Հատկապես 1990-ականները Թուրքիայում մութ շրջան էր քրդերի խնդրի առումով, երբ պետությունը բազմաթիվ հանցանքներ էր գործում: Գրեթե օր չկար, երբ մի որևէ անհիմն կալանք կամ ձերբակալում չլիներ: Պետական հսկողության տակ գտնվողների անհետացումը տարածված երևույթ էր: Այս մարդկանցից որոշների մարմինները հետագայում գտնում էին մի որևէ ամայի վայրում: Այս դեպքերը կոչվում էին «չբացահայտված սպանություններ»: Որոշների դեպքում հետք անգամ չէր լինում: Նրանց հիշում են որպես «անհետացածներ»: Հիշողները նստում էին Գալաթասարայ հրապարակում, որտեղով հազարավոր մարդիկ են անցնում: Նրանք զայրացած, տխուր, մտահոգ և նպատակադրված էին: Նրանք ոչ միայն իրենց հարազատների ոսկորներն էին խնդրում, այլև խնդրում էին մեղավորներին պատասխանատվության և արդարադատության ենթարկել, որպեսզի բացվեր նոր Թուրքիայի ճանապարհ, ուր նման տառապանքներ չէին լինի: Այս նպատակով ամեն շաբաթ օր նրանք կես ժամ լուռ ճիչով նստում էին անձրևի, ձյան, քամու կամ արևի տակ: 1995թ. մայիսի 27-ին Գալաթասարայի ավագ դպրոցի դիմաց սկսված և 16 տարի շարունակված այս լռակյաց, բայց բարձրաձայն պայքարին մասնակցում էին «անհետացածների» հարազատները Դիարբեքիրից, Բաթմանից, Ուրֆայից և Ջիզրեից: Նրանք ստացել են Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը 2013թ.:
Իրավապաշտպան է, ծնվել է Սերբիայում, Յուգոսլավիա: Սոցիալական աշխատողից դարձել է իրավաբան և նախկին յուգոսլավ նախագահ Յոսիպ Բրոզ Տիտոյի օրոք իր վաղ կարիերան սկսել է որպես այլախոհ: Մոտ երկու տասնամյակ նա բարձրաձայնել է արևմտյան Բալկաններում մարդու հիմնարար իրավունքների մասին: Ներկայումս նա Հումանիտար իրավունքի կենտրոնի տնօրենն է, որը նա հիմնադրել է 1992թ. Բելգրադում: Վաղ 1990-ականներին՝ Յուգոսլավիայի պատերազմների սկզբից, նա փաստագրել և բողոքել է 1991-1999 թթ. տեղի ունեցած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, բռնաբարությունների և սպանությունների դեմ: Կոսովոյի պատերազմի ժամանակ նա ճամփորդել է Սերբիայում և արտաքին աշխարհին տրամադրել է ոստիկանության և զինված խմբավորումների իրավախախտումների մասին տեղեկատվություն: Բացի տեղեկատվություն և ականատեսներ փնտրելուց, նա նաև իրավախախտումների զոհերին առաջարկել է իրավական օգնություն և աջակցություն: Բոսնիայի պատերազմի ժամանակ նա հատել է առաջնագծերը՝ գրաված քաղաքներում ոչ սերբ քաղաքացիների հանդեպ սերբական ուժերի արարքները փաստագրելու նպատակով: Նրա հավաքագրած ապացույցները հետագայում կիրառվեցին նախկին Յուգոսլավիայի դեմ Միջազգային քրեական դատարանում մեղադրանքներ առաջադրելու համար: Նա Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2013թ.:
Քաղաքագետ և իրավապաշտպան: Սովորել է Անկարայի համալսարանի Քաղաքագիտության բաժնում: 1974 թ. ստացել է ասպիրանտական կոչում և իր հետասպիրանտական ուսումը շարունակել է Ժնևի Միջազգային և զարգացման ուսումնասիրությունների բարձրագույն ինստիտուտում: 1982թ. Բարձրագույն կրթության խորհուրդը կասեցրել է նրա գործունեությունը: Նա վերադարձել է իր պաշտոնին 1983թ.: Իր վերադարձի օրը 1980 թ. սեպտեմբերի 12-ին հեղաշրջմամբ ստեղծված ռազմական կառավարությունը հեռացրեց նրան իր աշխատանքից: Ութ տարի տարբեր աշխատանքներ անելուց և օտար լեզու դասավանդելուց բացի նա նաև աշխատեց որպես ԱնաԲրիտանիկայի խմբագիր: 1990 թ. նա կրկին վերադարձավ Անկարայի համալսարանի Քաղաքագիտության բաժնում իր պաշտոնին: 1991 թ. նա դարձավ դոցենտ, իսկ 1997 թ.՝ դասախոս: 2006թ. իր որոշմամբ լքեց Անկարայի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի նախագահությունը: 2001թ. նա դարձավ Վարչապետի Իրավապաշտպանական խորհրդի անդամ: Նա մասնակցեց «Փոքրամասնությունների և մշակութային իրավունքների իրավիճակն ուսումնասիրող խումբ» անվանումով հանձնաժողովի աշխատանքներին: 2003 թ. լույս տեսած Փոքրամասնությունների և մշակութային իրավունքների մասին զեկույցի հեղինակներից մեկն էր: 2007 թ. հունիսի 1-ին Անկախ թեկնածուի ընդհանուր հարթակի նախաձեռնությամբ նա հայտարարեց Ստամբուլից պատգամավորի իր թեկնածության մասին: Խորհրդարան մտնելու համար նա չհավաքեց բավականաչափ ձայներ: Մոտ հազար այլ մտավորականների հետ նա սկսեց «Ներողություն ենք խնդրում հայերից» արշավը: Նա գրում է Ակօս շաբաթաթերթի և Ռադիկալ Երկու հավելվածի համար:
Ամերիկահայ պատմաբան: Մասնագիտանում է Հայաստանի, Կովկասի և Մերձավոր Արևելքի հարցերում: 1991-1997 թթ. եղել է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը, իսկ հետո ավագ խորհրդականը, ինչպես նաև եղել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Նա Զորյան ինստիտուտի հիմնադիր անդամն է: Նախկինում դասավանդել է տարբեր համալսարաններում և բազմաթիվ աշխատանքների հեղինակ է: Ներկայումս Էնն Արբորում Միչիգանի համալսարանի Ժամանակակից հայոց պատմության Ալեք Մանուկյան բաժնի նախագահն է:
Ամերիկացի իրավաբան է: Զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ ազդված լինելով 1938 թ. նացիստական Գերմանիայից իր հրեա հոր փախուստի փորձից: 1970-ականներին ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների բաղադրիչի՝ Ջիմի Քարթերի ներմուծմամբ Ռոթն ավելի ոգեշնչվեց` մարդու իրավունքներն ընտրելով որպես մասնագիտություն: 1987 թ. Ռոթը միացավ Human Rights Watch-ին որպես փոխտնօրեն: Սկզբնական շրջանում աշխատում էր Հայիթիի շուրջ, որը նոր էր ազատվում Դուվալիերի բռնապետությունից, սակայն դեռ շարունակում էր տառապել ռազմական իշխանությունից: Այն ժամանակվանից ի վեր Ռոթը ճամփորդել է ողջ աշխարհով՝ տարբեր պետական գործիչներին դրդելով առավել մեծ հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների հանդեպ: Նա գրել է մարդու իրավունքների տարատեսակ խախտումների մասին՝ հատկապես ուշադրություն դարձնելով միջազգային արդարադատությանը, հակաահաբեկչությանը, մեծ պետությունների արտաքին քաղաքականություններին և ՄԱԿ-ի գործունեությանը: 1993 թ. նա Human Rights Watch-ի գործադրի տնօրենն է:
Ծնվել է Հարավային Աֆրիկայում և 15 տարեկանում ներգրավվել է երկրի ազատագրական պայքարում: Իր հակաապարտեիդական գործունեության համար նրան հեռացրել են դպրոցից: 1986 թ. նրան կալանավորել և մեղադրել են արտակարգ իրավիճակների կանոնները խախտելու մեջ: Մեկ տարի թաքնվելուց հետո նա որոշում է աքսորի կյանքով ապրել Անգլիայում: Այստեղ Ռոդսի կրթաթոշակով սովորում է Օքսֆորդում և քաղաքական սոցիոլոգիայի բնագավառում դոկտորի աստիճան է ստանում: 1990 թ. Նելսոն Մանդելայի ազատությունից հետո նա վերադառնում է Հարավային Աֆրիկա՝ Աֆրիկայի ազգային կոնգրեսի օրինականացման ուղղությամբ աշխատելու համար: Նա դարձավ Հարավաֆրիկյան ազգային ՀԿ կոնգրեսի հիմնադիր գործադիր տնօրենը, որի ճյուղավորումներից էր Հարավաֆրիկյան հասարակական կազմակերպությունների համայնքը: 1998-2008 թթ. նա «ՍԻՎԻԿՈՒՍ» քաղաքացիական մասնակցության համաշխարհային դաշինքի Գլխավոր քարտուղարը և Գլխավոր գործադիր տնօրենն էր: Վերջինիս գործունեությունը նվիրված է աշխարհում քաղաքացիների գործունեության և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: 2009թ. նոյեմբերին նա դարձավ Գրինփիսի միջազգային գործադիր տնօրեն:
Նա Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում Միջազգային կառավարման դասախոս և Քաղհասարակության և մարդու անվտանգության հետազոտական բաժնի տնօրենն է: Նա Եվրոպական միջուկային զինաթափման, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի և Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի հիմնադիր անդամ է: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝«Բացարձակ զենքը դրա բացակայությունն է. մարդու անվտանգությունը և պատերազմի ու խաղաղության փոփոխվող կանոնները», «Նոր և հին պատերազմներ. կազմակերպված բռնությունը գլոբալ ժամանակաշրջանում» և «Գլոբալ քաղհասարակություն. պատասխան պատերազմին» աշխատությունների հեղինակը:
Սոցիոլոգ և գրող է: 1964 թ. ավարտել է Ստամբուլի համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը: Համալսարանի դասախոսական խորհուրդը երկու անգամ մերժել է նրա դոկտորական թեզը, որը վերաբերում էր Թուրքիայում աշխատող դասակարգի ազդեցության աճին: Արդյունքում ուսանողները բողոքարկեցին դա՝ գրավելով համալսարանը: Դա Թուրքիայում համալսարան գրավելու առաջին դեպքն էր: Այնուհետ Բայդարը դարձավ օգնական Հաջեթթեփե համալսարանում: 1972 թ. ռազմական հեղաշրջման ժամանակ նրան կալանավորեցին Թուրքիայի Աշխատավորների կուսակցությունում և Թուրքիայի Ուսուցիչների արհմիությունում իր սոցիալիստական գործունեության համար: Արդյունքում նա լքեց համալսարանը: 1972-1974 թթ. նա թղթակցել է Յենի Օրթամ (Նոր հարթակ) և Պոլիտիկա (Քաղաքականություն) թերթերին: Նա հրապարակել է իր առաջին լրագիրը Այդըն Էնգինի և Յուսուֆ Զիյա Բահադինլիի հետ: 1980 թ. ռազմական հեղաշրջման ժամանակ նա մեկնեց արտերկիր և 12 տարի աքսորի կյանքով ապրեց Գերմանիայում: Նա Թուրքիա վերադարձավ 1992 թ.: Թուրքիա վերադառնալուց հետո իր գրած վեպերի և պատմությունների համար նա բազմաթիվ մրցանակներ է ստացել:
Ռաքել Դինքը ներգրավվել է իրավապաշտպանության մեջ ամուսնու` թուրքահայ ականավոր լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը: 2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: