Շահարզադ Աքբարը ծնվել է 1987թ.-ին Աֆղանստանի Ջաուզջան գավառում` արաբի և ուզբեկի ընտանիքում: Աֆղանստանում 1996-2001թթ. Թալիբանի իշխանության ժամանակ նա ապրել է Պակիստանում` փախստականի կարգավիճակով: Մարդաբանության բակալավրի աստիճան է ստացել ԱՄՆ Սմիթի քոլեջից 2009թ.-ից, իսկ մագիստրոսի աստիճանը` զարգացման ոլորտում Օքսֆորդի համալսարանից 2011թ.-ին:

Նա QARA Consulting ընկերությունում գործընկեր և գործառնությունների գլխավոր պատասխանատուն էր: Ընկերությունը համահիմնադրել է 2010թ. երիտասարդ քաբուլցի աֆղանների հետ միասին. ընկերությունը իրենց սեփականությունն է, իրենք էլ աշխատեցնում են այն: Նա Ազատ և արդար ընտրություններ հիմնադրամում աշխատել է որպես վերլուծաբան, իսկ BBC Աֆղանստանում` որպես լրագրող: Որպես 2014 – 2017թթ. Բաց հասարակության հիմնադրամ – Աֆղանստանի տնօրեն` քայլեր է ձեռնարկել` սատարելու քաղաքացիական հասարակությանը և մեդիային` խաղաղարարության, մարդու իրավունքների պաշտպանության և հանդուրժողականության խթանման նպատակով: Համաշխարհային տնտեսական ֆորումը նրան 2017թ. ընտրել է Երիտասարդ գլոբալ առաջնորդ: 2017 – 2018թթ. զբաղեցրել է Աֆղանստանի նախագահի` Զարգացման բարձրագույն խորհուրդների գծով գլխավոր խորհրդական պաշտոնը և իր այս կարգավիճակով համակարգել է զարգացման նախագծերի և ծրագրերի առաջնահերթությունների որոշարկումը` բարձր մակարդակում որոշումների կայացման նպատակով: 2018-2019թթ. աշխատել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ Աֆղանստանի գլխավոր խորհրդատու և հանդես է եկել որպես Խաղաղության և քաղաքացիական պաշտպանության ազգային անվտանգության խորհրդի անդամ, իսկ 2019 – 2022թթ. եղել է վերջերս Թալիբանի կողմից ցրված Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ կոմիտեի նախագահը: 2021թ. օգոստոսին Թալիբանի իշխանության գալուց հետո Աֆղանստանի շատ քաղաքացիների նման նա ստիպված էր հեռանալ երկրից:

Նրա գրվածքները տպվել են միջազգային և աֆղանական մեդիայում, այդ թվում` «Վաշինգթոն Փոսթում», «Նյուզուիքում», «Ալ Զազիրայում» և «CNN»-ում, ինչպես նաև գիտական ամսագրերում: Նա ներկայումս Միացյալ Թագավորության Եղիսաբեթ II թագուհու անվան միջազգային հարցերով ակադեմիայի Չեթհեմ հաուսին կից Մարդու իրավունքների ակադեմիայի անդամ է և աշխատում է Աֆղանստանի վրա կենտրոնացող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նոր կազմակերպության ստեղծման ուղղությամբ:

Շահարզադ Աքբարն անմնացորդ ջանքեր է գործադրում` ավելի մեծ լսելիություն հաղորդելու այն կանանց և աղջիկների ձայներին, որոնք դաժան սահմանափակումների են ենթարկվում իրենց կրթության, արտահայտման ազատության, միավորման և հավաքների ազատության, Աֆղանստանում ճամփորդելու իրավունքների իրացման կապակցությամբ, մինչ Թալիբանի ռեժիմը երկրում մարդու իրավունքների համար պայքարի, քաղաքական և քաղաքացիական մասնակցության իրավունքի, կրթության, առողջության, աշխատանքի, սեռական և վերարտադրողական առողջության և խտրականության դեմ պայքարի վիճակի սրընթաց վատթարացմանն է հանգեցրել:

Շահարզադ Աքբարը վճռականորեն աշխատում է` վերջ դնելու իր հայրենի երկրում մոլեգնած գենդերային խտրականությանը` հետևողականորեն իր բոլոր ջանքերը ներդնելով կանանց իրավունքների այս ծանր ճգնաժամի դեմ ամբողջ աշխարհի կանանց համախմբման միջոցով միջազգային հանրությանը մոբիլիզացնելու գործում: 

Զերմ բարևներ և ողջույններ:

Նախ թույլ տվեք երախտիքս հայտնել Հրանտ Դինք հիմնադրամին և ժյուրիի հարգարժան անդամներին` այս անսահմանորեն խոնարհեցնող ճանաչման համար: Հիմնադրամի հիանալի աշխատանքի մասին իմանալուցս հետո երևակայությանս ամենահամարձակ թռիչքներում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ թեկնածությունը կքննարկվի այս անհավատալի մրցանակին արժանանալու համատեքստում: Այս մրցանակին արժանանալն ինձ համար իսկապես մեծ պատիվ է:

Այս ճանաչումն ինձ համար հատուկ կարևորություն ունի մի քանի պատճառներով: Այն ստանում եմ Աֆղանստանում անցյալ տարի տեղի ունեցած դեպքերի խորը և ցավոտ հետահայաց վերապրումների շրջանում: Այդ դեպքերը հանգեցրին քաղաքացիական տիրույթի փակմանը և կանանց մարդու իրավունքների ամբողջական հետադիմությանը` անգամ գենդերային ապարտհեյդին համարժեք մի բանի: Այսօրինակ ծանր ժամանակներում ես ցանկանում եմ այս հարթակն օգտագործել` ուշադրություն սևեռելու Աֆղանստանի այն խիզախ կանանց վրա, որոնք ամենօրյա կտրվածքով պայքարում են Թալիբանի ճնշումների դեմ` երկրի ներսում և դրանից դուրս, մասնավորապես երկրի ներսում գործող այն կին ակտիվիստների վրա, որոնք սեփական անձով անհավատալի խիզախության օրինակ են ծառայում: Հենց նրանք են, որ իսկապես արժանի են ճանաչման, հիացմունքի և աջակցության: Մեր ավելի լայն տարածաշրջանում գործող, Արևմուտքում գտնվող կազմակերպությունների շրջանակից դուրս եկող այս հիմնադրամի կողմից ճանաչումն ինձ համար խոնարհություն զգալու ևս մի առիթ է: Այս կապի միջոցով է, որ հիմնադրամը հնարավորություն ունի կուռ և համերաշխ հարաբերություններ ձևավորել Թուրքիայում մարդու իրավունքների տպավորիչ և ներշնչանքի աղբյուր հանդիսացող շարժման հետ:

Որպես աֆղանստանցի ակտիվիստի` ինձ համար Հրանտ Դինքի պայքարը մեծապես հասկանալի է: Հրանտ Դինքի անցած ուղին և հանուն փոփոխության ներառական շարժում ձևավորելու նրա հանձնառությունը տեղական, ժողովրդական մակարդակում տարբերություններն ու բազմազանությունը ճանաչող և հարգող, բացերը կամրջող երկարատև և լավ մտածված աշխատանքի կարևորության ևս մի հիշեցում է: Այն ոգեշնչում է ամենուր գտնվող ակտիվիստներին, բայց հատկապես մեր, աֆղանստանյան համատեքստում, քանի որ մենք տասնամյակներ շարունակ տառապել ենք հակամարտության, հատվածականության և խտրականության պատճառով, ուստի հարկ է ուղիներ գտնել հավաքական ապաքինման համար: Հրանտ Դինքի աշխատանքի մասին ընթերցելով` ես նաև մտածել եմ սփյուռքի ակտիվիստների ունեցած կառուցողական դերակատարության մասին: Անցած մի քանի տարիների ընթացքում, աքսորավայրից աշխատելով, ես բախվել եմ մի շարք երկընտրանքների: Աֆղանստանից դուրս գտնվելով և այնտեղից աշխատելով` ես պետք է միշտ իրազեկ լինեմ, որ չեմ տիրապետում ամբողջական համատեքստին և չեմ ունենալու իմ կողմից ջատագովված քաղաքականությունների անմիջական ազդեցության փորձառությունը: Այսպիսով, ես պետք է շարունակեմ խոնարհաբար կրել իմ դերը և հետևել ամեն օր Թալիբանի գազանություններին մարտահրավեր նետող ակտիվիստների և համայնքների ուղղորդմանը:

Մեկ տարուց ավելի է, ինչ Թալիբանը ռազմական ճանապարհով գրավել է Քաբուլը, և իրադրությունն անհույս է թվում: Կանայք կորցրել են կրթության, տեղաշարժի ազատության, աշխատանքի և քաղաքական մասնակցության օրինական իրավունքները: Ամեն առավոտ ինձ համար ցավալի է, որ աֆղան աղջիկները հնարավորություն չունեն այդ օրն էլ միջնակարգ կրթություն ստանալ: Իրենց կյանքի ևս մի օրն անց են կացնելու Թալիբանի կողմից հարկադրված զանգվածային բանտարկության մեջ: Այս անարդարությունը դեռ թողնելու է իր հետևանքները գալիք սերունդների վրա:

Աֆղան կանայք մարտահրավեր են նետում այս ճնշմանը` երթերով դուրս գալով փողոցներ և պահանջելով «հաց, աշխատանք, ազատություն», չնայած Թալիբանի կողմից ահաբեկումներին և բռնությանը: Փողոցներում քայլելուց բացի, կանայք մարտահրավեր են նետում գաղտնի դպրոցներ, ընթերցանության ակումբներ աշխատեցնելու դեմ ճնշող կանոններին և գրաֆիթիի միջոցով գիշերվա ընթացքում պատերին գրում են իրենց պահանջները, բողոքի ակցիաներ անում տներում, իսկ տեսանյութերը հետո տեղադրվում են սոցիալական մեդիայում: Թալիբանն արձագանքել է կանանց խաղաղ բողոքներին` այլախոհների և նրանց ընտանիքի անդամների դեմ դաժան բռնաճնշումներ, ոտնձգություններ, ապօրինի կալանավորումներ և խոշտանգումներ կիրառելով: Չնայած սրան` Աֆղանստանի կանայք անվախ են և շարունակում են իրենց դիմադրությունը:

Սփյուռքում բնակվող աֆղան կանայք նույնպես պայքարում են` իրենց քույրերին սատարելու համար: Մենք վերջին տարին անցկացրել ենք` փորձելով համախմբել ամբողջ աշխարհում քաղաքական առաջնորդների կողմից աջակցության ջանքերը, որոնք ուղղված են Աֆղանստանը օրակարգում պահելու և Թալիբանի վրա ճնշումների շարունակականությունը ապահովելու համար: Թեև օտարերկրյա քաղաքական առաջնորդների միջազգային արձագանքը ամոթալի և անբավարար է եղել, մենք կշարունակենք ստիպել նրանց արձագանքել: Մենք նաև կոչ ենք անում համաշխարհային ֆեմինիստական շարժմանը և մարդու իրավունքների շարժմանը` համերաշխորեն կանգնել Աֆղանստանի ժողովրդի կողք ին: Չնորմալացնել Թալիբանի կնատյացությունը: Էլ ավելի լսելի ու բարձրահունչ դարձնել աֆղան կանանց ձայներն ու «հացի, աշխատանքի, ազատության» և իրական կյանքում նրանց մարդու բոլոր իրավունքների ապահովման պահանջները:
Երբ մենք` աֆղանստանցի ակտիվիստներս, փորձում ենք նոր ճանապարհ կերտել մեր կրած բոլոր կորուստներից հետո, ինչպես նաև տառապանքի և բաժանումների ընթացքում ես վերհիշում եմ Հրանտ Դինքի ազդեցիկ խոսքերը.

« Եկեք նախ ըմբռնենք իրար․․․
Եկեք նախ հարգենք միմյանց ցավը․․․
Եկեք նախ թույլ տանք իրար ապրել․․․»:

Թող մենք գտնենք ձև` լույսը միմյանց վրա վառ պահելու համար: Թող մենք աննկուն կանգնենք անարդարության դեմ, ինչպես արել էր Հրանտ Դինքը, և ինչպես անում են բողոքի ձայն բարձրացնող անհավատալի աֆղան կանայք ողջ Աֆղանստանում: Թող մենք վառ պահենք մեր համերաշխությունը և ապաքինման գործողություններն ամեն օր:

Շնորհակալություն: