«Հիշողության վայրեր, հիշողության ուղիներ դեպի այլ ապագա» խորհրդաժողովը տեղի ունեցավ մարտի 22-23-ը՝ «Յափը Քրեդի» մշակույթի և արվեստի սրահում։ Խորհրդաժողովը կազմակերպել էր Հրանտ Դինք հիմնադրամը՝ «ԴիՎիՎի Ինթերնեյշնալ» (DVV International) կազմակերպության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի հետ համատեղ։ Խորհրդաժողովին որպես բանախոսներ մասնակցում էին դժվար անցյալով զբաղվող թանգարանների և հուշավայրերի, հիշատակների ոգեկոչման աշխատանքներ իրականացնող ՀԿ-ների փորձագետներ և ներկայացուցիչներ, հիշողության և հիշատակի հարգման գործելակերպերի ոլորտում ուշագրավ աշխատանքներ կատարող հետազոտողներ։

Խորհրդաժողովը մեկտեղել էր հուշավայրեր, դժվար անցյալներով զբաղվող թանգարաններ և հիշատակների ոգեկոչման ոգեշնչող աշխատանքներ Գերմանիայից, Լեհաստանից, Նիդեռլանդներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ռուանդայից, Շրի Լանկայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Կամբոջայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Լիբանանից, Իռլանդիայից, Բելգիայից և Հայաստանից՝ լայն լսարանի հետ միասին: Խորհրդաժողովի ընթացքում տեղի ունեցավ գործնական աշխատանքով զբաղվող մասնագետների փորձի փոխանակում, ներկայացվեցին նաև հետազոտողների քննադատական ​​և տեսական մոտեցումները: «Հիշողությունը և հակահիշողությունը հանուն ապագայի» վերնագրով հիմնական ելույթով հանդես եկավ Մարիան Հիրշը, որը Կոլումբիայի համալսարանի անգլերենի և համեմատական ​​գրականության Ուիլյամ Փիթերֆիլդի Թրենթի անվանակիր պրոֆեսոր է և երևելի աշխատանք է կատարում հիշողության և հետհիշողության ոլորտում:

Մարտի 23-ին «Հիշողության կերպեր» վերնագրով հիմնական ելույթ ունեցավ Նյու Յորքի համալսարանի կատարողական արվեստների ուսումնասիրությունների և իսպաներենի պրոֆեսոր Դայանա Թեյլորը։ Երկօրյա խորհրդաժողովը բաղկացած էր ութ բաց քննարկումներից. «Դժվար անցյալների ցուցադրումը», «Արվեստը և հիշողությունը», «Քաղաքային թանգարաններ. տեղական պատմություններ և հիշողություններ», «Կյանքը և հույսը հուշավայրերում», «Հիշատակների ոգեկոչման նոր չափումները և մարտահրավերները», «Կրթություն և այլընտրանքային մանկավարժություն» և «Վկայությունների, անձնական պատումների և պատմությունների ուժը», «Չարագործների հետ գործ ունենալը»։

Խորհրդաժողովի ընթացքում լսարանի մտահորիզոնի ընդայնմանը նպաստեցին հիշատակման աշխատանքների ներկայի և ապագայի քննարկումը, անդրադարձը հուշավայրերի առջև ծառացած մարտահրավերներին, այցելուներին ներգրավելու և նրանց գործուն մասնակցությունն ապահովելու լավագույն փորձի վրա լույս սփռելը, այցելուների ապրած փորձը ներառելու և նրանց ձայնը լսելի դարձնելու մեթոդների ներկայացումը, հուշավայրերի մանկավարժական առաքելության ընդգծումը և այնպիսի թեմաների արծարծումը, ինչպիսիք են հետհիշողությունը, հակահիշողությունը, պատմական ժառանգությունը և հիշողության փոխանցումը հետագա սերունդներին։

 Խորհրդաժողովի տեսանյութերը կարող եք դիտել ստորև։

Բացման խոսք
Ռաքել Դինք (Հրանտ Դինք հիմնադրամ)

Հիմնական դասախոսություն
Մարիան Հիրշ (Կոլումբիայի համալսարանի համեմատական ​​գրականության Ուիլյամ Փիթերֆիլդ Թրենթի անվանակիր պրոֆեսոր, գենդերային հետազոտությունների պրոֆեսոր)
«Հիշողությունը և հակահիշողությունը հանուն ապագայի»

Դժվար անցյալների ցուցադրումը
Նախագահող՝ Այֆեր Բարթու Ջանդան

Մարլեն Մուլյու (Աթենքի համալսարան, թանգարանագիտության դասախոս)
«Համակարգակենտրոն մտածողությունը որպես այլընտրանքային մտակերտվածք թանգարաններում՝ կոնֆլիկտների կառավարման և տարբերությունների հետ աշխատանքի համար»

Բոնիթա Բենեթ («Վեցերորդ թաղամաս» թանգարանի տնօրեն)
«Հիշողությունն է զենքը»

Մոնա Էլ Հալաք (ճարտարապետ և ժառանգության պահպանման ակտիվիստ)
«Բեյրութը հիշողության և ամնեզիայի միջև»

Էմիլյա Պոտենցա (Ապարտեիդի թանգարան, ցուցահանդեսների և կրթության կուրատոր)
«Չեմ հիշում, չեմ կարող մոռանալ»
«Հարավաֆրիկյան ճշմարտության և հաշտեցման գործընթացի կուրացիա»»

 

Արվեստը և հիշողությունը
Նախագահող՝ Օզալփ Բիրոլ

Ագնիեշկա Շիերաձկա (Աուշվից-Բիրկենաուի հուշահամալիր և թանգարան, արվեստի ​​հավաքածուների ղեկավար)
«Արվեստը համակենտրոնացման և մահվան ճամբարում. Աուշվիցի թանգարանի արվեստի հավաքածուն»

Անդրեաս Քնից (նկարիչ)
«Արվեստը որպես դեսպան»

Չարլզ Դագան (Դուբլինի քաղաքային խորհուրդ, ժառանգության հարցերով աշխատակից)
«Հիշողության և գեղարվեստական ստեղծագործական աշխատանքի արժեքը Դուբլինի Սոցիալական պատմության նոր թանգարանի ստեղծման գործում»

Քաղաքային թանգարաններ. տեղական պատմություններ և հուշեր
Նախագահող՝ Ասենա Գյունալ

Սառա Հենրի (Նյու Յորքի քաղաքային թանգարան, փոխտնօրեն)
«Դժվար քաղաքային պատմություններ. անցյալի, ներկայի և ապագայի հետ պայքարը Նյու Յորքի թանգարանում»

Ան Լավենս (ԲԵԼվյու թանգարան, տնօրեն)
«ԲԵԼվյու թանգարանը որպես հասարակական նախագիծ»

Աննեմարի դե Վիլդտ (Ամստերդամի քաղաքային թանգարան, կուրատոր)
«Ամստերդամի վիճարկվող պատմությունը»

 

Կյանքը և հույսը հուշավայրերում
Նախագահող՝ Այշե Գյուլ Ալթընայ

Լինդա Նորիս («Խղճի վայրերի միջազգային կոալիցիա», «Գլոբալ ցանցեր» ծրագրի տնօրեն)
«Խղճի կենդանի վայրեր»

Յոաննա Ֆիքուս (Լեհաստանի հրեաների պատմության ՓՈԼԻՆ թանգարան, ցուցահանդեսների ղեկավար)
«Սկզբում կար մի երազանք»

Լարս Էբերտ (Կաստրում Պերեգրինի, ծրագրի տնօրեն)
«Ժառանգության կոնֆլիկտների գոտի, թե՞ ժառանգության շփման գոտի: Ժառանգության վայրերում տրավմայի դեմ պայքարի հնարավորությունը (անհնարինությունը)»

 

23-ը ՄԱՐՏԻ, 2019 թ.

Բացման դասախոսություն
Դայանա Թեյլոր (Նյու Յորքի համալսարանի կատարողական արվեստների ուսումնասիրությունների և իսպաներենի պրոֆեսոր )
«Հիշողության կերպերը»

 

Հիշատակների ոգեկոչման նոր չափումները և մարտահրավերները

Նախագահող՝ Հյուլյա Ադաք
Անդրեա Պետո (Կենտրոնական եվրոպական համալսարանի գենդերային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր)
«Հոլոքոսթի հիշատակի ոգեկոչման հարացույցի փոփոխություն»

Հարություն Մարության (Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանի տնօրեն)
«Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակի ժամանակաշրջանում»

Վիսոթ Չայ (Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանի տնօրեն)
«Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանի դերը և նշանակությունը անցյալի հետ գործ ունենալիս»

 

Կրթություն և այլընտրանքային մանկավարժություն
Նախագահող՝ Այշե Սոյսալ

Փոլ Ռուկեշա (Կիգալիի ցեղասպանության հուշահամալիր, թվային բովանդակության մշակման թիմի ղեկավար)
«Ռուանդայի ցեղասպանության արխիվը. հիշատակի ոգեկոչումը և խաղաղության կրթությունը գործողության մեջ»

Ջենիֆեր Չիարդելի (Միացյալ Նահանգների Հոլոքոսթի հուշաթանգարան, Լևինի անվան Հոլոքոսթի կրթության ինստիտուտ, առաջնորդության ծրագրերի տնօրեն)
«Հիշատակի ոգեկոչում, կրթություն և առաջահայաց մտածողություն. դիտարկումներ Միացյալ Նահանգների Հոլոքոսթի հուշաթանգարանից»

Վկայությունների, անձնական պատումների և պատմությունների ուժը
Նախագահող՝ Այլին Վարդանյան

Ռադհիկա Հեթիարաչչի («Հիշողության քարտեզ», «Կնոջ պատմությունները» (Herstories), հիմնադիր)
«Հիշատակի ոգեկոչումը Շրի Լանկայում. «Կնոջ պատմությունները» նախագծից և «Հիշողության քարտեզ»-ի արխիվից քաղված դասեր

Ջասթին դի Մայո («Գործենք հանուն անհհետացածների» ընկերակցության հիմնադիր)
«Ամնեզիային դիմադրելիս. հիշողության համար տարածքների ստեղծում Լիբանանում»

Ամինա Կրվավաչ (Պատերազմական մանկության թանգարանի տնօրեն)
«Պատերազմից տուժած մանկություններ. անձնական տեսակետ»

 

Չարագործների հետ գործ ունենալը
Նախագահող՝ Այհան Աքթար
Հանս Քրիստիան Յաշ (Վանզիի խորհրդաժողովի շենքի հուշահամալիրի տնօրեն)
«Հիշատակի ոգեկոչում չարագործների վայրում. հիշում ենք զոհերին՝ տալով չարագործների անունները»

Հենրիկե Քլաուսեն (Նյուրնբերգի դատավարությունների հուշահամալիրի տնօրեն)
«Նացիստ հանցագործները դատարանի առաջ. ոչ նյութական բովանդակության ցուցադրության մարտահրավերը»

Գաբրիել Շվաբ (Իրվայնում Կալիֆորնիայի համալսարանի համեմատական գրականության վաստակավոր պրոֆեսոր)
«Ուրվային փոխանցումներ. անդրադարձ «Հետապնդող ժառանգություններին»