Հնդկաստանում մի խումբ կին ըմբիշներ, ովքեր բացահայտել են Հնդկաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի կողմից կանանց նկատմամբ սիստեմատիկ բռնությունները, ամիսներ շարունակ պայքարում են նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Մի երկրում, որտեղ գենդերային անհավասարությունը, կանանց նկատմամբ բռնությունը և վաղ ամուսնությունները սովորական երևույթներ են, իսկ կանանց իրավունքների խախտումները ինտենսիվ բնույթ են կրում, կին ըմբիշները շարունակում են իրենց օրինական և հրապարակային պայքարը: Չնայած այս ամենին, կառավարությունը լիովին անտեսում է այս կանանց արդարության պահանջները:
Վրաստանում մի օրինագիծ ներկայացվեց, որի համաձայն՝ իր ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը արտերկրից ստացող ցանկացած կազմակերպություն պետք է գրանցվեր որպես «օտարերկրյա գործակալ», իսկ հակառակ դեպքում նման կազմակերպությունները կենթարկվեին մեծ տուգանքների: Վրաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով, որ այս հակաժողովրդավարական օրինագիծը չընդունվի, քաղաքացիական հասարակության գործունեությունը չսահմանափակվի, չլռեցվի ազատ մամուլը։
Թուրքիայի «Մենք ուզում ենք ապրել միասին» նախաձեռնությունը 2019 թ. ի վեր դարձել է ներգաղթյալների ձայնը՝ ընդդեմ խոր աղքատության և իրավունքների ոտնահարման, աճող ռասիստական սպառնալիքների և ատելության խոսքի: Նախաձեռնությունը, որ կազմված է կամավորներից, «Առանց սահմանների, առանց շահագործման, առանց աքսորի աշխարհ» կարգախոսով շարունակում է իր համերաշխությունը հայտնել որպես թիրախ ներկայացվող ներգաղթյալներին։
Հունվարին Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր սկսեցին՝ դատական համակարգի անկախության վրա խորապես անդրադարձող բարեփոխումների նախագծի ընդունման մասին հայտարարությունից հետո։ Նախագիծը սահմանափակում է բարձրագույն դատարանի լիազորությունները և ներառում տարատեսակ փոփոխություններ։ Այս փոփոխություններից մեկն, օրինակ, իրավունք է տալիս իշխանությանը խոսք ունենալ դատավորներ նշանակելու գործընթացում: Նախագծին դեմ ուղղված արձագանքները վերածվեցին մեծ ակցիաների, որոնք ամեն շաբաթ իրականացվում էին բազմաթիվ քաղաքներում՝ հասարակության տարբեր խավերի մարդկանց մասնակցությամբ։
Ինդոնեզիայում յոթանասուն տարեկան Շրի Իրիանինգսիհը և Շրի Ռոսյատին ավելի քան քառասուն տարի աշպատում են օգնել երեխաներին ձեռք բերել հմտություններ և մուտք գործել կյանք, դառնալ դրա մի մասը՝ եկամտի անհավասարության առաջացրած բացասական հետևանքների ֆոնին: Մի երկրում, որտեղ հասարակության մեծ մասն աշխատում է ցածր աշխատավարձով և ոչ անվտանգ պայմաններում և ուր կրթություն ստանալու հավասար հնարավորություններ չկան, նրանք հիմնել են աղքատ երեխաների դպրոց՝ վերջիններիս համար ավելի լավ ապագա ապահովելու նպատակով։
Թուրքիայում՝ Դիարբեքիրի նահանգի Բաղլար թաղամասում, բռնության ենթարկված և տնտեսական անհավասարությունից տուժած կանանց զբաղվածությունը ապահովելու նպատակով մի նախագիծ ընդունվեց, որը հնարավորություն էր տալիս վերջիններիս շուկայում իրենց կրպակները բացել։ Նախագիծը սակայն փորձեցին կանխել տղամարդ առևտրականները։ Կին առևտրականները փորձեցին դիմադրել, նրանք պահակ էին կանգնում, հսկում, որ իրենց սեփական տաղավարները շուկայում իրենցից չխլեն։ «Այս տարածքը ստեղծված է կանանց համար: Մենք մեր տարածքը չենք զիջի տղամարդկանց։ Թող աչք չդնեն մեր հացին»,- ասում են այս կանայք՝ շարունակելով իրենց դիմադրությունը:
Մեծ Բրիտանիայում առաջարկվել է օրենքի փոփոխություն՝ ընդլայնելու ոստիկանության լիազորությունները՝ քաղաքացիներին կանգնեցնելու, խուզարկելու և բողոքի ցույցերը կանխելու համար։ Իրավապաշտպանները և հասարակությունը այս փոփոխությունը դիտարկում են որպես բողոքի իրավունքի ոտնահարում և մտահոգված են իրենց ազատության սահմանափակմամբ։ Նախագծի դեմ բողոքի ակցիաները և հասարակական մեծ արձագանքը շարունակվում են։
Թուրքիայի Ամասիա քաղաքի Չամբյուքու գյուղի գյուղատնտեսական հողատարածքների վրա կազմակերպված արդյունաբերական գոտի կառուցելու որոշման արդյունքում բուլդոզերներով ոչնչացվել են գյուղացիների մշակովի հողատարածքները, ընկուզենիները, խնձորենիները։ Չնայած ժանդարմերիայի միջամտությանը, ամիսներ շարունակ դիմադրող գյուղացիները վերջապես հաղթեցին։ Նախագիծը չեղարկելու մասին որոշումը վերջնականացվել է դատարանում։
Բրազիլացի Ալեսանդրա Քորափը երկար ժամանակ պայքարում է՝ մունդուրուկու բնիկ ցեղերի կողմից բնակեցված հողերը հանքաարդյունաբերության ավերածություններից պաշտպանելու համար: Նկատի ունենալով հանքաարդյունաբերության հետևանքով առաջացած առողջական վտանգները՝ տեղական համայնքի կազմակերպչական հարցերով զբաղվող Քորափը, չնայած նրա առջև ծառացած բոլոր խոչընդոտներին, կարողացավ չեղարկել անգլոամերիկյան ընկերությունների հանքաարդյունաբերության հետախուզման 27 դիմում: Սա մի յուրահատուկ հաղթանակ էր նրա կողմից բնիկ ժողովուրդների համար մղվող պայքարում։
Կիպրոսում առաջին անգամ ացկացվեց [երկհամայնքային] «Հպարտության շքերթ»՝ ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտում։ Հակառակ նախորդ տարիներին սահմանի երկու կողմերում անցկացված երթերի` այս տարվա անդրսահմանային հանդիպման մասնակիցները ցանկություն հայտնեցին մաս կազմել խաղաղ գործընթացին, ինչպես նաև արտահայտեցին իրենց ցանկությունը՝ ունենալու բազմամշակութային և միասնական կղզի։
Ֆրանսիայի «Allaitantes Des Bancspublics», «Magic Maman» և «CoFaM» հարթակները մեկնարկել են «Uncover» [«բացահայտել»] անունով մի արշավ, որի նպատակն է աջակցել հանրային ոլորտում կրծքով կերակրման հանդեպ նորմալ վերաբերումքի ձևավորմանը։ Արշավի ընթացքում մշակվել է ամսագրի շապիկ, որը ընթերցողին հիշեցնում է կրծքով կերակրող կնոջ: Այս ամսագիրը հասավ միլիոնավոր մարդկանց՝ տարածվելով Ֆրանսիայի շատ մեծ քաղաքներում։
Թուրքիայում ավելի քան երկու տարի շարունակվում է Միլյասում գտնվող Աքբելեն անտառում ածուխի արտադրության համար ծառեր կտրելու և հանքաարդյունաբերության տարածքների ընդլայնման դեմ խիստ հսկողությունը։ Չնայած մինչ այժմ արձանագրված իրավական ձեռքբերումներին, նոր կանոնակարգով ձիթապտղի այգիները հասանելի են դարձել հանքաարդյունաբերական ծրագրերի համար, և հանքաարդյունաբերական ընկերությունը սկսել է ծառահատումներ կատարել: Իքիզքյոյ թաղամասի և բնապահպանության ջատագովները դիմադրում են երկու հարյուր տարվա պատմություն ունեցող անտառի պաշտպանության համար։
Թուրքիայի երկրաշարժը ահռելի մարդկային կորուստներ պատճառեց և ուղղակիորեն ազդեց տասը քաղաքի վրա։ Մենք երախտապարտ ենք բոլոր կամավորներին, հասարակական կազմակերպություններին և փրկարարական խմբերին, ովքեր երկրի և աշխարհի շատ մասերից շտապեցին Թուրքիա և մեծ համբերությամբ և տոկունությամբ կանգնեցին կողք կողքի՝ մարդկանց օգնելու և թեկուզ մեկ մարդու կյանքին դիպչելու համար։ Մենք համերաշխությամբ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս աշխատում են երկրաշարժից տուժածների հետ՝ փորձելով հասանելի դարձնել վերջիններիս համար իրենց հիմնական իրավունքները, ինչպիսիք են կացարանը, ջուրը և կրթությունը: