Հրանտ Դինք հիմնադրամը 2009 թ․-ից ի վեր իրականացնում է «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագիրը։ Այն, ըստ էության, հետազոտություն է, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել էթնիկ ու կրոնական ինքնությունների նկատմամբ խտրական լեզվի, սեքսիստական ու նույնասեռատյաց դիսկուրսի ու ատելության խոսք պարունակող լուրերի վրա՝ այդ կերպ բարձրացնելով հանրային իրազեկվածությունն ընդդեմ նման հրապարակումների, նպաստելով լրատվամիջոցներում ատելության խոսքի նվազեցմանը։ Լայն իմաստով, ծրագրի նպատակն է «ատելության խոսքի» հասկացության մասին տեղեկացվածության բարձրացումը, խտրական ու ռասիստական դիսկուրսի դեմ պայքարելու մեթոդների քննարկման համար հարթակի ստեղծումն ու ավելի հարգալից ու մարդու իրավունքների ու փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից ավելի տեղեկացված լեզվի կիրառման խթանումը։

Սույն ծրագրի շրջանակներում ուսումնասիրվում են համապետական ու տեղական մամուլի լուր և լրագրողական կարծիք հանդիսացող հոդվածները և առանձնացվում նրանք, որոնցում կա խտրական, լուսանցքավորող ու թիրախավորող դիսկուրս։ Այս նյութերն ամենօրյա պարբերականությամբ արխիվացվում են Հրանտ Դինք հիմնադրամի գրադարանում, իսկ առանձնացվածները տարածվում են սոցիալական մեդիաների ցանցերով՝ ուղեկցվելով համառոտ վերլուծությամբ։ Չորսամսյա պարբերականությամբ հրատարակվում է ատելության խոսք պարունակող բացահայտված նյութերի քանակական ու որակական վերլուծության զեկույց։

2013 թ․-ից ի վեր լրատվամիջոցներում ատելության խոսքի հետևողական մշտադիտարկմանն ավելացել է նաև խտրական դիսկուրսի թեմատիկ պարբերական վերլուծություն։ Զեկույցին վերաբերող չորս ամսվա շրջանում տեղ գտած խտրական դիսկուրսի առանձին թեմայի շուրջ մանրամասն վերլուծություն է կատարվում՝ յուրաքանչյուր թեմայով մշակված առանձին հետազոտական մեդոդաբանությամբ։

Լրատվամիջոցների մշտադիտարկման ծրագրի մեթոդը

Ատելության խոսքի մշտադիտարկման շրջանակներում մեդիա մշտադիտարկման կենտրոնը կանխորոշված բանալի բառերի հիման վրա (օրինակ՝ դավաճան, դավանափոխ, փախստական, քրիստոնյա, հրեա, սեպարատիստ և այլն) իրականացնում է համապետական բոլոր թերթերի ու շուրջ 500 տեղական թերթերի ուսումնասիրություն։

Թեև հիմնական թիրախը ազգային, էթնիկ ու կրոնական ինքնությունների հիմքով ատելության խոսքի բացահայտումն է, ուսումնասիրվում են նաև սեքսիստական ու նույնասեռատյաց դիսկուրսները։ Մեդիա հետազոտություններում հաճախ գործածական դիսկուրս անալիզի մեթոդն է կիրառվում, ինչպես նաև հարակից այլ տեխնիկաներ։ Ըստ վերլուծված նյութի՝ բացահայտվում է, թե որտեղ (որ թերթերում), ինչպես և ինչ աղբյուրներով է առավել հաճախ արտադրվում ատելության խոսք և ում է այն թիրախում։

Ատելության խոսքի մեր սահմանումը հիմնված է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի կողմից 1997 թ․ ընդունված Ատելության խոսքի մասին հանձնարարականի վրա։ Ըստ այդմ, ատելության խոսքը «ընդգրկում է արտահայտվելու բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, խրախուսում ու արդարացնում են ռասայական ատելությունը, այլատյացությունը, հակասեմականությունն ու անհանդուրժողականության վրա հիմնված ատելության այլ ձևերը, ներառյալ՝ անհանդուրժողականություն արտահայտված ագրեսիվ ազգայնականության, էթնոցենտրիզմի, փոքրամասնությունների, գաղթականների և գաղթական ծագման անձանց նկատմամբ խտրականության ու թշնամանքի տեսքով»։

Ատելության խոսք պարունակող ընտրված լրատվական նյութերը խմբավորվում են ըստ որդեգրված դիսկուրսի հատկանիշների։ Ատելախառն դիսկուրսի կատեգորիաները, որոնք որոշվում են միջազգային գիտական ուսումնասիրությունների հիման վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով տվյալ երկրին բնորոշ լեզվական ու մշակութային տարբերությունները, հետևյալն են՝

  1. Չափազանցություն/ վերագրում/ աղավաղում։ Սա ցանկացած դիսկուրսն է, որում կա որևէ համայնքի թիրախավորող ընդհանրացում, աղավաղում, չափազանցություն կամ ընդհանուր առմամբ բացասական վերագրում ՝ հիմնվելով առանձին անհատի կամ իրադարձության վրա (օրինակ՝ «Հերիք եղան այդ սիրիացիները»)
  2. Հայհոյախոսություն/ վիրավորանք/ զրպարտություն։ Սա ցանկացած դիսկուրսն է, որը պարունակում է որևէ համայնքի վերաբերյալ հայհոյախոս, վիրավորական կամ զրպարտիչ արտահայտություններ (օրինակ՝ «դավադիր», «դավաճան»)
  3. Թշնամանքի/պատերազմի դիսկուրս։ Սա ցանկացած դիսկուրսն է, որը պարունակում է որևէ համայնքի վերաբերյալ թշնամական, պատերազմատենչ արտահայտություններ (օրինակ՝ «Հույների բռնությունը»)
  4. Խորհրդանշում/ որևէ ներհատուկ ինքնության գործածումն իբրև ատելության կամ նվաստացման հիմք։ Ցանկացած դիսկուրս, որն անձին ներհատուկ ինքնության որևէ կողմ օգտագործում է ատելություն առաջացնելու, նվաստացնելու կամ խորհրդանիշներով բնութագրելու համար («Մեզ Եվրատեսիլին հրեա՞ն է ներկայացնելու»)։