ԱԼՓԵՐ ԳՅՈՐՄՈՒՇԸ ծնվել է 1952 թ․ նոյեմբերի 21-ին Կարսում։ Հայրը ուսուցիչ է եղել։ Գյուղական տարրական դպրոցում, որտեղ միակ ուսուցիչն հայրն էր, առաջին ու երկրորդ դասարանում սովորել է եղբոր ու քրոջ հետ նույն դասասենյակում։ Հիմնական դպրոց հաճախել է Էքշինոզ գյուղում (Չաթալջա նահանգի)՝ փոքր մի գյուղ, որտեղ այդ ժամանակ միայն 70 ծուխ էր հաշվվում։ Այժմ բնակավայրը կոչվում է Էսենյուրթ, իսկ բնակչությունը հասել է 300 000-ի։
Գյորմուշն իր մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Ալիբեյքյոյում, որը 1970-ականներին Թուրքիայի աշխատավորական շարժման կենտրոնն էր։ Քաղաքի խիստ քաղաքականացված սոցիալական մթնոլորտի ազդեցության ներքո Գյորմուշը վաղ տարիքից հետաքրքրվել է քաղաքականությամբ։ Ստանալով գիշերօթիկ ուսման կրթաթոշակ՝ միջնակարգ ու ավագ ուսումը ստացել է Հայդարփաշայի ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետ, որն ավարտել է 1975թ․։
1977-1980 թթ․ աշխատել է «Այդընլըք» (Aydınlık) թերթում։ «Այդընլըքը» 1980 թ․ սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից անմիջապես հետո փակվեց։ Մինչև 1986 թ․ Գյորմուշը զբաղվել է տարբեր զբաղմունքներով՝ սկսած ծաղկավաճառությունից մինչև ատաղծագործություն, հաշվապահություն, գրավաճառություն, էլեկտրական սարքերի վաճառք։ Երբ լույս էր տեսնում «Անա Բրիտաննիկա» հանրագիտարանը, նա դարձավ դրա խմբագիրներից մեկը։
1986 թ․ սկսեց աշխատել ժամանակի ազդեցիկ լրատվական ամսագրերից մեկում՝ «Նոքտա»-ում (Nokta)։ 3-4 տարի անց ներգրավվեց նոր շաբաթաթերթի՝ «Աքթյուելի» (Aktüel) հիմնադրման աշխատանքներում։ 1993 թ․, երբ շաբաթաթերթի հոդվածների բաժնի խմբագիրն էր, ազատազրկվեց ամսագրում հրապարակված մի հարցազրույցի պատճառով։ Մեղադրանքը հիմնված էր Հակաահաբեկչական նախկին օրենքի 8-րդ հոդվածի վրա։ 1996 թ․ նա կրկին ազատազրկվեց Այվալըքի բանտում՝ այս անգամ երեք ամսով։ Այվալըքի բանտն իր նախընտրությունն էր, քանի որ Գյորմուշը 1995 թ․ բնակվում էր Այվալըքում, որպեսզի խուսափի Ստամբուլ վերադառնալուց ու ժուռնալիստիկայով զբաղվելուց։ Ֆինանսական սղության պատճառով նա կարող էր մնալ միայն Այվալըքում, որտեղ ապրեց երեք տարի։ Ստանալով աշխատանքի առաջարկ՝ նա սկսեց դասախոսել Ստամբուլի Բիլգի համալսարանում։ Այստեղ Քյուրշաթ Բումինի ու Ումիթ Քըվանչի հետ համատեղ ձեռնարկեց «Մեդիաքրոնիք» նախագիծը՝ այդ ժամանակ լրատվամիջոցների մշտադիտարկման ամենահզոր ինտերնետ կայքերից մեկը։
2006 թ․ հուլիսին նա դարձավ «Նոքտա» ամսագրի գլխավոր խմբագիրը։
«Հեղաշրջման օրագիր» հոդվածի համար գնդապետ Օզդեն Օրնեքը՝ օրագրի հեղինակը, դատի տվեց Գյորմուշին։ 2008 թ․ ապրիլի 11-ին նա արդարացվեց։ Ալփեր Գյորմուշն այժմ գրում է «Թարաֆ» թերթում։ Գյորմուշն ունի 22-ամյա դուստր։
Ինձ համար պատիվ է Հրանտ Դինքի անվան առաջին միջազգային մրցանակը կիսել Ամիրա Հասսի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրանտ Դինք հիմնադրամին ու մրցանակաբաշխության հանձնաժողովին ինձ այս ընծայով պատվելու համար։
Առաջին իսկ րոպեից, երբ ստացա լուրը, մտածում էի, թե այս ընծան ինչ կշռի պատասխանատվության է դնում ուսերիս։ Գիտակցում եմ, որ պայքարի մարդու՝ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մրցանակով ինձ պատվելը կարող է նաև վախ առաջացնել, հատկապես, երբ մրցանակակիրը ինձ պես մարդ է, ում կյանքը մեծապես կերտվել է իր պարտականություններից և այդ իսկ պատճառով նա երբեմն կարոտ է մնացել երջանկության։
Առանց ֆոբիաների ապրել եմ մինչև 35 տարեկանս։ Այդ տարիքից ի վեր, այն պահից սկսած, երբ ձեռքերումս պահեցի իմ ամենասիրելիին՝ աղջկաս, մտածել եմ հետևյալ հարցի վախով՝ «Բա որ իր հետ մի բան պատահի՞»։ Քսաներկու տարի անց, մրցանակաբաշխության հանձնաժողովն ինձ ևս մի ֆոբիա պարգևեց․ վախ անելու մի բան, որի պատճառով մարդիկ իրավացիորեն կտան հարցը՝ «Արդյո՞ք սա այն մարդը չէ, որ Հրանտ Դինքի անվան մրցանակ էր ստացել»։
Վերջին անգամ Հրանտ Դինքին տեսել եմ ճիշտ այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը հաստատեց «թրքությունը վիրավորելու» նրա մեղադրանքը՝ ենթադրելով, կամ ավելի շուտ արժանի ուշադրություն չդարձնելով այն փաստին, որ հայտնի փոխաբերությունն իրականում ճշմարտությունն էր։ Գնացի «Ակօսի» խմբագրատուն նրա հետ հարցազրույց վարելու։ Զրույցի ժամանակ ողջ իր էներգիան ծախսեց ինձ բացատրելու, թե ինչու էր անհնար, որ ինքը «թրքությունը վիրավորած» լիներ։
Գիտեք, նա այսպես շարունակեց մինչև մեզնից հեռացավ։ Սա էր նաև նրա վերջին հոդվածի թեման․ «Հոգեվիճակիս աղավնական խռովքը»։
Հոդվածում գրել էր․«Ահա վճիռը հրապարակվեց, ու իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Հիմա արդեն մարդու հետ պատահող ամենածանր կացության մեջ էի։ Դատավորը վճիռը կայացրել էր «հանուն թուրք ժողովրդի», և իրավաբանորեն այլևս հաստատված էր «թրքությունը վիրավորելու արարքս»։ Կարող էի ամեն ինչ հանդուրժել, բայց սրան դիմանալն անհնար էր»։
Այս ամենի մասին ինձ հետ հարցազրույցում էլ էր խոսել։ Ըստ դատավորի վճռի՝ Հրանտ Դինքը վիրավորել էր ինձ, իսկ ահա այժմ այս մարդը, որ ամբողջ կյանքը նվիրել էր խտրականության դեմ պայքարին, նստած էր դեմ դիմաց, ցասումից բղավում էր՝ «Ալփե՛ր, եղբա՛յրս, բայց ես ինչպե՞ս կարող եմ քեզ վիրավորել։ Այս ի՞նչ դրության մեջ են ինձ դրել»։
Մարդ, ով պետական ապարատի անարդարությանն ու դաժանությանն է բախվել, կուզեր, որ իր պես մարդ արարածներն իրեն հասկանային։ Իրականում, կուզեր, որ միայն իր աչքերին նայելով իսկ իրեն հասկանային։ Այսպիսի պահերին սեփական դարդերի մասին խոսելը շատ դժվար է։ Բայց նա անդադար կրկնում էր, թե ինչպես էր անհնար, որ ինքը վիրավորեր իր թուրք եղբայրներին։ Երբեք չեմ կարող մոռանալ այդ հարցազրույցը։ Ինքս մի մարդ եմ, որ «սիրում է հասկացված լինել՝ առանց ստիպված լինելու խոսել»։ Հիշում եմ՝ ինչպես էր մեջս կուտակվում զգացողությունը, որ ավելի ու ավելի եմ փոքրանում, երբ տեսնում էի այս դաժանությունը։
Այս անձնական փորձընկալման պատճառով մահվանից առաջ նրա բողոքն այսօր ինձ ավելի շատ է ցնցում, քան նրա անկենդան մարմինն՝ ընկած գետնին։
Այդուհանդերձ, բերեք փակենք այս էջը, եթե կարելի է։ Որովհետև եթե Հրանտ Դինքը լսեր այս խոսքերը, վստահ եմ՝ կասեր․ «Իմ անձը մի կողմ դրեք, պատմեք, թե ինչ եք անում իմ իդեալներին հասնելու ուղղությամբ, որոնց համար ես իմ կյանքն եմ տվել»։
Փա՛ռք Աստծո, առնվազն այս պահի դրությամբ մի պատասխան ունեմ այս հարցին․ «Իմ սիրելի՛ Հրանտ Դինք, քեզ ամենալավը ճանաչող մարդիկ քո ծննդյան օրն ինձ շնորհեցին այս մրցանակը։ Նրանք ասում են, որ այն շնորհում են Հրանտ Դինքի իդեալներին հետևելու համար՝ ի հեճուկս բազմաթիվ վտանգների․․․ Եղբա՛յրս, երբեք չես իմանա, թե ինչքան կուզեի լսել քեզնից, որ դու նույնպես համարում ես, որ ես այս մրցանակին արժանի եմ»։
Բոլորիդ շնորհակալ եմ ներկա գտնվելու համար։