Մուրաթ Չելիքքանը ծնվել է 1957 թ. Անկարայում: Սովորել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի կառավարման բաժնում: Երկու անգամ կալանավորվել է՝ առաջին անգամ 1978 թ.՝ իր սոցիալիստական գործունեության համար, և 1980 թ. հեղաշրջման գործողությունների ժամանակ, երբ թիրախավորվել էին բոլոր ընդդիմադիր խմբերը: Երկու անգամ էլ արդարացվել է: 2011 թ. նա և մի խումբ ակտիվիստներ հիմնել են Ճշմարտության, արդարության և հիշողության կենտրոնը, որի նպատակն է լուսաբանել պատերազմի և ավտորիտար կառավարման ժամանակ իրավախախտումները, նպաստել այդ անցյալի կարգավորմանը՝ «անցումային արդարադատության» տեսանկյունից, և իրավական միջոցներ կիրառելով, օգնել խմբերին, որոնց իրավունքները խախտվել են, հասնելու արդարության: Որպես կենտրոնի համաղեկավար և հաղորդակցման ծրագրի զեկավար՝ նա ծրագրեր է իրականացրել, որոնց նպատակն է իրավախախտումների և «բռնի անհետացման» հանցագործությունների ճանաչումը, ինչպես նաև այս խնդիրների շուրջ հավաքական հիշողության ամրապնդումը: Հրամանագրով փակված «Özgür Gündem» թերթի հայտարարած արշավին աջակցելով՝ նա մեկ օրով՝ 2016 թ. մայիսի 28-ին, թերթի գլխավոր խմբագիր աշխատեց, ինչի արդյունքում 2017 թ. մայիսի 16-ին նրան դատապարտեցին 18 ամսվա ազատազրկման: Օգոստոսի 14-ին Քըրքլարելիի E-տիպի փակ բանտ ներկայանալուց հետո նրան 2017 թ. հոկտեմբերի 21-ին պայմանականորեն ազատ արձակեցին: 2018 թ. նա արժանացել է մարդու իրավունքների պաշտպանի մրցանակի, որը Ստոկհոլմում տեղակայված Քաղաքացիական իրավունքի պաշտպանների կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառում է:
«Մվատանա» մարդու իրավունքների կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թ.Ռադյա ալ-Մութավաքելի և Աբդուլռաշիդ ալ-Ֆաքիհի կողմից՝ Յեմենում մարդու իրավունքները պաշտպանելու համար: Պատերազմը սկսվեց 2014 թ. սեպտեմբերին, երբ Հութիների զինված խմբերը գրավեցին մայրաքաղաք Սանաան և սկսեցին շարժվել դեպի երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Ադեն: Ի պատասխան սրան՝ միջազգային կոալիցիան, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, 2015 թ.մարտին օդից հարձակվեց Հութիների ուժերի վրա: Կազմակերպությունը փաստագրություններ է ներկայացրել այս շարունակվող զինված հակամարտության ընթացքում իրավախախտումների վերաբերյալ: Քաղաքացիական պատերազմում, որը ՄԱԿ-ն անվանել է «աշխարհի ամենավատ մարդասիրական ճգնաժամը», ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի զինված ուժերի, ինչպես նաև Հութիների հարձակումների հետևանքով սպանվել են հազարավոր քաղաքացիներ, կանայք և երեխաներ, առավել մեծ թվով մարդիկ վիրավորվել են, ավիրվել են հիվանդանոցներ, տներ, այգիներ, շուկաներ և դպրոցներ: Կազմակերպությունը փաստագրել է այս հարձակումները և հանրայնացրել դրանք: Համաձայն Օտտավայի համաձայնագրին, որին Յեմենը միացել է 1998 թ. սեպտեմբերին՝ կազմակերպությունը Հութիների ուժերից պահանջել է և շարունակում է աշխատել ականների օգտագործման դադարեցման, ականապատ դաշտերի հայտնաբերման, ականների պաշարների ոչնչացման, դեռևս գետնի տակ գտնվող ականների մաքրման և ականներից տուժածներին փոխհատուցում վճարելու ուղղությամբ: Այն հետազոտում և փաստագրում է ծառայության ժամանակ անհետացած կամ կամայականորեն ձերբակալված լրագրողների վիճակը: Կազմակերպության պատրաստած զեկույցներին հղում են անում Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները:
Էլբի Սաքսը ծնվել է 1935 թ. Հարավային Աֆրիկայում: Ավարտել է Քեյփ Թաուն համալսարանի Իրավունքի բաժինը և 21 տարեկանում սկսել է աշխատել որպես իրավաբան: Նրան առանց դատավարության կալանավորել են 168 օրով՝ ապարտհեյդի ռեժիմի ռասիստական և ռեպրեսիվ անվտանգության օրենքներով դատվածներին պաշտպանելու համար: Ապարտհեյդի օրենսդրական համակարգի թեմայով ասպիրանտուրան ավարտել է Անգլիայի Սասսեքսի համալսարանը, ուր նա գնացել էր 1966 թ. որպես աքսորյալ: 1988 թ. Մապուտոյում՝ Մոզամբիկում, ուր նա աշխատում էր որպես իրավագիտության դասախոս, կորցրեց իր մի ձեռքը և աչքերը՝ իր մեքենայում հարավաֆրիկյան անվտանգության գործակալների տեղադրած ռումբի պայթյունի հետևանքով: 1990 թ. նա վերադարձավ Հարավային Աֆրիկա և նվիրվեց Հարավային Աֆրիկայի ժողովրդավար սահմանադրությունը մշակելուն: Նա ակտիվ ներգրավածություն ուներ Աֆրիկայի ազգային կոնգրեսում Հարավային Աֆրիկայի համար ժողովրդավար սահամանադրության բանակցություններում: 1994 թ. նա ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ, ուր աշխատեց 15 տարի՝ մարդու իրավունքները երկրի արդարադատության համակարգում ամրագրելու ուղղությամբ: Նա իր գրքերի և մարդու իրավունքների ու արդարության շուրջ իրականացրած աշխատանքների համար բազմաթիվ մրցանակների է արժանացել:
Այշե Քադըօղլուն 1998 թ. ի վեր Սաբանջը համալսարանի քաղաքագիտության դասախոս է: Ներկայումս Կոլումբիա համալսարանում հրավիրյալ գիտնական է: Նա հանդիսանում է նաև Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի Իրավապաշտպանության քաղաքականության «Քարր» կենտրոնի կրթաթոշակակիր: 2018 թ. նա հրավիրյալ գիտնական է եղել Հարվարդի համալսարանի Եվրոպագիտության կենտրոնում: Նա եղել է Սաբանջը համալսարանի նախագահի պաշտոնակատարը և նույն համալսարանի Արվեստի և հասարակագիտության բաժնի դեկանը: Ա. Քադըօղլուն նաև Սաբանջը համալսարանում գործող Ստամբուլի քաղաքականությունների կենտրոնի/Շտիֆտունգ Մերկատոր նախաձեռնության և Կրթական բարեփոխումների նախաձեռնության գործադիր խորհրդի անդամ է եղել: Նա եղել է նաև Ստամբուլի Սաքըփ Սաբանջի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2004 թ. ի վեր եղել է Յել համալսարանի Իրավագիտության դպրոցի ամեն տարի անցկացվող «Մերձարևելյան իրավագիտության սեմինարներ»-ի անդամ: 13 լեզվով հրապարակվող առցանց «Ազատ խոսքի բանավեճ» ցանցի խորհրդականներից մեկն է: Եղել է Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամի Տնօրենների խորհրդի անդամի տեղակալ (2011-2015 թթ.): 2005-2010 թթ. եղել է Օքսֆորդ համալսարանի Սբ. Էնթոնի քոլեջի հրավիրյալ գիտնական և ավագ անդամ: Ցայտ Շտիֆտունգի Միգրացիոն ուսումնասիրությունների ասպիրանտական Բուցերիուս ծրագրում եղել է խորհրդի անդամ (2010-2013 թթ.): Ա. Քադըօղլուն եղել է Եվրոպական խորդրի խորհրդատվական խմբի անդամ և 2011 թ. համահեղինակել է «Ապրելով միասին. համատեղելով բազմազանությունը և ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցը:
Էրջան Քեսալը 1984 թ. ավարտել է Էգե համալսարանի բժշկագիտության բաժինը: 1984-1990 թթ. Անկարայի տարբեր գյուղերում և քաղաքներում աշխատել է որպես բժիշկ: Աշխատել է առողջապահության մասնավոր ոլորտում և 1990 թ.՝ Ստամբուլ տեղափոխվելուց հետո, պոլիկլինիկաներ ու բժշկական կենտրոններ է բացել: Նա եղել է 1998 թ. իր հիմնադրած Օզել Օքմեյդանը հիվանդանոցի գործադիր տնօրենը: Մագիստրոսական աստիճանը ստացել է Ստամբուլի առևտրի համալսարանի Հասարակագիտության ինստիտուտի հոգեբանության բաժնից: Ներկայումս սոցիալական մարդաբանության ոլորտում ասպիրանտական կրթությունը ստանում է Յեդիթեփե համալսարանում: Նա նաև դերասան է, սցենարների հեղինակ: Խաղացել է Նուրի Բիլգե Ջեյլանի «Ուզաք» ֆիլմում, ինչպես նաև արժանացել մի շարք ազգային և միջազգային փառատոնների մրցանակների: Իր առաջին բանաստեղծությունները հրապարակել է բժշկագիտություն սովորելիս: Հոդվածներ է հրապարակել նաև պարտադիր ծառայութան ժամանակ «Սոն Ռեչեթե» ամսագրում: Նա Էրա հրատարակչության հիմնադիրներից մեկն է: Թղթակցել է «Շիզոֆրենգի» ամսագրին: Յուրաքանչյուր կիրակի կանոնավոր գրել է էսսեներ և պատմություններ «Ռադիկալ» և «Բիրգյուն» թերթերի համար: Պատմվածքների գրքեր է հրապարակում 2013թ.-ից սկսած:
Օզլեմ Դալքըրանն ակտիվիստ է, աշխատում է որպես անկախ թարգմանիչ: Նա Քաղաքացիական ասամբլեայի (նախկինում հայտնի որպես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա) ակտիվ անդամ է: Երկարամյա փորձունեցող ակնառու իրավապաշտպան է: Նա Թուրքիայի Ամնեսթի Ինթերնեյշնլ կազմակերպության հիմնադիր անդամ, մեդիա բաժնի նախկին ղեկավար և երկու ժամկետ շարունակ նախկին նախագահն է եղել: Նա նաև Բաց հասարակության հիմնադրամների՝ Թուրքիայի գրասենյակի խորհրդի անդամ է: Նա բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում կանանց իրավունքների և Թուրքիայում մարդու իրավունքների թեմաներով: Իրականացրել է «Կինոյի և մարդու իրավունքների» մասին հետազոտություն: Հետագայում դարձել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Փախստականների աջակցման ծրագրի համակարգողը: Աշխատել է որպես «Բիանեթ» լրատվականի և Հաղորդակցման անկախ ցանցի համակարգող: 2010-2016 թթ. եղել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ:
Ռոնալդ Գրիգոր Սյունին Միչիգանի համալսարանում պատմության՝ Վիլիամ Հ. Սյուելի անվանակիր ականավոր դասախոս է, Չիկագոյի համալսարանում քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Ազգային հետազոտական համալսարանի Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի ավագ հետազոտող: Նա «Բաքվի կոմունա, 1917-1918», «Վրաց ազգության կերտումը», «Արարատին նայելով. Հայաստանը նորագույն պատմության մեջ», «Անցյալի վրեժը. ազգայնականությունը, հեղափոխությունը և Սովետական միության փլուզումը», «Սովետական փորձ. Ռուսաստանը, ԽՍՀՄ-ն ու իրավահաջորդ պետությունները», «Նրանք կարող են ապրել անապատում և ոչ մի ուրիշ տեղ. Հայոց ցեղասպանության պատմությունը» աշխատությունների հեղինակն է. Նա նաև «Ցեղասպանության հարցը. հայերը և թուրքերը Օսմանյան կայսրության ավարտին» աշխատանքի համահեղինակն է: Նրա ներկայիս հետազոտական աշխատանքը ցարական Ռուսաստանի և օսմանյան հայերի մասին է:
Սարգիսը ծնվել է 1938 թ. Ստամբուլում: Կրթությունը ստացել է նկարչության և ինտերիերի ճարտարապետության ոլորտում Միմար Սինան համալսարանում: Առաջին ցուցահանդեսը կազմակերպել է 1960 թ. Ստամբուլի «Սանաթ» պատկերասրահում: 1964 թ. տեղափովել է Փարիզ և 1967 թ. Փարիզի բիենալեում ստացել է մրցանակ: 1980-1990 թթ. եղել է Ստրասբուրգի Դեկորատիվ արվեստի դպրոցի տնօրենը: 1988-1995 թթ. սեմինարներ է վարել Պլաստիկ արվեստի ուսումնասիրությունների բարձրագույն ինստիտուտում: 1991 թ. արժանացել է Քանդակագործության ազգային մրցանակին: Իր կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր գործիքներով և մեթոդներով՝ ներառյալ միջբնագավառային ինստալյացիաներով: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ թանգարաններում և պատկերասրահներում, ինչպիսիք են Լուվրի թանգարանը, Ժնևի ժամանակակից արվեստի թանգարանը, Գուգենհայմի, Ժամանակակից արվեստի, Ժորժ Պոմպիդուի թանգարանները: Սարգիսն ապրում է Փարիզում և շարունակում է ոգեշնչել մարդկանց:
Սերժ Թանկյանը ծնվել է 1967 թ. Լիբանանում: Որպես երաժիշտ, երգահան և կիթառահար՝ մեծ հաջողության է հասել «System of a Down» ռոք խմբի հետ: Ռոք խմբից հետո կարիերան անհատապես է շարունակել: Նա անհատական ալբոմներ է պատրաստել և ֆիլմերի ու թատրոնների համար երաժշտություն գրել: 2001 թ. հիմնել է ձայնագրման իր ստուդիան՝ «Serjical Strike Records», որի միջոցով էլ օգնել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների՝ ալբոմներ թողարկելու հարցում: Իր ընկերոջ՝ Թոմ Մորելլոյի հետ հիմնել է Արդարության առանցք հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է խթանել համագործակցությունը երաժիշտների, երաժշտասերների և քաղաքացիական նախաձեռնությունների միջև՝ հանուն սոցիալական արդարության: Մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ցեղասպանության ճանաչման, բնապահպանության և այլ խնդիրների հանդեպ նրա վերաբերմունքը ազդել է իր երաժշտության ոճի վրա: Նա հավատում է մարդու իրավունքների և բազմազանության գաղափարների տարածման գործում արվեստի դերին և շարունակում է ոգեշնչել և իրազեկել մարդկանց իր աշխատանքներով:
Զայնաբ Սալբին հիմնել է Կանայք միջազգային կանանց համար մարդասիրական և զարցագման քաղաքացիական կազմակերպությունը, որը նվիրված է պատերազմներից փրկված կանանց աջակցություն ցուցաբերելուն, գործիքներ և կյանքի հմտություններ սովորեցնելուն, որոնք թույլ կտան նրանց ճգնաժամից և աղքատությունից անցում կատարել դեպի կայունության և տնտեսական ինքնաբավության: Նա ստեղծել է «Նիդաա» թոք շոուն, որն ուղղված է արաբական երկրների կանանց՝ նրանց ոգեշնչելու համար (www.nidaashow.com): Բացի համաշխարհային և արաբական աստղերից՝ ցուցադրությանը մասնակցում են նաև սովորական կանայք և տղամարդիկ: 2016 թ. նա սկսեց միջազգային ինքնատիպ շարքը՝ «Զայնաբ Սալբի նախագիծը»՝ «Հաֆինգթոն Փոսթ»-ի և «AOL»-ի հետ համագործակցությամբ: Այս նոր շարքում նա ճամփորդում է ողջ աշխարհով մեկ և հակամարտություններում պայքարող, գոյատևող և բարգավաճող մարդկանց անձնական պատմությունների միջոցով լուսաբանում է միջազգային խնդիրները: Նա մի քանի գրքերի հեղինակ է և ներկայումս, «Նյու Յորք Թայմզ»-ի հետ համագործակցությամբ, «Կանայք աշխարհում» բաժնի խմբագիրն է:
Ռաքել Դինքն սկսեց զբաղվել իրավապաշտպանական գործունեությամբ իր ամուսնու՝ պոլսահայ հայտնի լրագրող և Ակօս թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ծնվել է Թուրքիայի հարավ-արևելյան Սիլոփի քաղաքում, հայկական ընտանիքում: Անատոլիայի բազմաթիվ երեխաների պես Ռաքելը տեղափոխվեց Ստամբուլ՝ հայկական դպրոցում կրթություն ստանալու համար: Նա հանդիպեց Հրանտ Դինքին Քամփ Արմենում, ուր հայ երեխաները, որբերը կամ ընտանիքներից հեռու գտնվողներն անցկացնում էին իրենց ամառները: Ռաքելն ու Հրանտը ամուսնացան և գալիք տարիներին՝ մինչ պետության կողմից ճամբարի սեփականության բռնագրավումը, ղեկավարեցին Քամփ Արմենը: 2007 թ.՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, Ռաքելն իր կյանքը նվիրեց ամուսնու գործը շարունակելուն: 2007 թ. նա ստեղծեց Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացումը կանխելու, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատալ, որ չնայած իր կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ նա շրջապատված է սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հանդեպ և իր ուրախության աղբյուրն է համարում իր աշխատանքը և ընտանիքը: