Դիարբեքիրի փաստաբանների միությունը հիմնադրվել է 1927 թ. Դիարբեքիրում, իսկ վերջին երեսուն տարիներին դարձել շրջանի ամենակարևոր կազմակերպություններից մեկը։
1988-2002 թթ․ Միության գործունեությունը միտված է եղել գյուղերի տարհանումների, մարդկանց խոշտանգումների, չբացահայտված սպանությունների ու հարկադիր անհետացումների դեպքերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմանը, տվյալների բազաների ստեղծմանը, անվտանգության ուժերի կողմից բռնություններից տուժած ընտանիքներին օժանդակելուն ու իրավաբանական աջակցություն տրամադրելուն։ Միության նպատակներից է նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ ուշադրություն հրավիրելով փաստի վրա, որ այս բռնությունները սանձարձակողներից ու դրանց համար պատասխանատուներից շատերն անպատիժ են մնացել։ Միությունը նախապատրաստել է քուրդ ժողովրդի հիմնարար պահանջները ձևակերպող առաջարկներ ու ծրագրեր։ Մասնավորապես այս տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումների դեմ իր պայքարում Միությունը շեշտադրել է իրավական դաշտի կարևորությունը՝ պնդելով, որ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքն ու հարակից իրավունքները պետք է ապահովվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով։
90-ականներին չբացահայտված սպանությունների ու կալանքի տակ գտնվելու ընթացքում անհետացումների հետ կապված՝ այն կենտրոնացրեց իր ջանքերը դատական գործեր հետապնդելու շուրջ, որպեսզի լույս սփռի կյանքի իրավունքի նկատմամբ հազարավոր բռնարարքների վրա։ Թեև շրջանում գրեթե բոլորը գիտեին այդ հանցանքների մասին, դրանցից միայն շատ փոքր մասն է դատարան հասել։ Դրանք հասել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը առանցքային նշանակություն ունեցավ դատական հաղթանակների հասնելու համար։ Միությունը դարձավ մարդու իրավունքների ու արտահայտվելու ազատության գործերի կողմ ոչ միայն Դիարբեքիրում, այլև՝ ամբողջ երկրում։
Ընդգծելով, որ քրդական հարցի շուրջ լուծումների բացակայությունն ավելի էր խորացնում իրավական խնդիրները, Միությունը հայտարարեց, որ Դիարբեքիրի հասարակական կազմակերպությունների հետ միասին այն պատրաստ էր ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին։ 2015 թ. Միության հրապարակած հայտարարության մեջ ասված էր․
«Հերթական անգամ հանրայնորեն հայտարարում ենք, որ դատապարտում ենք հարձակումների բոլոր տեսակները՝ և նախևառաջ՝ հարձակումը կյանքի իրավունքի հանդեպ, ինչպես նաև խաղաղության, եղբայրության, հանրային միասնականության ու ժողովրդավարական երկրում համատեղ ապրելու մեր ցանկության հանդեպ։ Մենք դեմ ենք բոլոր տեսակի մարդու իրավունքների խախտումներին։ Քառասուն տարիների զինված մարտերի փորձն առավել քան բավարար է, որ ցույց տա, որ զինված բախումներն ու գործողությունները ոչնչի չեն հանգեցրել ու չեն էլ հանգեցնելու որևէ կողմի համար, դրանք մեր հանրությանը հասցրել են միայն խորը, անվերականգնելի ցավ։ Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ իբրև Թուրքիայի հասարակություններ ու ժողովուրդներ այլ բան չունենք անելու, քան մեր խնդիրները երկխոսությամբ ու բանակցություններով լուծելն է»։
Իրավախախտումների գործերը դատարաններ բերելու և դրանց պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու իր գործունեության ընթացքում Միության անդամները բազմիցս ձերբակալվել են, դարձել ռումբով հարձակումների թիրախ, խոշտանգվել են, ստացել են սպառնալիքներ և սպանվել, այդուհանդերձ, Միությունն անդրդվելի է մնում անպատժելիության դեմ իր պայքարում։
2015 թ. նոյեմբերի 28-ին Փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին, իբրև կառույցի ներկայացուցիչ, կանգնեց Սուր թաղամասի քառասյուն մինարեթի առջև ու կարդաց մամլո հայտարարություն, որով պահանջում էր մշակութային արժեքների պաշտպանություն։ «Դժբախտաբար երկու օր առաջ կրակահերթի տակ առնվեց Դիարբեքիրի ամենանշանավոր խորհրդանիշներից մեկը՝ Քառասյուն մինարեթը։ Մարդկության հնամենի այս օրրանում մենք չենք ուզում հրացաններ, ճակատամարտեր ու ռազմական օպերացիաներ»։ Այս հայտարարությունից հետո կռիվ սկսվեց, ճակատին դիպած փամփուշտից նա մահացավ։
Իր անկողմնակալությամբ, մարդու իրավունքների հարցերի հանդեպ զգայունությամբ, ամեն տեսակի բռնության նկատմամբ ընդդիմությամբ՝ անկախ նրանից, թե որ կողմն է այն կիրառում, Դիարբեքիրի փաստաբանների միությունը տարածաշրջանում աչքի է ընկնում իր օրինակելիությամբ։ Ամեն առիթով այն ընդգծում է իրավունքի գերակայությունն ու փորձում պահպանել անկողմնակալության սկզբունքը։ Այն պայքարում է իրավախախտումների արդյունավետ քննության համար, վճռականորեն մաքառում, որ գործերը չկորցնեն վաղեմության ժամկետներն ու մեղավորներն անպատիժ չմնան։
Հարգարժան ընկերներ,
Դիարբեքիրի փաստաբանների միության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին Հրանտ Դինքի անվան մրցանակը Միությանը շնորհելու համար։ Ամենամյա այս մրցանակը տրվում է անձանց կամ կազմակերպությունների, որոնց գործունեությունը միտված է արդարությանն ու ազատությանը, որոնք պայքարում են հանուն մարդու իրավունքների ու ձգտում մի աշխարհի, որտեղ գերակայում է խաղաղությունը։
Իր հիմնադրումից ի վեր Դիարբեքիրի փաստաբանների միությունը եղել է իրաբանական ու հասարակական կազմակերպություն, որը համառորեն շարունակել է համընդհանուր մարդու իրավունքներին համապատասխան՝ իրավունքների ու իրավունքի գերակայության համար իր պայքարը՝ հեռու պահելով իրեն իշխանական բոլոր շրջանակներից։ Այն ձգտել է մնայուն խաղաղության՝ այս պայքարում կորցնելով իր ամենաթանկ անդամներին։ Իր պատմական պարտականությունն է համարել զորակցել ճնշվածներին։ Չնայած բոլոր ճնշումներին ու լուրջ գործընթացներին, որոնք հանգեցրել են իր անդամների ազատազրկումներին, խոշտանգումներին ու նույնիսկ՝ սպանդին՝ Դիարբեքիրի փաստաբանների միությունը երբեք չի նահանջել հանուն մարդու իրավունքների իր պայքարից։ Այն միշտ պաշտպանել է այն ամենը, ինչը ճիշտ է արդարության վերականգնման համար, միշտ կանգնել է ողջ երկրում անարդարության զոհ դարձած մարդկանց կողքին։ Քաղաքական նկատառումներից իրեն հեռու պահելով՝ Փաստաբանների միությունը բռնել է ազատության ու արդարության կողմը, որոնք մարդկության ամենահիմնարար կարիքներն են։ Սնվելով իր պատմությունից ու ուժ քաղելով Թահիր Էլչիի թողած հպարտ ժառանգությունից՝ Միությունն այսօր կրկին անգամ բռնում է ճնշվածների կողմը և շարունակելու է նույնն անել ապագայում։
Եվս մեկ անգամ ուզում եմ երախտագիտությամբ հիշել, հարգանքիս հավաստիքը տալ ու փայփայել Փաստաբանների միության սիրելի նախագահ Թահիր Էլչիի հիշատակը, որն իր ամբողջ կյանքը նվիրեց արդարության, իրավունքների, խաղաղության, եղբայրության ու ազատության համար պայքարին ու հենց այդ պայքարին էլ տվեց իր կյանքը։ Թահիր Էլչին իր կյանքը նվիրաբերեց գտնելու սանձազերծողներին այն բռնությունների, որոնց զոհերն իրենց ծնողների, ամուսինների ու երեխաների աչքի առջև բռնի առևանգված, խոշտանգված կամ սպանված ու ամայության մեջ անտեր նետված մարդիկն էին։ Թահիր Էլչին մարդու իրավունքների անխոնջ ջատագով էր, որը երբեք որևէ բանից չէր վախենում իր ողջ պայքարի ընթացքում, մտավորական էր, որը մինչև իր վերջին շունչը խոսում էր խաղաղությունից և որի ուժը սնվում էր այն մարդկանց երազանքից, ովքեր երազում են համատեղ ապրել խաղաղության ու ազատության մեջ։
Ճնշվածների պատմությունը մարդկության պայքարի պատմությունն է։ Այս պատմությունը նաև այն մարդկանց պատմությունն է, ովքեր պայքարում են հանուն մարդկության, ովքեր երբեք մոռացության չեն մատնվի և հավերժ կհիշվեն երախտագիտությամբ։ Ահա՛ իրավունքների ջատագով, հերոս երկու մարդ, որոնք ստեղծեցին մարդկության պատմությունը՝ Հրանտ Դինք ու Թահիր Էլչի։ Նրանք ոչ միայն երկու եղբայրական ու ճնշված համայնքների որդիներ են, որոնք վաղեմի ու մոտ անցյալում ենթարկվել են ջարդերի, նրանք նաև այն արժանավորներն են, որոնք մարդկության հպարտությունն են՝ բոլոր ճնշվածների կողքին կանգնելու իրենց մարդկային քայլով։ Չնայած այն քաղաքական շրջանակներին, որոնք գործի են դնում էժանագին ու խտրական դիսկուրս ու վերաբերմունք, Թահիր Էլչին ու Հրանտ Դինքը մարդկանց կողմից հիշվում են իբրև մտավորականներ, որոնք ջանք չխնայեցին Թուրքիայի համայնքների՝ ժողովրդավարական համակարգում ապրելու համար, ովքեր բացի իրավունքներից ու արդարությունից՝ որևէ այլ միջոց ճիշտ չհամարեցին։ Նրանց սպանությունը պատվիրողները երևի մտածում էին, թե նրանց հզոր ժառանգությունը կխամրի, որ մենք նրանց հետքերով չենք գնա, և նրանք սխալվեցին։
Վերջին մեկուկես տարում Շըրնաքի, Սուրի, Սիլվանի, Ջիզրեի, Իդիլի, Յուքսեկովայի և Նուսայբինի բախումների ընթացքում տեղ են գտել մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների լրջագույն խախտումներ՝ մասնավորապես՝ կյանքի իրավունքի։ Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ամբողջ Թուրքիայում հայտարարվեց արտակարգ դրություն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառությունը ժամանակավորապես կասեցվեց, երկիրը սկսեց կառավարվել օրենքի ուժ ստացած կառավարական որոշումներով, որոնք սառեցրին օրենսդիր մարմնի գործունեությունը։ Հանրության բոլոր հատվածներում սկսեցին տիրել լուրջ մտահոգություններ ու վախ, մարդկանց անվտանգությունն ու իրավունքի գերակայությունը լրջորեն տուժեցին։
Իբրև Դիարբեքիրի փաստաբանների միություն ուզում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ Թուրքիայում խնդիրները կարող են լուծվել համընդհանուր ժողովրդավարական հողի վրա, որը կմիավորի հասարակության բոլոր հատվածները իրավունքի դաշտի վրա։
Այս պահին մեր հիմնարար պարտականությունն ու պատմական պատասխանատվությունն է ոչ միայն պաշտպանել, այլև հարստացնել Թահիր Էլչիի ու Հրանտ Դինքի կողմից մեզ շնորհված ժառանգությունը։ Սրան հասնելու միակ ճանապարհը խաղաղություն պահանջելն ու խաղաղություն ստեղծելու համար մեր ձայնը բարձրացնելն է։
Ահմետ Օզմեն՝ Դիարբեքիրի փաստաբանների միության անունից։