«Դժվար անցյալների հաղթահարման գործելակերպեր. Բոսնիա և Հերցեգովինա» խորագրով քննարկումը, որը կազմակերպել էին Հրանտ Դինք հիմնադրամը և «ԴիՎիՎի Ինթերնեյշնալ» (DVV International) կազմակերպությունը, տեղի ունեցավ Հրանտ Դինք հիմնադրամի «Հավաք» սրահում՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Քննարկման ուշադրության կենտրոնում էին այն թանգարանների և հուշավայրերի գործելակերպերը և փորձը, որոնց գործունեության ոլորտը 90-ական թվականներին Բոսնիա և Հերցեգովինայում մարդկության դեմ կատարված հանցագործություններն են։

Քննարկումը վարում էր պատմաբան Բյուլենթ Բիլմեզը, մասնակիցներն էին Սարաևոյի «Հույսի թունել» թանգարանի մանկավարժ Բելմա Չուզովիչը, «Հույսի թունել»-ի համահիմնադիր, պատվավոր կուրատոր և էքսկուրսավար Էդիս Քոլարը, Բոսնիա և Հերցեգովինայի Պատմության թանգարանի տնօրեն Էլմա Հաշիմբեգովիչը և Հիշողության լաբորատորիայի հիմնադիր Նիքոլաս Մոլը:

 

Բելմա Չուզովիչը և Էդիս Քոլարը «Ընտրովի հիշողությունը տարբերակ չէ։ Քաղված դասեր. Բոսնիա և Հերցեգովինա» վերնագրով ելույթում ներկայացրեցին իրենց փորձը և դիտարկումներն այն մասին, թե ինչպես շատ դժվարին քաղաքական հանգամանքներում պահպանել հիշողությունները ոչ վաղ անցյալի մասին: Նրանք նշեցին, որ հետպատերազմյան Բոսնիա և Հերցեգովինան կառավարվում է իննսունականների սկզբին կատարված սարսափելի հանցագործությունների թե՛ զոհերի, թե՛ կատարողների կողմից, և այդ քաղաքական հանգամանքները խոչընդոտներ են ստեղծում իրենց համար՝ անցյալի հետ գործ ունենալիս։ Էդիս Քոլարը նկարագրեց, թե ինչպես էր պատերազմի տարիներին իր տունը վերածվել թունելի, իսկ հետպատերազմյան շրջանում վերափոխվել հուշավայրի և «Հույսի թունել» կոչվող հուշարձանի։ Մասնակիցները նշեցին, որ «Հույսի թունել»-ի շրջանակում կիրառվող հիշատակների ոգեկոչման գործելակերպերի հիմնական թիրախային խմբից մեկը աշակերտներն են: Նրանք նաև ներկայացրեցին իրենց դիտարկումներն այն մասին, թե ինչպես է պատմական փաստերի շարադրումն անձնական պատմությունների միջոցով փոխակերպիչ ազդեցություն ունենում աշակերտների վրա:

«Պաշարման մասին ցուցահանդեսը որպես դժվար անցյալի վերաբերյալ կառուցողական երկխոսության հարթակ. Բոսնիա և Հերցեգովինայի Պատմության թանգարանի փորձը» վերնագրով իր ելույթում Էլմա Հաշիմբեգովիչը նշեց Բոսնիա և Հերցեգովինայի Պատմության թանգարանի ազդեցությունը կառուցողական երկխոսության զարգացման վրա: Նրա ելույթում հատուկ ուշադրություն դարձվեց այն փորձի վրա, թե ինչպես է ցուցահանդեսն օգտագործվում որպես դժվար անցյալի վերաբերյալ կառուցողական երկխոսության հարթակ տեղական համայնքում, երկրում և տարածաշրջանում։ Նա նաև խոսեց այն մասին, թե ինչ են սովորել իրենց առջև ծառացած դժվարություններից, և ինչպես են դրանք վերածել առավելության: Նա մեկնաբանեց այն փաստը, որ տեղական հարթակի պակաս է զգացվում, որտեղ հիշատակների ոգեկոչման ոլորտում գործող անձինք և հաստատությունները կարող են համատեղ քննարկումներ ծավալել։ Նա նշեց, որ դժվար անցյալների մասին պատմելը հեշտանում է արվեստի գործերի և առարկաների միջոցով: Նա կարևորեց թանգարանային տարածքի ստեղծումը որպես մասնակցային գործընթաց, որը խարսխվում է տեղական համայնքի հետ կազմակերպված միջոցառումների վրա:

Նիքոլաս Մոլը, որը զբաղվում է Հարավարևելյան Եվրոպայում 1990-ականներից և Արևմտյան Եվրոպայում 1945 թ.-ից ի վեր ընթացող հետպատերազմյան հիշատակների ոգեկոչման և հաշտեցման գործընթացներով, հանդես եկավ «Անցյալին առերեսվելու փորձի փոխանակում և փոխկապակցում. Հիշողության լաբորատորիայի աշխատանքը Բոսնիա և Հերցեգովինայում և նրա հետ» ելույթով։ Իր ելույթում նա խոսեց Հիշողության լաբորատորիայի (Պատմության և հիշատակների նշանավորման անդրեվրոպական փոխանակման հարթակ) մասին, որը միավորում է Հարավարևելյան Եվրոպայի և Արևմտյան / Կենտրոնական Եվրոպայի կազմակերպություններին, կառույցներին և անհատների, որոնք աշխատում են դժվար անցյալին (պատերազմներ, զանգվածային հանցագործություններ, բռնապետություններ) առնչվող հուշավայրերում և հիշատակների նշանավորման կրթության ոլորտում։ Նա նաև նկարագրեց Հիշողության լաբորատորիայի կառուցվածքը, այդ նախաձեռնության առանձնահատկությունները, մարտահրավերները, նշեց Հիշողության լաբորատորիայի աշխատանքի ներգործությունը: Նա արձանագրեց, որ թեպետ պատերազմից անցել է 20 տարի, սակայն դեռևս առկա են պատերազմի ուսումնասիրությանը խոչընդոտող մարտահրավերներ: Նա քննադատեց այն իրողությունը, որ Բոսնիայում կոտորածների վայրերի մեծ մասը վերածված չէ հուշավայրերի, և չկան այդ վայրերում կատարվածը հիշեցնող հուշահամալիրներ։ Նա ընդգծեց, որ կարևոր է աշխատանքներ իրականացնել ոչ միայն գոյություն ունեցող հուշավայրերում, այլև այն վայրերում, որոնք չեն վերափոխվել հուշավայրերի։