2018թ․ հունվարին Գեբզեում Ֆլորմարի շուրջ 120 աշխատակցուհի, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքներից, միավորվեցին և պիկետի գործողություն սկսեցին գործարան տարածքում: Բողոքող կանանց և աշխատանքը շարունակողների միջև կապը կտրելու համար սեփականատերերը գործարանի մուտքը պատեցին բրեզենտե պատնեշով և փշալարերով: Բազմաթիվ մարդիկ, մասնավորապես կանայք, բոյկոտեցին Ֆլորմարի արտադրանքը՝ ի աջակցություն այն աշխատակիցների, ովքեր բողոքում էին աշխատանքային վատ պայմանների և աշխատավայրում սեքսիզմի դեմ:
Միացյալ Նահանգներում՝ Ֆլորիդայի ավագ դպրոցում նախկին ուսանողի զինված հարձակման արդյունքում 17 մարդ զոհվեց: Ի պատասխան՝ 50 նահանգների ուսանողները բողոքի երթեր ու նստացույցեր կազմակերպեցին: Սպիտակ տան առջև թողնելով զինված հարձակումների արդյունքում սպանված երեխաներին խորհրդանշող 7000 զույգ կոշիկ՝ նրանք պահանջեցին անձնական հրազենի կիրառման սահմանափակումներ և սկսեցին «Երթ հանուն մեր կյանքի» արշավը, որը լայն աջակցություն ստացավ:
Բժիշկ Գամալ Ալբինսաիդն Ինդոնեզիայից, որտեղ քաղաքացիների 60% -ը չունի բժշկական ապահովագրություն, միկրոապահովագրման ծրագիր մշակեց՝ աղքատներին առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորություն ընձեռելու համար: «Աղբի կլինիկական ապահովագրություն» անվանումով ծրագիրն առողջապահական ծառայություններ է մատուցում աղքատ հիվանդներին՝ իրենց բերած աղբի դիմաց: Համակարգը գոյատևում է այն գումարով, որ ստացվում է օրգանական թափոններից արտադրված պարարտանյութի, ինչպես նաև վերամշակվող նյութերի՝ ջրի պլաստիկ շշերի և ստվարաթղթի վաճառքից:
Ստամբուլում Այշեգյուլ Սելենգա Տաշքենթի և Դելիզիա Ֆլաքավենտոյի հիմնադրած Սիցիլյա Դեմիրսպորը տարբեր սեռերից բաղկացած թիմեր է ձևավորում, որտեղ տղամարդիկ ու կանայք կարող են զարգացնել համատեղ պայքարի պրակտիկան և «լավ ֆուտբոլ» խաղալ այն հանդիպումների միջոցով, որոնցում, ի տարբերություն կոմերցիոն ֆուտբոլի, ոչ մի հաշիվ չի պահվում, չկա ոչ գարշելի լեզու ոչ մրցավարներ: Անցկացնելով մրցույթներ, որոնցում տղամարդիկ և կանայք մասնակցում են ինչպես հավասարը հավասարի հետ նույնիսկ գյուղերում, նրանք ցույց են տալիս, որ սպորտը կարող է լինել համերաշխության տարածք:
Մեքսիկայի Լա Պատրոնա քաղաքում կանայք սնունդ ու ջուր են բաժանում միգրանտներին, ովքե փորձում են հասնել ԱՄՆ: Երկաթգծերի երկայնքով սպասելով՝ կանայք շարժվող գնացքներում գտնվողներին նետում են սննդի փաթեթները, որոնք նախապես են պատրաստում: 1995թ. Նորմա Ռոմերոյի կողմից ձևավորված տասնհինգ հոգանոց խումբը հայտնի է որպես Las Patronas («Սրբեր»):
Իրանի մայրաքաղաք Թեհրանում Վիդա Մովահեդը բողոքում էր պարտադիր հիջաբի դեմ՝ փայտի ծայրին կապած սպիտակ գլխաշոր ծածանելով: Բողոքի ակցիան լայնածավալ արշավի մեկնարկ հանդիսացավ։ Մասիհ Ալինեջադի սկսած «իմ ծածուկ ազատությունը» արշավում կանայք ամեն չորեքշաբթի սոցիալական ցանցերում կիսվում էին սպիտակ հագուստով իրենց լուսանկարներով, ձեռքերում սպիտակ գլխաշոր բռնած: Ալինաջադը նաև կոչ է անում տղամարդկանց մասնակցել քաղաքացիական անհնազանդության այս գործողությանը, որը ստացել է «սպիտակ չորեքշաբթի» անվանումը:
Թուրքիայում Քոջաելիի Համերաշխության Ակադեմիան (ՔՀԱ), որը հիմնվել է Քոջաելիի համալսարանի ակադեմիկոսների, ովքեր աշխատանքից հեռացվել էին խաղաղության նախաձեռնություն ստորագրելու համար, ինչպես նաև նրանց հետ համամիտ դեռևս աշխատող ակադեմիկոսների կողմից, անվճար դասընթացներ և սեմինարներ է անցկացնում հասարակական բոլոր շերտերի հետ: 2018թ․ գարնանային կիսամյակում ՔՀԱ-ն համալսարանական ֆակուլտետների ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց այլընտրանքային ակադեմիա, որը նրանք անվանեցին «Կյանքի դպրոց» (Hayat Bilgisi Okulu):
Քենիայում Սամբուրու ցեղի անդամ Ռեբեկկայի և բռնաբարության զոհ դարձած տասնհինգ կանանց կողմից ձևավորված Ումոջա Ուասո կանանց գյուղն ապաստան է տրամադրում կանանց և նրանց երեխաներին, ովքեր փախչում են նահապետական մշակույթից, ընտանեկան բռնությունից, բռնաբարությունից, մանկական ամուսնությունից և կանանց սեռական օրգանների խեղումից: Սաֆարի զբոսաշրջության ճամբար վարելով, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ պատրաստելով և վաճառելով՝ գյուղի բնակիչները պահպանում են իրենց հասարակությունը, որը ստեղծվել է որպես համերաշխության և ինքնապաշտպանության խթան։ Եվ չնայած տղամարդկանց կողմից խափանման փորձերին, անցկացվում են հավաքույթներ, որտեղ նրանք խրախուսում են շրջակա գյուղերի կանանց պահանջել իրենց իրավունքները:
Իսրայելում հուլիսի 19-ին խորհրդարանն ընդունեց «Հրե ազգի պետության օրինագիծը», որը մշակվել էր արաբերեն լեզուն պաշտոնական կարգավիճակից զրկելու նպատակով։ Ի պատասխան՝ Թել Ավիվում ընդդեմ յդ օրենքի համատեղ բողոքի ցույցեր կազմակերպեցին տարբեր հասարակական կազմակերպություններ։ Հազարավոր հրեաներ և արաբներ հավաքվել էին Հաբիմա հրապարակում և վիճարկում էին օրենքը՝ մասնակցելով բեմից անցկացվող զանգվածային արաբերենի դասին և երաժշտական նվագակցությամբ երգելով եբրայերեն և արաբերեն երգեր:
Ստամբուլում Կանունի Սուլթան Սուլեյմանի կրթական և հետազոտական հիվանդանոցի սոցիալական ծառայությունների մասնագետ Իքլալ Ն․-ն նկատեց, որ իր հինգ ամսվա ծառայության ընթացքում հիվանդանոց է եկել մոտ 250 հղի երեխա, որոնցից 39-ը սիրիացի, 38-ը` 15 տարեկան, սակայն այդ երեխաներից 115-ի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի տրամադրվել ոստիկանությանը կամ սոցիալական ծառայությունների բաժնին: Հիվանդանոցի ղեկավարությանն ու դատախազությանը տեղեկացնելուց հետո, Իքլալ Ն․-ին երկու անգամ վերանշանակեցին այլ վայրերում:
Միացյալ Նահանգներում ընդդեմ ներգաղթյալների երեխաներին ընտանիքներից բաժանելու կառավարության քաղաքականության հարյուր հազարավոր մարդկանց բողոքներից հետո նախագահ Թրամփը խոստացավ, որ ընտանիքները երեխաների հետ կպահվեն ներգաղթի կենտրոններում: Սակայն, երբ վարչակազմը միջոցներ չձեռնարկեց իրենց ընտանիքներից խլված ավելի քան 2000 երեխաների համար, մեծաթիվ քաղաքացիներ բողոքի ցույցեր սկսեցին երկրի տարբեր քաղաքներում՝ #ԸնտանիքներըՊետքէՄիասինԼինեն կարգախոսով: Վաշինգտոնում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվեց կարգախոսով վահանակներ կրող գրեթե 600 կին:
Հայաստանի Գյումրի քաղաքում 2018-ի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանի կողմից մեկնարկած երթ, որը բողոք էր երկրի օլիգարխիկ կառույցի և կոռուպցիայի դեմ, վերածվեց գունագեղ, ստեղծագործ և խաղաղ ցույցերի, որին մասնակցում էին ամեն տարիքի և ոլորտի հազարավոր մարդիկ՝ կանայք և տղամարդիկ, երիտասարդներ և ծերեր: Մոտ մեկ ամիս հայ ժողովուրդը շարունակեց ցույցերը` պահանջելով ժողովրդավարություն, արդարություն և թափանցիկություն՝ ոչ բռնի, զվարթ մթնոլորտում` ոգեշնչելով մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպաններին աշխարհով մեկ:
Սիրիացի բժիշկ Ամանի Բալուրը հիվանդանոց է ղեկավարում Հյուսիսային Գուտայում՝ երկրում պատերազմից առավել տուժած շրջաններից մեկում: Որպես կին՝ իր մասնագիտությունն իրականացնելիս նա ենթարկվում է խտրականության ու քննադատության, իսկ որոշ հիվանդներ անգամ հրաժարվում են խոսել նրա հետ, քանի որ նա կին է: Վճռելով մնալ Սիրիայում պատերազմական ծանր պայմաններում՝ Բալուրը կարծում է, որ հասարական փոփոխություններ առաջ բերելու համար շատ կարևոր է, որ կանայք պահպանեն իրենց ներկայությունն ու գործունեությունն այս միջավայրում:
Հուլիսի 24-ին Շվեդիայի Գյոթենբուրգի օդանավակայանում 21-ամյա ուսանողուհի Էլին Էրսոնը գտնվում էր արտաքսված աֆղան գաղթյալ տեղափոխող ինքնաթիռում: Հայտարարելով, որ դա անօրինական է, Էրսոնը հրաժարվեց իր տեղն զբաղեցնել՝ մնալով կանգնած և հետաձգելով թռիչքն այնքան ժամանակ, մինչև արտաքսման հրամանը չեղյալ հայտարարվեց: Երիտասարդ ակտիվիստի գործողությունը, որն ուղիղ հեռարձակվեց սոցիալական ցանցերում և արժանացավ նաև ուղևորների աջակցությանը, պատմության մեջ մտավ որպես քաղաքացիական անհնազանդության հաջող գործողություն:
Թուրքիայում Բուրաք Աչերակիսի կողմից մեկնարկված UpSendrom նախագիծը միավորում է կամավոր մասնագետներին այնպիսի ընտանիքների հետ, ովքեր չեն կարողանում իրենց Դաունի համախտանիշ ունեցող երեխայի համար բժշկական վկայական ստանալ կամ սխալ վկայական են ստանում կամ էլ աշխարհագրական պատճառներով պայմանավորված չեն կարողանում դիմել մասնագետ թերապևտի: Թեպետ «դաուն» բառը կապված է այս գենետիկ անոմալիան հայտնաբերած բժշկի հետ, միևնույն է բացասական կերպ է ընկալվում: Այս տպավորությունը ցրելու համար «UpSyndrome» կոչվող սույն նախաձեռնությունը բարձրացնում է Դաունի համախտանիշով տառապողների իրավունքների իրազեկությունը:
1984թ․ Եգիպտոսում կազմավորված Բնապահպանական Ասոցիացիան կանանց կարդալ և գրել, ինչպես նաև գործարանային թափոններից իրեր պատրաստել է սովորեցնում: Կահիրեի շրջանում հայտնի «աղբի քաղաքում» կանայք օգտագործում են գործարանների կողմից ամեն օր դեն նետվող 7000 տոննա թափոն գործվածք՝ գորգեր, լոգանքի գորգեր և սփռոցներ պատրաստելու և վաճառելու համար: Ներկայումս Ասոցիացիան վերամշակման կրթություն է ապահոում գրեթե 200 մարդու:
Օսման Կավալան իր կյանքի մի մաս դարձնելով խաղաղության, հավասարության և արդարության սկզբունքները և անգնահատելի ներդրումներ ունենալով այդ սկզբունքներին համապատասխան քաղաքացիական հասարակության անկախ գործունեության մեջ, հիմնադրեց Anadolu Kültür-ը («Անատոլիայի մշակույթ»), որի միջոցով նա աջակցել և միավորել է մարդու իրավունքների, մշակութային իրավունքների և խաղաղության համար աշխատող անհամար մարդկանց և կազմակերպությունների։ Պատերազմի ընթացքում նա կազմակերպում էր լուսանկարչական սեմինարներ, ինչպես նաև գրականության և կինոյի օրեր: 2011-ի Վանի երկրաշարժից անմիջապես հետո գյուղից գյուղ շրջելով՝ նա կարիքների ցուցակ կազմեց, ձեռք բերեց անհրաժեշտ իրերը և բաժանեց դրանք: 2014-ի ամռանը նա վերստին գործի անցավ՝ հոգալու համար փախստականների ճամբարներում հայտնված հարյուր հազարավոր եզդիների կարիքները, ովքեր ԻՊ-ի հարձակումներից հետո փախել էին Թուրքիա: Նա պատվի է արժանացել թե Թուրքիայում, թե միջազգային հարթակներում՝ մարդու իրավունքների ոլորտում իր գործունեության համար:
2017թ․ հոկտեմբերի 18-ին նա բերման ենթարկվեց: Չնայած նրա դեմ մեղադրական եզրակացություն չկա, նա 332 օր է, ինչ գտնվում է Սիլիվրի բանտում։ Փորձ է արվել կեղծ լուրերի և երկարաժամկետ ազատազրկման միջոցով ստվեր նետել նրա կյանքի ու գործունեության վրա: Մենք կարոտում ենք Օսման Կավալային և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան: