«Մարդու իրավունքների Մվատանա կազմակերպությունը» հիմնադրվել է 2013 թվականին Ռադյա ալ-Մութավաքելի և Աբդուլռաշիդ ալ-Ֆաքիհի կողմից՝ Եմենում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու նպատակով: Եմենում օդանավակայանների, նավահանգիստների և ցամաքային անցակետերի փակման հետևանքով կտրուկ բարդացել է հումանիտար օգնության, ինչպես նաև առաջնային նշանակության ապրանքների, մասնավորապես՝ սննդի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը, աճել են մարդու իրավունքների խախտման դեպքերը, ինչպիսիք են մարդկանց առևանգումները, կամայական ձերբակալությունները, գրանցվել է իրավապաշտպանների վրա ճնշումների աճ: Այս պայմաններում կազմակերպության անկախ թիմը՝ կազմված երիտասարդ կանանցից և տղամարդկանցից, իրականացնում է դաշտային աշխատանքներ, ուսումնասիրություններ, դիտորդական ու փաստահավաք գործունեություն՝ նպատակ ունենալով վերջ տալ իրավախախտումներին և դրանց վերաբերյալ անաչառ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել: Հավաքագրված տեղեկատվության լույսի ներքո կազմակերպությունը մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը համապատասխան իրավական գնահատականներ է տալիս և պայքարում է, որպեսզի միջազգային փորձն ընդունվի և կիրառվի իրենց երկրում:
Կազմակերպությունն աջակցում է մարդու իրավունքների խախտման հետևանքով տուժածներին, պայքարում է խախտումների մեղավորներին բացահայտելու և նրանց արդարադատության առջև կանգնեցնելու համար, ինչպես նաև մշակում է օրենքներ և քաղաքականություններ, որոնք կկանխեն նման խախտումների կրկնումը: Իր գործիքակազմում ներառելով ֆիլմեր, գրքույկներ, սոցիալական մեդիայի կողմից ընձեռնվող հնարավորություններ՝ կազմակերպությունն աշխատում է իրավունքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտի մասնագետներ է պատրաստում: «Մվատանան» կարևորագույն դեր է խաղում միջազգային հանրությանը Եմենում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկելու հարցում:
Եմենի քաղաքացիական պատերազմը մեկնարկել է 2014 թվականի սեպտեմբերին, երբ մի խումբ հութիներ գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և շարունակեցին առաջխաղացումը դեպի երկրի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Ադեն: Ի պատասխան դրան, 2015 թվականի մարտին միջազգային կոալիցիոն ուժերը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, օդուժի կիրառմամբ գրոհեցին հութիներին: «Մվատանան» շարունակվող զինված պայքարի ընթացքում մշտապես հավաքել և ներկայացրել է փաստեր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ը Եմենի քաղաքացիական պատերազմն անվանել է «աշխարհի վատթարագույն հումանիտար աղետ». պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող ուժերի գործողությունների, ինչպես նաև հութիների գրոհների ժամանակ սպանվել են հազարավոր քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ, էլ ավելի մեծ քանակությամբ մարդիկ վիրավորումներ են ստացել, քանդվել են հիվանդանոցներ, դպրոցներ, զբոսայգիներ, առևտրի կենտրոններ և բնակելի թաղամասեր: Կազմակերպությունը փաստագրել է այդ գրոհները և դրանց հետևանքները՝ փաստերը ներկայացնելով հանրությանը: Համաձայն Օտտավայի կոնվենցիայի, որին Եմենը միացել է 1998 թվականին, «Մվատանան» հութիներից պահանջել է դադարեցնել ականների օգտագործումը, ինչպես նաև պահանջել է բացահայտել ականապատ դաշտերի վայրերը, վերացնել առկա պաշարները, ականազերծել ականապատված հատվածները և փոխհատուցում վճարել ականների պայթյունների հետևաքնով տուժածներին: Կազմակերպությունը շարունակում է աշխատանքներ այդ ուղղությամբ: «Մվատանան» նաև աշխատանքներ է իրականացրել և զեկույց պատրաստել աշխատանքային պարտականություններն իրականացնելիս կորած կամ կամայականորեն ձերբակալված լրագրողների վերաբերյալ: Տվյալ զեկույցի վրա հղում են կատարել «Ամնեսթի ինթերնեյշընլ» և «Հյուման ռայթս ուոտչ» իրավապաշտպանական կազմակերպությունները:
«Մվատանան» առանց դադարների շարունակել է իր աշխատանքը Եմենում՝ չնայած երկրում 2011 թվականից մեկնարկած քաղաքական բևեռացման հետևանքով լռեցվել էին հասարակական կազմակերպությունները, իսկ 2014-ին Եմենը կորցրել է անկախությունը, երբ հութիները գրավել են մայրաքաղաք Սանան, 2015-ին Սաուդյան Արաբիայի առաջնորդած կոալիցիոն ուժերը ռազմական միջամտություն են իրականացրել, հակամարտող կողմերը իրավապաշտպան կազմակերպությունների դեմ զրպարտչական արշավներ են սկսել սոցցանցերում և մասնավոր հարթակներում՝ հանրային կարծիքը նրանց դեմ տրամադրելու նպատակով: Նման միջավայրում, երբ ճանապարհորդելու իրավունքը երկրում խստորեն սահմանափակված է, «Մվատանան» ակտիվորեն օգտագործում է իր միակ գործիքը՝ սոցիալական մեդիան, մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցները տարածելու համար:
Երբ «Մվատանայում» առաջին անգամ էլ. փոստով նամակ ստացանք՝ տեղեկանալով, որ մենք արժանացել ենք Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին, հպարտություն զգացում ապրեցինք, քանի որ ընտրվել էինք Թուրքիայում գտնվող և հարգանք վայելող Հիմնադրամի կողմից, որը քրտնաջան աշխատանք է տանում մարդու իրավունքների և արդարության ուղղությամբ: Անկախ նրանից, որ Եմենում և Թուրքիայում իրավիճակը կտրուկ տարբեր է, մենք, որպես քաղհասարակություն, բազմաթիվ նմանություններ և նույնօրինակ խնդիրներ ունենք: Երբ մենք ավելի շատ ուսումնասիրեցինք Հրանտ Դինքի և ժյուրիի անդամների կենսագրությունները, մենք ավելի մեծ հպարտություն զգացինք:
Շնորհակալ եմ: Ուզում եմ շնորհավորել Հրանտ Դինքին և «ծնունդդ շնորհավոր» ասել նրա հոգուն: Նա չի կարող կենդանի չլինել՝ ունենալով նման ընտանիք, գործընկերներ, ընկերներ և իրեն սիրող մարդիկ: Երեկ և այսօր ինձ լայն հնարավորություն ընձեռնվեց ավելի շատ իմանալու նրա մասին, նրա արժեքների մասին և մարդկանց վրա նրա ազդեցության մասին, և, անկեղծ լինեմ, չեմ դադարում մտածել հորս մասին․ մարդու, որը խաղաղ գիտնական էր և քաղաքական գործիչ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատեց ժողովրդավարական, քաղաքացիական և արդար պետություն ստեղծելու համար: Նրան սպանեցին 2014-ի նոյեմբերին՝ փողոցում քայլելիս, բայց Եմենի պատերազմը՝ մահերի խելահեղ թվով, խանգարեց մեզ ըստ արժանվույն հիշել նրա կենսագրությունը և արժեքները:
Տիկնայք և պարոնայք,
ես ձեզ մոտ եկել եմ մի երկրից, որտեղ ավելի քան 22 միլիոն մարդ հումանիտար օգնության և պաշտպանության կարիք ունի՝ երկրի գրեթե ամբողջ բնակչությունը, ավելի ստույգ՝ բնակչության 3/4-ը։ Ես եկել եմ երկրից, որտեղ 18 միլիոն մարդ սննդամթերքի պակասություն ունի, և նրանցից 8,4 միլիոնը չգիտի՝ ինչպես է հայթայթելու իր հաջորդ օրվա ճաշը: Միլիոնավոր եմենցիներ չունեն անվտանգ խմելու ջրի հասանելիություն: Այն հիվանդությունները, որոնք բուժելի են, մահվան դատավճիռ են դառնում մարդկանց համար, քանի որ բուժհաստատությունները չեն աշխատում, իսկ երկրից դուրս ճանապարհորդելն անհնար է: Տեղահանվածների 3/4-ը կանայք և երեխաներ են, իսկ ավելի քան 2 միլիոն երեխաներ չեն հաճախում դպրոց: 2 500 դպրոց քանդվել է կամ այժմ չի ծառայում իր գլխավոր նպատակին:
Այս ամենը և զուգակցող խնդիրները մենք կարող ենք ամփոփել մեկ հայտնի նախադասությամբ՝ «Եմենը աշխարհի վատթարագույն հումանիտար աղետն է»: Բայց նաև պետք է ավելացնել, որ սա բնական աղետ չէ. սա մարդու կողմից ստեղծած ճգնաժամ է, ճգնաժամ, որի պատճառը զինված բախումն է:
Եմենում բախման չորրորդ տարին է, որի ընթացքում քաղաքացիական անձանց և օբյեկտների դեմ խայտառակ խախտումներ և պատերազմական հանցագործություններ են գրանցվում: Անօրինական օդային ռմբակոծություններ, շրջափակում, խառը զինատեսակներով գնդակոծություններ, կամայական բանտարկումներ, մարդկանց առևանգումներ, խոշտանգումներ, գրոհներ դպրոցների և հիվանդանոցների վրա, ականապատումներ, երեխաների զինվորագրում և այլն: Եվ եթե դուք հարցնեք ինձ՝ ո՞վ է այս հանցագործությունները գործել Եմենում, ես կպատասխանեմ՝ իսկ ո՞վ չի գործել:
Դա Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերն են, հութիները և նախկին նախագահ Սալեհի զինյալ խմբերը, նախագահ Հադիի գլխավորած կառավարությունը և նրան հավատարիմ զինված խմբերը, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նման երկրները, որոնք թեժացնում են պատերազմը՝ զենք վաճառելով, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային և Միացյալ Արաբական Էմիրություններին, որոնք մասնակիցն են Եմենում մարդու իրավունքների լրջագույն խախտումների: Երբ լսում եք Եմենի պատերազմի և դրանում ներգրավված կողմերի մասին, հիշեք՝ այստեղ չկան հերոսներ, այստեղ միայն հանցագործներ են և զոհեր:
Անկախ այս ամենից, հույսը միշտ վառ է, և խաղաղությունը Եմենում միշտ հնարավոր է: Դա հասարակ եմենցիների իղձն է, որոնք մինչ օրս հրաժարվում են հակամարտության մաս կազմել: Նրանք շարունակում են քաղաքացի մնալ և ապրելու մեծ ցանկություն ունեն:
Այդ մարդիկ են մեզ «Մվատանայում» ուժ տալիս: Մենք քրտնաջան աշխատում ենք, որովհետև հավատում ենք, որ այդ մարդիկ ավելի լավ կյանքի և արդարության են արժանի: Հեշտ չէ անկախ իրավապաշտպան կազմակերպություն լինել մի երկրում, որտեղ զինված խմբերի բախման կիզակետում ես և քո հարևանն է Սաուդյան Արաբիան: Բայց է՛լ ավելի դժվար է նման իրավիճակում ոչինչ չանել քաղաքացիների համար: Մենք ընտրել ենք մարդու իրավունքները որպես ուղի դեպի պատասխանատվություն, արդարություն և խաղաղություն:
Փաստագրելով խախտումները, տրամադրելով իրավական աջակցություն և բազմաթիվ խմբերի շահերի պաշտպանություն իրականացնելով՝ մենք, կարծես, պատ ենք փորում սարսափելի պատերազմի այս թոհուբոհում: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ մեր ազնիվ աշխատանքը կսասանի պատերազմի պատը, և մի օր այդ պատը կքանդվի: Մի օր խաղաղություն կհաստատվի, և «Մվատանան» կաշխատի մի հասարակությունում, որտեղ արդարությունը և իրավունքները հասանելի կլինեն բոլորի համար:
Արագ պատմեմ, թե ինչպես է ձևավորվել «Մվատանան»: Մենք 2007-ից փորձում էինք օրենքով գործելու թույլտվություն ստանալ «Մվատանայի» համար, և քանի որ որպես անհատներ իրականացնում էինք իրավապաշտպան գործունեություն, Սոցիալական հարցերի նախարարությունը չէր տալիս մեզ այդ թույլտվությունը: Վերջապես 2013-ին մեզ հաջողվեց ստանալ այն, բայց այդ ժամանակ մենք երկուսով էինք մնացել՝ Աբդուլռաշիդ Ալֆաքիհը՝ իմ գործընկերն ու ամուսինը, և ես: Այսօր մենք մեծ ընտանիք ենք: Մենք 70 հոգի ենք, 70 անկախ, անաչառ, խիզախ տղամարդիկ և կանայք: Մեր գլխամասային գրասենյակը Սանայում է, սակայն մենք դաշտային թիմեր ունենք Եմենի ողջ տարածքում: Նրանք երիտասարդ են: Երևի ես ամենատարեցն եմ:
Այստեղ կանգնած՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին: Շնորհակալություն այն բարդ աշխատանքի համար, որ դուք կատարում եք դժվարին իրավիճակում: Շնորհակալություն, որ համբերատար եք այն ատելության արշավներին հանդիման, որոնք մեծապես ազդում են ձեզանից յուրաքանչյուրի վրա: Շնորհակալություն, որ խիզախ եք և ուժեղ այն ռիսկերի պարագայում, որոնց դուք հանդիպում եք ձեր ամենաօրյա աշխատանքում: «Մվատանան» արժանի է այս մրցանակին ձե՛ր շնորհիվ:
Ես տխուր եմ, քանի որ մեր գործընկերը՝ դաշտային հետազոտությունների մասնագետ Քամալ Ալ Շավիշը, չի տոնում մեզ հետ այսօր, քանի որ առևանգվել է հութիների զինված խմբավորման կողմից և բանտարկվել է Հոդայդահ քաղաքում 2018-ի օգոստոսի 14-ից՝ 1 ամիս և 1 օր առաջ:
Երեկ, երբ ես լսում էի «Շաբաթօրյա ցուցարար մայրերին», շատ վատ էի զգում: Ես գրկեցի նրանցից մեկին, չգիտեի՝ ինչ ասել: Դժվար է ինչ-որ բան ասել նրանց, ում սիրելիներն առևանգվել են: Ես գիտեմ՝ ինչ է դա նշանակում: Հազարավոր եմենցիներ գիտեն՝ ինչ է դա նշանակում: Կամայական բանտարկումները, առևանգումները և խոշտանգումները Եմենի ծանրագույն «դոսյեներից» են, և երկրի բոլոր իշխանությունները ներգրավված են դրա մեջ: Այս սարսափելի հանցագործությունների հետևանքներն ամենից շատն իրենց վրա են կրում մայրերն ու կանայք: Եմենում նույնպես գործում է մեծն կանանց նման խումբ (Պատանդների մայրերը):
Մենք «Մվատանայում» քրտնաջան աշխատանք ենք տանում, որպեսզի Եմենում բոլոր բանտարկվածներն ու առևանգվածներն ազատ արձակվեն, մենք 7 նահանգներում փաստաբաններ ունենք, որոնք բազմաթիվ գործերով ամենօրյա աշխատանք են տանում: Չնայած համատարած խավարին, մենք մի քանի հաջողված պատմություններ ունենք, որոնք մեզ ստիպում են առաջ շարժվել:
Իմ խոսքի վերջում ես ազատություն եմ պահանջում բոլոր նրանց համար, ովքեր կամայականորեն բանտարկվել և առևանգվել են Եմենում, Թուրքիայում և ամբողջ աշխարհում: