Ջանան Արընը ծնվել է 1942 թվականին Անկարայում: Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո նա հինգ տարի ուսանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի սահմանադրական իրավունքի բաժնում: 1976 թվականին նա վերադարձել է Թուրքիա և այնտեղ հիմնել իրավաբանական գրասենյակ: 1980-ականներից ներգրավվել է նոր թափ առնող կանանց իրավունքների շարժման մեջ։ Արընը անվճար իրավաբանական աջակցություն էր տրամադրում բռնության ենթարկված կամ ամուսնալուծված կանանց, ովքեր դրա կարիքն ունեին: 1990 թվականին 13 այլ կանանց հետ միասին նա հիմնադրել է «Մանուշակագույն տանիք» կանանց ապաստան-հիմնադրամը (Mor Çatı Kadın Sığınağı Vakfı)` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու և կանանց միջև համերաշխությունն ու փոխաջակցությունը ամրապնդելու առաքելությամբ: 1997 թվականին նա մասնակցել է Կին թեկնածուների աջակցման և վերապատրաստման ասոցիացիայի (KA.DER) հիմնադրմանը, որի նպատակն էր խթանել քաղաքականության մեջ կանանց լայն մասնակությունն ու ներկայացվածությունը: Նա Ստամբուլի իրավաբանների ասոցիացիայի Կանանց իրավունքների խթանման կենտրոնի համահիմնադիրներից է: Արընը բազմաթիվ դասընթացներ, սեմինարներ է կազմակերպել բռնության ենթարկված կանանց պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների համար՝ նրանց ուսուցանելով տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների, ինչպես նաև դատական գործընթացի ժամանակ նման կանանց հետ հաղորդակցվելու նրբությունների մասին: 1990-ականների սկզբին, ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ, ոգևորվելով նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր հայտարարելու ՄԱԿ-ի որոշմամբ՝ նա ջանքեր գործադրեց այդ օրը Թուրքիայում համապատասխան միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ: Դրանք սկզբնական շրջանում անցկացվում էին «Մանուշակագույն տանիք»-ում, իսկ հետագայում՝ արդեն ամբողջ երկրով մեկ:
Իր գործունեությամբ Արընը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ դատական համակարգում կանանց իրավունքների խախտումները Թուրքիայում կանանց նկատմամբ բռնության աճի պատճառներից մեկն են: Անկախ քաղաքական բևեռացումներից, նա համառորեն շարունակում է իր արդար պայքարն՝ աշխատելով օրենքի դաշտում և հիմնվելով գիտական ուսումնասիրությունների և տվյալների վրա: Նա ջանքեր չի խնայում բարձրաձայնելու այն մասին, թե ինչպես են կառավարությունները տարիներ շարունակ իրենց քաղաքականությունների միջոցով կրճատել և սահմանափակել կանանց իրավունքները: Ամեն հնարավոր առիթով նա նշում է, որ կանանց պայքարում հույս է տեսնում՝ անվերապահորեն հավատալով, որ մինչ օրս դժվար պայքարով ձեռք բերված իրավունքները միայն հնարավոր կլինի պաշտպանել կանանց քաջության և վճռականության շնորհիվ:

Մարիա Ռեսսան ծնվել է 1963 թվականին Մանիլայում։ Ռեսսան ընդամենը մեկ տարեկան էր,երբ կորցնում է հորը, իսկ տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ։ Նա ստացել է բակալավրի կրթություն մոլեկուլային կենսաբանության և թատրոնի բնագավառում, ինչպես նաև անգլերեն լեզվի մագիստրոսի կոչում Փրինսթոնի համալսարանից: 1986 թվականին՝ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի տապալումից հետո, նա վերադարձել է Ֆիլիպիններ և Դիլիման համալսարանում կրթություն ստացել քաղաքական թատրոնի բնագավառում։
1987 թվականից Ռեսսան սկսել է լրագրությամբ զբաղվել պետական ​​հեռուստաընկերությունում, իսկ դրանից կարճ ժամանակ անց համահիմնադրել է անկախ պրոդյուսերական ընկերություն։ 18 տարի շարունակ աշխատել է որպես CNN-ի հետաքննող լրագրող՝ լուսաբանելով հատկապես Հարավարևելյան Ասիայում ահաբեկչության վերաբերյալ թեմաները: Որպես բյուրոյի ղեկավար՝ նա նախ բացել է CNN-ի Մանիլայի բյուրոն, իսկ ավելի ուշ՝ Ջակարտայինը: Լինելով Ֆիլիպինների առաջատար լրագրողներից մեկը՝ նա միջազգային ասպարեզում հայտնի է ապատեղեկատվության, կեղծ լուրերի և ազատ մամուլին լռեցնելու փորձ կատարողների դեմ պայքարով։
2012 թվականին, երեք կին լրագրողների հետ համատեղ, հիմնել է «Rappler»-ը՝ երկրի ամենամեծ թվային լրատվական կայքը, որտեղ աշխատում է մոտ 100 լրագրող: 2015 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ռոդրիգո Դուտերտեի hետ հարցազրույցի ժամանակ Ռեսսան նրան ստիպել է խոստովանել 1980-ականներին կատարված երեք մարդու սպանության մասին, երբ Դուտերտեն Դավաոյի քաղաքապետն էր։ «Rappler»-ի իր գործընկերների հետ նա բացահայտել է Դուտերտեի «թմրանյութերի դեմ պատերազմի» շրջանակում կատարված արտադատական ​​սպանությունները և մարդու իրավունքների խախտումները։ 2016 թվականին, Դուտերտեի նախագահ ընտրվելուց հետո մոբիլիզացված «տրոլների բանակը» հետաքննելիս, Ռեսսան ճնշումների էր ենթարկվումկառավարության կողմից։
Նա տասնյակ անգամներ բախվել է դատական գործերի և դատարանի առաջ է կանգնել այնպիսի մեղադրանքների համար, ինչպիսիք են հարկերից խուսափելը և լրատվամիջոցներում օտարերկրյա սեփականության իրավունքի խախտումները, որոնք ազատազրկում են ենթադրում։ Առաջին ութ ձերբակալություններից նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ 2019 թվականի փետրվարին «կիբեր զրպարտության» համար նրա ձերբակալությունը միջազգային հանրության կողմից գնահատվել է որպես քաղաքական որոշում։ Իսկ վերջերս, 2021 թվականի օգոստոսին, Դուտերտեի մասին լուրերի լուսաբանման համար նրան առաջադրված մեղադրանքը դատարանը մերժել է։ Նրա դեմ տարբեր դատական ​​գործեր դեռ շարունակվում են։ Որպես երկրի առաջատար լրագրողներից մեկը, նրա պայքարը ապատեղեկատվության, կեղծ լուրերի և անկախ լրատվամիջոցներին լռեցնելու ջանքերի դեմ արժանացել է միջազգային գնահատանքի:
Շահիդուլ Ալամը լուսանկարիչ, հեղինակ և իրավապաշտպան է, ով «Time» հանդեսի կողմից ճանաչվել է 2018 թվականի Տարվա մարդ, իսկ «National Geographic»-ի կողմից՝ Մեծ հետազոտող: Նա ստացել է Բանգլադեշի արվեստագետներին տրվող ազգային բարձրագույն մրցանակը (Shilpakala Padak)։ Ալամի վերջին գիրքը՝ «Մակընթացությունը կշրջվի» (The Tide Will Turn), հայտնվել է «New York Times»-ի 2020 թվականի լավագույն արվեստի գրքերի թվում։ Նրա նախորդ՝ «Իմ ճամփորդությունը որպես վկա» (My Journey as a Witness) գիրքը «Life» հանդեսի Ջոն Մորիսը նկարագրել է որպես «լուսանկարչի կողմից երբևէ գրված ամենակարևոր գիրքը»: «Amnesty International» կազմակերպությունը Ալամին, ով բանտարկվել և խոշտանգվել էր իր շիտակ լրագրության համար, որակել է որպես «խղճի բանտարկյալ»:
Ողջ աշխարհում հրատարակված Ալամի աշխատանքները ցուցադրվել են առաջատար պատկերասրահներում, ինչպիսիք են «MOMA»-ն և «Tate Modern»-ը: Որպես ճանաչված հրապարակախոս, նա ելույթ է ունեցել Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի և Սթենֆորդի համալսարաններում։ Նա Մեծ Բրիտանիայի Սանդերլենդի համալսարանի և Մելբուրնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս է: Ալամը բնակվում է Բանգլադեշում, ուր աշխատում է իր հիմնադրած հաստատություններում՝ «Drik» պատկերային գրադարանում և «Pathshala» Հարավային Ասիայի մեդիա ինստիտուտում:.
 

Իշթար Լախանին ծնվել է Հարավային Աֆրիկայում, ապարտեիդի ժամանակաշրջանում։ Նրա ծնողները դիմակայում էին ապարտեիդի կառավարության անարդարություններին արվեստի միջոցով: Այդ միջավայրում մեծանալով՝ զարմանալի չէր, որ նա դարձավ ֆեմինիստ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվիստ:
Նա ստացել է Մարդաբանության մագիստրոսի կոչում, բայց ամենակարևորը` ուսանելու տարիներին փորձել է հնարավորինս պայքարել հայրիշխանության դեմ: Նրա աշխատանքայի գործունեությունը բազմազան էր՝ սկսած սեռական բռնությունից փրկվածների համար ֆեմինիստական քարոզարշավի համակարգումից, սկսնակ ակտիվիստների գրախանութում ու հանրային տարածքում հեղափոխական սենդվիչներ պատրաստելուց մինչև Հարավային Աֆրիկայում սեքսի ոլորտում աշխատողների մարդու իրավունքների պաշտպանությունը:
Ներկայումս Իշթարն ազատ արմատական է, ով համագործակցում է մի շարք սոցիալական արդարադատության կազմակերպությունների, շարժումների և ցանցերի հետ ամբողջ աշխարհում՝ աջակցելով մարդու իրավունքների ռազմավարական շահերի պաշտպանությանն ուղղված նրանց մոտեցումներին։ 2020 թվականին նա ընդգրկվել է BBC-ի Տարվա լավագույն 100 կանանց ցանկում։ Նրա իրական կիրքը ստեղծագործական ակտիվիզմի և ֆանտազիայի ու իրականության, արվեստի ու ակտիվիզմի փորձարարական միաձուլման մեջ է, որով նա փորձ է անում պատկերացնել և իրագործել այն, թե ինչպիսին կարող է լինել ավելի արդար աշխարհը:
Բորհան Սոնմեզը գրող է և «PEN» միջազգային գրական կազմակերպության նախագահը: Նրա վեպերը թարգմանվել են քառասուներկու լեզուներով։ Նախքան քաղաքական դրդապատճառներով Մեծ Բրիտանիա տեղափոխվելը՝ նա Ստամբուլում որպես փաստաբան է աշխատել։ Նրա գործերը տպագրվել են այնպիսի թերթերում, ինչպիսիք են «The Guardian»-ը, «Der Spiegel»-ը և «La Repubblica»-ն: Նա թուրքերեն է թարգմանել Ուիլյամ Բլեյքի «Դրախտի և դժոխքի ամուսնությունը» գիրքը։ Գրականություն է դասավանդել Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում։ Ստացել է Վացլավ Հավելի անվան գրադարանային մրցանակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գրական մրցանակ և Սեդաթ Սիմավի անվան գրական մրցանակ: Բնակվում է Ստամբուլում և Քեմբրիջում։
Թուրգութ Թարհանլըն ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է նույն հաստատությունում որպես միջազգային իրավունքի հարցերով ասիստենտ և դասախոս։ Ներկայումս Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, ինչպես նաև իր հիմնադրած Մարդու իրավունքների հետազոտական ​​կենտրոնի տնօրենն է։ 2002-2019 թվականներին Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանն է եղել։
Մագիստրոսական և դոկտորական ծրագրերում նա դասախոսում է մարդու իրավունքների ակտիվիզմի, ակտիվիզմի և ժամանակակից արվեստի, բիզնեսի և մարդու իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային կարգի շուրջ։ Նրա հրատարակած վեց գրքերը նույնպես այս թեմաների շուրջ են։ Բացի վերոնշյալից, նա նաև աշխատում է անցյալին առերեսվելու, միջազգային հակամարտությունների և վերականգնող արդարադատության թեմաների շուրջ։ Նա նաև աշխատել է Հարվարդի համալսարանի Բանակցային նախագծի (Negotiation Project) և Փրինսթոնի համալսարանի միջազգային հանցավորության թեմայներով նախագծերի շուրջ: 2001 թվականին նա արժանացել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) շնորհակալագրի՝ Թուրքիայում փախստականների իրավունքների ոլորտում կատարած աշխատանքի համար։ Նա առաջին անգամ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Մարդու իրավունքները կինոյում» միջազգային ժյուրիի անդամ է եղել։
Նա Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, «Amnesty International»-ի, Մարդու իրավունքների հիմնադրամի և Պատմության հիմնադրամի հիմնադիր անդամ է: Նա նաև Ստամբուլի փաստաբանների միության անդամ է։
 
Նիլգյուն Թոքերը ծնվել է 1961 թվականին Դինարում։ Բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել է Էգե համալսարանի փիլիսոփայության բաժնում, իսկ դոկտորականը՝ Փարիզի VIII-Սեն Դենիս համալսարանում: Նրա հրատարակված աշխատություննները քաղաքական փիլիսոփայության թեմաներով են։ 2017 թվականի փետրվարին, երբ Էգե համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս էր, նա հեռացվել է պաշտոնից՝ «Մենք այս հանցագործության մաս չենք կազմելու» հռչակագրի ստորագրողներից մեկը լինելու համար։ Աշխատանքից ազատվելուց հետո նա շարունակել է իր գործունեությունը մարդու իրավունքների ոլորտում՝ աշխատելով Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայում և Իզմիրի համերաշխության ակադեմիայում։
Որպես Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի հիմնադիր անդամ՝ նա «Թուրքիայում մարդու իրավունքների շարժմում» համաժողովի կազմխորհրդի անդամ է և մինչ օրս շարունակում է մնալ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ։ 2017 թվականից ի վեր նա «Հասարակություն և գիտություն» (“Toplum ve Bilim”) հանդեսի գլխավոր խմբագիրն է։
Նունե Սարգսյանը ծնվել է 1964 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի բանասիրական բաժինը։ Հետագայում Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանում մասնակցել է արդյունավետ կառավարման դասընթացների, ինչպես նաև որպես Չիվնինգի կրթարթշակառու հակամարտությունների կանխարգելում և փոխակերպում է սովորել Յորքի համալսարանի Հետպատերազմյան վերակառուցման և զարգացման բաժնում: Ներկայումս նա Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենն է։
Մեդիայի ոլորտում Սարգսյանն ունի ավելի քան 25 տարվա լրագրողի, պրոդյուսերի և սցենարիստի փորձ։ Իր ներկայիս պաշտոնում նա նախագծել և իրականացրել է լրատվամիջոցների զարգացման և հաղորդակցման բազմաթիվ նախագծեր՝ ներառելով լրագրության տարբեր գործիքներ, ինչպիսիք են հեռուստատեսության, ռադիոյի, վավերագրական և մուլտիմեդիա արտադրությունը; մեդիա գրագիտության նախաձեռնությունները; հակամարտությունների փոխակերպման ժամանակ լրատվամիջոցների դերը, տարբեր քաղաքական և սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու մեդիա հետազոտական նախագծերը։ Սարգսյանը նաև եղել է բազմաթիվ կինոփառատոների և լրագրողական մրցույթների ժյուրիի անդամ։

Թերրի Թեմփեսթ Ուիլյամսը հրավիրյալ հեղինակ է Հարվարդի աստվածաբանության դպրոցում, որտեղ նա ղեկավարում է «Համաստեղության նախագիծը» (The Constellation Project)։ Այն միջառարկայական մի համագործակցություն է, որի նպատակն է միավորել կլիմայական արդարության, մոլորակների առողջության, գիտության, արվեստի և հումանիտար գիտությունների շուրջ դժվարին երկխոսությունները: Նա ավելի քան քսան ստեղծագործական և ոչ-գեղարվեստական ​​գրքերի մրցանակակիր հեղինակ է, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում դասական համարվող «Փախստական. ընտանիքի և վայրի անբնական պատմություն» գիրքը: Նրա վերջին գրքերի թվում են «Հողի ժամը․ Ամերիկայի ազգային պարկերի անձնական տեղագրությունը» և «Էրոզիա․ չեղարկման էսսեներ» վերնագրերը։ Ողջ աշխարհում հրատրակված նրա ստեղծագործությունները դժվար է դասկարգել ըստ ժանրի, քանի որ դրանք հարում են քնարական արձակից մինչև լրագրություն և հուշագրություն, ներառյալ՝ սոցիալական արդարության թեմաները։ Թեմփեսթ Ուիլյամսն արժանացել է Գուգենհայմի գրական կրթաթոշակի և Լանանի գրական մրցանակի՝ ստեղծագործական ոչ-գեղարվեստական ​​գրականության համար: Նա Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ է։ Ապրում է իր ամուսնու՝ Բրուկ Ուիլյամսի հետ, ում հետ նրանք կիսում են ժամանակը Մասաչուսեթսի և Յուտայի Քասլ հովտի կարմիր ժայռերի անապատի միջև։
Սերրա Յըլմազը ծնվել է Ստամբուլում։ Կրթություն է ստացել Ֆրանսիայում, հոգեբանության և թատրոնի բնագավառներում։ «Dostlar» թատերախմբի մրցույթում հաղթելուց հետո նա իր առաջին բեմական փորձն է ունեցել այս թատրոնում։ 1983 թվականին նա սկսեց նկարահանվել կինոյում՝ դեր ստանձնելով Աթըֆ Յըլմազի «Şekerpare» ֆիլմում։ Նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Աթըֆ Յըլմազը, Օմեր Քավուրը, Զեքի Օքթենը, Շերիֆ Գյորենը, Ումիթ Ունալը և Ֆերզան Օզպետեքը։ 1997 թվականին նա բեմադրել է իր առաջին թատերական պիեսը՝ «Մյուսները Ալի են անվանում» խորագրով։ Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում իր դերերի համար։ Նա 15 տարի աշխատել է որպես դերասան, դրամատուրգ և գեղարվեստական ​​ռեժիսորի օգնական Ստամբուլի քաղաքային թատրոնում։ 2005 թվականից նա սկսել է թատերական գործունեություն ծավալել և կինո ու հեռուստատեսային նախագծերով զբաղվել Իտալիայում։ Մինչ օրս նա շարունակում է իր գործունեությունը կինոյի և թատրոնի բնագավառներում ինչպես Թուրքիայում, այնպես էլ տարբեր երկրներում։

Ռաքել Դինքն իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում իր ամուսնու՝ պոլսահայ հայտնի լրագրող և «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից ի վեր:
Ծնվել է Թուրքիայի հարավ-արևելյքում գտնվող Սիլոփի քաղաքում, հայկական ընտանիքում: Անատոլիայի բազմաթիվ երեխաների պես Ռաքելը հետագայում տեղափոխվել է Ստամբուլ՝ հայկական դպրոցում կրթություն ստանալու համար: Նա հանդիպել է Հրանտ Դինքին «Քամփ Արմեն» ճամբարում, ուր հայ որբերը կամ ընտանիքներից հեռու գտնվող երեխաներն անցկացնում էին իրենց ամառները: Ռաքելն ու Հրանտը ամուսնացան և հետագա տարիներին՝ մինչ պետության կողմից ճամբարի սեփականության բռնագրավումը, ղեկավարում էին «Քամփ Արմեն»-ը:
2007 թվականին, Հրանտ Դինքի սպանությունից հետո, Ռաքելն իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգությունը պահպանելուն: 2007 թվականին նա ստեղծեց Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացումը կանխելու, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատալ, որ չնայած իր կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ նա շրջապատված է սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հանդեպ և ուրախություն է գտնում իր աշխատանքում ու ընտանիքում: