հրանտ Դինքի սպանության ահռելի վիշտը փոխակերպելով հույսի՝ ընդդեմ ռասիզմի և հանուն խաղաղության՝ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո այս Հիմնադրամը բացելով: Մենք երախտապարտ են նրան:
Ինչպես բոլորդ գիտեք, այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է: Շնորհիվ այս Հիմնադրամի և ինչքան որ այս Հիմնադրամը գործի, Հրանտ Դինքը միշտ կապրի բոլոր իրեն սիրողների սրտերում:
Հուսով եմ, որ ժամանակ կգա, որ մենք քո ծնունդը կտոնենք մի աշխարհում, որտեղ օրենքը գերակա է, մարդասպանությունները տարածված չեն, հանցագործները կրում են իրենց պատիժը, մարդիկ նորից կարողանում են ժպտալ, ռասիզմը երկրի վրայից վերացել է, խոսքի ազատությունը իրապես գործարկվում է, իսկ խաղաղությունն էլ գերիշխող ուժն է... Սիրով:
Եվս մեկ անգամ շնորհավոր ծնունդդ:
Եվ ցանկանում եմ ավարտել խոսքս քո խոսքերով. «Մահանալը մի մեծ բան չէ, կարևորը մինչև մահանալը ոտքի վրա անսասան մնալն է»: