«Mor Çatı» (մանուշակագույն տանիք) կանանց ապաստարան-հիմնադրամը ստեղծվել է 1990 թ․ մի խումբ ֆեմինիստների կողմից՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու նպատակով։ 1987 թ. բռնության ենթարկված կնոջ՝ դատարան ներկայացրած ամուսնալուծության հայցի մերժման դեպքից հետո, որով նախագահող դատավորը որոշել էր, որ «կնոջ մեջքը երբեք չի կարելի թողնել առանց մահակի, իսկ արգանդը՝ առանց երեխայի», ֆեմինիստները մեկնարկեցին «Կանանց համերաշխությունն ընդդեմ ծեծի» արշավը։ Քննադատելով Թուրքիայում տիրող հայրիշխանական մտածելակերպը և փորձելով աջակցել բռնության ենթարկված կանանց՝ նրանք քարոզարշավի ընթացքում նաև վեր հանեցին կանանց իրավական օգնության և գործնական աջակցության կարիքները: 1989 թ․ նրանք ստեղծեցին համերաշխության ցանց, որը թեժ գծի միջոցով աջակցություն էր տրամադրում կանանց։


Ստեղծման օրվանից ի վեր հանդես գալով որպես համերաշխության կենտրոն և անկախ ապաստարան՝ «Mor Çatı»-ն ջանքեր է գործադրել ոչ թե «օգնելու» կանանց, այլ ձևավորելու կանանց համերաշխություն՝ ընդդեմ բռնության: 1990 թ․ ի վեր Համերաշխության կենտրոնը սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում ընտանեկան բռնության ենթարկված կանանց՝ աջակցելով նրանց անկախ կյանք սկսելու գործում։ Մինչ օրս Համերաշխության կենտրոնն իր գործունեությամբ ձեռք է մեկնել շուրջ 45 000 կանանց և աջակցություն տրամադրել ավելի քան 1000 կանանց ու նրանց երեխաներին՝ գործարկելով Թուրքիայում միակ կանանց անկախ ապաստարանը։

«Mor Çatı»-ի հիմնական նպատակներից է կանանց համերաշխության ցանցի ձևավորումը՝ գիտելիքի և փորձի փոխանակման, իրազեկության բարձրացման, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնությանը հակազդելու ֆեմինիստական ​​մեթոդների տարածման համար: Տղամարդկանց բռնության դեմ պայքարի ջանքերի շրջանակում հիմնադրամը ​​կազմակերպել է տեղեկատվական սեմինարներ և իրազեկման բարձրացման աշխատարաններ հարյուրավոր մասնակիցների համար, որոնց թվում՝ քաղաքապետարանների աշխատակիցներ, դատավորներ, դատախազներ, իրավաբաններ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և կամավորներ: Հիմնադրամը հրատարակել է բազմաթիվ գրքեր, զեկույցներ և տեղեկատվական թերթիկներ՝ կիսվելով իր փորձով:

Հիմնադրամն իր քաղաքականությունը մշակելիս գերազանցապես հիմնվում է կանանց ապրած իրական փորձի վրա: Այն բացահայտում է կանանց կարիքները և քարտեզագրում նրանց հանդիպող խոչընդոտները և, ելնելով դրանցից, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ է մշակում: Հիմնադրամը հաշվետվություններ է ներկայացնում միջազգային կառույցներին՝ դիտարկելով հանրային ​​գերատեսչությունների կատարողականն ու գործունեությունը և ձգտելով վերացնել հայտնաբերված բացերն ու թերությունները: Բացի այդ, հիմնադրամը տեղեկատվություն է փոխանակում միջազգային ցանցերի հետ, հավաքագրում և զեկուցում է հաջողված փորձի մասին: Փորձի փոխանակման, քաղաքականությունների համատեղ մշակման և կազմակերպությունների ու գերատեսչությունների միջև կայուն կապեր ստեղծելու նպատակով հիմնադրամն անցկացնում է տարեկան համագումարներ: Այն համագործակցում է անկախ կանանց կազմակերպությունների հետ տարբեր արշավների և միջոցառումների շրջանակներում և ջանքեր է գործադրում պետական մարմինների վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։

Հիմնադրամն իր ողջ գործունեությամբ ձգտում է միասնաբար հզորացմանն ու միասնաբար պայքարին։ Որպեսզի կանայք կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել, իրենց շահառուներին որոշակի քայլեր թելադրելու փոխարեն, հիմնադրամը նրանց իրազեկում է բոլոր հնարավոր տարբերակների մասին: Անկախ իրենց շահառուների վերջնական որոշումներից, հիմնադրամը միշտ աջակցում ու հզորացնում է կանանց՝ իրականություն դարձնելու իրենց որոշումները:

Այսօր Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության արարողությանը ներկա լինելը Թուրքիայում խտրականության դեմ մեր երկարատև պայքարի, այդ ճանապարհին ձևավորված կուռ համերաշխության, ինչպես նաև ուրիշ աշխարհ կառուցելու մեր ընդհանրական հավատի վկայությունն է։ Մենք այստեղ կանգնած ենք որպես մի մեծ խումբ՝ ընդունելու այս պատիվը, արտացոլելու մեր ոչ հիերարխիկ կառուցվածքը և կոլեկտիվ ինքնությունը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն, և ճանաչելու բոլոր այն կանանց ընդհանուր պայքարը, որոնց ուղիները խաչվել են մեր կազմակերպության հետ:

«Mor Çatı»-ն (մանուշակագույն տանիք) հիմնվել է դեռևս 1980-ական թթ․ ֆեմինիստների կողմից, ովքեր կամքի ուժ դրսևորեցին տղամարդկանց բռնության դեմ փողոց դուրս գալու այն ​​ժամանակ, երբ մարդիկ նույնիսկ չէին խոսում դրա մասին, ովքեր հաստատապես հավատում էին, որ հայրիշխանության դեմ ամենամեծ պայքարը կարելի է հաղթել այդ բռնության դեմ պայքարող կանանց համերաշխության միջոցով և կանանց համերաշխության համար տանիք ծառայելու առաքելությամբ: Որպես «Mor Çatı»-ի կամավորներ, կազմակերպության հետ մեր ճանապարհները հատվելուց և այս համերաշխության մի մասը դառնալուց ի վեր, մենք ձգտել ենք սփռել այս պայքարը մեր կյանքի բոլոր ոլորտներում, քանի որ հենց մենք ենք դրա առարկան:

Երբ նայում ենք անցյալ ճանապարհին, մենք տեսնում ենք պայքարի և ձեռքբերումների պատմություն, որը հնարավոր է դարձել շնորհիվ այն ֆեմինիստական ​​շարժման, որի մաս են կազմում բազմաթիվ կանայք, ում անունները մենք նույնիսկ չգիտենք: Աճող ատելության, ինչպես նաև մեր ձեռքբերումների և հավասար ու արդար կյանք կառուցելու մեր ջանքերի վրա հարձակումների ֆոնին դժվար է հիշել, թե ինչ ենք փոխել մինչ օրս: Օրինակ, մենք գիտենք, որ պայքարի շնորհիվ կարողացել ենք փոխել երկրում առկա խտրական օրենքները, վերանայել Քաղաքացիական օրենսգիրքը, բացել ապաստարաններ և կանանց խորհրդատվական կենտրոններ: Այսօր նույնիսկ կնատյացները, ովքեր կարծում են, որ կանայք արժանի են բռնության, վարանելով են կարծիք արտահայտում և այս ամենը ֆեմինիստական ​​պայքարի շնորհիվ է: Ահա թե ինչու, երբ նրանք հայացք են նետում կանանց հավասար իրավունքների վրա և փորձում վարկաբեկել ֆեմինիզմը, մենք տոգորվում ենք մեր պայքարով, մենք մեզ ուժեղ և հույսով լի ենք զգում:

Այնուամենայնիվ, հայրիշխանության և տղամարդկանց բռնության դեմ պայքարելու պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն նրանցով, ովքեր ղեկավարում են երկիրը: Բռնության ենթարկված կանանց մասին խոսելիս, բռնություն գործադրող տղամարդկանց մասին խոսելիս, մենք իրականում խոսում ենք մեր մասին: Մեզանից յուրաքանչյուրը հավասարապես պատասխանատու է ինչպես ինքներս մեզ, այնպես էլ մեր հասարակության վերափոխման համար: Որպես ֆեմինիստական ​​կազմակերպություն, այս պատասխանատվությունից անդին, մենք երազում ենք փոխել աշխարհն այնպես, որ գենդերային խտրականությունը լիովին արմատախիլ արված լինի: Ահա թե ինչու մենք այսօր ընդունում ենք այս մրցանակը ոչ թե «Mor Çatı»-ի շարունակական համերաշխության և պայքարի համար, այլ բոլոր այն կանանց անունից, ովքեր իրենց ծնվելու պահից և նույիսկ իրենց մայրերի արգանդում բռնության են ենթարկվել, բոլոր նրանց անունից, ովքեր օտարվել են իրենց սեփական մարմնից և աշխատանքից, ովքեր երբեք իրենց համար որոշում կայացնելու կարողություն չեն ունեցել, սակայն, չնայած այս ամենին, իրենց կյանքը փոխելու ճիշտ քայլն են կատարել՝ դիմելով «Mor Çatı»-ին և դառնալով այս համերաշխության կարևոր մասը:

Բռնությունից զերծ հավասար և արդար կյանքի համար մեր պայքարը մեր ընդհանուր գործն է: