Շահարզադ Աքբարը ծնվել է 1987թ.-ին Աֆղանստանի Ջաուզջան գավառում` արաբի և ուզբեկի ընտանիքում: Աֆղանստանում 1996-2001թթ. Թալիբանի իշխանության ժամանակ նա ապրել է Պակիստանում` փախստականի կարգավիճակով: Մարդաբանության բակալավրի աստիճան է ստացել ԱՄՆ Սմիթի քոլեջից 2009թ.-ից, իսկ մագիստրոսի աստիճանը` զարգացման ոլորտում Օքսֆորդի համալսարանից 2011թ.-ին:

Նա QARA Consulting ընկերությունում գործընկեր և գործառնությունների գլխավոր պատասխանատուն էր: Ընկերությունը համահիմնադրել է 2010թ. երիտասարդ քաբուլցի աֆղանների հետ միասին. ընկերությունը իրենց սեփականությունն է, իրենք էլ աշխատեցնում են այն: Նա Ազատ և արդար ընտրություններ հիմնադրամում աշխատել է որպես վերլուծաբան, իսկ BBC Աֆղանստանում` որպես լրագրող: Որպես 2014 – 2017թթ. Բաց հասարակության հիմնադրամ – Աֆղանստանի տնօրեն` քայլեր է ձեռնարկել` սատարելու քաղաքացիական հասարակությանը և մեդիային` խաղաղարարության, մարդու իրավունքների պաշտպանության և հանդուրժողականության խթանման նպատակով: Համաշխարհային տնտեսական ֆորումը նրան 2017թ. ընտրել է Երիտասարդ գլոբալ առաջնորդ: 2017 – 2018թթ. զբաղեցրել է Աֆղանստանի նախագահի` Զարգացման բարձրագույն խորհուրդների գծով գլխավոր խորհրդական պաշտոնը և իր այս կարգավիճակով համակարգել է զարգացման նախագծերի և ծրագրերի առաջնահերթությունների որոշարկումը` բարձր մակարդակում որոշումների կայացման նպատակով: 2018-2019թթ. աշխատել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ Աֆղանստանի գլխավոր խորհրդատու և հանդես է եկել որպես Խաղաղության և քաղաքացիական պաշտպանության ազգային անվտանգության խորհրդի անդամ, իսկ 2019 – 2022թթ. եղել է վերջերս Թալիբանի կողմից ցրված Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ կոմիտեի նախագահը: 2021թ. օգոստոսին Թալիբանի իշխանության գալուց հետո Աֆղանստանի շատ քաղաքացիների նման նա ստիպված էր հեռանալ երկրից:

Նրա գրվածքները տպվել են միջազգային և աֆղանական մեդիայում, այդ թվում` «Վաշինգթոն Փոսթում», «Նյուզուիքում», «Ալ Զազիրայում» և «CNN»-ում, ինչպես նաև գիտական ամսագրերում: Նա ներկայումս Միացյալ Թագավորության Եղիսաբեթ II թագուհու անվան միջազգային հարցերով ակադեմիայի Չեթհեմ հաուսին կից Մարդու իրավունքների ակադեմիայի անդամ է և աշխատում է Աֆղանստանի վրա կենտրոնացող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նոր կազմակերպության ստեղծման ուղղությամբ:

Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ստեղծվել է 1990թ.-ին` Մարդու իրավունքների ասոցիացիայի և մարդու իրավունքների 32 պաշտպանների միացյալ ջանքերով` ձգտելով խոշտանգումների կանխարգելման և 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո խոշտանգումների ենթարկված անհատների բուժման և ռեաբիլիտացիայի ընդհանուր նպատակին:

Իր բծախնդիր աշխատանքի, փորձի և խոշտանգումների և խոշտանգումներ վերապրածների բուժման փաստաթղթավորման նոու-հաուի շնորհիվ` այն գրեթե ինքնուրույն դպրոց է դարձել: Խոշտանգումների դեմ պայքարի գոյություն ունեցող մեխանիզմների ակտիվացմանը և տեղական ու միջազգային մակարդակում նոր մեխանիզմներ ներդնելու ձգտող իր ջատագովության և զեկույցների միջոցով այն դարձել է խոշտանգումների կանխարգելման ջանքերի առաջնագծում կանգնած համաշխարհային մակարդակում գործող առանցքային կազմակերպություն, որը ոգեշնչում է մարդու իրավունքների բազմաթիվ կազմակերպությունների և միջազգային մարմինների:

Այն առաջամարտիկի դեր է խաղացել` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի», ընդհանրապես «Ստամբուլյան արձանագրություն» անվամբ հայտնի 1999թ.-ին ընդունված փաստաթղթի մշակման գործում: Այն էական դեր է խաղացել Թուրքիայում և ամբողջ աշխարհում առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների դեմ խոշտանգումների դեպքերի քննության, փաստաթղթավորման և կանխարգելման նպատակով ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման գործում: 2008թ. Դատաբժշկական փորձաքննության մասնագետների ասոցիացիայի և Թուրքիայի բժշկական ասոցիացիայի ֆինանսավորման շնորհիվ այն հրապարակել է «Խոշտանգումների ատլասը»` առաջարկելով խոշտանգումների դեպքերի բժշկական փաստաթղթավորումը: Մինչ օրս Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում, Գզիրայում և Վանում հիմնված կենտրոնների միջոցով այն բուժում և ռեաբիլիտացիոն ծառայություններ է տրամադրել խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված ավելի քան 20 հազար անհատների` նպաստելով խոշտանգումներ վերապրածների ունեցած տրավմայի փորձառությանը բախված ընտանիքի անդամների և բարեկամների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարօրությանը: 2000թ. ի վեր այն ակտիվորեն աշխատում է` «ճշմարտություն, արդարություն և հատուցում» սկզբունքների լույսի ներքո հավաքական տրավմայի հաղթահարման ուղղությամբ` վարելով ուսումնական ծրագրեր, պանելային քննարկումներ և սիմպոզիումներ այս թեմայով Թուրքիայում և Թուրքիայից դուրս: Միևնույն ժամանակ այն շարունակում է առաջնորդել «Ստամբուլյան արձանագրության» պարբերական դիտարկման ջանքերը:
Շահիդուլ Ալամը լուսանկարիչ, հեղինակ և իրավապաշտպան է, ով «Time» հանդեսի կողմից ճանաչվել է 2018 թվականի Տարվա մարդ, իսկ «National Geographic»-ի կողմից՝ Մեծ հետազոտող: Նա ստացել է Բանգլադեշի արվեստագետներին տրվող ազգային բարձրագույն մրցանակը (Shilpakala Padak)։ Ալամի վերջին գիրքը՝ «Մակընթացությունը կշրջվի» (The Tide Will Turn), հայտնվել է «New York Times»-ի 2020 թվականի լավագույն արվեստի գրքերի թվում։ Նրա նախորդ՝ «Իմ ճամփորդությունը որպես վկա» (My Journey as a Witness) գիրքը «Life» հանդեսի Ջոն Մորիսը նկարագրել է որպես «լուսանկարչի կողմից երբևէ գրված ամենակարևոր գիրքը»: «Amnesty International» կազմակերպությունը Ալամին, ով բանտարկվել և խոշտանգվել էր իր շիտակ լրագրության համար, որակել է որպես «խղճի բանտարկյալ»:
Ողջ աշխարհում հրատարակված Ալամի աշխատանքները ցուցադրվել են առաջատար պատկերասրահներում, ինչպիսիք են «MOMA»-ն և «Tate Modern»-ը: Որպես ճանաչված հրապարակախոս, նա ելույթ է ունեցել Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի և Սթենֆորդի համալսարաններում։ Նա Մեծ Բրիտանիայի Սանդերլենդի համալսարանի և Մելբուրնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս է: Ալամը բնակվում է Բանգլադեշում, ուր աշխատում է իր հիմնադրած հաստատություններում՝ «Drik» պատկերային գրադարանում և «Pathshala» Հարավային Ասիայի մեդիա ինստիտուտում:.
Իշթար Լախանին ծնվել է Հարավային Աֆրիկայում, ապարտեիդի ժամանակաշրջանում։ Նրա ծնողները դիմակայում էին ապարտեիդի կառավարության անարդարություններին արվեստի միջոցով: Այդ միջավայրում մեծանալով՝ զարմանալի չէր, որ նա դարձավ ֆեմինիստ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվիստ:
Նա ստացել է Մարդաբանության մագիստրոսի կոչում, բայց ամենակարևորը` ուսանելու տարիներին փորձել է հնարավորինս պայքարել հայրիշխանության դեմ: Նրա աշխատանքայի գործունեությունը բազմազան էր՝ սկսած սեռական բռնությունից փրկվածների համար ֆեմինիստական քարոզարշավի համակարգումից, սկսնակ ակտիվիստների գրախանութում ու հանրային տարածքում հեղափոխական սենդվիչներ պատրաստելուց մինչև Հարավային Աֆրիկայում սեքսի ոլորտում աշխատողների մարդու իրավունքների պաշտպանությունը:
Ներկայումս Իշթարն ազատ արմատական է, ով համագործակցում է մի շարք սոցիալական արդարադատության կազմակերպությունների, շարժումների և ցանցերի հետ ամբողջ աշխարհում՝ աջակցելով մարդու իրավունքների ռազմավարական շահերի պաշտպանությանն ուղղված նրանց մոտեցումներին։ 2020 թվականին նա ընդգրկվել է BBC-ի Տարվա լավագույն 100 կանանց ցանկում։ Նրա իրական կիրքը ստեղծագործական ակտիվիզմի և ֆանտազիայի ու իրականության, արվեստի ու ակտիվիզմի փորձարարական միաձուլման մեջ է, որով նա փորձ է անում պատկերացնել և իրագործել այն, թե ինչպիսին կարող է լինել ավելի արդար աշխարհը:
 
Բորհան Սոնմեզը գրող է և «PEN» միջազգային գրական կազմակերպության նախագահը: Նրա վեպերը թարգմանվել են քառասուներկու լեզուներով։ Նախքան քաղաքական դրդապատճառներով Մեծ Բրիտանիա տեղափոխվելը՝ նա Ստամբուլում որպես փաստաբան է աշխատել։ Նրա գործերը տպագրվել են այնպիսի թերթերում, ինչպիսիք են «The Guardian»-ը, «Der Spiegel»-ը և «La Repubblica»-ն: Նա թուրքերեն է թարգմանել Ուիլյամ Բլեյքի «Դրախտի և դժոխքի ամուսնությունը» գիրքը։ Գրականություն է դասավանդել Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում։ Ստացել է Վացլավ Հավելի անվան գրադարանային մրցանակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գրական մրցանակ և Սեդաթ Սիմավի անվան գրական մրցանակ: Բնակվում է Ստամբուլում և Քեմբրիջում։
Թուրգութ Թարհանլըն ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է նույն հաստատությունում որպես միջազգային իրավունքի հարցերով ասիստենտ և դասախոս։ Ներկայումս Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, ինչպես նաև իր հիմնադրած Մարդու իրավունքների հետազոտական ​​կենտրոնի տնօրենն է։ 2002-2019 թվականներին Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանն է եղել։
Մագիստրոսական և դոկտորական ծրագրերում նա դասախոսում է մարդու իրավունքների ակտիվիզմի, ակտիվիզմի և ժամանակակից արվեստի, բիզնեսի և մարդու իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային կարգի շուրջ։ Նրա հրատարակած վեց գրքերը նույնպես այս թեմաների շուրջ են։ Բացի վերոնշյալից, նա նաև աշխատում է անցյալին առերեսվելու, միջազգային հակամարտությունների և վերականգնող արդարադատության թեմաների շուրջ։ Նա նաև աշխատել է Հարվարդի համալսարանի Բանակցային նախագծի (Negotiation Project) և Փրինսթոնի համալսարանի միջազգային հանցավորության թեմայներով նախագծերի շուրջ: 2001 թվականին նա արժանացել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) շնորհակալագրի՝ Թուրքիայում փախստականների իրավունքների ոլորտում կատարած աշխատանքի համար։ Նա առաջին անգամ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Մարդու իրավունքները կինոյում» միջազգային ժյուրիի անդամ է եղել։
Նա Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, «Amnesty International»-ի, Մարդու իրավունքների հիմնադրամի և Պատմության հիմնադրամի հիմնադիր անդամ է: Նա նաև Ստամբուլի փաստաբանների միության անդամ է։
Նիլգյուն Թոքերը ծնվել է 1961 թվականին Դինարում։ Բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել է Էգե համալսարանի փիլիսոփայության բաժնում, իսկ դոկտորականը՝ Փարիզի VIII-Սեն Դենիս համալսարանում: Նրա հրատարակված աշխատություննները քաղաքական փիլիսոփայության թեմաներով են։ 2017 թվականի փետրվարին, երբ Էգե համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս էր, նա հեռացվել է պաշտոնից՝ «Մենք այս հանցագործության մաս չենք կազմելու» հռչակագրի ստորագրողներից մեկը լինելու համար։ Աշխատանքից ազատվելուց հետո նա շարունակել է իր գործունեությունը մարդու իրավունքների ոլորտում՝ աշխատելով Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայում և Իզմիրի համերաշխության ակադեմիայում։
Որպես Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի հիմնադիր անդամ՝ նա «Թուրքիայում մարդու իրավունքների շարժմում» համաժողովի կազմխորհրդի անդամ է և մինչ օրս շարունակում է մնալ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ։ 2017 թվականից ի վեր նա «Հասարակություն և գիտություն» (“Toplum ve Bilim”) հանդեսի գլխավոր խմբագիրն է։
Նունե Սարգսյանը ծնվել է 1964 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի բանասիրական բաժինը։ Հետագայում Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանում մասնակցել է արդյունավետ կառավարման դասընթացների, ինչպես նաև որպես Չիվնինգի կրթարթշակառու հակամարտությունների կանխարգելում և փոխակերպում է սովորել Յորքի համալսարանի Հետպատերազմյան վերակառուցման և զարգացման բաժնում: Ներկայումս նա Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենն է։
Մեդիայի ոլորտում Սարգսյանն ունի ավելի քան 25 տարվա լրագրողի, պրոդյուսերի և սցենարիստի փորձ։ Իր ներկայիս պաշտոնում նա նախագծել և իրականացրել է լրատվամիջոցների զարգացման և հաղորդակցման բազմաթիվ նախագծեր՝ ներառելով լրագրության տարբեր գործիքներ, ինչպիսիք են հեռուստատեսության, ռադիոյի, վավերագրական և մուլտիմեդիա արտադրությունը; մեդիա գրագիտության նախաձեռնությունները; հակամարտությունների փոխակերպման ժամանակ լրատվամիջոցների դերը, տարբեր քաղաքական և սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու մեդիա հետազոտական նախագծերը։ Սարգսյանը նաև եղել է բազմաթիվ կինոփառատոների և լրագրողական մրցույթների ժյուրիի անդամ։
Սերրա Յըլմազը ծնվել է Ստամբուլում։ Կրթություն է ստացել Ֆրանսիայում, հոգեբանության և թատրոնի բնագավառներում։ «Dostlar» թատերախմբի մրցույթում հաղթելուց հետո նա իր առաջին բեմական փորձն է ունեցել այս թատրոնում։ 1983 թվականին նա սկսեց նկարահանվել կինոյում՝ դեր ստանձնելով Աթըֆ Յըլմազի «Şekerpare» ֆիլմում։ Նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Աթըֆ Յըլմազը, Օմեր Քավուրը, Զեքի Օքթենը, Շերիֆ Գյորենը, Ումիթ Ունալը և Ֆերզան Օզպետեքը։ 1997 թվականին նա բեմադրել է իր առաջին թատերական պիեսը՝ «Մյուսները Ալի են անվանում» խորագրով։ Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում իր դերերի համար։ Նա 15 տարի աշխատել է որպես դերասան, դրամատուրգ և գեղարվեստական ​​ռեժիսորի օգնական Ստամբուլի քաղաքային թատրոնում։ 2005 թվականից նա սկսել է թատերական գործունեություն ծավալել և կինո ու հեռուստատեսային նախագծերով զբաղվել Իտալիայում։ Մինչ օրս նա շարունակում է իր գործունեությունը կինոյի և թատրոնի բնագավառներում ինչպես Թուրքիայում, այնպես էլ տարբեր երկրներում։
Ռաքել Դինքն իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում իր ամուսնու՝ պոլսահայ հայտնի լրագրող և «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից ի վեր:
Ծնվել է Թուրքիայի հարավ-արևելյքում գտնվող Սիլոփի քաղաքում, հայկական ընտանիքում: Անատոլիայի բազմաթիվ երեխաների պես Ռաքելը հետագայում տեղափոխվել է Ստամբուլ՝ հայկական դպրոցում կրթություն ստանալու համար: Նա հանդիպել է Հրանտ Դինքին «Քամփ Արմեն» ճամբարում, ուր հայ որբերը կամ ընտանիքներից հեռու գտնվող երեխաներն անցկացնում էին իրենց ամառները: Ռաքելն ու Հրանտը ամուսնացան և հետագա տարիներին՝ մինչ պետության կողմից ճամբարի սեփականության բռնագրավումը, ղեկավարում էին «Քամփ Արմեն»-ը:
2007 թվականին, Հրանտ Դինքի սպանությունից հետո, Ռաքելն իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգությունը պահպանելուն: 2007 թվականին նա ստեղծեց Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացումը կանխելու, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատալ, որ չնայած իր կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ նա շրջապատված է սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հանդեպ և ուրախություն է գտնում իր աշխատանքում ու ընտանիքում: