Սուդանում լայնամասշտաբ բողոքի ցույցեր անցկացվեցին՝ Օմար Ալ-Բաշիրի 30 տարվա բռնապետությանը վերջ դնելու և քաղաքացիական կառավարմանը անցում կատարելու համար: Համալսարանի ուսանողուհի Ալաա Սալահը, որ հայտնի դարձավ որպես «սպիտակազգեստ կին», մեքենայի վրա կանգնելով՝ որոշիչ դեր խաղաց ցույցերում, հատկապես կանանց համար:
Անգլիայում «Ոչնչացման ապստամբություն» խումբը քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացրեց՝ ուշադրություն հրավիրելու կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և էկոլոգիական փլուզման ռիսկի վրա, և կառավարությանը կոչ արեց հստակ քայլեր ձեռնարկել՝ կլիմայական փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ: Խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին հասարակության լայն շերտեր, հրատապ կոչ հնչեցրին կառավարական գերատեսչություններին՝ մինչև 2030 թ․ ածխածնի արտանետումը զրոյի հասցնելու համար:
Ստամբուլի նոր օդանավակայանում շինաշխատողները քայլարշավ կազմակերպեցին՝ ուղղված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են աշխատավայրերում մահացու ելքով պատահարները, աշխատանքային վատ պայմանները և չվճարվող աշխատավարձերը: Չնայած ոստիկանության և ներքին ուժերի բիրտ միջամտությանն ու հարյուրավոր ձերբակալություններին՝ այդ բանվորները դարձան բոլոր շինարարների ձայնը այն շինհրապարակում, որտեղ 5 տարվա ընթացքում 52 աշխատող է մահացել:
Կոնգոյի Ժողովրդավար Հանրապետությունում Espace Masolo կենտրոնը արվեստին հաղորդ դարձրեց այն երեխաներին ու երիտասարդներին, որ կորցրել էին ընտանիքներն ու բռնության ենթարկվել պատերազմի պատճառով: Երաժշտության և տիկնիկային թատրոնի միջոցով կենտրոնը երեխաներին սովորեցնում էր տեղական սովորույթներ և հավատալիքներ` սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Ծագումով հայ Թամզարայան ընտանիքը Նիդեռլանդներում ապրում էր առանց փաստաթղթերի: Երբ քաղաքական ապաստան ստանալու նրանց հայցը մերժվեց, նրանք ապաստանեցին եկեղեցում: Իրենց հարևաններին օգնելու համար հարյուրավոր հովիվներ և կամավորներ օգտվեցին օրենքից, որը ոստիկանությանն արգելում է ժամերգությունների ժամանակ մուտք գործել աղոթատեղիներ, և 800 ժամ տևողությամբ ծառայություն մատուցեցին այն եկեղեցում, որտեղ ապաստան էր գտել ընտանիքը: Գործողության արդյունքում կառավարությունը հայտարարեց, որ ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն:
Տեքիրդաղ նահանգի Պընարջա գյուղի մոտակայքում գտնվող կաղնու անտառում ածխով աշխատող էլեկտրակայան կառուցելու մասին որոշումը բախվեց գյուղի հինգ կանանց գլխավորած խմբի դիմադրությանը: Երկու տարի շարունակ հանդիպումներ անցկացնելով՝ կանայք գյուղացիներին տրամադրեցին ընդդեմ ծրագրի, ինչը կխոչընդոտեր կանանց զբաղվածությանը և կհանգեցներ շրջակա միջավայրի աղտոտման: Նրանց հզոր պայքարը հաջողությամբ պսակվեց: Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին հայտարարության լույսի ներքո նախագիծը չեղարկվեց:
Երբ բռնաճնշումների քաղաքականությունը տարիներ շարունակ ղեկավարած Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարեց հինգերորդ ժամկետի համար իր թեկնածության մասին, ժողովուրդը սկսեց բողոքի ցույցեր իրականացնել: Խաղաղ, ներառական և հումորով արտահայտված քաղաքական փոփոխությունների պահանջին միացան քաղաքացիներ ամեն դասից, սեռից ու տարիքից: Բուտեֆլիկան հանեց իր թեկնածությունն ու հրաժարական տվեց: Այս «Ժպիտ հեղափոխությունը» վերստին ցույց տվեց, որ խաղաղության լեզուն կարող է քաղաքական հզոր փոփոխություններ ծնել:
Ռոնալդ Ռաելն ու Վիրջինիա Սան Ֆրատելլոն Միացյալ Նահանգներից տրնկոզիներ տեղադրեցին Մեքսիկայի հետ սահմանային պարսպի մեջ, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հաստատել: Դիզայնը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սահմանի մի կողմում որևէ գործողություն անդրադառնում է մյուս կողմի վրա՝ ի հեճուկս պարսպի: Տեղադրելուց հետո վարդագույն տրնկոզիները երկու երկրների քաղաքացիների բուռն արձագանքին արժանացան՝ խաղը որպես դիմադրության միջոց համատեքստում:
Գյուղական դպրոցների բարեփոխման ցանցի աշխատանքը միտված է Թուրքիայի գյուղական դպրոցներում կրթության որակի բարձրացմանը: Գյուղի ուսուցիչները վերապատրաստում են անցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանկական հոգեբանությունը, դասարանի կառավարումը և կրթության կայուն մոդելները: Ցանցը համերաշխության հարթակ է ստեղծում, որը ուսուցիչներին հանդիպելու և իրենց փորձը կիսելու հնարավորություն է տալիս: Ձգտելով երեխաների կրթության ոլորտում նորարարական, երեխայակենտրոն պրակտիկաների լայն տարածմանը՝ այն նաև կազմակերպում է երեխայակենտրոն տարբեր սեմինարներ:
Հնդկաստանում Սաբարիմալա հինդուական տաճարում մուտքն արգելում էին դաշտանային ցիկլը սկսած կանանց՝ նրանց համարելով «անմաքուր»: Սույն արգելքի կողմնակիցները, ի հեճուկս այդ սովորությունը վերացնելու Գերագույն դատարանի վճռին, կանանց արգելում էին տաճար մտնել: Տարբեր սոցիալական խմբերի և դավանանքի պատկանող հինգ միլիոն կին 620կմ երկարության մարդկային շղթա կազմեցին՝ ի աջակցություն կանանց մուտքի թույլտվության և ի կոչ սեռային հավասարության:
Sea Watch-ի հետ համագործակցող նավապետ Քարոլա Ռաքեթը, որ զբաղված է Եվրոպա հասնելու համար Միջերկրական ծովը նավերով անցնել փորձող փախստականներին փրկելով, իր նավ վերցրեց ափ նետված 53 փախստականի: Երբ Իտալիան մերժեց այդ փախստականներին ապահով նավահանգիստ տրամադրելու նրա խնդրանքը, նա ստիպված եղավ առանց թույլտվության մեկնել Լամպեդուսա կղզի: Որոշ ժամանակ կալանքի տակ մնալով, ապա ազատ արձակվելով՝ Ռաքեթը շարունակում է սատարել այն գաղափարը, որ մարդկային կյանքեր փրկելը վեր է ցանկացած քաղաքական խաղից:
Դիարբեքիրում մի քանի հասարակական կազմակերպությունների փակվելուց հետո «Գունավոր հույսեր» ասոցիացիան փայփայում էր մանկական աշխարհ հիմնելու երազանքը, որտեղ երեխաները կարող են ազատ վայելել իրենց մանկությունը: Ասոցիացիայի ակտիվիստները դրամայի, երաժշտության, լուսանկարչության և խաղերի վերաբերյալ սեմինարներ անցկացրին քաղաքի խիստ տուժած թաղամասերում՝ երեխաների վրա հարկադրված գաղթի, կորուստների և չքավորության թողած հետևանքները մեղմելու համար:
Շվեդիայում Գրետա Թանբերգը քաղաքական գործիչներից պահանջեց ուշադրություն դարձնել կլիմայական ճգնաժամին՝ նստացույց կազմակերպելով խորհրդարանի շենքի առջև՝ «Դպրոցական բոյկոտ հանուն կլիմայի» պաստառով: Տեղի ունենալով ամեն ուրբաթ օր՝ Թանբերգի նստացույցն աշխարհով մեկ աջակցություն ստացավ երեխաների կողմից: «Ուրբաթ օրերը հանուն ապագայի» նախաձեռնությամբ մեկնարկելով գլոբալ դիմադրություն՝ երեխաները ոգեշնչում են մարդկությանը պատասխանատվություն ստանձնել իրենց աշխարհի և իրենց ապագայի համար:
Սիրիայում Մոհամադ Ալաա Ալջալիլը ստանձնեց պատերազմական Հալեպում փողոցային կատուների խնամքը: Լրագրող Ալեսանդրա Աբիդինի բացած սոցիալական մեդիայի օգտահաշվի միջոցով ստացված նվիրատվություններով նա կատուների համար ապաստարան և «Հույսի պարտեզ» անվամբ տարածք կառուցեց, որտեղ պատերազմից տուժած երեխաները կարող են խաղալ կատուների հետ:
Շոտլանդիայում Գլազգոյի քաղաքապետարանի կին աշխատակիցները տասներկու տարի շարունակ տղամարդկանց հավասար աշխատավարձ պահանջելու անհաջող փորձերից հետո գործադուլի անցան: «Հավասար վարձատրությունը նվեր չէ» հայտարարությամբ երկրի երկու ամենամեծ արհմիությունները ղեկավարող 8000 կին երկու օր կաթվածահար արեցին քաղաքի շարժը: Տարիներ շարունակ անտեսվելուց հետո դիմադրության այս հզոր գործողությունն ավարտվեց կանանց պահանջների բավարարմամբ:
Հանդես գալով Չանաքքալեի խմելու ջրի միակ աղբյուրը հանդիսացող Քազ/Իդա լեռներում ոսկու հանքավայրի շահագործման դեմ՝ մարդկանց մի մեծ խումբ հենց այդ շրջանից և ամբողջ Թուրքիայից, գործի անցան՝ պաշտպանելու մարդկանց, կենդանիների իրավունքներն ու շրջակա միջավայրը։ Ամեն տարիքի և սոցիալական խմբի տասնյակ հազարավոր ակտիվիստներ մուտք գործեցին հանքարդյունաբերական ընկերության աշխատանքային տարածք և ծառահատման տարածքում ճամբար կապելուց հետո սկսեցին «Արթուն՝ հանուն ջրի և խղճի» նախաձեռնությունը։