Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ստեղծվել է 1990թ.-ին` Մարդու իրավունքների ասոցիացիայի և մարդու իրավունքների 32 պաշտպանների միացյալ ջանքերով` ձգտելով խոշտանգումների կանխարգելման և 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո խոշտանգումների ենթարկված անհատների բուժման և ռեաբիլիտացիայի ընդհանուր նպատակին:
Իր բծախնդիր աշխատանքի, փորձի և խոշտանգումների և խոշտանգումներ վերապրածների բուժման փաստաթղթավորման նոու-հաուի շնորհիվ` այն գրեթե ինքնուրույն դպրոց է դարձել: Խոշտանգումների դեմ պայքարի գոյություն ունեցող մեխանիզմների ակտիվացմանը և տեղական ու միջազգային մակարդակում նոր մեխանիզմներ ներդնելու ձգտող իր ջատագովության և զեկույցների միջոցով այն դարձել է խոշտանգումների կանխարգելման ջանքերի առաջնագծում կանգնած համաշխարհային մակարդակում գործող առանցքային կազմակերպություն, որը ոգեշնչում է մարդու իրավունքների բազմաթիվ կազմակերպությունների և միջազգային մարմինների:
Այն առաջամարտիկի դեր է խաղացել` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի», ընդհանրապես «Ստամբուլյան արձանագրություն» անվամբ հայտնի 1999թ.-ին ընդունված փաստաթղթի մշակման գործում: Այն էական դեր է խաղացել Թուրքիայում և ամբողջ աշխարհում առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների դեմ խոշտանգումների դեպքերի քննության, փաստաթղթավորման և կանխարգելման նպատակով ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման գործում: 2008թ. Դատաբժշկական փորձաքննության մասնագետների ասոցիացիայի և Թուրքիայի բժշկական ասոցիացիայի ֆինանսավորման շնորհիվ այն հրապարակել է «Խոշտանգումների ատլասը»` առաջարկելով խոշտանգումների դեպքերի բժշկական փաստաթղթավորումը: Մինչ օրս Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում, Գզիրայում և Վանում հիմնված կենտրոնների միջոցով այն բուժում և ռեաբիլիտացիոն ծառայություններ է տրամադրել խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված ավելի քան 20 հազար անհատների` նպաստելով խոշտանգումներ վերապրածների ունեցած տրավմայի փորձառությանը բախված ընտանիքի անդամների և բարեկամների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարօրությանը: 2000թ. ի վեր այն ակտիվորեն աշխատում է` «ճշմարտություն, արդարություն և հատուցում» սկզբունքների լույսի ներքո հավաքական տրավմայի հաղթահարման ուղղությամբ` վարելով ուսումնական ծրագրեր, պանելային քննարկումներ և սիմպոզիումներ այս թեմայով Թուրքիայում և Թուրքիայից դուրս: Միևնույն ժամանակ այն շարունակում է առաջնորդել «Ստամբուլյան արձանագրության» պարբերական դիտարկման ջանքերը:
Չնայած գործունեության մեկնարկից ի վեր Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի դեմ անցկացվող անթիվ քննություններին և դատական գործերին, Հիմնադրամը մշտապես ապավինում է գիտության տվյալներին և գործում` չշեղվելով համընդանուր արժեքներից և միևնույն ժամանակ հանդես գալով գործերով վկայի կարգավիճակում: Հիմնադրամն անգնահատելի ներդրում է ունեցել խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից զերծ աշխարհ կառուցելու, ժողովրդավարության առաջխաղացման և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում:
Կարծես ընդամենը երեկ լիներ
Ավելի, քան 15 տարի առաջ, 2007թ. հունվարի 18-ին, հինգշաբթի օրը, մենք հանդիպեցինք Իսթիքլյալ փողոցի վրա գտնվող մի ռեստորանում, որն այն ժամանակ Հաջի Բաբա էր կոչվում` ես էի, հիմնադրամի այն ժամանակվա մեր նախագահ` սիրելի Յավուզն ու իր կինը` Ռեզզանը, հիմնադրամի գլխավոր քարտուղար, մեր սիրելի Ջոշկունը և սիրելի Հրանտը, մեր համատեղ գործունեության հետ կապված ընդհանուր հարցեր քննարկելու: Ինձ և իհարկե մեր հիմնադրամի համար դա շատ բովանդակալից և իրազեկող զրույց էր:
Այս պլանավորված զրույցի ավարտին որոշեցինք նախաձեռնել մեկ միասնական գործողություն, որն անվանեցինք «Տրավմա և ինքնություն»: Մենք բաժանվեցինք` նախապատրաստական մի շարք գործողություններից հետո նորից հանդիպելու պլաններով: Բոլորս հեռացանք` մեծ ոգևորությամբ լի, չգիտակցելով, որ դա, ինչ-որ իմաստով, մեր «վերջին ընթրիքն» էր:
Ընդամենը հաջորդ օրը, 2007թ. հունվարի 19-ին` ուրբաթ, մոտավորապես ցերեկվա ժամը երեքին, մինչ ես դեռ Ստամբուլում էի, նորություն ստացա: Ասացվածք կա. «դա այնպիսի մի պահ էր, որն իմաստավորելու համար դարեր են պետք»:
Ես դեռ զգում եմ, որ հոգիս ավիրված է, քանի որ գիտակցում եմ, թե որքան էինք ուշացել այն պահին, երբ հասանք սիրելի Հրանտի մոտ` այդ բոթն ստանալուց ընդամենը մի քանի րոպե անց:
Այո, մենք չափազանց ուշացած էինք: Ես կցանկանայի ձեզ հետ անթաքույց կերպով կիսվել այն խորը ցավով, որ ես դեռ զգում եմ, քանի որ չէի կարողացել անել այն, ինչն ակնհայտորեն պետք էր` նույն օրվա «Ակօս» թերթում հրապարակված «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» վերնագրված հոդվածում արտացոլված նրա ճիչի կապակցությամբ, իսկ այդ ճիչն այնքան ակնհայտ ու բացահայտ էր, որ անհնար էր չնկատել:
Մենք պնդում ենք և ջանքեր ենք գործադրում` փոխակերպելու ողջ աշխարհը, էլ չասած` այն երկիրը, որտեղ ապրում ենք` ձգտելով այն դարձնել մի վայր, որտեղ մարդիկ կարող են համագոյակցել` մարդկայնորեն և մարդասիրաբար ապրելով, բայց այս իմաստով ձախողել ենք` չնայած մեր բոլոր արժեքավոր ջանքերին:
Սիրելի Հրանտ, Հրանտի ազգականներ և Հրանտի ընկերներ, խնդրում եմ, իմացեք, որ սա է մեր սիրելի Հրանտին, ում բացակայությունը զգում ենք մշտապես, մեր տված խոստումը` աշխատել «Տրավմա և ինքնություն» պարբերականի համարի վրա, ինչպես և համաձայնել էինք այդ հանդիպման ժամանակ: Այս իսկ պատճառով, որպես Թուրքիայում Մարդու իրավունքների հիմնադրամ, մենք այն ժամանակվանից ի վեր աշխատում ենք` նորից մշակելու այնպիսի ծրագրեր, որոնք վերաբերում են «շարունակական սոցիալական տրավմայի հաղթահարմանը»:
Այդ անմոռանալի զրույցի արդյունքում մենք դարձել ենք մի պատվիրակություն, որը փորձում է անել հնարավոր ամենը` մեր երկրում, սոցիալական տրավմաների և «անվերջանալի սգո», ինչպես նաև եզակի անհատականություններով առանձնացող հայ ժողովրդի խորը տառապանքի այս երկրի բոլոր մակարդակներում բացահայտելու ճշմարտությունը, ապահովելու անկեղծ առերեսում, անկեղծ ներողության հայցում և հատուցման ծրագրերի իրականացում:
Ես կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ մեր հիմնադրամի ստեղծման պատճառը փայլուն կերպով ամփոփված է հետևյալ ձևակերպման մեջ` «Կրակի կայծն այրում է այն կետը, ուր ընկնում է, և այդ կետը մենք ենք», ձևակերպում, որն առաջ է քաշել մեր սիրելի Յավուզը:
Կրակի կայծը հենց մեզ վրա է ընկել, և մենք դեռ շարունակում ենք այդ կետը լինել:
Այս նպատակով մենք ավելի ակտիվ գործողություններ ենք ձեռնարկում` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ մեր աշխատանքի բուն կենտրոնացում հանդիսացող խոշտանգումներին և մարդու իրավունքների այլ ավելի ծանր/լուրջ խախտումներին հնարավոր կլինի վերջ դնել: Մեր հիմնական նպատակն է իրականություն դարձնել խոշտանգումներից զերծ աշխարհի մասին մեր ունեցած երազանքը և ստեղծել մի միջավայր, որտեղ չի լինի մեր հաստատությունների նման հաստատությունների կարիքը և այսպիսով կգա մեր գոյության վերջը:
Չմոռանալով մեր սիրելի Հրանտին և մեր կորցրած բոլոր ընկերներին` ես կցանկանայի օգտվել այս առիթից` ձեզ հետ անկեղծորեն հայտնելու, որ մենք կասկած չունենք այն մասին, որ միասին կստեղծենք այնպիսի Թուրքիա և աշխարհ, որտեղ մարդիկ, չնայած չարագործների բոլոր գործողություններին, կկարողանան ապրել մարդկայնորեն և մարդասիրաբար:
Որպես Թուրքիայում Մարդու իրավունքների հիմնադրամ, ես անսովոր բարդ զգացողություններ ունեմ` սիրելի Հրանտի անվան մրցանակ ստանալով, որովհետև ես այն մարդկանց խմբից եմ, որոնք իրենց սրտում են կրում Հրանտի կորստի վիշտը մեր վերջին հանդիպման օրվանից ի վեր և ջանքեր չեն խնայում համատեղ աշխատանքի մեր խոստման իրագործման համար:
Այս խիստ արտասովոր բարդ զգացողությունն ունեմ այն պատճառով, որ
Մի կողմից, անկասկած սիրելի Հրանտի անվան` բոլոր իմաստներով խիստ արժեքավոր այս մրցանակին արժանի համարվելը մեծ պատիվ է:
Սակայն միևնույն ժամանակ պետք է բացահայտ ընդունեմ, որ շփոթված եմ, որ մեր աշխատանքը այս մրցանակին է արժանանում միայն այն պատճառով, որ մենք պայքարում ենք` բավարարելու մարդ արարածին և կոնկրետ մասնագետներին ներկայացվող պահանջները:
Ավելին, սիրելի Հրանտ և Հրանտի բարեկամներ, ես հավատում եմ, որ մենք ձեզ անկեղծ ներողության և երախտիքի խոսքեր ենք պարտք:
Մենք մեր անկեղծ ներողությունն ենք հղում, որովհետև
Դժբախտաբար մենք չենք կարողացել կանխել արդեն պատճառված տառապանքը և չնայած մեր բոլոր ջանքերին, մենք չենք կարողացել ապահովել պատճառված տառապանքների փոխհատուցումն ու չկրկնումը, առանց երբևէ մոռանալու այն մարդկանց բացակայության մասին, ում կորցրել ենք:
Մյուս կողմից, մենք ցանկանում ենք արտահայտել մեր անկեղծ երախտիքը ձեզ` այս խավարի միջից բոլորիս դեպի լույսը տանելու ձեր արժանապատիվ և իմաստուն ուղղորդման, մեր հույսերի խթանման համար մշտական մասնակցության և իհարկե մեզ այս մրցանակին արժանի համարելու համար: