Ուկրաինուհի բալետի ուսուցչուհի Թամարայի ջանքերով Գազայի Ալ-Քաթթան մանկական կենտրոնը մեկնարկեց երկրում բալետի առաջին դասընթացը: Թամարայի բալետի դասերը հույսի փարոս դարձան հինգից ութ տարեկան հիսուն երեխաների և նրանց ընտանիքների համար: Չնայած Գազայի շարունակական վախի և բռնության միջավայրին, որում ապրում են այդ երեխաները, նրանք դիմադրում են պատերազմի պատճառած կործանումներին՝ հոգալով իրենց մարմինների ու հոգիների մասին:
Դիարբեքիրցի ուսուցչուհի Այշե Չելիկը դիմեց մի սիրված հեռուստաշոուի՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի արևելքում կռիվների և մարդու իրավունքների ոտնահարումների վրա հետևյալ ուղերձով․ «Թող մարդիկ ու երեխաները չմեռնեն, թող մայրերը չարտասվեն»: Ուղերձի պատճառով հարցաքննության ենթարկվելով՝ Չելիկը դարձավ Թուրքիայի արեւելյան նահանգների ժողովրդի խաղաղության հզոր ձայնը:
Իսպանիայի Բադալոնա շրջանի խորհրդարանի մահմեդական ներկայացուցիչ Ֆաթիմա Թալեփը հարսանիք կազմակերպեց միասեռական զույգի համար: Չնայած «մուսուլմանների խայտառակություն» պիտակին, ինչպես նաև բազմաթիվ հարձակումներին, նա ընդգծեց միասին ապրելու կարևորությունը և պնդեց, որ աշխարհն առանց նախապաշարումների, ատելության և վախի հնարավոր է: Հանդիսանալով նաև ԼԳԲՏԻ շարժման ձայնը, Թալեփը շարունակում է իր պայքարը ռասիզմի և հոմոֆոբիայի դեմ:
Իզմիրում «ժողովուրդներին կամրջող» ասոցիացիան զբաղվում է փախստականների աջակցությամբ, նրանց անձնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ և նրանց կենսապայմանների մասին հասարակությանը իրազեկելով: 2014-ից ի վեր ասոցիացիան աջակցել է տասնյակ հազարավոր փախստականների՝ հոգալով նրանց հիմնարար մարդու իրավունքների և հատկապես առողջապահության մասին: Իրենց համատեղ ջանքերով ասոցիացիայի անդամները նպատակ ունեն հասնելու ժողովուրդների հավասարության և ձևավորել ազատության և արդարության վրա խարսխված ընդհանուր բարեկամություն:
Գամբիայում կանայք մեկնարկեցին մի արշավ՝ միտված կանանց սեռական օրգանների խեղումն արգելելուն: Սովորույթն անօրինական հռչակելով՝ նախագահ Յահյա Ջամեն նշեց, որ խեղման զոհ դարձած կանանց հզոր, վճռական պայքարն անմիջական դեր է ունեցել որոշման մեջ: Կանայք շարունակում են պայքարը, որպեսզի այս որոշումն օրինակելի լինի աֆրիկյան այլ երկրների համար:
Թուրքիայի՝ «Ես քայլում եմ դեպի խաղաղություն» խորագիրը կրող նախաձեռնությունն իր «Կյանք, ոչ թե մահ» կարգախոսով Թուրքիայի արևմտյան ծայրամասից շարժվեց դեպի իր արևելյան ծայրամաս: Գերակշիռ մասով կանանցից կազմված խումբը սոցիալական ցանցերի միջոցով արագորեն ընդգրկեց մեծաթիվ մարդկանց և խաղաղության իր ուղերձը բերեց մի քանի տարբեր քաղաքներ: Քայլարշավը հույսի շող բերեց նրանց, ովքեր ցանկանում էին խաղաղության ձայնը բարձրացնել քաղաքացիական ուղղվածություն ունեցող հարձակումների դեմ:
Անգլիայում «Թող խաղալիքները խաղալիք մնան» խումբը փորձում է արգելափակել գենդերային խաղալիքների վաճառքը: Իր աշխատանքի շնորհիվ կազմակերպությանը հաջողվել է «խաղալիքներ ըստ սեռի» կատեգորիան հանել Խաղալիքների ինտերնետային «R» Us խաղալիքների հայտնի ցանցից Միացյալ Թագավորություններում: Հայտարարելով, որ խաղալիքները չպետք է սահմանափակեն հոգեբանական և սոցիոլոգիական գենդերային ինքնությունները՝ կազմակերպությունը նաև աշխատում է մանկական գրքերի ոլորտում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
Ամասիայի Սուլուովա նահանգի բանվորների դիմադրությունը Ենի Չելտեկի հանքավայրը փակելու որոշման դեմ՝ ընտանիքների աջակցությամբ իր արդյունքը տվեց ավելի քան մեկ ամսվա ջանքերից հետո: Հանքի սեփականատերերի հետ խորհրդակցություններից հետո արհմիությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հանքը կվերաբացվի, և հանքավայրի թերությունները կվերացվեն: Հանքագործների կողմից այս վճռական դիմադրությունը վերջին տարիներին Թուրքիայում աշխատողների իրավունքների ոլորտում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դարձավ:
Իրաքում ամուսիններ Խալիլ Հասանն ու Ամինա Սաիդն աշխատում են ԻՊ-ի կողմից առեւանգված եզդի կանանց փրկելու ուղղությամբ: Ամինան ձայնագրում է օգնություն հայցող հեռախոսազանգեր եզդի կանանցից, իսկ ամուսինը` Խալիլը, գնում է Իրաք-սիրիական սահման և օգնում այդ կանանց ազատություն ստանալ: Մինչ օրս ազատելով ավելի քան հարյուր կանանց՝ ամուսիններն օգտագործում են սեփական ռեսուրսները տարածաշրջանում շարունակվող պատերազմի և մարդու իրավունքների ոտնահարումների դեմ պայքարում:
Իզմիրի Մենդերես նահանգի ուսուցիչ Սաադեթ Օզկանը հաղորդեց դպրոցի տնօրենի կողմից վեցից տասնմեկ տարեկան վեց աշակերտուհիների հանդեպ սեռական բռնության մասին: Տեղեկության արդյունքում տնօրենը 2014թ․ ձերբակալվեց, սակայն անբավարար ապացույցների հիմքով ազատ արձակվեց: Բայց ՀԿ-ների, փաստաբանների, պատգամավորների և կանանց կազմակերպությունների ճնշման արդյունքում կրկին ձերբակալվեց: Քանի որ անթիվ նման դեպքեր քողարկվում են, Սաադեթ Օզկանն իր քաջության և համառության շնորհիվ, դարձավ բռնության ենթարկված երեխաների և նրանց ընտանիքների ձայնը:
Երբ սիրիացի լողորդ Յուսրա Մարդինին հեռացավ իր երկրից և ճանապարհ ընկավ դեպի Հունաստան, դա նախանշեց հույսի և ուժի աննախադեպ մի պատմության սկիզբ: Երբ Էգեյան ծովի մեջտեղում նրանց նավակը սկսեց ջուր լցվել, նա և քույրը, ով նույնպես լողորդ է, ջուրը ցատկեցին և նավը քաշեցին դեպի Լեսբոս կղզի: Չորս ժամ լողալով՝ երկու քույրերը նավում գտնվող քսան մարդու կյանք փրկեցին: Այս ծանր ճամփորդությունից հետո Յուսրան հաստատվեց Գերմանիայում և ընտրվեց 2016թ. Փախստականների Օլիմպիական Թիմում լողալու համար:
Մերսինի բնակիչներ Սալման Քալենդերը, Ռամազան Գեդիկն ու Թուրաբի Ֆիդանը բանջարեղեն էին աճեցնում Մեզիթլիի քաղաքապետարանի կողմից գյուղատնտեսության համար տրամադրված երկու հեկտար հողատարածքում և իրենց արտադրանքը նվիրում քաղաքային խոհանոցին: Կամավորների կողմից այնտեղ պատրաստվող սնունդը կարիքավորներին բաժանվում էր քաղաքապետարանի կողմից տրամադրված մեքենաներով: Քալենդերի, Գեդիի և Ֆիդանի համերաշխությունը, Մեզիթլիի քաղաքապետարանի նորարար ջանքերի հետ կարող է օրինակ ծառայել այլ քաղաքապետարանների համար:
Դեկտեմբերին Խորվաթիայի և Սլովենիայի սահմանին տեղի ունեցավ յուրօրինակ բողոքի ցույց: Մարզիկներ, մանկավարժներ ու քաղծառայողներ, դեմ լինելով պետության կողմից կառուցված ցանկապատերին՝ իբրև փախստականների ճգնաժամի «լուծում», հավաքվեցին ցանկապատի երկու կողմերում և վոլեյբոլի մրցույթ անցկացրին՝ մետաղական պատնեշն օգտագործելով որպես ցանց: Ընդգծելով երկու երկրների սերտ պատմական կապերը` նրանք ուշադրություն հրավիրեցին այն բանի վրա, թե մետաղական ցանցն ինչ վնասներ է հասցնում կենդանիներին և սահմանի երկայնքով ապրող մարդկանց:
Ստամբուլից, Անկարայից ու Իզմիրից վաթսունութ լրագրողներ միավորվեցին՝ ի աջակցություն Թուրքիայի արևելյան նահանգներում մարտերի վերաբերյալ անկողմնակալ ռեպորտաժների և այդ տարածաշրջանում աշխատող լրագրողների և սկսեցին «Նորությունների հսկողություն»՝ «Մենք որոնում ենք ճշմարտությունը և աջակցում ենք մեր գործընկերներին» կարգախոսով։ Միաբանվելով հանուն մամուլի ազատության և ճշգրիտ տեղեկատվության իրավունքի՝ թիմի անդամները սոցիալական մեդիայի միջոցով կիսվում էին նորություններով, ծաղրանկարներով, նաև հարցազրույցներով՝ ընդգրկելով երկրի լայն լսարան:
Իսրայելում տասը հրեա և տասը արաբ կանանց կողմից ձևավորված «Ռանա» երգչախումբը երգի միջոցով ցույց է տալիս, որ չնայած քաղաքական տարաձայնություններին, համակեցությունը հնարավոր է, և բարձրաձայնում իրենց խաղաղության կոչը: Երգելով արաբերեն, եբրայերեն, հուդա-իսպաներեն, պարսկերեն և հունարեն՝ երգչախումբը շեշտադրում է միասին ապրելու և երգելու կարևորությունը:
Հայտնի միայն որպես «Այնեբիլիմ» թուրք մի բարերար տեղափոխվեց Կամբոջիա և մայրաքաղաք Պնոմպենում բացեց ապուրի խոհանոց: Նվիրատվությունների միջոցով հոգալով խոհանոցի ծախսերը՝ Այնեբիլիմն օգնում է, որպեսզի խրճիթներում ապրող մարդիկ կանոնավոր կերպով սնունդ ստանան: Բացի այդ Այնեբիլիմը կայքի միջոցով հավաքված ֆոնդերն օգտագործում է իրենց գյուղի շինարարական կարիքները հոգալուն անհրաժեշտ նյութերը տրամադրելու համար:
Բոսնիա-Հերցեգովինայում բնակվող ուսուցչուհի Սանելա Լյումանովիչը նախաձեռնեց աշակերտներին և ուսուցիչներին խրախուսել ժեստերի լեզու սովորել, որպեսզի իր խուլ աշակերտ Զեյդը կարողանա դպրոց հաճախել, դասերին մասնակցել և շփվել: Լյումանովիչի ազդեցիկ ջանքերը բարձրացրել են երկրում հաշմանդամների իրավունքների մասին իրազեկությունը:
Թուրքական «Ակադեմիկոսները հանուն խաղաղության» խումբը սկսեց ստորագրահավաք՝ կոչ անելով դադարեցնել արևելյան նահանգներում բռնություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները: Կառավարության և համալսարանական համակարգի տարբեր անդամների կողմից ստացված արձագանքով պայմանավորված՝ ստորագրահավաքը նույնքան ուշադրություն գրավեց, որքան Թուրքիայից և աշխարհի հարյուրավոր ակադեմիկոսներից ստացած աջակցության համար: Այն ստորագրած ակադեմիկոսներից ոմանք բերման ենթարկվեցին, մյուսներին հեռացրին աշխատանքից, իսկ շատերը հարցաքննվեցին: «Ակադեմիկոսները հանուն խաղաղության» նախաձեռնությունն իր համարձակ և արդյունավետ կոչով վերստին շեշտեց Թուրքիայում խոսքի ազատության կարևորությունը:
Չինաստանում բնակվող Վանգ Յանը 2012թ․իր կորած շանը որոնելիս հայտնվեց սպանդանոցում` շրջապատված շների՝ կտտանքների ենթարկված մարմիններով: Չկարողանալով գտնել իր շանը և տեսածից սարսափած՝ Յանը ձեռնամուխ եղավ լուծման որոնումների: Իր ամբողջ կարողությունը ծախսելով սպանդանոցը շների ապաստարանի և փրկարարական կենտրոնի վերածելու վրա` Յանն ընդամենը երեք տարվա ընթացքում փրկեց 2000 շան կյանք:
Հուլիսի 15-ին Թուրքիայի հեղաշրջման փորձի պայմաններում Թերիֆե Բոզն իր հարևան Սեմա Թութարի հետ վերցրեց ամուսնու ինքնաթափ բեռնատարը և կանգնեց տանկերի հանդիման: Կանանց հետ հարցազրույցներում նրանք շեշտեցին, որ իրենք հեղաշրջում չեն ուզում, և որ բոլորը պետք է իրենց բաժինն անեն հանուն ժողովրդավարության:
Երբ Խորհրդարանի և մի քանի այլ հասարակական շենքեր ռմբակոծվում էին, Շերիֆե Բոզի և Սեմա Թութարի պես հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ ընդդեմ բանակի և իրենց կյանքը վտանգելով՝ դիմակայեցին հեղաշրջմանը: Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր դեմ հանդես եկավ հեղաշրջմանը՝ ի պաշտպանություն ժողովրդավարության, որպես Թուրքիայի ոգեշնչման աղբյուրների, անկախ իրենց քաղաքական կուսակցությունից, դավանանքից, լեզվից և սեռից: