«Ակօս», 1996թ․ հոկտեմբերի 11
Հենց մեկն արտաբերի «խաղաղություն» բառը, խանդավառ կցատկեմ, առանց վարանելու ու նախապայմանի կասեմ՝ «Ի՛նձ էլ հաշվի առեք»: Ամեն անգամ, երբ փորձում եմ ներգրավվել, կողքիններս միջամտում են․ «Մի րոպե սպասի՛ր վայ, մի քիչ հանդարտվի՛ր: Ինչո՞ւ ես առաջ նետվում: Բեր տեսնենք՝սրա հետևում ինչ կա: Ինչ-որ մեկը քեզ անհանգստացնո՞ւմ է: Գործովդ զբաղվիր էլի: Տե՛ս, այստեղ-այնտեղ «խաղաղություն, խաղաղություն» բացականչող մարդկանց վերջը լավ չի լինում չէ՞, առաջին իսկ պատեհ առիթով նրանց հարցերը լուծում են: Տես՝ 1980թ․ հեղաշրջումից հետո ինչ եղավ Խաղաղության միության դատի կամ Մտավորականների հանրագրի հետ: Բա քեզ պետք է՞»:
Ստիպված եմ լինում մի պահ կանգ առնել, ինքս ինձ ասել՝ «Հա՛, ճիշտ է, հենց այդպես էլ լինում է»: Վարանումի հենց այս պահերն են, որ դառնում են պատերազմատենչների ամենամեծ զենքը...
Եվ Խաղաղության ամենամեծ խոչընդոտը...
***
Մեկ այլ խոչընդոտ էլ այն է, որ վսեմ գաղափարները մեր օրերում դարձել են մատի փաթաթան:
Բերեք տրամաբանորեն դատենք:
Մարդը ամենուր ու ցանկացած տեղ «սե՜ր, սե՜ր» կրկնելով պտտվում է: Փոխանակ դիմացինին անեծքներով ու վիրավորանքներով հեղեղի, «պատվից ելնելով» իրեն զսպում է և ասում՝ «քեզ հարգում եմ»՝ դրանով իսկ ծաղրելով հարգանքի իսկ գաղափարը:
Լավ, բայց անընդհատ կրկնելը, սակայն, բառերին իմաստ չի տալիս: Փոխարենը, այն վսեմ գաղափարները դարձնում է սովորական, իմաստազուրկ, գռեհիկ:
Ոնց որ «հանդուրժողականություն» ասվածը... Մի բառ, որ մեր օրերում այդքան հաճախ է գործածվում:
Նույն կերպ էլ «խաղաղությունն» է... Մանրադրամ դարձած հերթական գաղափարը:
***
Այսպիսի գաղափարների ցանկը կարելի է շարունակել... Կանգնե՛ք, սպասեք մի պահ:
Ախր խանդավառությանս պահն է ... Այնտեղ մարդիկ նորից հանուն խաղաղության ստորագրություններ են հավաքում: Արդյո՞ք այնպիսի մարդ եմ, որը կարող է կանգ առնել ու սպասել: Թողեք նախ ստորագրությունս դնեմ... Ձեր զգուշացումները հետո կարող եք տալ:
Այնպես էլ չէ, որ ինքս ինձ չեմ կարող տալ այն հարցը, թե այսքան շատ զենք-զինամթերքի կողքին ինչպե՞ս կարող եմ ստորագրության միջոցով խաղաղություն հաստատել: Է՜հ, ի՜նչ անեմ, այս է բնությունս ու վերջ:
Եղե՞լ է արդյոք մի ժամանակ, երբ ես չեմ խաբվել Խաղաղությանը:
***
Միայն տեսեք, թե այս սրիկաներն ինչեր են ասում ինձ հիմարեցնելու համար:
«Խաղաղությո՛ւն ենք ուզում: Խոսում ենք մեզ շրջապատող մարդկանց, մեր կողակիցների, դրկիցների, գործընկերների հետ․ ոչ ոք պատերազմ չի ուզում: Բայց չենք կարողանում ձերբազատվել մեկուսացման զգացողությունից: Մեզնից յուրաքանչյուրը խաղաղություն է ուզում տարբեր պատճառներով: Մեզնից յուրաքանչյուրը ցավ է ապրում տարբեր կերպ: Բոլոր նրանք, ովքեր պատերազմ են ուզում, խոսում են նույն լեզվով: Պատերազմ ցանկացողները հզոր են: Պատերազմը վեր է խոյանում խաղաղություն ցանկացողների անօգնականության վրա:
Ամեն առավոտ կքում ենք դրա ծանր բեռի տակ: Եթե պատերազմի մեջ չենք, այն դիտում ենք լուրերով: Եթե պատերազմի մեջ ենք, ներքաշվում ենք դրա մեջ: Այս պատերազմի որոշումը մե՛նք չենք կայացրել: Բայց մենք կարող ենք կայացնել Խաղաղության որոշումը:
Խաղաղությունը մոռացության ենք մատնել: Բայց և այնպես, երբ մտածում ենք Խաղաղության մասին, կյանքը մեր դեմքին ժպտում է: Խաղաղության մասին օր օրի ավելի քիչ ենք հիշում: Ու երբ դրա հիշողությունը խամրում է, ինչպես օտարացած ընկերոջ դեմքը, թերևս մեր իսկ կյանքը սկսում է մեզնից երես թեքել: Պատերազմը լավ ենք ճանաչում․ իրենց տներից ու հայրենիքից վտարված մարդիկ, սով, հուսալքություն, մահ:
Բայց դեռևս կարող ենք պատկերացնել մեր իսկ մոռացած Խաղաղությունը: Երևակայելու կարողությունը մեր ամենամեծ ուժն է: Ու երբ երևակայում ենք, Խաղաղությունը սկսում է շարժվել, նորից շունչ առնել: Նախ, թո՛ղ զենքերը լռեն: Մահը թո՛ղ լռի: Թո՛ղ խոսի կյանքը:
Իբրև կյանքի հրաշքին հավատացող մարդիկ, եկե՛ք թույլ չտանք, որ պատերազմը մտնի մեր ու կյանքի արանքը: Ով էլ լինենք, ինչ համոզմունքի ու կարծիքի էլ լինենք, ինչ կերպ էլ որ պատերազմը մեր կյանքերը ներխուժած լինի, բոլորս էլ կարող ենք մեր ստորագրությունը դնել այդ նույն պարզ, հստակ պահանջի տակ: Ինչքան խաղաղություն ցանկացողներս հեռու մնանք իրարից, այնքան կնահանջի Խաղաղությունը: Ուրեմն եկե՛ք միլիոնավոր մարդկանցովմիավորվենք: Թող այս Խաղաղությունը լինի մե՛ր Խաղաղությունը:
Բոլոր նրանք, ովքեր խաղաղություն են ուզում, եկե՛ք խաղաղություն հաստատենք մեր մեջ հանուն Խաղաղության: Թո՛ղ միլիոն ստորագրություն լինի հանուն Խաղաղության: Եկեք ամենքս մեկական ստորագրություն տանք հանուն Խաղաղության»:
***
Ու ես տվեցի այն...
Թո՛ղ իմ ստորագրությունից մահանա պատերազմը, իսկ իմ մահը թո՛ղ լինի հանուն խաղաղության: