Ագնես Խարշիինգը ծնվել է 1960 թ. Հնդկաստանի Մեգհալայա նահանգի մայրաքաղաք Շիլոնգում, որտեղ նա ուսանել է քաղաքագիտություն, պատմություն և կրթական համակարգեր Սբ․ Մերիի քոլեջում։ Չնայած նա խուսափել է քաղաքականությունից, սակայն աշխատել է իր տարածաշրջանի հանրային կառույցների աշխատանքի թափանցիկության բարձրացման և մարդու իրավունքների ոլորտի բարելավման ուղղությամբ։ 2005 թ. երբ Հնդկաստանում ընդունվեց Տեղեկատվության ազատության մասին օրենքը, որը թույլ էր տալիս քաղաքացիներին տեղեկատվություն հայցել պետական կառույցներից, նա պայքարել է որպես ակտիվիստ՝ աջակցելով բյուրոկրատական համակարգի անպատժելիությանը բախված մարդկանց, որպեսզի նրանք իրացնեն տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը։  

Նա միացել է 2007 թ. հիմնադրված Կանանց հասարակական կազմակերպությանը, որը պայքարում է կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության և կոռուպցիայի դեմ։ 2008 թ. դարձել է կազմակերպության նախագահ։ Ա. Խարշիինգը, բնակվելով գյուղական տարածաշրջանում, իր ձայնն էր բարձրացնում կանանց նկատմամբ բռնության, բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների դեպքերի մասին։ Երեխաներին փրկելու գործողություններ է ձեռնարկել Ասսամի տարածաշրջանում, որտեղ անչափահասների սեռական թրաֆիքինգը կտրուկ աճ էր ապրում։  

Աջակցել է գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց՝ վերացնելով իրավունքներն իրացնելիս առաջ եկած խոչընդոտները։ Ա. Խարշիինգը բացահայտել է, որ աղքատներին սնունդ մատակարարող գործակալությունները՝ վարձված պետության կողմից, պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները, և պետությունն էլ իրավիճակի բավարար դիտարկում չի իրականացնում։ Ա. Խարշիինգը ջանացել է հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գյուղատնտեսության և սննդի մատակարարման ոլորտում անօրինական քաղաքականությունները հանգեցնում են տնտեսական շահագործման։ Իրավապաշտպանը նստացույցեր է կազմակերպել գյուղատնտեսության ոլորտում պետության վարած օտարման քաղաքականության դեմ, որի հետևանքով հողն օտարվում էր տեղացիներից, և նրանք ստիպված էին լինում հեռանալ իրենց բնավայրերից։ 2013 թ.  Ա. Խարշիինգը ակցիաների իրականացման ժամանակ ձերբակալվել է։ 

2018 թ. դատարան է դիմել դպրոցի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, որը սեռական ոտնձգություններ է իրականացրել որոշ ուսուցիչների և աշակերտների նկատմամբ և դպրոցում մարմնական պատիժներ կիրառել։ Արդյունքում բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է։ 

Իրավապաշտպանության իր գործունեության մեջ շրջադարձային եղավ 2018 թ., երբ նա Ջանտիա Հիլլզ շրջանում հանքարդյունաբերական ծրագրի հետ կապված կոռուպցիա բացահայտվեց։ Նա հետազոտեց տարածաշրջանում ապօրինի հանքարդյունահանման պրակտիկան, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ կորցրել էին իրենց հողերն ու կյանքերը։ Նա բացահայտեց, որ փորվում էին փոքր հորեր՝ այսպես կոչված՝ «առնետի անցքեր», այնքան փոքր, որ հնարավոր լինի երեխաներին անցկացնել դրանցով, ու երեխաներին աշխատեցնում այդ հորերում։ Միջավայրն աղտոտող, կենդանիների ոչնչացմանը հանգեցնող այս պրակտիկան վաղուց անօրինական էր, սակայն չլիցենզավորված հանքարդյունաբերությունը տարածաշրջանում շարունակվում էր։ Իրականում պետական իշխանությունները տարիներ շարունակ համագործակցում էին քարածխի գործ անող մաֆիայի հետ, որում ներքաշված էին քարածքի հանքատերերն ու նրանց ֆինանսավորողները։ Մի անգամ, երբ քարածուխ արդյունահանող բեռնատարներն էր լուսանկարում, Ա. Խարշիինգը ենթարկվում է մաֆիայի 30-40-հոգանոց հանցախմբի հանձակմանը։ Արդյունքում շուրջ մեկ ամիս անց է կացնում հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում։ Այս հարձակումից հետո, սակայն, Ա. Խարշիինգը հայտարարում է, որ չի նահանջի, իրականում այդ հարձակումն է՛լ ավելի էր ամրապնդել նրա համոզմունքը, որ ինքը ճիշտ բանն է անում։ 

Հարձակումն իրականողները, թեև ձերբակալվեցին, սակայն տեղական մաֆիայի ազդեցությամբ նրանք ազատ արձակվեցին։ Ա. Խարշիինգը ենթարկվեց նաև տեղացի բնակիչների պարսավանքին, քանի որ նրանք վախենում էին, որ հանքարդյունաբերության դադարեցումն իրենց կթողնի առանց ապրուստի։ Այս ամենին չնայելով հանդերձ՝ նա շարունակում է ապօրինի հանքարդյունաբերության դեմ իր պայքարը՝ պաշտպանելով աղքատների, վարձու աշխատող դարձած երեխաների իրավունքներն ու բնությունը։

Շնորհակալ եմ Հրանտ Դինք հիմնադրամին ինձ հրավիրելու համար, իսկապես զգացված եմ, որ այս մրցանակի համար ընտրվել եմ ես։ Հարգանքով եմ վերաբերում Հրանտ Դինքի գործին, և այս մրցանակը պետք է ի ցույց դնի իր պես գործ անող ավելի շատ թվով մարդկանց։

Իմ հրավերում գրված էր․ «Այս մրցանակով հիմնադրամը նպատակ ունի հիշեցնել կազմակերպություններին ու խմբերին, որոնք մարդկանց ոգեշնչում ու հուսադրում են, չնահանջել իրենց պայքարից, գործել հանուն ավելի անկախ ու արդար աշխարհի, որը զերծ կլինի խտրականությունից, ռասիզմից ու բռնությունից, այդ իդեալներին հասնելու համար չընկրկել վտանգներից, օգտագործել խաղաղության լեզուն. Նման մարդիկ մենակ չեն»։

Քանի որ նրա գործը գրեթե նման էր այս խոսքերին, ես հասկացա, որ պետք է ընդունեմ հրավերը ոչ թե մրցանակը ստանալու, այլ հանուն մեր միջև ստեղծված կապի, հանուն նրա, որ կարողանանք շարունակել մեր գործը, որն այդքան սրտամոտ է ձայն ունենալու կարիք ունեցող շատ մարդկանց, որ խաղաղեցնենք նրանց մտքերը։ Հեշտ գործ չէ, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք նպատակին, որին ամբողջ սրտով ուղղում ենք մեր ջանքերը։ 

Իմ գործում ես փորձում եմ օգնել, աջակցել նրանց, ովքեր ճնշված են, խտրականության ենթարկված, բռնություններից, սեփական հողից վտարվելուց, աշխատանքային շահագործումներից տուժած մարդիկ են։ Շատ ժամանակ լիազոր կառույցների կողմից արհամարհված են՝ լինեն դրանք կառավարությունը, թե ինստիտուտները։ Սա անօրինական է, քանի որ վնասները կրում են խոցելի մարդիկ։ Տեսնում ենք, որ շատերն են ուզում իշխանություն ստանձնել, քանի որ մտածում են, թե կարող են վերահսկել, հարստանալու ու իշխանության տենչանք ունեն։ Իշխանություն ունեցողների այս մտածողության մեջ անտեսվում են հանրության այն հատվածները, որոնք նրանց քվե տվողները չեն. հազարավորները մղվում են աղքատության ու ոչնչացման։ 

Իմ աշխատանքում ականատեսն եմ բազմաթիվ խնդիրներով մարդկանց, որոնք ինձ են դիմում օգնության համար, ու այդ խնդիրներից շատերը նորություն են նույնիսկ ինձ համար։ Ես օգնում եմ, ի՞նչ կարող եմ անել, բայց աշխատանքն առաջ է գնում դանդաղ ու աստիճանաբար։ Մենք չենք կարող մարդկանց հետ ուղարկել, երբ գալիս են խնդիրներով, քանի որ դրանք լուրջ խնդիրներ են։ Ճնշվածներին ու տուժածներին օգնելիս նկատում ենք, որ նրանց խնդիրների առանցքում իրար հետ լավ կապեր ունեցող ցանցեր են, որոնց մի մասը կամ նրանց հարազատներն ունեն քաղաքական կապեր, օգնել են հաղթել ընտրություններում։ Ուժ կամ իշխանություն ունեցողներն իրենց աջակցությունը տրամադրում են՝ կառավարության ծառայողներին վերահսկելով, նրանց, ովքեր պարտավոր էին լինել հանրության ծառայողներ, արդարությունը տեղերով փոխում են։ 

Գիտենք, որ նման արհավիրքներ ամբողջ աշխարհում էլ կան, և պետք է կարողանանք տարանջատել ճնշողներին ճնշվողներից։ Դա հասկանալով՝ պետք է օգնենք ու կիսենք մեր գիտելիքը դրա կարիքն ունեցողների հետ։

Շատ երկրներում կան անմիտ քաղաքականություններ, որոնց նկատմամբ վերահսկումն իրականացվում է ֆինանսական կապիտալ ունեցողների կողմից, որոնց կարծիքների ու մտքերի համար աղքատների շահերը նշանակություն չունեն։ Եթե բարձրացվում են բողոքի ձայներ, դրանք ճնշվում են։ Երբ հանուն ժողովրդի որոշումներ են ընդունվում, հանրաքվե չի անցկացվում, սրա արդյունքում ավելի են մեծանում ընդվզումները, թշնամանքը երիտասարդների ու մեծահասակների միջև խորանում է։ 

Քաղաքական առաջնորդներն ընտրվում են ժողովրդի կողմից։ Բայց անշուշտ հանրության շերտեր կան, որոնք սպառնալիքի ներքո են ու չեն կարող քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Մեր կողմերում սա տեղի է ունենում։ Արդյունքում ուժ են ստանում հանցագործները, որոնք ոտք են գցում ազդեցիկ մարդկանց հետ։ Շատ դժվար է, երբ իշխանություն ունեցողները թույլ են տալիս նման աղետաբեր ներողամտություն։ 

Մեր նահանգում կան բռնաբարությունների, հատկապես անչափահասների բռնաբարության շատ դեպքեր։ Բռնարարները մեծ մասամբ երեխաների հարազատներն են կամ մերձավորները։ Շատ ընտանիքներ վախենում են գանգատ ներկայացնել։ Կան նաև այնպիսի մարդիկ, որ չեն ահազանգում, քանի որ բռնարարները իրենց սեփական հայրերը, քեռիները, պապերը, եղբայրները, խորթ հայրերն են, իսկ մայրերը պաշտպանում են իրենց ամուսիններին կամ տղաներին։ Մեր նահանգի ոստիկանության տվյալներով՝ այս տարի մինչև 2019 թ․ հուլիս ամիսը, բռնաբարվել է 53 կին։ Նույն ժամանակահատվածում, ըստ ոստիկանության տվյալների, բռնաբարվել է 139 անչափահաս։ Սրանք բոլորը պաշտոնապես գանգատով ներկայացված դեպքերն են, որոնց քննությունը շատ երկար է տևում։ Նույնիսկ եթե այս գործերը հասնեն դատարան, տարիներ է տևում մինչև դատավարությունը տեղի ունենա։ Մինչև դատավարության սկսվելը, տուժածներից շատերին այլևս հնարավոր չի լինում գտնել, շատերն արդեն հրաժարվում են։

Ականատեսն ենք, որ աշխարհում ավելի մեծ մասշտաբների է հասնում ահաբեկչությունը, զինամթերքի մատակարարումը, թմրանյութերի ու մարդկանց թրաֆիկինգը, և այս ամենը կարծես ամբողջությամբ փոխկապակցված լինի։ Եթե առաջնորդներն իրենց պարտականություններում անկեղծ ու նվիրված լինեն, հանցավորության մակարդակը կնվազի։ 

Կա նաև մի շատ կարևոր խնդիր, որը հանգեցնում է կլիմայի փոփոխության։ Ողջ աշխարհով մեկ ականատեսն ենք լինում, թե ինչքան շատ է աշխարհը փոփոխվում, ու այդ փոփոխությունները, որոնք կապված են կլիմայի փոփոխության հետ, շատ արագ են տեղի ունենում։ Սառուցյալ տարածքները հալվում են մի արագությամբ, որ ոչ ոք չէր սպասի։ Անտառներն են ոչնչանում, մայր բնությունը բռնաբարվում է իշխանություն ունեցողների ու նրանց հետնորդների ագահության պատճառով։ 

Տեսել ենք անսանձ ապօրինի հանքարդյունահանում մեր նահանգում, ու կրկին հրամանների մեծ մասը գալիս է ուժ ունեցողների կողմից։ Ոչ ոք չի համարձակվում խոսել։ Իշխանություններն էլ չեն համարձակվում կանգնեցնել։ Գյուղացիները չեն համարձակվում խոսել կամ բողոքել, քանի որ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում։ Եթե ազնիվ ոստիկաններն ապօրինությունների հարցում քայլեր են ձեռնարկում, նրանց տեղափոխում են հեռու վայրեր։ 

Հանրությունը պետք է սկսի խոսել, աջակցություն տրամադրել խոցելիներին, օգնել, երբ նրանց իրավունքները խախտվում են հանուն նրա, որ մարդկությունը հաղթահարի ատելությունը։ Միասին մենք շատ բան կարող ենք անել՝ մատուցելու խաղաղություն աշխարհին, որտեղ երեխաները լցված կլինեն սիրով, ոչ թե վախով։ 

Ինձ մոտ ելույթ ունենալը լավ չի ստացվում, բայց փորձեցի, որքան կարող էի։ Հուսամ՝ դիմացաք ինձ։

Շնորհակալություն։