Հայաստան-Թուրքիա ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի միջոցով Հրանտ Դինք հիմնադրամը փորձում է սերտ կապեր հաստատել երկու հարևան երկրների ժողովուրդների միջև։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում այս նպատակով ձեռնարկված Հայաստան- Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջսահմանային հարաբերություններն ու համագործակցությունը` միաժամանակ ամրապնդելով երկու մշակույթների միջև կապը։

Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր թաղամաս և նույնիսկ յուրաքանչյուր կառույց ունի իր ինքնությունը: Ներկայումս քաղաքային բնակավայրերի մեծ մասում տեղի ունեցող արագ փոխակերպումները տանում են դեպի ինքնության փոփոխության, իսկ այդ փոփոխությունները նաև ազդում են հասարակության տարբեր շերտերի համար այդ տարածքների իմաստի ընկալման վրա։ Արփենիկ (Արփի) Աթաբեկյանը հետազոտում է, թե ինչպես են տարածքները ձևավորվում գենդերային տեսանկյունից: Արփենիկն իր հետազոտությունը սկսել է Երևանում, այնուհետև, որպես Փորձի փոխանակման նախագծի մասնակից, վեց ամիս շարունակել է իր հետազոտությունը Ստամբուլում, որտեղ վերլուծել է Քարաքյոյ թաղամասը կնոջ ինքնության տեսանկյունից:
 

Արփենիկ Աթաբեկյանը բակալավրի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության ամբիոնից և Սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում՝ Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի և Հումբոլդտի համալսարանի համատեղ ծրագրից: Ժամանակակից թուրք գրականությունից նա մի քանի վեպ է թարգմանել արևելահայերեն։ Ներկայումս ասպիրանտ է Գերմանիայի Յենա քաղաքի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանում: Նրա գիտական թեզի թեման է` «Կանանց բացառման քարտեզագրումը. մասնավորը, հանրայինը և գենդերային տարածքների ստեղծումը քաղաքային Երևանում»: Արփենիկն ավարտել է իր փորձի փոխանակումը «Ստամբուլից անդին» տարածքային արդարության կենտրոնում, որտեղ նրա ուսումնասիրության կենտրոնում էին Ստամբուլի Քարաքյոյ թաղամասի գենդերային տարածքների քարտեզագրումը:

Յաշար Ադանալըն հյուրընկալող կազմակերպության՝ «Ստամբուլից անդին» տարածքային արդարության կենտրոնի համահիմնադիրներից և ծրագրի համակարգողներից է։ Նա նշում է, որ իրենց կենտրոնում աշխատում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ինչպիսիք են ուրբանիստները (այդ թվում` ինքը), ճարտարապետները, սոցիոլոգները, լրագրողները, արվեստագետները և այլն: Նրանց հիմնական նպատակն է այս տարբեր ոլորտների բազմազանությունը միավորել այնպիսի նախագծերի մշակման շուրջ, որոնք էական են Ստամբուլում և դրանից այն կողմ տարածքային արդարության խնդիրների համար։ Ադանալըն ասում է, որ շնորհիվ Արփենիկի ակադեմիական փորձի և անձնական հետաքրքրությունների՝ նրա ներգրավվածությունն ու նպաստն օգնել են կենտրոնին գենդերային տեսանկյունից վերանայել Քարաքյոյ թաղամասը (որտեղ իրենց գրասենյակն է գտնվում) և վերլուծել այնտեղ ամփոփված գենդերային հավասարությունն ու անհավասարությունը: 

Արփենիկ Աթաբեկյանն ու Յաշար Ադանալըն խոսել են Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի իրենց փորձառության մասին և առաջարկներ արել ապագա մասնակիցներին ու հյուրընկալող կազմակերպություներին։

Ի գիտություն տեսանյութերն ունեն հայերեն, թուրքերեն և անգլերեն ենթագրեր:


2016-2017 թվականների ընթացքում Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծն իրականացվում է 
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում։