Հիմնադրվել է 1979 թվականին իրավաբանների կողմից։ Նպատակն էր պաշտպանել մարդու իրավունքների խախտման հետևանքով տուժած հասարակության տարբեր շերտերի զոհերին: Այն ժամանակ, երբ Կոլումբիան ղեկավարվում էր արմատական պահպանողական և միլիտարիստական քաղաքականություն վարող կառավարությունների կողմից, այն սկսել է տարբեր դատական գործեր բացել ընդդեմ կամայական ձերբակալությունների, արտադատական մահապատիժների, բռնի անհետացումների և խոշտանգումների: Իր անունը ստացել է հայտնի կոլումբիացի իրավաբան, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան Խոսե Ալվեար Ռեստրեպոյի պատվին։
Տարբեր անդամներից բաղկացած Կոլեկտիվը ակտիվ դեր է խաղացել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) և Կոլումբիայի կառավարության միջև 1960-ական թվականներին աղքատության, քաղաքական բացառման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատճառով սկսված զինված հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններում: Խաղաղության գործընթացը 2016 թվականին հանգեցրեց պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ռազմական գործողությունների դադարեցումից հետո Կոլեկտիվը նշանակալի ներդրում է ունեցել անցումային արդարադատության գործընթացում։ Այն օժանդակել և հովանավորել է խորհրդանշական դատական որոշումներ, որոնք իրավական նախադեպ են ստեղծել հասարակական-քաղաքական ոլորտում առկա բռնության պատմական հիմքերը բացահայտելու, ինչպես նաև հակամարտությունների հետևում կանգնած ճշմարտությունը հաստատելու համար: Այն ձեռնարկել է բազմաթիվ գործողություններ՝ նպաստելով զինված հակամարտության կողմերի քաղաքական կյանքին մասնակցության իրավունքին։ Քննության է առել է սպանված իրավապաշտպանների և արհմիությունների առաջնորդների գործերը: Այն հատուկ ուշադրություն է դարձրել Կոլումբիայի բնիկ ժողովուրդների հողային իրավունքների պաշտպանությանը, իրավական տարբեր գործընթացներում ներկայացրել խոցելի բնիկ համայնքների իրավուքները:
Վերջին տարիներին աշխատում է գյուղացիների և աֆրիկյան ծագում ունեցող բնիկ համայնքների հետ՝ փորձելով պաշտպանել վերջիններիս հողը արդյունահանող ընկերություններից: Այն աջակցում է միջազգային իրավական դաշտի ստեղծմանը, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել բազմազգ ընկերություններին՝ կլիմայի փոփոխության հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերի համար:
Վայելելով տարբեր միջազգային հաստատությունների և մասնագիտական կազմակերպությունների աջակցությունը, ի թիվս այլոց, Կոլեկտիվը փոխկապակցված է Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը (OMCT), Միջազգային քրեական դատարանի կոալիցիային և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային (FIDH): Կոլեկտիվն արժանացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների՝ իբրև գնահատանք իր մեծ ջանքերի, որոնք ուղղված են ճշմարտությունը բացահայտելուն, հակամարտության ժամանակաշրջանի հիշողությունը պահպանելուն, մարդկային կյանքի վրա [զինված] հակամարտության ազդեցությանը տեսանելի դարձնելուն ։
Կոլեկտիվը և նրա անդամները Կոլումբիայի գաղտնի ծառայության կողմից ապօրինի կերպով ենթարկվել են հետապնդման և սպառնալիքների: Բազմաթիվ զրպարտող արշավներ են կազմակերպվել վերջիններիս դեմ, նրանք թիրախավորվել են, բախվել կեղծ մեղադրանքների: Կոլեկտիվի գործունեությունը կասեցնելու բազմաթիվ փորձեր են արվել։ Անկախ այս բոլոր հարձակումներից ու քաղաքական խոչընդոտներից՝ Կոլեկտիվի իրավաբանները շարունակել են իրենց աշխատանքը՝ վտանգելով սեփական կյանքը։
Բարի երեկո,
Պատիվ է այսօր լինել այստեղ և ստանալ այս մրցանակը Խոսե Ալվեար Ռեստրեպոյի Իրավաբանների Կոլեկտիվի (CAJAR) անունից: Մենք այսօր այստեղ ենք և՛ մեր Կոլեկտիվի, և՛ մեր երկրի հարյուրավոր իրավապաշտպանների անունից, ովքեր աշխատում են հանուն խաղաղության, արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, առողջ միջավայրի ապահովման և ավելի արդար և հավասար հասարակության կառուցման:
Կոլումբիան հակադրությունների երկիր է։ Մենք ունենք չափազանց բերրի հողեր և կենսաբազմազանությամբ աշխարհի երկրորդ ամենահարուստ երկիրն ենք։ Թերևս հենց այս պատճառով, ինչպես հարավային շատ երկրներ, Կոլումբիան տուժում է, քանի որ վերջինիս բնական ռեսուրսները անխղճորեն թալանվում են անդրազգային ընկերությունների անհագ ախորժակների պատճառով։ Այս ընկերությունները կողմնակից են թալանին, հարստության կուտակմանը և հարուստ էկոհամակարգերի ոչնչացմանը՝ ի վնաս բնության և այն խնամող ժողովուրդների ու համայնքների:
Հինգ տասնամյակների ընթացքում մենք կառուցել ենք մայրցամաքի ամենաուժեղ իրավապաշտպան շարժումներից մեկը։ Միևնույն ժամանակ, Կոլումբիան կարելի է համարել աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը մարդու և շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Իրավունքների պաշտպանությունը շատ թանկ գին ունի: Միայն այս տարի սպանվել է առնվազն հարյուր իրավապաշտպան։ Հարյուրավորներ էլ սպառնալիքների են ենթարկվել, շատերը գտնվում են աքսորում, բանտում կամ ենթարկվում են անարդար հետապնդման՝ կյանքի, հողի, տարածքի, շրջակա միջավայրի, խաղաղության և բոլորի իրավունքների պաշտպանության պատճառով: Այս մրցանակը նվիրված է Կոլումբիայի բոլոր իրավապաշտպաններին, քանի որ նրանք մեր ոգեշնչումն են, մեր խրախուսման և հույսի աղբյուրը։
2016 թվականին Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել աշխարհի հնագույն պարտիզանական ուժերից մեկի՝ FARC-ի հետ (Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր)՝ նպատակ ունենալով վերջ տալ ավելի քան 60 տարի շարունակվող զինված հակամարտությանը։ Մենք ողջունեցինք այս համաձայնագիրը մեծ հույսով և ակնկալիքով, որ կարող ենք ավելի լավ ապագա կառուցել գալիք սերունդների համար։ Սակայն այս գործընթացը հեշտ չտրվեց․ պատճառը նախկին իշխանությունների կողմից Խաղաղության համաձայնագրի պահանջների կատարման ձգձգումն էր և հակամարտությունների ու բռնությունների այլ ձևերի ուժեղացումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալներով՝ ներկայումս Կոլումբիայում առնվազն չորս զինված հակամարտություն կա՝ Ազգային բանակի և այլ պարտիզանների միջև, պարտիզանների և կիսառազմական խմբերի միջև, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ ամուր կապեր ունեցող տարբեր այլ խմբերի միջև:
Կոլումբիացիները, սակայն, համարձակ են և համառ: Համաճարակի ընթացքում, չնայած շարունակվող ինտենսիվ ռազմականացմանը, հազարավոր մարդիկ ամբողջ երկրում դուրս եկան փողոցներ, սկսվեց սոցիալական ընդվզում։ Նրանք պահանջում էին փոփոխություններ՝ ի դեմս խոր արմատացած տնտեսական անհավասարության, աղքատության և տնտեսական և սոցիալական իրավունքների անհասանելիության: Բողոքի ցույցերը <<գունեղ>> էին, բազմազան, շարունակական և ղեկավարվում էին ցածր եկամուտ ունեցող երիտասարդների կողմից: Երիտասարդները չէին վախենում, քանի որ կորցնելու բան չունեին սակայն այնքա՜ն բան ունեին պահանջելու։ Բռնությունները չխլացրին նրանց ձայնը, թեև շատերը կորցրին իրենց կյանքը, մյուսները կորցրին իրենց աչքերը, հարյուրավոր մարդիկ կորցրին այն, ինչ ամենաթանկն է մարդու համար՝ ազատությունը:
Այս զանգվածային բողոքի ակցիաները ազդարարեցին կարևոր մի փոփոխություն և մի մեսիջ փոխանցեցին. <<մենք պահանջում ենք տնտեսական մոդելի փոփոխություն, մենք հոգնել ենք այն իրականությունից, որ երիտասարդների միակ հնարավորությունը մեր կողմից չհրահրված պատերազմին բռնի կերպով մասնակցելն է, մինչդեռ երկրում մի փոքր զանգված մեծ արտոնություններ է վայելում և հարստանում մեծամասնության ունեցվածքի յուրացման միջոցով>>։
Երեք տարվա բողոքի ցույցերից հետո հայտնվեց բավարար սոցիալական հիմք՝ առաջին անգամ ունենալու մի կառավարություն, որը հնարավորություններ է ստեղծում փոփոխությունների համար, պարտավորվում է ապահովել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները ամրապնդումը, հանձն է առնում վերսկսել բանակցությունները զինված խմբավորումների հետ՝ հասնելով լիակատար խաղաղության և ապահովելով մարդկանց անվտանգությունը: Այս նպատակը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. ապահովել մարդկանց, բնության և բոլոր կենդանի էակների, հատկապես անտեսված հատվածների, աֆրիկացի կին բնապահպան և Կոլումբիայի ներկայիս փոխնախագահ Ֆրենսիա Մարկես Մինանի բնորոշմամբ՝ <<որբերի>> պաշտպանությունը սոցիալական, բնապահպանական, տնտեսական և մշակութային քաղաքականության միջոցով։ Որպես երկիր՝ մենք ևս մեկ անգամ երազում ենք խաղաղության մասին, որը մեզ թույլ կտա այսպես կոչված թմրանյութերի դեմ պատերազմից անցնել կյանքը պաշտպանելուն:
Սակայն մենք գիտենք, որ իշխանությունը չէ, որ իրականացնելու է փոփոխություններ, այլ ժողովուրդը, հասարակական շարժումները և կազմակերպությունները, որոնք ամբողջ երկրում աշխատում են իրավունքների պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ: Նրանք են, ովքեր կապահովեն իրական վերափոխումը՝ իրենց ցուցաբերած վճռականությամբ, նվիրվածությամբ և մարտական ոգով:
Մեզ համար պատիվ է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից այսօր ստանալ այս մրցանակը։ Այս մրցանակը խրախուսում է մարդկանց, համայնքներին, իրենց սեփական կյանքի ու հողի համար պայքարող ցանկացած մեկին՝ շարունակելու այս կարևոր պայքարը։ Միևնույն ժամանակ, այն խրախուսում է մեզ՝ որպես իրավապաշտպանների, շարունակել կիսվել այս ոլորտում մեր փորձով, օրենքը ծառայեցնել մեր արդար դատին և աշխատել քաղաքական ցեղասպանությունների զոհերի իրավունքների ճանաչման ուղղությամբ , ինչպես դա արել ենք վերջին 45 տարիների ընթացքում։
Ինչպես տեսանք տեսանյութում, քաղաքական այս որոշումը շատ թանկ գին ունի, այն արժեցել է մեր և մեր ընտանիքների հոգու խաղաղությունը։ Մեզ հետապնդել են, սպառնացել, հսկողություն սահմանել և խարանել այս պարզ պատճառով՝ մենք պաշտպանել ենք կյանքը: Ինչպես և Հրանտ Դինքը, ով պայքարում էր հասարակությունների հաշտեցման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Ցավոք, դրանք անցյալի իրադարձություններ չեն։ Վերջին տարիներին, չնայած Խաղաղության համաձայնագրին և նոր կառավարությանը, մեր կազմակերպության անդամները և նրանց ընտանիքի անդամները ենթարկվել են սպառնալիքների և ոտնձգությունների՝ դատարաններում իրենց ցուցաբերած պայքարի, կրթական գործունեության և խաղաղության կառուցման մոդելների մշակմանն ուղղված իրենց աշխատանքների պատճառով:
Պատվելով մեզ այս մրցանակով, որը նախկինում տրվել է այդքան խիզախ տղամարդկանց և կանանց, դուք նաև պաշտպանում եք մեզ բոլոր այն մարդկանց հարձակումներից, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ որպես կազմակերպություն և որպես անհատներ: Այս մրցանակը ապացույցն է այն բանի, որ համերաշխությունը սահմաններ չի ճանաչում։ Եթե մենք ուժեղացնենք այս պայքարը հանուն կյանքի և մարդկային արժանապատվության, մեր սերունդների համար հնարավոր է մի այլ աշխարհ: Այս գաղափարից ստացած ուժով մենք կկարողանանք շարունակել հուսալ ու երազել, և գուցե մի օր ստիպված չլինենք ընտրել աքսորի ճանապարհը։
Այսօր ձեր և ամբողջ աշխարհի կողմից մեզ մեկնված համերաշխության բազմաթիվ ձեռքերի շնորհիվ է, որ մենք դեռ կենդանի ենք և դեռ շարունակում ենք պայքարել Կոլումբիայում արժանապատիվ կյանքի, խաղաղության և արդարության համար։ Հուսով ենք, որ այս պատերազմն ամբողջությամբ և վերջնականապես կավարտվի և այլևս երբեք չի սկսվի։
Շատ շնորհակալ ենք բոլորիցդ։