Հայաստան-Թուրքիա ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի միջոցով Հրանտ Դինք հիմնադրամը փորձում է սերտ կապեր հաստատել երկու հարևան երկրների ժողովուրդների միջև։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում այս նպատակով ձեռնարկված Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջսահմանային հարաբերություններն ու համագործակցությունը` միաժամանակ ամրապնդելով կապերը երկու մշակույթների միջև և դրանով իսկ ուժեղացնելով բազմամշակութայնության գիտակցությունը։
Կարելի է ենթադրել, որ, ընդհանուր առմամբ, Թուրքիայի ժողովուրդների գիտելիքները հարևան երկրների մասին հիմնականում շատ սահմանափակ են, և նույնիսկ այդ դեպքում ներկայիս պատկերացումները մեծապես ստվերված են կարծրատիպերով և նախապաշարմունքներով: Անցյալի ճնշման, փակ սահմանների և փոխադարձ անվստահության պատճառով Հայաստանի մասին ընկալումներն է´լ ավելի խորը նախապաշարմունքների ազդեցության տակ են: Անահիտ Ղազարյանը, ով Ստամբուլ է եկել Փորձի փոխանակման նախագծի շրջանակում, արևելահայերեն է դասավանդում Քադիր Հաս համալսարանի Շարունակական կրթության կենտրոնում: «Հարևան լեզուների ակադեմիա» ծրագրի ներքո հայերեն դասավանդելիս Անահիտն իր ուսանողներին նաև անմիջական տեղեկություններ է տալիս հայաստանյան մշակույթի մասին, ինչն իր հերթին օգնում է նվազեցնել կանխակալությունը:
Անահիտ Ղազարյանը բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից՝ համաշխարհային գրականության և գրականագիտության մասնագիտությամբ: Ուսումն ավարտելոց հետո Անահիտը երկու տարի աշխատել է որպես ռադիոլրագրող՝ վարելով մշակութային բլոգ և երկու ռադիոհաղորդումներ: Միևնույն ժամանակ, նա նաև հարցազրույցներ էր վարում և հոդվածներ գրում «Կինո +» ամսագրի համար: 2014-2016 թվականներին սովորել է Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտում: Նրա հետաքրքրությունների թվում են սովետական և ժամանակակից արվեստը, արվեստի և փիլիսոփայության փոխհարաբերությունները: Որպես ինստիտուտում իր ուսման մաս, Անահիտը ներկայումս աշխատում է «Նու-բա-րա-րած» բազմոլորտային փառատոնում որպես հետազոտող-համադրող: 2015 թվականից Անահիտը լեզու է դասավանդել «Դեպի Հայք» հիմնադրամում, իսկ 2016-ի նոյեմբերից, որպես Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի մասնակից, նա արևելահայերենը որպես օտար լեզու դասավանդում է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Շարունակական կրթության կենտրոնում:
Հյուրընկալող կազմակերպության՝ Քադիր Հաս համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի ներկայացուցիչ Դորուխան Դեմիրբիլեկը նշում է, որ Անահիտի ներկայությունն իրենց հաստատությունում և իրենց կենտրոնի՝ Փորձի փոխանակման նախագծի մաս լինելը հրաշալի հնարավորություն է իրենց համար։ Նրա բնորոշմամբ՝ այս ծրագրի միջոցով ոչ միայն նպատակ ունեն լեզվական կրթություն կազմակերպել, այլև հարևան երկրների մշակույթները ներկայացնելու հնարավորությունն օգտագործել: Ըստ Դորուխան Դեմիրբիլեկի, Անահիտի ավանդն իրենց կենտրոնում շատ կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու համար և դրա ապացույցն են այս կիսամյակում արևելահայերենի դասերի հաճախող ուսանողներից ստացված բոլոր դրական արձագանքները:
Անահիտ Ղազարյանն ու Դորուխան Դեմիրբիլեկը խոսել են Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի իրենց փորձառության մասին և առաջարկներ արել ապագա մասնակիցներին ու հյուրընկալող կազմակերպություներին։
Փորձի փոխանակման նախագծի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ։
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»
ծրագրի շրջանակում։