Նեբահաթ Աքքոչ ծնվել է Բինգյոլում, տարրական դպրոց է հաճախել Դիարբեքիրում: «Արևելքի և Արևմուտքի հանդիպում» ծրագրի շրջանակներում Մարդինի՝ կին ուսուցիչների համար նախատեսված տարրական գիշերօթիկ դպրոցում ստացել է ուսուցչի որակավորում, ապա սովորել է Էսքիշեհիրի Անատոլիական համալսարանում, որից հետո 22 տարի դասավանդել է գյուղերում և նահանգային մայրաքաղաք Դիարբեքիրում: Ն. Աքքոչը Թուրքիայի ուսուցիչների միության անդամ է:
Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումները, որոնք հետևանք էին Թուրքիայում 1980 թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման, խորն ազդեցություն են թողել Ն. Աքքոչի անձնական կյանքի և աշխատանքի վրա: Դիարբեքիրի բանտում ձերբակալված իր ամուսնուն այցելելու ժամանակ նա ծանոթացել է բանտարկյալների կին հարազատների հետ և տեսել է, որ նրանք բախվում են ոչ միայն հասարակական, այլև ընտանեկան բռնության հետ կապված խնդիրների: Նա սկսել է օգնել այդ կանանց, որոնք տառաճանաչ չէին և թուրքերեն չէին խոսում:
1990-ից մինչև 1993 թթ․ նա զբաղեցրել է Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների միության Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահի պաշտոնը, սակայն արդեն 90-ականներին թեժացած հակամարտությունը խափանել է միության աշխատանքը: Բազմաթիվ ուսուցիչներ սպանվել էին անհայտ համգամանքներում: Այդ սպանությունների ու տարածաշրջանում մարդու իրավունքների նկատմամբ բռնարարքների վերաբերյալ հայտարարություններ անելուց հետո Ն. Աքքոչի նկատմամբ սկսվել է իրավական և վարչական հետապնդում, նա և իր ամուսինը մահվան սպառնալիքներ են ստացել: 1993 թ. ամուսինը՝ Զուբեյիր Աքքոչը, սպանվել է դպրոցի ճանապարհին: Ամուսնու սպանությունից հետո նա որոշել է լքել դպրոցը և կենտրոնանալ իրավապաշտպանական գործունեության վրա:
Մարդու իրավունքների միություն իրավապաշտպան կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է հանդիսացել 1994-1996 թթ. և այդ ընթացքում 15 անգամ կալանավորվել է: Կալանավորումներից մեկի ժամանակ 10 օր շարունակ ենթարկվել է հատուկ կին բանտարկյալների համար նախատեսված խոշտանգումների: Ն. Աքքոչը Թուրքիայի առաջին քաղաքացին է, ով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կարծիքի ազատության ճնշման, ամուսնու սպանության, իր ձերբակալության և խոշտանգումների բողոքներով։ 1999 թ. ՄԻԵԴ-ը բավարարել է նրա բողոքի բոլոր կետերը:
Դեպքերը, որոնց նա ականատես է եղել և խոշտանգումները, որոնց նա ենթարկվել է, կարևորագույն դեր են խաղացել կանանց իրավունքների պաշտպանության վրա կենտրոնանալու որոշումը կայացնելիս: 1996 թ. նա իր տան մեկ սենյակը գրասենյակի է վերածում, իսկ 1997 թ. ստեղծում է «ՔԱՄԵՐ» կանանց կենտրոնը: Ն. Աքքոչը հանրության ուշադրությունն է հրավիրել այն խնդրի վրա, թե ինչպես է կնոջ գենդերային դերը նրան երկրորդական դարձնում հասարակության մեջ: Նա բազմաթիվ նախագծեր է իրականացրել՝ միտված կանանց իրազեկվածությունը բարձրացնելուն: Ապահովել է ավելի քան 100 կանանց պաշտպանությունը՝ կանխելով նրանց հնարավոր սպանությունը: Մշակել և կյանքի է կոչել ծրագրեր, որոնք կանանց օգնել են բիզնես գործունեություն ծավալել: Ծրագրերից մեկը՝ «Հավասար հնարավորություններ յուրաքանչյուր կնոջ համար», կանանց օգնում է հասկանալ, որ նրանց նկատմամբ կիրառվող բռնությունը և անհավասար հասարակական դերը կարելի է չեզոքացնել՝ տնտեսական անկախություն ձեռք բերելով: Ն. Աքքոչը իրականացնում է բռնությունը չխրախուսելուն, խտրականության դեմ պայքարին, վաղ մանկությունից հասարակական կյանքին աղջիկների մասնակցությունը խթանելուն ուղղված նախագծեր: Այժմ նա զբաղվում է Սիրիայի պատերազմի հետևանքով Թուրքիա տեղափոխված փախստականների ինտեգրման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներով։
Հարգարժան հյուրեր,
Սիրելի Ռաքել Դինքից ստացա այս մրցանակին արժանանալու լուրը: Զարմացած ինքս ինձ ասացի. «Ես ինձ ներսի մարդ եմ ընկալում, ես ինձ ընկալում եմ որպես Հրանտ Դինք հիմնադրամի մի մաս… Մրցանակը պետք է ստանա ինչ-որ մեկը, որը դրսից է»: Ես միշտ անհարմար եմ զգացել, երբ ինձ մրցանակներ են շնորհել: Ես և՛ ապշած էի, և՛ շփոթված:
Մինչ օրս երբեք չեմ մասնակցել այս մրցանակի հանձնման ամենամյա արարողությանը: Բայց ամեն տարի անհամբեր սպասել եմ՝ տեսնելու, թե ում է մրցանակը հանձնվել: Միշտ փորձել եմ մրցանակաբաշխությանը հետևել ուղիղ եթերում և հաջորդ օրը կարդացել եմ դրա մասին լուրերը:
Հենց այդպես եմ ինձ «ներսի մարդ» զգացել:
Լուրը ստանալուց մի քանի օր անց ես սկսեցի հպարտություն զգալ, որ Հրանտ Դինքի անվան մրցանակին եմ արժանացել: Ես ուրախ էի, ոգևորված: Բայց հետո բոլոր այս զգացմունքները հետ մղեց ցավի զգացումը. այդ ցավը Հրանտ Դինքի կորստյան ցավն է: Նա, կարծես, իմ վերջին կենդանի հարազատը լիներ: Երբ նրան սպանեցին, ինձ թվաց, որ իմ բոլոր նախնիները մահացան այդ օրը:
Տարիներ առաջ ես և Հրանտը հանդիպման էինք Գերմանիայում: Մի քանի տարի էր անցել իմ ամուսնու՝ Զուբեյիր Աքքոչի սպանությունից: Չգիտեի՝ ինչպես տանել նրա կորստյան ցավը: Այն ժամանակ ես ատելություն չէի զգում, միայն թե լցված էի ցասումով:
Հանդիպման կազմակերպիչներից մեկը հարցրեց. «Ի՞նչ է տեղի ունեցել 1915 թ.: Ի՞նչ են արել կենդանի մնացածները: Ինչպե՞ս են նրանք»:
Սկզբում հարցը լռությամբ ընդունվեց, ինչպես միշտ լինում է: Ես Հրանտին նայեցի. նա մտածում էր, իսկ ես պատրաստվում էի խոսել: Սակայն մի ազդեցիկ մարդ Թուրքիայից, որը ներկա էր հանդիպմանը, սկսեց պատասխանել հարցին: Երբ նոր էր մի երկու նախադասություն ասել, ես կատաղությամբ ընդհատեցի նրան. «Գիտե՞ք՝ ինչու դուք այդքան շտապեցիք պատասխանել այդ հարցին: Որովհետև դուք ցավ չեք զգում: Եթե կարող եք, մի պահ կանգ առեք, Հրանտն այստեղ է, ես էլ եմ այստեղ…»:
Հանդիպումը մի կերպ շարունակվեց: Ընդմիջմանը Հրանտն ինձ մի անկյուն տարավ և ասաց, որ բոլոր ներկաներից ես հենց այդ մարդու հետ պիտի առավել համբերատար լինեի:
Հրանտ Դինքը «խաղաղության դեսպան էր», մեծ սիրտ ունեցող մարդ, ահա թե ում ենք մենք կորցրել:
Սա մեծ կորուստ է և մեծ ցավ: Սաստիկ ցավը երբեք չի անցնում, այս մեկն էլ չի անցնի: Մեր՝ 1915 թ. և 1938 թ. ցավը ապրածների թոռներիս ցավին ավելացել են ներկայի ցավերը: Եվ մեր թոռները մեծանալու են՝ զգալով իրենց տատերի և պապերի ցավը:
Ես երբեք ատելություն, վիրավորանք չեմ զգացել, չեմ ունեցել ցանկություն վրեժխնդիր լինել իմ ցավի համար: Բարեբախտաբար ես կարողացել եմ այդ ուժգին զգացողությունից առաջացած էներգիան փոխակերպել սիրո, համերաշխության, կիսելու ցանկության և ապրումակցման:
Հիշելով այն մեծ ցավը, որն առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո, ես, առաջին հերթին, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաքել Դինքին, որ ստեղծել է Հրանտ Դինք հիմնադրամը և անդադրում պայքարում է հանրային իրազեկման ուղղությամբ, շնորհակալ եմ Դինքերի ընտանիքին, Հրանտ Դինքի բոլոր ընկերներին իրենց ջանքերի համար: Ձեր վերաբերմունքը և ջանքերն ավելին արժեն, քան որևէ մրցանակ:
Ես ընդունում եմ այս թանկարժեք մրցանակը՝
- խաղաղության իսկական դեսպանների անունից, որոնք հավատում են, որ բռնության ոչ մի դրսևորում չի կարող անմեղ համարվել կամ արդարացվել,
- և բոլոր այն կանանց անունից, ովքեր հավատում են, որ հեղափոխությունն իրենցից է սկսվում և իրենց ընտանիքներից, ովքեր բռնությանը դեմ գնալով, գիտակցում են դրա գինը, ովքեր մեզ թույլ են տալիս երազել նոր աշխարհի մասին՝ ստեղծելով իրենց կրած բռնությունը հաղթահարելու նոր գործիքներ:
Այս մրցանակը սրտումս եմ պահելու: