Ռուջիաթու Նենեհ Թուրայը ծնվել է Սիերա Լեոնեի հյուսիս-արևմտյան շրջանի Լունսար քաղաքում: Փոքր տարիքում նա ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման՝ ստանալով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան սպիներ։ Անձնական այս փորձը խորը ազդեցություն գործեց նրա վրա՝ դրդելով նրան ավելի լավ հասկանալ կանանց սեռական օրգանների խեղման կործանարար ազդեցությունն ու հաստակամությամբ ձեռնարկել փոփոխություններ բերող շահերի պաշտպանություն:
Ռուջիաթու Նենեհ Թուրայն իր համայնքում առաջինն էր, ով հրապարակավ հանդես եկավ կանանց սեռական օրգանների խեղման դեմ: Քանի որ այս գործողությունն իրականացնելը կանանց համար իրենց եկամուտն ապահովելու մի մասն էր, սեփական ջանքերով նա համոզեց իր համայնքի շուրջ 400 կանանց դադարեցնել այս պրակտիկան՝ նրանց համար ստեղծելով եկամտի այլընտրանքային աղբյուրներ։ Նա ջատագովում էր, որպեսզի Բոնդո համայնքի ավանդական ծեսերը չառնչվեին կանանց սեռական օրգանների խեղման հետ: Նա ընդունում էր, որ ծեսը կանանց համար փորձի փոխանակման և զորացման տարածք էր ստեղծում, սակայն ընդգծում էր, որ այլընտրանքային ծիսակարգի անցնելը ևս հնարավոր էր՝ առանց ավանդույթը մերժելու։
2000 թ. երբ կանանց սեռական օրգանների խեղումը առաջնային խնդիր չէր Սիերա Լեոնեի քաղաքական գործիչների և քաղհասարակության կազմակերպությունների մեծամասնության համար և չէր համարվում վտանգավոր կանանց և աղջիկների կյանքի համար, Ռուջիաթու Նենեհ Թուրայը հիմնեց «Ամազոնի նախաձեռնության շարժում»-ը՝ փորձելով պայքարել այդ պրակտիկայի դեմ: Կազմակերպության հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը կանանց սեռական օրգանների խեղման վնասների մասին, որին առնչվում են Սիերա Լեոնեում կանանց և աղջիկների ավելի քան 90%-ը, և ամբողջովին վերացնել այդ պրակտիկան: Գործնական աշխատանքի ժամանակ, նա փորձում է հասնել այն գյուղական վայրերն ու համայնքները, որտեղ պրակտիկան առավել տարածված է, և տեղում ձևավորում է կանանց խմբեր և ցանցեր: Նա նաև կազմակերպում է դասընթացներ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Իր պայքարի շնորհիվ նրան հաջողվել է մեծապես փոխել պատկերացումներն իր համայնքում և զորացրել է կանանց՝ դիմադրելու այս վտանգավոր պրակտիկային: Նա առաջատար դեր ունի կանանց սեռական օրգանների խեղման դեմ պայքարում և նրա գործունեությունը լայն ճանաչում է ստացել բազմաթիվ մրցանակներով:
Կանանց սեռական օրգանների խեղման դեմ պայքարում նրա վճռականության շնորհիվ խնդրի մասին մեծ իրազեկություն է բարձրացել ոչ միայն Սիերա Լեոնեում, այլև ողջ Աֆրիկայում և նույնիսկ ամբողջ աշխարհում: 2019 թ. նրա առաջնորդած «Անարյուն անցումային ծես»-ն ընդունվել է Ընդդեմ վնասակար պրակտիկաների ֆորումի, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպությունների և հաստատությունների կողմից:
Թույլ տվեք ընդունված կարգով շարժվեմ։ Ես ձեզ ողջույններ եմ բերում Սիերա Լեոնեից, մի երկիր, որը հարուստ է օգտակար հանածոներով, բայց բնակչության 74%-ն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Երկիր, որն ունի բերրի հող, բայց չի կարող կերակրել իր բնակիչներին։ Երկիր, որի քաղաքական առաջնորդները անտեսել են բնակչության 52%-ը կազմող քաղաքացիների պաշտպանությունը՝ առանց ազնվորեն նրանց իրավունքներին անդրադառնալու:
Այսօր ես հարգանքով և խոնարհությամբ եմ կանգնած ձեր առջև՝ ընդունելու Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը։ Նախ հուլիսի 26-ին ես Զեյնեփ Սունգուրից Թվիթթերի միջոցով հաղորդագրություն ստացա, Սիերա Լեոնեի ժամանակով մոտ 18:27-ին։ Նա խնդրում էր իմ էլեկտրոնային փոստի հասցեն։ Ես թերահավատորեն մոտեցա դրան, շփոթված էի և կասկածներով լի։ Ես պատասխանեցի նրան հարցերով, սական, այնուամենայնիվ, հետագայում տրամադրեցի իմ հասցեն։ Հուլիսի 27-ին՝ շաբաթ օրը, ես էլեկտրոնային նամակ ստացա, որը տեղեկացնում էր ժյուրիի կայացրաց որոշման մասին առ այն, որ ես ընտրվել եմ 2024 թ․ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր՝ կանանց և աղջիկներին կանանց սեռական օրգանների խեղումից (FGM) փրկելու, դրա դեմ պայքարելու և կանանց առաջնորդության խթանման իմ աշխատանքի համար:
Այս վնասակար պրակտիկայի դեմ իմ ճանապարհը սկսվեց մորս մահվանից հետո հազիվ 10 օր անց, երբ ես դեռ դպրոցական էի: Խորթ մայրս և մորաքույրս ինձ ու քույրերիս հայտարարեցին, որ եկել էր մեր կանացիությունը ամբողջացնելու օրը: 1985 թ. հուլիսի 15-ի վաղ առավոտն էր: Սկզբում ես շատ ոգևորված էի, որովհետև մանրամասներն ինձ չէին ասել։ Մեր աչքերը փակեցին և մեկս մյուսի հետևից տարան մութ սենյակ։ Այդ մութ սենյակում ապրած փորձառությունը անասելի տառապանք և վիշտ է թողել ինձ վրա մինչ այս պահը: Իմ կլիտորը կտրեցին ամենակոպիտ ձևով, երբ ես դիմադրության մեծ ճիգեր էի գործադրում հարազատներիս ներկայությամբ, ովքեր ասում էին, որ շատ են սիրում ինձ և նոր մահացած մորս էին փոխարինում: Ես դավաճանված, բռնության և ոտնձգության ենթարկված էի զգում, մեղմ ասած: Ցավ, մեծ ցավ պայթեց իմ մեջ՝ թողնելով ինձ շփոթության, ափսոսանքի, ատելության և վրեժի ցանկության մեջ այն չարագործների հանդեպ, որոնք հանդիպեցին իմ հոգուն այդ ճակատագրական օրը:
Մեծանալով՝ սիրտս փափագում էր փոփոխություն և վերափոխում, որպեսզի դադարեցվեր մշակույթի անվան տակ կանանց ու աղջիկների նկատմամբ անմարդկային այդ կոպիտ և բարբարոսական պրակտիկան:
Շարժվելով առաջ և իմ երկրում մշակութային պրակտիկաների խոսույթը փոխելու վճռականությամբ՝ ես հասկացա, որ եթե կարողանամ դիմակայել ավանդաբար ճանաչված և ընդունված բռնությանը, ես կանդրադառնամ կանանց և աղջիկների նկատմամբ իրականացվող բոլոր բռնություններին:
2000 թ․ ես ստեղծեցի Ամազոնիայի նախաձեռնության շարժումը (AIM)՝ անդրադառնալու մեր երկրում ամենավիճահարույց խնդրին: Սիերա Լեոնեն այն եզակի երկրներից է, որը կանանց սեռական օրգանների խեղումը (FGM) օրենքից դուրս չի հայտարարել։ Այն համարվում է քվեի հաղթող, հետևաբար թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները չեն կարողացել լուծել այն: FGM-ը, որպես վտանգավոր պրակտիկա, երբեք չի քննարկվել քաղաքական շրջանակներում, ինչն ինձ ստիպեց 2007 թ. մտնել քաղաքականության մեջ: Որպես խորհրդական՝ ես FGM-ին վերջ դնելու քննարկումները բերեցի քաղաքական կառույցներ և համակարգ:
Ինչպես Հրանտ Դինքը, այնպես էլ ես ու իմ ընտանիքը մի քանի անգամ հարձակման ենք ենթարկվել։ Երկու անգամ բռնության ջատագովները ավազակախմբեր էին ուղարկել, ովքեր ներխուժել էին իմ տուն ու խլել ողջ ունեցվածքս։ Սա ընդամենը մի դրվագն էր այն գնից, որ վճարեցի՝ ավանդույթի ճանապարհին կանգնելու համար: Բարեբախտաբար, այդ երկու հարձակումների ժամանակ ես տանը չէի: Ես փրկվեցի միայն իմ բացակայության շնորհիվ։ Ես կարող էի ողջ չլինել։
Տղամարդկանց գաղտնի հասարակությունը (poro) մի քանի անգամ ֆիզիկական հարձակում գործեց ինձ վրա: Ինձ պաշտպանող չկար, նույնիսկ ոստիկանությունը՝ որպես կյանքի և ունեցվածքի պաշտպանության պատասխանատու պետական կառույց։ Ես վտարվեցի իմ համայնքից իմ գերագույն ղեկավարի կողմից: Այս բոլորի միջով անցնելիս ես կանգնած էի իմ դիրքերում՝ երբեք չհանձնվելով կամ չփախչելով։
Ես համոզված եմ, որ փոփոխություն կարելի է բերել միայն այն ժամանակ, երբ փոփոխությունը ներսումդ է։ Ես ինքս ինձ մարտահրավեր նետեցի՝ մնալ ուժեղ, հաստատուն, կենտրոնացած, նվիրված և վճռական և երբեք չնահանջել:
Իմ ընտանիքը, AIM-ի անձնակազմը և մի քանի ընկերներ կանգնած էին իմ կողքին, մինչ ես շարունակում էի տարբեր համայնքներում, դպրոցներում, կրոնական վայրերում և քաղաքական ֆորումներում քարոզչություն իրականացնել՝ բռնությանը, հատկապես FGM-ին վերջ դնելու փոփոխությունների կոչ անելով: Ես կիսվում էի իմ փորձով և խրախուսում այլ կանանց անել նույնը:
Ճանաչելով իմ համայնքն ու մարդկանց՝ ես FGM-ին անդրադառնալու և քաղաքականությամ մեջ կանանց խրախուսման համապարփակ մոտեցում մշակեցի, որպեսզի նրանք ևս իրենց համայնքների, շրջանների և երկրի որոշումների կայացման ու կառավարման մաս կազմեն: Կանանց թիվը սկսեց աճել և նրանց ձայնը լսելի դարձավ մի քանի սեմինարներից և մասնակցությունից հետո:
Վստահեցնելու համար, որ AIM-ը հարգում է ավանդույթն ու մշակույթը, 2019 թ․ ներկայացվեց անարյուն ծեսը: Այս նոր մոտեցումը ցույց է տալիս երկրին և աշխարհին, որ մենք կարող ենք միաժամանակ պաշտպանել ինչպես ավանդույթները, այնպես էլ մարդու իրավունքները:
Մեր կազմակերպության միջոցով մենք նաև խրախուսում ենք դամբարանների քանդմամբ դպրոցների կառուցումը՝ որպես կանանց և աղջիկների շրջանում անգրագիտության բարձր մակարդակի դեմ պայքարելու միջոց: Որպես ակտիվիստներ՝ մենք կարող ենք պայքարել և հաղթել միայն այն դեպքում, երբ շարունակենք հզորացնել համայնքները: Մարդիկ, որոնց համար մենք պայքարում ենք, պետք է իմանան, թե ինչու ենք մենք պայքարում: Նրանք պետք է հասկանան այն խնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել։ Նրանք պետք է հասկանան, թե ինչպես են խտրականությունը, գենդերային անհավասարությունը, անգրագիտությունը և աղքատությունը բարոյալքել և ապամարդկայնացրել սերունդներին: Նրանք պետք է պատրաստ լինեն մահանալու մեզ հետ, եթե ոչ ֆիզիկապես, ապա զգացմունքներով և բարոյապես:
Այս հիմնադրամի ստեղծումն՝ ի հիշատակ մարդու իրավունքների ջատագով, լրագրող Հրանտ ԴԻնքի, ով անխոնջ աշխատում էր ստեղծելու բռնությունից զերծ աշխարհ՝ անկախ մարդկանց սեռից, կրոնից, մշակույթից, ռասայից, հստակ ուղերձ է նրան սպանած վախկոտներին՝ հաստատելու, որ մարմինը կարելի է սպանել, բայց լավ աշխատանքը՝ ոչ: Նրա աշխատանքը մարտահրավեր է նետել և ոգևորել այս սրահում գտնվեղ ձեզանից յուրաքանչյուրին: Այսօր, նրա աշխատանքի միջոցով դուք բացահայտում եք ձեր երկրից դուրս գտնվող մարդկանց, ովքեր նման աշխատանք են կատարում՝ զոհաբերելով իրենց կյանքը, որպեսզի աշխարհն ավելի լավը դառնա։ Մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել հավասարություն, նպաստում են մարդու իրավունքների և արդարության ճանաչմանն ու հռչակմանը:
Իմ կազմակերծության ստացած փոքր ֆինանսավորմամբ մենք ավելիին ենք հասել, քան միջազգային կազմակերպությունները, որոնք մեծ ֆոնդեր են ստանում: Որովհետև մենք տեղական կազմակերպություն ենք, որի առաջնորդը վերապրած տեղացի կին է, ով ոչ միայն գիտի տեղի լեզուն, այլև տվյալ մշակույթի և ժողովրդի մի մասն է: Ես ուզում եմ խնդրել այս սրահի հանդիսատեսին աջակցել իմ աշխատանքին, երբ ես վերադառնամ: Մենք դեռ շատ համայնքների և մարդկանց պետք է հասնենք: Ռադիոկայան և թերթ հիմնելն իմ հաջորդ նպատակն է՝ մեր աշխատանքը տարածելու և դժվարամատչելի վայրեր եթերների միջով հասնելու համար: Այո, մեդիան հզոր գործիք է, որը կարող է մարդկանց հզորացնել և մասնատել:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հորս, գործընկերներիս, ամուսնուս և մտերիմ ընկերներիս, առանց որոնց ես այսօր այստեղ չէին լինի: Ես գնահատանքս եմ հայտնում մեր շահառուներին և մեր համայնքների անդամներին, որոնց հետ աշխատել եմ ավելի քան 25 տարի: Պատիվ է աշխատել նրանց կողքին և լինել նրանց կյանքի մի մասը:
Պատվով և հպարտությամբ ես ընդունում եմ այս մրցանակը և նվիրում այն Պորտ Լոկոյի և Թոնկոլիլի շրջանների կանանց, ընտանիքիս, գործընկերներիս, հանգուցյալ մորս, մանկությանս ընկերոջը և ամուսնուս, ովքեր իմ հսկաներն են։ Ես արժանացել եմ մի շարք միջազգային մրցանակների, բայց այս մեկն իմ սրտում հատուկ տեղ է զբաղեցնում ՝ իր հիմքում ընկած պատմության և համատեքստի պատճառով:
Ինչպես Հրանտ Դինքն էր քաջ գիտակցում՝ միշտ չէ, որ հեշտ է խիզախ լինել և խոսել իրավունքների մասին, որոնք մեր հասարակությունները կցանկանային անտեսել կամ թաղել: Երբեմն շատ միայնակ կարելի է զգալ: Բայց այս կենսական զրույցների և շարունակական երկխոսության միջոցով մենք կարող ենք իրազեկել մյուսներին, ինչի շնորհիվ կարող ենք հասնել բոլորի համար նպաստավոր հասարակական փոփոխության: Հրանտ Դինքի ներդրումը չի մոռացվի, և ես հպարտ եմ նրա անունը կրող այս պատվին արժանանալու համար։ Շնորհակալություն։